Ներշնչանքի աղբյուրը
Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր. մրցանակը նպատակ ունի լույս սփռելու այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը:
Մրցանակը կրում է նաեւ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անուն, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր եւ եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց եւ աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի ու խիզախության անհայտ դրվագներն են:
Այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին: Այն շնորհվելու է մերօրյա հերոսին, որի գործունեությունը փառաբանում է մարդասիրությունը:
«Ավրորա» մրցանակը մեր երախտագիտությունն է խիզախներին եւ մասնակցությունը՝ աշխարհը բարեփոխելու ջանքերին: