Հեղինակ՝ Ջուլյա Ռեյսներ
Մանկավարժ եւ իրավապաշտպան Ջամիլա Աֆղանին 2017 թ. «Ավրորայի» հերոս ճանաչվեց Աֆղանստանի կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության գործում ունեցած իր բացառիկ նվաճումների համար: Որպես «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր՝ 25 տարի նա պայքարում է, որպեսզի Աֆղանստանի կանայք ունենան կրթություն ստանալու հնարավորություն եւ իրենց իրավունքների հստակ գիտակցում: Եվ երբ թվում էր, թե վերջապես կդադարեն պատրիարխիայի ճնշումները, թալիբները վերցրին իշխանությունը: Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքելու իր հայրենիքը, բայց նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:
2021 թ. օգոստոսի վերջին աշխարհը սարսափով հետեւում էր, թե ինչպես են հազարավոր աֆղանստանցիներ հուսահատ փորձեր անում հասնելու Քաբուլի օդանավակայան, որպեսզի խուսափեն «Թալիբանի» իշխանությունից: Նրանց մեջ էր նաեւ Ջամիլա Աֆղանին, որը հիմնավոր պատճառ ուներ վախենալու սեփական կյանքի համար: «Բոլորն ասում էին ինձ, որ դուրս գամ երկրից: Իսկ ես մնացել ու չէի կարողանում դուրս գալ Քաբուլից: Փորձում էի հասնել օդանավակայան, բայց այդ ամբողջ կուտակումների պատճառով չկարողացա ներս մտնել», - հիշում է նա: «Ես 11 երկրի մուտքի արտոնագիր ունեի անձնագրիս մեջ, բայց տերմինալ հասնելու տարբերակ չկար»: Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նրա ընկեր եւ գործընկեր Մարիա Բաթլերն աշխատեց օրուգիշեր, մինչեւ Ջամիլան կարողացավ ապահով հասնել Նորվեգիա:
Ցավոք սրտի, սա առաջին անգամ չէր, որ Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել իր հայրենիքը: Առաջինը ԽՍՀՄ-Աֆղանստան պատերազմի ժամանակ էր, երբ Ջամիլան երեխա էր, ու ծնողները նրան տարան Պակիստանի Փեշավար քաղաք: Աֆղանստան վերադառնալուց հետո նա ամեն ինչ արեց կանանց աջակցելու եւ զորացնելու համար, բայց քսանհինգ տարի անց նրա նվաճումների մեծագույն մասը փշուր-փշուր եղավ․ ինչպե՞ս վերապրել: Ջամիլա Աֆղանիի ձայնը դողում է, մինչ նա փորձում է բառերով նկարագրել տեղի ունեցածը. «Դա մեծագույն ողբերգություն է: Ինչպես բազմաթիվ այլ կանայք, ես իմ ողջ ժամանակն եմ ներդրել աշխատանքի մեջ, որպեսզի բարեփոխեմ իմ երկիրը: Թալիբների գալուց հետո ամեն ինչ փակ է: Հիմա ամեն ինչ ստիպված կլինենք սկսել զրոյից»:
Մինչեւ «Թալիբանի» իշխանության գալը Ջամիլա Աֆղանին եւ նրա կազմակերպությունն (NECDO) ավելի քան 100.000 կանանց էին ընդգրկել գրագիտության ծրագրերում: Նրանք դա անում էին՝ մեկ համայնքում ստեղծելով փոքր կենտրոն եւ կրթելով որոշակի թվով տեղացի կանանց, որոնք հետագայում կհիմնեին իրենց կենտրոնները: «Այն ձնագնդիի պես մեծանում էր,- բացատրում է Ջամիլան: «Մենք նաեւ աշխատում էինք կանանց խաղաղության գործընթացի մեջ ընդգրկելու ուղղությամբ, եւ դա նույնպես արդյունք տվեց: Այնտեղ, որտեղ կնոջ մուտքն արգելված էր նախկինում, մենք պայքարում էինք տարբեր մակարդակներում նրանց ներկայությունն ապահովելու համար»:
NECDO-ն գործ ուներ նաեւ պատրիարխատ հասարակությունների մեծ մասին բնորոշ մեկ այլ մեծ խնդրի հետ՝ ընտանեկան բռնության: «Մենք իրավաբանական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկված ավելի քան 10.000 կնոջ: Մենք նաեւ համայնքային շարժում սկսեցինք մշտապես պատերազմի պայմաններում ապրող կանանց համար, որպեսզի օգնենք նրանց կապ հաստատել միմյանց հետ եւ բարձրաձայնել կանանց խաղաղության գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին»:
Նրանց ողջ տքնաջան աշխատանքը հրաշալի արդյունք տվեց: Ջամիլա Աֆղանիին հաջողվեց եթե ոչ կտրել, բայց գոնե թուլացնել տեղացի կանանց յուրաքանչյուր քայլին առնչվող կրոնական սովորույթների եւ ավանդական սահմանափակումների գորդյան հանգույցը: «Աֆղանստանը պատրիարխատ երկիր է, ուստի մենք ցանկանում էինք տղամարդկանց մեր կողմը գրավել, որպեսզի ավելի մեծ աջակցություն ունենայինք հասարակության շրջանում»,- ասում է նա: «Մենք ստեղծեցինք 6.000 տղամարդ իմամների՝ մահմեդական առաջնորդների ցանց, որպեսզի նրանք կանգնեն մեր կողքին եւ առաջ մղեն կանանց իրավունքներն Աֆղանստանում: Եվ մենք կարողացանք աջակցել ավելի քան 2.000 երիտասարդի, հատկապես տարբեր մասնագիտական ոլորտներում նրանց կարողությունները զարգացնելու եւ աշխատանք գտնելու առումով»:
Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված հասցրեց NECDO-ի գործունեությանը, բայց չկանգնեցրեց այն ամբողջովին: «Երկիր, որտեղ տնտեսությունն արդեն փլուզվում էր աղքատության եւ ռեսուրսների բացակայության պատճառով, կորոնավիրուսի հետեւանքով իրավիճակը ծայրահեղ վատթարացավ: Բայց ինչ-որ չափով մեզ հաջողվեց պայքարել դրա դեմ»: Կամավորների միջոցով NECDO-ն ախտահանիչ միջոցներ էր բաժանում եւ օգնում հաշմանդամություն ունեցող կանանց, որոնցից շատերը համավարակի պատճառով զրկվել էին իրենց խնամատարներից: Ջամիլան եւս վարակվել էր, եւ այն անհետեւանք չանցավ:
Այժմ տնավեր եղած եւ հեռու իր բազմաչարչար հայրենիքից՝ նա հոգնածություն է զգում, բայց ձեռքերը ծալած չի նստում: Կարանտինի պայմաններում աշխատելու փորձի շնորհիվ NECDO-ի թիմը հեռավար աշխատելու որոշ հմտություններ է ձեռք բերել, որն օգտակար եղավ: «Ես իմ գործընկերների հետ կապի մեջ եմ էլեկտրոնային փոստի, «Զում» ծրագրի եւ այլ տեխնոլոգիաների միջոցով, բայց ֆիզիկապես այնտեղ չեմ»,- ցավով նշում է Ջամիլան: «Չնայած բոլոր խոչընդոտներին՝ այս պահին մեր գրասենյակն աշխատում է Աֆղանստանում, թեւ թալիբների վախից շատ միջոցառումներ չենք իրականացնում: Բայց գոնե կարող ենք փրկել կին իրավապաշտպանների կյանքը»:
Ջամիլայի կարծիքով՝ տեղում իրավիճակը շատ վատ է։ Դպրոցների դռները շարունակում են ամուր փակված մնալ կանանց համար՝ հակառակ «Թալիբանի»՝ ավելի վաղ տված խոստումներին: Ընտանեկան բռնության զոհերը մուտք չունեն իրավական համակարգ, ամուսնալուծության մոտ 1.000 գործ, որ արդեն ընթացքի մեջ էր, չեղարկվել է: Կանանց ստիպում են վերադառնալ բռնություն գործադրած ամուսինների մոտ եւ ապրել նրանց հետ: Կանանց հարցերի նախարարությունը փոխարինվել է Առաքինության խթանման եւ արատավորության կանխարգելման նախարարությամբ։ Գործազրկությունը մեծ մարտահրավեր է: Կին բարձրակարգ մասնագետների՝ նախկին ինժեներների, դատավորների, պրոֆեսորների, կառավարության աշխատողների մեծ մասը տանը նստած է, բայց նույնիսկ այնտեղ նրանք ապահով չեն:
«Վերջերս մենք օգնում էինք 200 կանանց, որոնք աշխատել էին որպես ուսուցիչ եւ եղել էին պետական կամ միջազգային կազմակերպությունների աշխատակից: Յուրաքանչյուր կնոջ պատմություն սիրտ կեղեքող է»,- ասում է Ջամիլան: «Նրանցից մեկը գիտությունների թեկնածու է: Նա 12 տարի դասավանդել է համալսարանում, իսկ հիմա նա տանն է: Ամուսինը ծեծում է նրան: Երբ նա ուղարկեց նկարները, ամբողջ օրը լաց էի լինում: Մենք ավելի քան 500 կին ունենք, որոնք փոքր եւ միջին բիզնես էին ղեկավարում: Մի քանիսին մենք ֆինանսապես աջակցում ենք՝ շատ քչերին, բայց դա իսկապես դժվար է: Բոլորը գոյատեւման ու պայքարի մեջ են»:
Պարզ է, որ Աֆղանստանից հեռու գտնվելը Ջամիլա Աֆղանիին գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում, հատկապես երբ սկսեց խոսել կանանց հետ, որոնք ունեն նրա կարիքը: «Սովորաբար երբ կանայք գալիս էին ինձ մոտ եւ լաց լինում, ես գրկում էի նրանց, որպեսզի զգային, որ իրենց կողքին եմ: Ես բռնում էի նրանց ձեռքը: Ես փորձում էի լուծել նրանց խնդիրները: Ես կարոտում եմ այդ ամենը: Շատ կանանց համար ես հույսի աղբյուր էի, բայց ինձ հեռացրին նրանցից»,- ասում է նա: «Եթե ես վստահ լինեմ, որ «Թալիբանը» թույլ կտա մեզ աշխատել, մեր նպաստը բերել հասարակությանը, ես կվերադառնամ: Ես ունեմ իմ կյանքը, կա կապն իմ երկրի հետ: Իմ ցանկությունն է ունեցածս փորձն ու գիտելիքը ծառայեցնել մեր երկրի կառուցմանը»:
Բայց շուտափույթ վերադարձը թվում է անհավանական: Առայժմ նա պետք է շարունակի հեռվից օգնել մյուսներին: Երբ նա թվարկում է, թե ինչ ճանապարհներով են ինքը եւ կազմակերպությունը դեռ կարողանում աջակցել Աֆղանստանի կանանց, Ջամիլայի դեմքը հպարտությամբ է լցվում: «Մենք դեռ շարունակում ենք աշխատել: Մեր կազմակերպությունը յոթ ամսում, ինչ թալիբները եկել են իշխանության, մի քանի մամուլի ասուլիս է անցկացրել: Մենք հրավիրել էինք բոլոր ազգային եւ միջազգային մեդիայի ներկայացուցիչներին եւ խոսել կրթության, ընտանեկան բռնության եւ շատ այլ խնդիրների մասին: Մենք ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում իրավապաշտպաններին, լրագրողներին, փաստաբաններին: Մենք նաեւ աշխատում ենք որոշ գործարար կանանց հետ, աջակցում ենք կին մասնագետներին, որոնք հիմա կորցրել են իրենց աշխատանքը: Մենք սնունդ ենք տրամադրում խոցելի ընտանիքներին եւ այլն»,- ասում է նա:
Ջամիլա Աֆղանին որքան էլ հեռու լինի իր տնից, նրա սիրտը դեռ այնտեղ է՝ իր ժողովրդի հետ: Եվ այն միտքը, որ նա պայքարում է նրանց ապագայի համար, ինքնին մխիթարություն է երկու կողմերի համար: