Հաճախ տրվող հարցեր
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով այլոց: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը վերածվում է համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ ընդլայնում փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին` «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց», «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս հանձնառության նպատակն է խթանել քայլեր ձեռնարկելու վրա հիմնված բարեգործությունը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է «Ավրորայի» մերօրյա հերոսներին ներկայացնելու եւ աջակցելու, ինչպես նաեւ նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ:
«Ավրորայի»՝ աշխարհը բարեփոխելու վկայությունն են նաեւ նախորդ նախագծերը՝ «Ավրորա» համայնք, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անվան հիմքում Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունն է: Կին, որն անցել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության վայրագությունների միջով, ապա հերոսաբար վերապրել այդ սարսափները, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը: Ավրորա Մարդիգանյանը վերապրումի եւ փրկության խորհրդանիշն է, իսկ նրա անունը, որը նշանակում է նաեւ արշալույս՝ հույսի:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է: Որպես համահիմնադիր՝ 2024 թ. նրանց է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ աջակցելու նախաձեռնության զարգացմանը գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: Տարիների ընթացքում «Ավրորային» են միացել արդեն հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամներն են.
- Նուբար Աֆեյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ
- Աննա Աֆեյան՝ «Աֆեյան» հիմնադրամի համահիմնադիր եւ համանախագահ
- Էնթոնի Բարսամյան՝ Hutchings Barsamian Mandelcorn փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ
- Րաֆֆի Գրեգորյան՝ նախկին դիանագետ (ԱՄՆ Պետդեպարտամենտ, ՆԱՏՕ, ՄԱԿ) եւ ռազմածովային ուժերի վետերան
- Էլիս Գրինվալդ՝ Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն
- Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար
- Էրիկ Էսրայիլյան՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց
- Արման Ջիլավյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի փոխնախագահ
- Լորա Քլայն՝ Flagship Pioneering ընկերության ավագ փոխնախագահ, կորպորատիվ հաղորդակցությունների եւ սոցիալական ազդեցության գործընկեր
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում է եւ օժանդակում նախագծերի, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են.
- «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ,
- «Ավրորայի» մերօրյա հերոսները. «Ավրորան» աջակցել է մարդասիրական գործունեություն ծավալող բազմաթիվ անհատների ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով նրանց խիզախ աշխատանքը եւ ձեւավորելով համախոհների համաշխարհային ցանց,
- Aurora Dialogues քննարկումներ. քաղաքական, մարդասիրական եւ գործարար համայնքների առաջատար ներկայացուցիչների միջեւ մասնագիտական քննարկումների շարք, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունն աշխարհի առավել հրատապ որոշ մարդասիրական ճգնաժամերի վերաբերյալ ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ,
- «Ավրորա» դրամաշնորհներ. մարդասիրական եւ կրթական նախաձեռնություններ, որոնք օգնում են երեխաներին, փախստականներին եւ քաղաքացիների այլ խոցելի խմբերի ամբողջ աշխարհում:
«Ավրորայի»՝ աշխարհը բարեփոխելու վկայությունն են նաեւ նախորդ նախագծերը՝ «Ավրորա» համայնք, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
Բոլոր ծրագրերն ստեղծված են մեծարելու եւ օժանդակելու արժանավոր մարդկանց ու կազմակերպություններին՝ ի երախտագիտություն այն անհատների, որոնք մեկ դար առաջ գործուն աջակցություն են ցուցաբերել հայության փրկությանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է: Որպես համահիմնադիր՝ 2024 թ. նրանց է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ աջակցելու նախաձեռնության զարգացմանը գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: Տարիների ընթացքում «Ավրորային» են միացել արդեն հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: «Ավրորայի» խորհրդատվական խորհուրդը բաղկացած է «Ավրորա» մրցանակի տարբեր տարիների դափնեկիրներից, որը նախագահում է բժիշկ Թոմ Քաթինան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, ովքեր ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Հիմնադիրների՝ ազգի երախտագիտությունը գործով արտահայտելու ջանքերին արդեն միացել են հազարավոր անհատներ եւ կազմակերպություններ:
«Ավրորայի» աջակիցների մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել կայքի Աջակիցներ եւ Գործընկերներ էջերը:
Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր տեսլականին եւ միանում են այս շարժմանը: Ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կընդլայնի ծրագրերի շրջանակը, որոնք կանդրադառնան մերօրյա ճգնաժամերին եւ մարտահրավերներին՝ օգնության ձեռք մեկնելով եւ հուսադրելով առավել կարիքավորներին: «Ավրորան» հորդորում է արտահայտել իրենց երախտագիտությունն այն բոլոր բախտավորներին, որոնք փրկվել են եւ ձեռք բերել ապրելու մի նոր հնարավորություն՝ դառնալով փրկողների նոր սերունդը: Այսպիսով, նվիրատվության շղթան կշարունակվի, կարեկցանքը կփոխարինի խղճահարությանը եւ ի հիշատակ վերապրողների՝ մենք գրկաբաց կընդունենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մարդկայնության համընդհանուր ոգուն:
Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք այս հղումով:
«Ավրորա» մրցանակը եւ Aurora Dialogues քննարկումներն, ինչպես նաեւ մի քանի այլ ծրագրեր իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հովանու ներքո։ Այս ծրագրերը հիմնվել են՝ մեծարելու նրանց, ովքեր բացառիկ քայլեր են կատարել մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում, ինչպես նաեւ խթանելու միջազգային մարդասիրական, գործարար, բարեգործական եւ մեդիա հանրույթների առաջատար փորձագետների միջեւ երկխոսությունն աշխարհի առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների շուրջ։
Ծրագրերը թույլ են տալիս առաջ մղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընդհանուր նպատակները՝ ուղղված աշխարհի առավել հրատապ մարդասիրական ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ
Առաջադրումները գնահատվում են «Ավրորա» մրցանակի Քարտուղարության եւ Փորձագետների խորհրդի կողմից՝ ըստ ընտրության չափանիշների։ Փորձագետների խորհրդի անդամները, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում են մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները եւ ընտրում 20-25 թեկնածուների, որոնք ներկայացվում են Ընտրող հանձնաժողովի ուշադրությանը:
Ընտրող հանձնաժողովի անդամները մանրազնին քննության են ենթարկում թեկնածուների վերջնացուցակը եւ սեփական փորձի, առաջադրումների հայտերի եւ Քարտուղարության կողմից ներկայացվող օժանդակ նյութերի հիման վրա որոշում «Ավրորայի» հերոսներին։
Թափանցիկությունն ու անկողմնակալությունն ապահովելու նպատակով բոլոր գործընթացները վերահսկվում են «Ավրորա» մրցանակի Անկախ դիտորդի կողմից՝ ըստ հաստատված ընթացակարգի։
2024 թ. «Ավրորայի» հերոսներ
- Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը խիզախորեն պաշտպանել է Բահրեյնի ամենախոցելի համայնքների իրավունքները, հատկապես նրանց, ում իրավունքները պարբերաբար խախտվել են: Աբդուլհադի ալ-Խավաջան մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ 2011 թ. Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար: Որպես հետեւանք՝ զինվորական տրիբունալը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
- Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ գինեկոլոգ եւ մարդու իրավունքների պաշտպան, որը 1999 թվականից բժշկական օգնություն է տրամադրում պատերազմի ժամանակ սեռական եւ գենդերային բռնության ենթարկված կանանց, պայքարում գենդերային հավասարության եւ բռնաբարությունը՝ որպես պատերազմի զենք, Կոնգոյում եւ ամբողջ աշխարհում վերացնելու համար։ Բժիշկ Մուկվեգեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի:
- Նասրին Սոթուդե (Իրան)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը 2003 թվականից հանդես է գալիս որպես փաստաբան՝ ներկայացնելով իրանցի ընդդիմադիր գործիչների, երիտասարդ բանտարկյալների եւ կանանց իրավունքների պաշտպանների շահերը, այդ թվում՝ այն կանանց իրավունքները, որոնք ձերբակալվել են Իրանում պարտադիր գլխաշոր (հիջաբ) կրելու դեմ բողոքելու համար: Իր գործունեության պատճառով Նասրին Սոթուդեն բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ պատիժ կրել նաեւ մենախցում:
2022 թ. «Ավրորայի» հերոսներ
- Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան)՝ խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:
- Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։
- Հադի Ջուման (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:
2021 թ. «Ավրորայի» հերոսներ
- Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ'Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը:
- Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» (SOFEPADI) կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։
- Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան եւ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների եւ անհետացման։
- Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ:
- Փոլ Ֆարմեր (1959–2022) (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:
2020 թ. «Ավրորայի» հերոսներ
- Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման՝ տարիներ շարունակ մայր եւ դուստր պայքարել են մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության համար, նպաստել խաղաղաշինությանը եւ կատարել մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ։ Նրանց խիզախությունը, տոկունությունն ու Սոմալիի ժողովրդի հանդեպ նվիրվածությունը Ֆարթուն Ադանին ու Իլվադ Էլմանին թե՛ ազգային եւ թե՛ համաշխարհային մակարդակի ճանաչման են արժանացրել։ Նրանք ստացել են 2015 թ. Գլեյցման միջազգային ակտիվիստի մրցանակ եւ դարձել 2017 թ. «Ավրորայի» հերոսներ։
- Սոֆի Բո եւ Կլաուս Ֆոգել` անհավանական այս գործընկերները SOS Méditerranée («SOS Միջերկրական») կազմակերպության համահիմնադիրներն են: Եվրոպական քաղաքացիական այդ ասոցիացիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի թիմերի հետ համատեղ որոնողական ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում բաց ծովում: Մինչեւ օրս SOS Méditerranée կազմակերպությունն օգնել է ավելի քան 30.000 փախստականների, որոնք Լիբիայի ափից հատել են ծովային վտանգավոր ճանապարհն ու հասել Եվրոպա:
- Անժելիկ Նամայկա` Ավգուստինյան քույրերի միաբանության անդամ քույր Անժելիկ Նամայկան Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկական կլինիկայի համահիմնադիրն է: Նրա կենտրոնն օգնել է երկրում քաղաքացիական պատերազմից տուժած հազարավոր տեղահանված կանանց ու երեխաների:
- Սաքինա Յակուբի՝ նա առաջիններից մեկն էր, որ 1990-ականներին Պակիստանի փախստականների ճամբարներում եւ Աֆղանստանում դպրոցներ բացեց կանանց եւ աղջիկների համար: Այդ ժամանակներում էր, որ Խորհրդային Միության զորքերը մտան Աֆղանստան, թալիբանները վերելք էին ապրում, իսկ կանանց եւ աղջիկների կրթությունն արգելված էր: Կարգազանցները սեփական կյանքով վճարելու վտանգի առաջ էին կանգնած։
2019 թ. «Ավրորայի» հերոսներ
- Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար։ Մարդասիրական այս կազմակերպությունը եզդի տուժածներին Իրաքից Գերմանիա է տեղափոխում բուժման նպատակով: Դինային հարյուրավոր կանանց եւ երեխաների է օգնել փախչելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից, անձամբ նպաստել է նրանց ապահով վայր տեղափոխելու առաքելությանը, սնունդ եւ ջուր հասցրել մեկուսացած գոտիներում գտնվող եզդիներին: Հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ՝ Միրզա Դինային կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Նա առաջադրել է երեք կազմակերպությունների, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետության» ահաբեկչության զոհերին եւ օգնում նրանց վերականգնվել:
- Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում եւ վերադարձավ այնտեղից՝ իր հետ փրկել-բերելով առեւանգված 21 երեխայի: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության եւ Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց եւս 82 աղջիկների ազատ արձակման համար: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք եւ բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման:
- Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան եւ ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ եւ դրանք փոխանցել «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ եւ խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն:
2018 թ. «Ավրորայի» հերոսներ
- Չո Լա Աուն (1941-2021), իրավաբան եւ ռոհինջա առաջնորդ Մյանմայում։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգեւի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական եւ ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։ Չո Լա Աունը կյանքից հեռացել է 2021 թ. հուլիսին:
- Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո՝ Մեքսիկայի «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց իրավունքների առաջխաղացման, ինչպես նաեւ Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղությամբ։
- Սունիտա Քրիշնան՝ Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր։ Խմբակային բռնաբարության զոհ, հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության եւ ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի եւ հասարակություն վերադարձնի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17.800 կանանց եւ երեխաների կյանքում։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։
2017 թ. «Ավրորայի» հերոսները
- Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման՝ Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ. մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության եւ զարգացման համար պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքով:
- Ջամիլա Աֆղանի՝ «Նուր» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիրն է: Պոլիոմելիտի զոհ, որը որպես փոխհատուցում իր տառապանքների նվեր ստացավ ընթերցելու կարողությունը: Նա իր կյանքը նվիրեց կանանց եւ աղջիկների կրթական եւ այլ իրավունքների պաշտպանությանը՝ աշխատանք տանելով եւ այս գործին ներգրավելով նաեւ հազարավոր իմամների (մահմեդական առաջնորդների):
- Մուհամադ Դարվիշ՝ Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձավ իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ մատուցեց եւ խնամեց հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ էին: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունը հրավիրեց պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
- Դենիս Մուկվեգե՝ գինեկելոգ-վիրաբույժ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր: Նա բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50.000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
- Թոմ Քաթինա՝ Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:
2016 թ. «Ավրորայի» հերոսներ
- Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։
- Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80.000 մարդու, նրանց թվում՝ 21.000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։
- Հայր Բերնարդ Կինվին, hեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից, տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան: 2012 թ. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ բռնկվեց մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka)։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։
- Թոմ Քաթինա՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանի միակ բժիշկը։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500.000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ 2017թ. Թոմ Քաթինան կրկին առաջադրվել է մրցանակի եւ դարձել դափնեկիր:
2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:
2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
2021 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական վեցերորդ մրցանակն շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2020 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհեց Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր, որոնք Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Երկար տարիներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց խիզախության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։
2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Միրզա Դինային է՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիրը եւ ղեկավարը։ Մարդասիրական այս կազմակերպությունը եզդի տուժածներին Իրաքից Գերմանիա է տեղափոխում բուժման նպատակով: Դինային հարյուրավոր կանանց եւ երեխաների է օգնել փախչելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից, անձամբ նպաստել է նրանց ապահով վայր տեղափոխելու առաքելությանը, սնունդ եւ ջուր հասցրել մեկուսացած գոտիներում գտնվող եզդիներին:
2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը (1941-2021)՝ մեծարանքի արժանանալով հանուն Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների պայքարի համար՝ անտեսելով բոլոր բռնաճնշումները, հետապնդումներն ու հալածանքները։ Չո Լա Աունը կյանքից հեռացավ 2021 թ. հուլիսին:
2017 թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Թոմ Քաթինային՝ կաթոլիկ միսիոներ Նյու Յորք նահանգի Ամստերդամից: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի՝ պատերազմից տուժած Նուբա լեռներում:
2016 թ. Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի կենտրոնի եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը, որին շնորհվեց 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ: Մրցանակը Բարանկիցեին շնորհվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կայացած արարողության ժամանակ՝ հազարավոր կյանքեր փրկելու, Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերի եւ փախստականների մասին հոգ տանելու գործում ունեցած նրա բացառիկ ազդեցության համար:
«Ավրորա» մրցանակի գլխավոր ֆինանսավորողներն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, որոնց միացել են հարյուրավոր աջակիցներ եւ գործընկերներ։
«Ավրորա» մրցանակը կառավարվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Էրիկ Էսրայիլյանի եւ Ընտրող հանձնաժողովի կողմից։
«Ավրորա» մրցանակի Քարտուղարությունը, որը կազմված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներից, պատասխանատու է գործընթացին առնչվող հաղորդակցության եւ հարաբերությունների, ինչպես նաեւ նախանշված գործընթացների եւ ընթացակարգերի համար՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլում ստացված թեկնածությունների նախնական ուսումնասիրությունը։
Անկախ դիտորդը վերահսկում է ընտրությանը եւ հաղորդակցությանը վերաբերող բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Քարտուղարության եւ Ընտրող հանձնաժողովի միջեւ։
«Ավրորա» մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասն է, որը բարեգործական ձեռնարկում է եւ ընդգրկում է այնպիսի նախագծեր, որոնք բարձրացնում են իրազեկությունը մերօրյա հրատապ մարդասիրական մարտահրավերների վերաբերյալ եւ ազդեցություն գործում դրանց վրա՝ վառ պահելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակը եւ այն մարդասերների ոգին, որոնք խիզախեցին միջամտելու հանուն նրանց գոյատեւման։ Ավելի քան մեկ դառ առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարության ուղղակի հրահանգով բնաջնջվել է 1.5 միլիոն հայ։ Վերապրողներն ու մազապուրծ եղածները ապաստան են գտել այլուր՝ հիմնականում օտար մարդկանց ցուցաբերած օգնությամբ։ Այսօր «Ավրորա» մրցանակը հարգանքի տուրք է մատուցում այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնց քայլերն ու միջամտությունը մեկ դար առաջ բազում կյանքեր են փրկել։
«Ավրորա» մրցանակը ստեղծվել է՝ բարձրացնելու հանրային իրազեկությունն այս եւ աշխարհի տարբեր կողմերում մինչ օրս տեղի ունեցող այլ ոճիրների վերաբերյալ, մեծարելու փրկվածներին ու փրկողներին, փառաբանելու մարդկային ոգու տոկունությունը, որը դժվարին կացության ժամանակ գործի է մղում։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն են.
- Լորդ Արա Դարզի (Ընտրող հանձնաժողովի նախագահ)՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար
- Ջորջ Քլունի (Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ՝ The Sentry նախաձեռնության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող
- Լեյմա Գբովե՝ Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր
- Լուիզ Ռիչարդսոն` Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ
- Մերի Ռոբինսոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ
- Էռնեստո Սեդիլյո՝ Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Մեքսիկայի նախկին նախագահ
- Համդի Ուլուկայա` Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն
- Ջոն Փրենդերգասթ՝ Մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր
- Փոլ Փոլման՝ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն
- Չելսի Քլինթոն` «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ
- Դելե Օլոջեդե՝ լրագրող, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր
Հիշելով՝
- Վարդան Գրեգորյան (1934-2021 թթ.)՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ
- Էլի Վիզել (1928-2016 թթ.)՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, «Էլի Վիզել հանուն մարդկության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր
- Բենջամին Ֆերենց (1920-2023 թթ.)՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ, խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ
Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Ընտրող հանձնաժողովի էջը։
«Ավրորա» մրցանակը շնորհում է Ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են մարդու իրավունքների ասպարեզում նշանակալի ձեռքբերումների հասած անհատներ: Ընտրող հանձնաժողովը գնահատում է թեկնածությունները՝ ըստ նախապես սահմանված չափանիշների, ապահովելով դափնեկրի ընտրության գործընթացի արդարությունն ու անկողմնակալությունը։ Ընտրող հանձնաժողովը գործում է անկախ, սակայն դրա աշխատանքային եւ գործառնական բոլոր ծախսերը հոգում է «Ավրորա» մրցանակի Քարտուղարությունը։
Ոչ։ «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում ամենատարբեր զբաղվածության տեր անհատների, որոնք վտանգել են սեփական առողջությունը, ազատությունը, վարկանիշը կամ բարեկեցությունը եւ կամավոր քայլեր ձեռնարկել ուրիշներին գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն տալու համար։
Առաջադրումները կարող են վերաբերել շահույթ չհետապնդող բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ տնտեսական զարգացմանը, հանրային առողջությանը, կրոնին, օրենսդրությանը, արդարադատությանը եւ մարդու իրավունքներին, կրթությանը եւ կարողությունների զարգացմանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Այն ունի 1 մլն ԱՄՆ դոլար դրամական ֆոնդ: «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 300.000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ՝ որպես աջակցություն իր կատարած կենսական աշխատանքի, եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 600.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ դափնեկրի ընտրած մարդասիրական կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց: Դրանից բացի, «Ավրորայի» մյուս երկու հերոսներն (մրցանակի հավակնորդները) ստանում են միանվագ 50.000-ական ԱՄՆ դոլար պարգեւ (ընդհանուր՝ 100.000 ԱՄՆ դոլար):
«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած ցանկացած անհատ կամ խումբ։ Մրցանակի դափնեկիրը ճանաչման է արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որը թողել է աղետալի կացության մեջ հայտնված մարդկանց կյանքը փրկելու գործում՝ վտանգելով սեփական առողջությունը, ազատությունն ու բարեկեցությունը:
Առաջադրումները խիստ ընթացակարգով ենթարկվում են մանրակրկիտ քննության: Դափնեկրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Ընտրող հանձնաժողովը՝ ըստ հետեւյալ չափանիշների.
Խիզախություն
Թեկնածուն իր գործողություններում որքանով է՝
• Խիզախել՝ օգնելու մարդկանց գոյատեւել,
• Հաղթահարել զգալի ռիսկեր, որպեսզի օգնի մարդկանց գոյատեւել,
• Գերազանցել մասնագիտական պարտականությունները, որպեսզի օգնի մարդկանց գոյատեւել։
Նվիրվածություն
Թեկնածուն իր գործողություններում որքանով է արտահայտել՝
• Բացահայտ մտադրություն` օգնելու մարդկանց գոյատեւել,
• Անմիջական ներգրավվածութուն մարդկանց փրկության գործում,
• Նվիրվածություն համամարդկային բարոյական արժեքներին, ինչպիսիք են անկաշառությունը, ազատությունը, արդարությունը, ազնվությունը, անկեղծությունը, պատասխանատվությունը եւ կարեկցանքը։
Ազդեցություն
Թեկնածուն իր գործողություններով որքանով է՝
• Ազդել մարդկանց փրկության վրա,
• Երկարաժամկետ հետք թողել մարդկանց փրկության գործում,
• Մարդկանց ուղղակի կամ անուղղակի ոգեշնչել կյանքեր փրկելու,
• Հաջողել փրկելու բազմաթիվ մարդկանց։
«Ավրորա» մրցանակի թեկնածուների կարող է առաջադրել ցանկացած անհատ՝ ներառյալ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ մարմինների անդամները։
«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 300.000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ՝ որպես աջակցություն իր կատարած կենսական աշխատանքի, եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 600.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ դափնեկրի ընտրած մարդասիրական կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց: Դրանից բացի, «Ավրորայի» մյուս երկու հերոսներն (մրցանակի հավակնորդները) ստանում են միանվագ 50.000-ական ԱՄՆ դոլար պարգեւ (ընդհանուր՝ 100.000 ԱՄՆ դոլար):
Դրամաշնորհին համապատասխանող կազմակերպությունները պետք է լինեն շահույթ չհետապնդող եւ գործեն հանուն հանրային շահի՝ ունենալով մարդկությանն օգտակար լինելու առաքելություն։ Սա կարող է ներառել (բայց չսահմանափակվել) աղքատներին ցուցաբերվող օգնությունը, կրթության առաջխաղացումը, սոցիալական բարեկեցության բարելավումը, մշակույթի պահպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, մարդու իրավունքների առաջխաղացումը, քաղաքացիական հասարակության կայացումը եւ/կամ առողջապահության բարելավումը։
Առաջադրված յուրաքանչյուր կազմակերպություն անցնում է բազմակողմանի ստուգման գործընթաց, որն իրականացնում է երրորդ՝ անկախ փորձագիտական կողմ՝ փաստելու, որ կազմակերպությունն իրավազոր է եւ արդյունավետ կգործածի ստացված միջոցները:
«Ավրորա» մրցանակի թեկնածուների կարող է առաջադրել հանրության ցանկացած ներկայացուցիչ՝ ներառյալ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները՝ նկատի առնելով հետեւյալ պահանջները.
- Առաջադրողը չի կարող լինել Թեկնածուի կամ «Ավրորա» մրցանակի հետ կապակցված որեւէ կողմի (Քարտուղարություն, Ընտրող հանձնաժողով, Անկախ դիտորդ) ղեկավար, աշխատող կամ մատուցած ծառայությունների դիմաց վերջիններից որեւէ այլ եղանակով վարձատրություն ստացող անձ։
- Առաջադրողը չի կարող լինել Թեկնածուի ընտանիքի անդամը, ղեկավարը կամ աշխատողը։
- Ինքնառաջադրումներ չեն թույլատրվում։
- Ընտրող հանձնաժողովի անդամները եւ նրանց ընտանիքները իրավունք չունեն առաջարկելու թեկնածուների։ Ինչեւէ, Ընտրող հանձնաժողովի անդամները կարող են կոչ անել հանրությանը՝ կատարելու առաջադրումներ, ինչպես նաեւ կապեր հաստատել ոլորտի կազմակերպությունների հետ։
2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն այժմ սկսված է: Առաջադրումների մասին տեղեկությունները հասանելի են «Ավրորայի» կայքում՝ «Առաջադրիր հիմա» բաժնում:
Ոչ։ «Ավրորա» մրցանակի չեն կարող առաջադրվել վախճանված անձինք։
«Ավրորայի» մերօրյա հերոսները
Տարիների ընթացքում «Ավրորան» աջակցել է մարդասիրական գործունեություն ծավալող բազմաթիվ անհատների ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով նրանց խիզախ աշխատանքը եւ ձեւավորելով համախոհների համաշխարհային ցանց, որպեսզի օգնի նրանց առավել շոշափելի ազդեցություն ունենալ դժվարին դրության մեջ գտնվողների կյանքը բարեփոխելու գործում:
«Ավրորայի» մերօրյա հերոսները համայնքային ակտիվիստներ են, որոնք օգնում են առավել խոցելի մարդկանց, որոնց հիմնարար կարիքներն ու իրավունքները հաճախ անտեսվում են: Այս խիզախ հերոսներն իրենց գործունեությամբ մեծ ազդեցություն են թողել կարիքի մեջ գտնվող տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Այս մասին ավելին՝ այստեղ:
Aurora Dialogues քննարկումներ
Aurora Dialogues քննարկումների շարքը հարթակ է տրամադրում աշխարհի հայտնի մարդասերներին եւ բարերարներին, առաջատար գիտնականներին, գործարարներին եւ քաղաքացիական հասարակությանը՝ միավորվելու եւ քննարկելու արդի մարդասիրական ամենահրատապ խնդիրները: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում մարդկանց վրա, որոնք իրական եւ շարունակական պայքար են մղում ընդդեմ այսօրվա խնդիրների եւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել:
Aurora Dialogues-ի հիմնական ծրագիրը տեղի է ունենում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ընթացքում: Aurora Dialogues-ի հավելյալ ծրագրերն ընդգրկում են համաժողովներ եւ հանրային դասախոսություններ, որոնք անցկացվում են Հայաստանում եւ ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով համախմբել առաջնորդների, որոնք ունեն բացառիկ փորձառություն եւ կարող են նպաստել աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների լուծմանը:
Aurora Dialogues քննարկումներին մասնակցում են աշխարհի առաջատար մարդասերներ, գիտնականներ, բարերաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, ինչպես նաեւ մարդասիրական հիմնախնդիրներն առաջ մղելուն նվիրված ազդեցիկ գործիչներ եւ մտավորականներ ամբողջ աշխարհից։
Aurora Dialogues քննարկումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների եւ նախորդ քննարկումների տեսագրությունների համար կարող եք այցելել կայքի Aurora Dialogues բաժինը։
«Ավրորա» դրամաշնորհներ
Տրամադրելով «Ավրորա» դրամաշնորհներ՝ մենք աջակցում ենք կրթական եւ հետազոտական նախագծերին, մշակույթի պահպանմանը եւ համայնքային ջանքերին, որոնք նպաստում են մարդասիրական արժեքների զարգացմանը եւ մարդասիրական գործունեության մասին համաշխարհային իրազեկման բարձրացմանը: Այս դրամաշնորհների նպատակն է ոգեշնչել եւ աջակցել համայնքներին ամբողջ աշխարհում՝ ընդունելու եւ առաջ տանելու մարդասիրական արժեքները:
«Երիտասարդական Ավրորան» նախագծերից մեկն է, որն իրականացվում է 2017 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC միջազգային գրասենյակի, Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: Այս նախագծի նպատակն է ոգեշնչել երիտասարդներին՝ լուծելու հրատապ մարդասիրական խնդիրներն իրենց համայնքներում:
«Ավրորա» դրամաշնորհներն աջակցում է նաեւ Մատենադարանին եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ նպաստելով հայ մշակույթի և պատմության պահպանմանը։
Արդեն ավարտված, բայց կայուն արժեք ստեղծած մեր նախագծերից են «Ավրորայի» կրթաթոշակները, որոնք հնարավորություն են տվել ռիսկային եւ խոցելի խմբերի 62 երիտասարդների սովորելու «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այս կրթաթոշակներն այժմ մեր պատմության կարեւոր մասն են կազմում: Դրանք նաեւ հարգանքի տուրք էին այն անհատներին, որոնք մարմնավորում են մարդասիրական արժեքները. Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակ, որը տրվել է եզդի ուսանողների, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ, որը տրվել է լիբանանցի ուսանողուհու, որն ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում, եւ Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակ, որը նախատեսված էր Ֆրանսիայի կամ ֆրանսախոս երկրների ուսանողների համար:
Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը (գիտահետազոտական դրամաշնորհներ), որն օժանդակում էր XX դարի հայոց պատմությունն ուսումնասիրող երիտասարդ գիտնականներին, օգնել է բազմաթիվ երիտասարդ մասնագետների գնալու իրենց երազանքի հետեւից եւ ուսումնասիրելու տվյալ ժամանակահատվածի՝ իրենց հետաքրքրող թեմաները:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել այստեղ:
Կապ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ
Հասցե
Հակոբ Հակոբյան փող. 3, 0033, Երեւան, Հայաստան
Էլ. փոստ
Բոլոր մեդիա հարցումների համար՝
Հեռախոս
+374 60 700 800 (119)