Սաքինա Յակուբին ծնվել էր մինչեւ այդ կարգերը եւ մեծացել այնպիսի ընտանիքում ու միջավայրում, որտեղ աղջիկների կրթությունն արգելված չէր: Ավագ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու նպատակով նա մեկնեց Միացյալ Նահանգներ: Ստանալով նախ կենսաբանության բակալավրի, ապա հանրային առողջության մագիստրոսի աստիճան՝ Սաքինան կարող էր մնալ եւ ապահով կյանք վարել ԱՄՆ-ում: Սակայն նա այլ որոշում կայացրեց. Սաքինայի սիրտն իր հեռավոր հայրենիքում էր՝ Աֆղանստանում: Նա երազանք ուներ, որը վերածեց առաքելության. բոլոր կանանց ու աղջիկներին միեւնույն հնարավորությունը տալ, ինչ ինքն էր ունեցել, այսինքն՝ կրթության մատչելիություն։
«Ինքս ինձ ասացի՝ պետք է ինչ-որ բան անել: Ի՞նչը կարող էր կրթությունից կարեւոր լինել: Անկախ նրանից, թե դու ինչ ես տալիս մարդկանց, նրանք իրենք պետք է հանդես գան իրենց անունից: Մարդիկ պետք է պաշտպանեն սեփական տեսակետը եւ քննադատաբար մտածեն, պետք է լինեն ստեղծագործ, պետք է լինեն նորարար: Մարդիկ կարիք ունեն խաղաղ միջավայրի: Ինչպե՞ս կարելի է ապահովել այդ ամենը: Միակ միջոցը կրթությունն է: Հենց կրթություն տվեցիր նրանց, հետո ամեն ինչ իրենք կանեն: Ահա թե ինչու որոշեցի վերադառնալ Աֆղանստան: Հեշտ չէր, դժվար որոշում էր»,- հիշում է դոկտոր Յակուբին:
Երազանք, որ վերածվեց առաքելության
Սաքինա Յակուբին իր գործունեությունն սկսեց Պակիստանի փախստականների ճամբարներում: Ժամանակի ընթացքում նկատեց, թե կրթությունն ինչպես է փոխում մարդկանց միտքը, կյանքն ու վարքագիծը: Նա գիտեր, որ հաջողության հասնելու առաջին նախապայմանը վստահությունն էր: Իսկ մարդիկ վստահում էին նրան, որովհետեւ, յոթ երկար տարիներ ապրելով փախստականների ճամբարում, դարձել էր նրանցից մեկը:
Աֆղանստանի կրթության ինստիտուտի դպրոցը Պակիստանի փախստականների ճամբարում 1990-ականների ավարտին |
«Կարիք չունեի նրանց համոզելու. նրանք տեսնում էին իմ կենսակերպը: Նրանք տեսնում էին, որ ես լավ մարդ եմ, կատարում եմ իմ պարտականությունները եւ միաժամանակ կրոնասեր եմ: Ավելի ճշգրիտ լինելու համար պետք է ասեմ, որ մոլեռանդ կրոնասեր չեմ. ես հոգեւոր մարդ եմ: Բայց միաժամանակ հավատում եմ կրթության որակին: Նրանք հասկացան, որ ես դեմ չեմ իրենց կրոնին կամ արժեքներին եւ իրենց ուղեղների լվացմամբ չեմ զբաղվում: Այդպես նրանք վստահեցին ինձ եւ իրենց երեխաներին դպրոց ուղարկեցին»: Սաքինա Յակուբին մինչեւ հիմա հիշում է փախստականների ճամբարում անցկացրած յուրաքանչյուր օրը: Նա նաեւ շատ պարզ հիշում է այն օրը, երբ Աֆղանստանից մարդիկ եկան իր մոտ եւ բառացիորեն աղաչեցին նրան վերադառնալ ու Աֆղանստանում եւս դպրոց բացել:
1990-ականներին «Թալիբանը» փակեց աղջիկների դպրոցները։ 1995 թ. Յակուբին հիմնեց Աֆղանստանի կրթության ինստիտուտը: Իր գործունեությունը նա սկսեց միակ ընդհատակյա տնային դպրոցով, հետագայում դպրոցների թիվն Աֆղանստանում հասցրեց 80-ի՝ կրթություն տալով ավելի քան 3.000 աղջիկների: Առաջինից ութերորդ դասարանի կրթություն ապահովող տնային դպրոցներն աշխատում էին ամբողջ օրը՝ առավոտյան յոթից մինչեւ երեկոյան յոթը: Դասերն սկսելու հստակ ժամ չկար: Աղջիկները գալիս էին հերթով՝ մեկը մյուսից հետո եւ տարբեր ժամերի, որպեսզի չգրավեին թալիբների ուշադրությունը:
Ուսումնական հաբ կանանց համար
2002 թ. թալիբների անկումից հետո Աֆղանստանում իրավիճակը փոխվեց: Կառավարությունը դպրոցներ բացեց աղջիկների համար, եւ թվում էր, թե Աֆղանստանի կրթության ինստիտուտի առաքելությունն ավարտված է: Բայց կանանց առջեւ դեռեւս շատ խնդիրներ կային, եւ Սաքինան գիտեր դրա մասին: Դպրոցների մեծ մասը քաղաքներում էին, իսկ գյուղական բնակավայրերը շարունակում էին լուսանցքում մնալ: Սաքինա Յակուբիի ղեկավարած ինստիտուտն ուսումնական կենտրոններ բացեց՝ աֆղանստանցի կանանց կրթելու, վերապատրաստելու եւ խրախուսելու համար, որ պաշտպանեն սեփական շահերը:
Սաքինա Յակուբին Աֆղանստանի Հերաթ քաղաքում անցկացված համաժողովի մասնակիցների հետ |
«Աֆղանստանում կանայք շատ խելացի են: Ես դա տեսնում եմ, որովհետեւ աշխատում եմ նրանց հետ: Աֆղանստանում կանայք ուզում են արտահայտվել, ուզում են աշխատել եւ կրթված լինել: Նրանք ուզում են ավելի լավ կյանք ունենալ: Ես կյանքս նվիրել եմ այս կազմակերպությանն ու այս մարդկանց: Երիտասարդներն այնքա՜ն խանդավառ են: Նրանք լավատես են եւ երբեք չեն կանգնում ու սպասում, թե հետո ինչ է լինելու: Երբ շրջապատված ես այդպիսի մարդկանցով, դժվար է չանել այն, ինչ անում ես: Նրանք գեղեցիկ ու ջերմեռանդ են, նրանք արժանի են լավագույնին», - ասում է Սաքինա Յակուբին, որն ուզում է Աֆղանստանում կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր աղջկա ու կնոջ:
Սաքինայի կազմակերպությունն ուսումնական յուրօրինակ հաբ է ստեղծել, որը գրավում է տարբեր տարիքի ու կրթական մակարդակի մարդկանց: Այնտեղ նրանք սովորում են կարդալ եւ գրել, սովորում են լինել ձեռներեց եւ ինքնուրույն գումար վաստակել: Ամեն տարի ավելի քան 350.000 կին ու երեխա է ավարտում Աֆղանստանի կրթության ինստիտուտի դպրոցներն ու վերապատրաստման կենտրոնները: Ինստիտուտը մասնագիտացված առողջապահական կլինիկաներ է բացում կանանց համար՝ նրանցից շատերին հնարավորություն ընձեռելով կյանքում առաջին անգամ այցելելու բժշկի: 1996-ից ի վեր այն իր կրթական, վերապատրաստման եւ առողջապահական ծրագրերով ուղղակի կամ անուղղակի ներգործություն է ունեցել 16 միլիոն աֆղանստանցու վրա:
Սաքինա Յակուբին ԱԿԻ որբանոցի սանի հետ: Աֆղանստանի կրթության ինստիտուտը ծրագիր է իրականացնում նաեւ փողոցում հայտնված երեխաների համար |
Երկարամյա ջանքերի ընթացքում գրանցած հաջողությունների պատմություններից միայն մեկն առանձնացնելը հեշտ գործ չէ Սաքինա Յակուբիի համար: Իրենց պայքարի յուրաքանչյուրը օրը նրանց մեկ քայլով մոտեցրել է մեծ փոփոխությունների: Վերապրել թալիբների ռեժիմը եւ շարունակել մնալ ասպարեզում՝ արդեն իսկ հաջողություն է:
«Մենք առաջնորդության ծրագիր ենք նախաձեռնել: Երիտասարդ կանայք ցանկանում են լինել առաջնորդ, նրանք ցանկանում են փոխել իրենց երկիրը: Մենք նրանց ենք օգնության ձեռք մեկնում, նրանք՝ ուրիշներին: Սա իսկապես հաջողության պատմություն է: Մի քանի տարի առաջ մի դեպք եղավ: Մի կին դիմեց մեր օգնությանը: Նրա ամուսինը 14.000 աֆղանիի դիմաց (մոտ 180 ԱՄՆ դոլար) ուզում էր ամուսնացնել իրենց փոքր դստերը: Մեր փաստաբաններն օգնեցին կնոջը եւ փրկեցին աղջկան իր կամքին հակառակ ամուսնությունից: Նա սկսեց հաճախել մեր ուսումնական կենտրոններից մեկը, որտեղ կարուձեւ սովորեց: Մենք նրան սեղան ու կարի մեքենա տվեցինք: Հիմա նա կարուձեւով իր սեփական փողն է վաստակում՝ ամսական 15.000 աֆղանի: Դա ավելին է, քան այն գումարը, որի դիմացը հայրն ուզում էր վաճառել աղջկան: Սա լավ օրինակ է մարդկանց ցույց տալու, որ կրթություն ստանալով եւ քո ձայնը բարձրացնելով կարող ես հաջողության հասնել: Հիմա նա տասնվեց տարեկան է»,- դոկտոր Յակուբին պատմում է հազարավոր պատմություններից մեկը։
ԱԿԻ նախադպրոցական ծրագիրը (PEP)՝ որպես մանուկների վաղ շրջանի որակյալ կրթության մոդել Աֆղանստանում |
Օգնության կանչ
Աֆղանստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակը եւ շարունակվող պատերազմը միշտ մտահոգել են դոկտոր Յակուբիի նման մարդկանց: Նա հասկանում է, որ միայն խաղաղությունը կարող է բարգավաճում բերել իր երկրին: Այդ պատճառով է, որ երբեք չի դադարում աշխարհին պատմել աֆղանստանցի ժողովրդի, կանանց ու երեխաների մասին: Եվ հիմա նա դարձել է միջազգային համաժողովների ու տարբեր միջոցառումների ամենասպասված բանախոսներից մեկը: Նա ցավում է, որ ավելի երիտասարդ չէ եւ ավելի շատ ժամանակ չունի իր առաքելության համար:
Սաքինայի աչքերն արցունքով են լցվում, երբ պատկերացնում է Աֆղանստանի ապագան առանց խաղաղության. «Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը: Աշխարհը պետք է մեր թիկունքին լինի, հատկապես՝ Աֆղանստանի կանանց: Նրանք հույսեր են կապում միջազգային հանրության հետ, որովհետեւ նրանց խոստացել են աջակցել: Բայց հիմա բոլորը մոռանում են Աֆղանստանի մասին: Երկիրը դուրս է մնում տեսադաշտից: Ես այնքան եմ վախենում, որ Աֆղանստանը նորից կարող է հայտնվել այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք դեմ են կանանց իրավունքներին: Մենք շատ բան կկորցնենք»:
Սաքինա Յակուբիի ելույթը 2017 թ. ՄԱԿ-ի գագաթնաժողովին |
Սաքինա Յակուբին մեկն է այն հարյուր կանանցից, որոնք 2005 թ. միասնաբար ներկայացվեցին Խաղաղության նոբելյան մրցանակի: Վերջին երեք տասնամյակում աֆղանստանցի կանանց համար մղած պայքարը նրան բազմաթիվ մրցանակներ եւ միջազգային ճանաչում է բերել, ինչը նրան երբեք չհանձնվելու հույս ու ուժ է տալիս․
«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր աղջիկ կկարողանա դպրոց հաճախել, եւ յուրաքանչյուրը կունենա հավասար հնարավորություններ: Դա է Աֆղանստանը, որի մասին երազել եմ եւ ուզում եմ տեսնել: Ես լիահույս եմ, որ կհասնենք դրան: Հեշտ չէ. դա պետք է արվի քայլ առ քայլ, դանդաղ քայլերով»: