Արդարության լույս գաղտնի բանտերում

Armenian
Intro: 
Եմենցի փաստաբան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարին կարեւոր մասնակցություն է ունեցել «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպության՝ գաղտնի բանտային ցանցի մասին զեկույցի պատրաստմանը: Ընդհատակում գործող այդ կալանավայրերում ապօրինաբար պահվում են հազարավոր տղամարդիկ եւ տղաներ: Նա մանրամասն ապացույցներ է հավաքել այնտեղ կատարվող խոշտանգումների եւ բռնությունների մասին: Հուդա ալ-Սարարիի շնորհիվ միջազգային հանրությունն այսօր ավելի իրազեկ է Եմենում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին: Չնայած մահվան բազմաթիվ սպառնալիքներին՝ նա մտադիր չէ կանգ առնել:
Weight: 
25 000
Story elements: 
Text: 
Եմենցի փաստաբան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարին կարեւոր մասնակցություն է ունեցել «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպության՝ գաղտնի բանտային ցանցի մասին զեկույցի պատրաստմանը: Ընդհատակում գործող այդ կալանավայրերում ապօրինաբար պահվում են հազարավոր տղամարդիկ եւ տղաներ: Նա մանրամասն ապացույցներ է հավաքել այնտեղ կատարվող խոշտանգումների եւ բռնությունների մասին: Հուդա ալ-Սարարիի շնորհիվ միջազգային հանրությունն այսօր ավելի իրազեկ է Եմենում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին: Չնայած մահվան բազմաթիվ սպառնալիքներին՝ նա մտադիր չէ կանգ առնել:
Text: 

Եմենն այսօր ապրում է իր պատմության վատագույն մարդասիրական ճգնաժամերից մեկը: Եմենի իշխանությունների եւ հութի  զինյալների միջեւ քաղաքացիական պատերազմը, նրանց տեղական ու միջազգային դաշնակիցները երկիրը տանում են կործանման: Որոշ ծայրահեղականներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցները, օգտվելով առիթից, զավթել են վիճելի տարածքներն ու բարբարոսությունների շարք սկսել: Որպես հետեւանք՝ ազգաբնակչության 80 տոկոսն ունի մարդասիրական օգնության կարիք:

Ըստ իրավապաշտպան խմբերի զեկույցների՝ ավելի քան 18,000 մարդ բանտարկված է Եմենի գաղտնի կալանավայրերում, որոնք ղեկավարում են դրսի իշխանությունները: Ահաբեկիչների հետ համագործակցության համար մեղադրվող բանտարկյալները ենթարկվում են պարբերական խոշտանգումների եւ բռնության՝ չունենալով ո՛չ իրավական խորհրդատվության հնարավորություն, ո՛չ արդարության հույս:  

«Ասոշիեյթիդ պրես» (AP) լրատվական գործակալությունը հրապարակեց հետաքննություն՝ իրականացված այդ գաղտնի բանտերից փրկվածների, նրանց հարազատների, մարդու իրավունքների ակտիվիստների եւ տեղական զինվորական պաշտոնյաների վկայությունների հիման վրա, եւ հայտարարեց, որ գաղտնի ցանցը կազմված է մոտ 18 կալանավայրից՝ թաքնված հեռու «ռազմաբազաներում, օդանավակայաններում, նավահանգիստներում, մասնավոր առանձնատների նկուղներում եւ նույնիսկ գիշերային ակումբներում»: Տիկին ալ-Սարարին իր մեծ ներդրումն ունեցավ նաեւ մեկ այլ զեկույցի պատրաստման գործում: Այն հրապարակեց «Հյումն ռայթս ուոթչը» 2017թ. հունիսին՝ հայտարարելով, որ առնվազն 49 մարդ, այդ թվում՝ երեխաներ, անօրինական կալանավորվել կամ բռնի անհետացել է նախորդ տարվա ընթացքում:

Զեկույցն իր գինն ուներ, եւ Հուդա ալ-Սարարին վճարեց այն հրապարակումից անմիջապես հետո:

Նրա ծանր փորձություններն սկսվեցին գաղտնի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների մասին առաջին հարցազրույցից հետո: «Միդլ իսթ այ» (Middle East Eye) լրատվական գործակալությունը հաղորդեց ալ-Սարարիի դեմ սկսված դաժան արշավի մասին: Սոցիալական մեդիայում նրան անվանեցին ծախու բանսարկու, մեղադրեցին դավաճանության եւ լրտեսության համար՝ նշելով, որ նա իբր աշխատում է արեւմուտքի կառավարությունների համար: Բազմիցս սպառնացին սպանել նրան:

Սպառնալիքները Հուդա ալ-Սարարիին հետապնդում էին նույնիսկ սեփական տանը: Ադեն քաղաքում գտնվող իր տնից անհայտ անձինք գողացան հեռախոսը: Նույն օրը կոտրեցին նրա մեքենայի պատուհանները, զրկեցին ինտերնետ կապից: Ծանոթներից մեկը նույնիսկ աշխատասենյակ եկավ եւ սպառնաց «զգուշանալ հետագա քայլերից, այլապես կյանքով պատասխան կտա»: Տիկին ալ-Սարարիի ընտանիքն աղաչում էր նրան վերջ տալ այդ ամենին՝ եթե ոչ հանուն իր անձի, գոնե հանուն երեխաների:

 

 

Եմենում հասարակությունն ավանդապաշտ է, հետեւաբար Հուդա ալ-Սարարիի դեմ սկսված վարկաբեկիչ արշավն առանձնակի դաժան էր, քանի որ նա կին է: «Ինձ վարկաբեկող խոսքերն ավելի ուժեղ ազդեցություն ունեն, քան եթե դրանք ուղղված լինեին տղամարդ ակտիվիստի»,- բացատրում է ալ-Սարարին: Հաշվի առնելով, որ պաշտոնյաներն աչք էին փակում գաղտնի բանտերի եւ այնտեղ կատարվող վայրագությունների վրա՝ այս կինը բացառիկ խիզախություն դրսեւորեց՝ խոսելով այդ մասին: Սակայն հոգեբանական ճնշումները լուրջ վնաս հասցրին նրան:

«Մեկ ամսից ավելի ես վախենում էի դուրս գալ տնից կամ խոսել լրատվամիջոցների հետ,- ասել է ալ-Սարարին «Միդլ իսթ ային», - բայց հիմա ես նաեւ ուզում եմ բարձրաձայնել այն սարսափների մասին, որոնց միջով ստիպված է անցնել մարդու իրավունքների պաշտպանը»:

Տիկին ալ-Սարարին միշտ անզիջում պայքար է մղել մարդու իրավունքների պաշտպանության, արդարության եւ հավասարության համար: 2011թ. նա շարիաթական օրենքի մասնագետի որակավորում ստացավ Ադենի համալսարանում: Նույն համալսարանի Կանանց կենտրոնում ստացավ նաեւ մագիստրոսի կոչում՝ կանանց իրավունքների ուսումնասիրության եւ զարգացման գծով: Նա Եմենի կանանց միության անդամ է, որը խրախուսում է կանանց քաղաքացիական իրավունքները,  իրավաբանական աջակցություն տրամադրում նրանց եւ պաշտպանում կին բանտարկյալների իրավունքները:     

Հուդա ալ-Սարարին գրեթե մեկ տասնամյակ է նվիրել մարդու իրավունքների պաշտպանությանը՝ համագործակցելով հայտնի ինստիտուտների հետ, ինչպիսիք են «Ադալա» հիմնադրամը՝ հանուն իրավունքների եւ ազատությունների եւ Եմենի ազգային հանձնաժողովը, որը հետաքննում է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները: Նա նաեւ աջակցել է «Էմնըսթի ինթերնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումն ռայթս ուոթչ» կազմակերպություններին, հավաքել գաղտնի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների եւ բռնությունների մասին փաստեր: Պատասխանը միշտ կտրուկ է եւ դաժան:

Այդուհանդերձ, Հուդա ալ-Սարարին մտադիր չէ կանգ առնել, քանի դեռ գիտի, որ անմեղ մարդիկ ապօրինաբար անազատության մեջ են: Նրա առաքելությունն ավելի մեծ է, քան պարզապես իրավունքների պաշտպանությունը: Նա ցանկանում է Եմենն օրենքի երկիր տեսնել: Պնդում է, որ նույնիսկ ալ-Քաիդայի կասկածյալները պետք է կալանավորվեն եւ հարցաքննվեն օրենքով: Հավատարիմ իր համայնքին՝ նա հրաժարվում է լքել Եմենը, քանի որ զգում է պատասխանատվություն՝ թեկուզ սեփական կյանքի գնով օգնելու ապօրինի կալանավորվածներին:

Հուդա ալ-Սարարին հաստատակամ է եւ ձգտում է արդարությունը հասցնել նրանց, ովքեր կորցրել են բոլոր հույսերը: Ու նա վստահ է, որ հաղթելու է:  

 

 

Լուսանկարը՝ © Ասոշիեյթիդ Պրես/Մաադ Էլ Զիքրի

Subtitle: 
Հուդա ալ-Սարարին վտանգում է սեփական կյանքը, որպեսզի բարձրաձայնի Եմենում գործող գաղտնի կալանավայրերի մասին:
Header image: 
Summary Position: 
8 500