Դպրոց, որտեղ կարեվոր է յուրաքանչյուր երեխան

Դպրոց, որտեղ կարեվոր է յուրաքանչյուր երեխան

«Բոկո հարամը» աշխարհում ամենամահացու ահաբեկչական խմբավորումն է՝ ըստ 2015թ. Ահաբեկչության գլոբալ ինդեքսի: Այդ վտանգավոր միջավայրում 60-ամյա Զանա Բուկար Մուստաֆան ապահով տարածք է ստեղծում բռնության ենթարկված երեխաների համար եւ տալիս նրանց արժանի ապագա ունենալու հնարավորություն:

Զանա Բուկար Մուստաֆան հրաժարվեց իրավաբանի իր 20-ամյա կարիերայից, որպեսզի զբաղվի կրթությամբ: Նա հասկանում էր, թե ինչ մեծ վնաս է հասցվել Մայդուգուրիի (քաղաք Նիգերիայի հյուսիս-արեւելյան նահանգում) ամենաերիտասարդ սերնդին, քանի որ այդ տարածքը 2007-ից դարձել էր «Բոկո հարամի» հենակետը: Ահաբեկիչների դեմ կառավարական ուժերի պայքարում հաճախ տուժում էին խաղաղ բնակիչները: Եվ ոչ ոք այնքան չտուժեց այդ պայքարում, որքան երեխաները: Նրանցից շատերը դարձան որբ` առանց լավ կյանքի հույսի: «Ես զգում էի, որ մենք այլեւս օրինակ չենք ծառայում երիտասարդների համար: Տեսնում էի փողոցներում թափառող բազմաթիվ հուսալքված երեխաներ: Հենց այդ ժամանակ էլ զգացի հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը,- հիշում է Մուստաֆան,- Խոսքը զուտ կացարան տրամադրելու մասին չէր: Միայն դա բավարար չէր»:

Չնայած մեծ փորձ չուներ կրթության ոլորտում (իրավաբանություն սովորելուց առաջ ուսուցիչ էր աշխատել), 2007թ. Մուստաֆան բացեց «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի դպրոցը (Future Prowess Islamic Foundation): Սկզբում ընդունեցին 36 ծնողազուրկ երեխայի: Արդեն 2009թ. երկու կողմերից էլ աշակերտներ էին հաճախում դպրոց՝  երեխաներ, որոնք ծնվել էին «Բոկո հարամի»  ահաբեկիչների եւ նրանց կողմից սպանվածների ընտանիքներում: Ամենասկզբում կազմակերպությունը հանձն էր առել աշխատել այրիների հետ՝ վերականգնելու եւ առողջացնելու ատելության,  բռնության ու անվստահության մթնոլորտում գտնվող համայնքը: «Նրանք ստեղծեցին կոոպերատիվներ, որտեղ կարող էին ստանալ աջակցություն եւ ուղղորդել սեփական ջանքերը. Նիգերիայի հյուսիսում ապրող յուրաքանչյուր կին խոցելի է, երբ ամուսինը մահանում է»,- պատմում է իրավաբան-ակտիվիստը: Հիմնադրամը ոչ միայն կրթում է երեխաներին, այլեւ օգնում նրանց մայրերին՝ գտնելու հուսալի աջակիցներ:

 

 

«Երեխաները հայտնվել էին փողոցում, եւ ոչ ոք չկար, որ հոգ կտաներ նրանց մասին. դա արեց մեր հիմնադրամը: Արդեն 2009թ. մենք աշխատում էինք 250 լքված երեխայի եւ 200 այրի կնոջ հետ»,- նշում է Մուստաֆան: Համայնքի  մեծանալուն զուգահեռ ավելանում էին մարտահրավերները: Դրանցից մի քանիսը վերաբերում էին ուսումնական ծրագրին: Ուսուցիչները ցանկանում էին, որ երեխաներն ուսումնասիրեն առարկաների լայն շրջանակ, ներառյալ՝ օտար լեզուներ, օրինակ՝ անգլերեն ու ֆրանսերեն: Այրիներից ոմանք ընդդիմանում էին՝ դա անվանելով «արեւմտյան ազդեցություն»: Նրանց դժկամությունն ավելի հեշտ է հասկանալ, եթե հիշենք, թե ինչ է բառացի նշանակում «բոկո հարամը»՝ «արեւմտյան կրթությունը մեղք է»: Սակայն հմուտ բանակցող Մուստաֆան կարողացավ փարատել նրանց վախերը եւ, ի վերջո, ստացավ նրանց համաձայնությունը: Իհարկե, որոշ առարկաների համար շատ ավելի հեշտ էր բանակցել: Դրանցից էր, օրինակ, հանրահաշիվը. չէ՞ որ այն արաբներն էին ստեղծել:

                                                                              «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի դպրոցի աշակերտները

Դպրոցի քաղաքականությունը որոշելն ու ծնողներին համոզելը, կարելի է ասել, ոչինչ էին «Բոկո հարամի» հետ՝ անչափահաս պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունների համեմատ: Տարիներ շարունակ Մուստաֆան միջնորդ է եղել կառավարության եւ ահաբեկիչների միջեւ: Նա կարեւոր դերակատարում ունեցավ 2016թ. հոկտեմբերի եւ 2017թ. մայիսի բանակցությունների ժամանակ: Արդյունքում ազատ արձակվեց Չիբոքի 103 աղջիկ երեխա, որոնց առեւանգել էին «Բոկո հարամի» ահաբեկիչները 2014թ.:

Դրանք Զանա Բուկար Մուստաֆայի կյանքի ամենասարսափելի օրերն էին, բայց նա ետ չկանգնեց իր նպատակից: «Ես գնացի, որ վերադարձնեմ երեխաներին: Կանգնեցի այդ աղջիկների առաջ ու ասացի՝ հիմա դուք տուն եք գնում. ձեր տառապանքներն ավարտված են: Երբ տեսա, որ նրանք ազատ են, աննկարագրելի երջանիկ էի»,- պատմում է նա: Այս բացառիկ խիզախության, ինչպես նաեւ «երեխաների համար խաղաղ գոյակցության եւ գենդերային հավասարության վրա հիմնված ապահով տարածք ստեղծելու համար» Մուստաֆան 2017թ.արժանացել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Նանսենի անվան մրցանակին:

Ահաբեկիչները թիրախավորում էին հատկապես կրթական հաստատությունները` փակելով եւ նույնիսկ այրելով դրանք, ինչպես իրենք էին բնորոշում, տեղի մշակույթում օտար գաղափարներ տարածելու համար: Փաստը, որ «Ֆյուչըր փրաուիսը» դպրոց  էր ընդունում երկու կողմերի՝ ներառյալ «Բոկո հարամի» աջակիցների երեխաներին, աշխատում էր դպրոցի օգտին: Միայն հյուսիս-արեւելյան Նիգերիայում ահաբեկչական գործողություններից տուժել է շուրջ 800 դպրոց, բայց այս մեկը երբեք չի փակել դռները: 

                                      Չիբոքի 82 աղջիկները Սամբիսայում, որոնց օգնեց ազատել Զանա Բուկար Մուստաֆան 

«Մեր ուժեղ կողմերից մեկը բազմազանությունն է: Յուրաքանչյուրը դրա մի մասն է: Ոչ ոք չի մտածում՝ ես ինձ համար եմ կամ դա ինձ չի առնչվում: Ոչ ոք դուրս չի մնում գործընթացից ու չի կարող ասել, թե կապ չունի դպրոցի հետ»,- բացատրում է Զանա Բուկար Մուստաֆան: Սա վերաբերում է նաեւ ծնողներին: Դպրոցն աշխատում է հնարավորինս ակտիվորեն ներգրավել նրանց, ուժեղացնել կապը երեխաների հետ՝ աննկատ փոխելով նրանց արմատական մոտեցումները: «Ընդմիջումների ժամանակ այրիները սովորում են իրենց երեխաների հետ նույն դպրոցում: Ծնողների ներկայությունը մեծ ազդեցություն ունի»,- ասում է Մուստաֆան:

«Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի դպրոցում բազմազանությունն արտահայտված է նաեւ սեռով: Աշակերտուհիների ցուցանիշը աննախադեպ բարձր է այդ շրջանի համար: Ինչպես ասում է Զանա Բուկար Մուստաֆան. «Այս դպրոցում բոլոր երեխաներն են կարեւոր»:

Նախագիծն այնքան հաջողված էր, որ նա որոշեց եւս մեկ դպրոց բացել ավելի մեծ տարիքի ուսանողների համար: Այն կոչեց «Ֆյուչըր փրաուիս» ակադեմիա: «Ունենք կենտրոն, որտեղ վերապատրաստում ենք կանանց, որոնք կորցրել են իրենց ամուսիններին: Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ կասկածամտորեն նայում իրենց հին թշնամիների աչքերի մեջ, եւ, չանցած երկու-երեք տարի, դառնում ընկերներ՝ այլեւս երբեք չմտածելով, որ իրենց մասին ոչ ոք հոգ չի տանում»,- ասում է Մուստաֆան: Արդյունքը չափազանց տպավորիչ է այդքան պարզ գաղափարի համար: Բարիկադների տարբեր կողմերում գտնվող մարդիկ հանկարծ հայտնվում են իրենց հակառակորդի հետ դեմ դիմաց՝ նույն դասասենյակում, որտեղ չկա այլ ճանապարհ՝ բացի մտածելակերպը փոխելուց: Զանա Բուկար Մուստաֆան երբեք չի համարել, որ ամեն ինչ արված է, եւ հույս ունի մի օր էլ «Ֆյուչըր փրաուիս» համալսարան բացել:  

Նրա անսպառ լավատեսությունն ավելի է ոգեւորում, երբ հասկանում ես, որ ստեղծման օրից հիմնադրամը գրեթե երբեք չի ստացել միջազգային աջակցություն: «Դա մարտահրավեր է,- ընդունում է Մուստաֆան,- Մեզ պաշտպանություն է անհրաժեշտ: Կարեւոր է, որ շատ լինեն մեր ծրագրերի նման ծրագրեր: Նանսենի անվան մրցանակին արժանանալը եւ «Ավրորա» մրցանակին առաջադրվելն օգնում են ինձ՝ այդ մարտահրավերը համաշխարհային մակարդակով հասցնելու միջազգային հանրությանը»:

                                                 Զանա Բուկար Մուստաֆան եւ  Նիգերիայի Բորնո նահանգի ղեկավարը Մարդասիրության 

                                                            համաշխարհային գագաթնաժողովին, Թուրքիա, 2016թ.

Նրա համար հեշտ է զուգահեռներ տանել «Ավրորա» մրցանակի ստեղծման հիմքում ընկած ողբերգության եւ Նիգերիայում կատարվող վերջին իրադարձությունների միջեւ: «Հայերի ցեղասպանությունը նման է նրան, ինչին առերեսվում են մեր աշակերտներն այսօր: Երբ ինձ զանգահարեցին եւ հայտնեցին իմ առաջադրման մասին, անակնկալի եկա: Անչափ երջանիկ եմ, որ «Ավրորա» համայնքի մաս եմ կազմում»,- նշում է նա:

Նրա աշխատանքը վտանգավոր է եւ չափազանց բարդ, բայց նա անզիջում է: Ո՞րն է նվիրվածության գաղտնիքը. նա հավատում է, որ միասին հնարավոր է հաղթահարել թշվառությունն ու դժբախտությունը: «Մենք բոլորս մեկ ընդհանուր համայնքի մաս ենք եւ չենք կարող առանց մեկս մյուսի: Չենք կարող փախչել դրանից: Պետք է զոհողությունների գնալ: Չենք կարող մարդկությանը թողնել այն վիճակում, որում այն այսօր է»,- ասում է Մուստաֆան:

 

 

Լուսանկարը՝ © ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, Ռահիմա Գամբո