Խոնարհ մարդու փառահեղ կյանքը

Armenian
Intro: 
Ավգուստինյան քույրերի միաբանության անդամ քույր Անժելիկ Նամայկան Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիրն է: Նրա կենտրոնն օգնել է երկրում քաղաքացիական պատերազմից տուժած հազարավոր տեղահանված կանանց ու երեխաների:
Weight: 
5 000
Story elements: 
Text: 
Ավգուստինյան քույրերի միաբանության անդամ քույր Անժելիկ Նամայկան Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիրն է: Նրա կենտրոնն օգնել է երկրում քաղաքացիական պատերազմից տուժած հազարավոր տեղահանված կանանց ու երեխաների:
Text: 

Անժելիկ Նամայկան ապրում է մեծ ու գեղեցիկ մի երկրում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ցավոք, վերջին մի քանի տասնամյակներում  այստեղ  ապրելն ապահով չէ: Զինված հակամարտությունների հետեւանք դարձած բռնության ու հուսահատության պայմաններում Անժելիկն օգնության է հասել՝ փրկելով հազարավոր կոնգոյացի կանանց, որոնց մեծ մասը հարեւան Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակ» (Lord's Resistance Army) կոչվող արյունարբու գրոհայինների զոհն էր: Ամենուր նրանք ահ ու սարսափ էին տարածում: Չնայած զարհուրելի իրականությանը, որին հարկադրված էր առերեսվել Անժելիկ Նամայկան, նա երբեք իրեն թույլ չի տվել անձնատուր լինել: Խոնարհ ու անվրդով Անժելիկը պայքարում է. նրան առաջ է մղում ամենազոր մի ուժ:

Քույր Անժելիկը ծնվել է Քեմբիսայում (ԿԴՀ) 1967 թ. սեպտեմբերի 11-ին: Ծնողները սուրճ աճեցնող ագարակատերեր էին, և ընտանիքը խիստ կրոնապաշտ էր: Անժելիկը հիշում է, թե ինչպես հոր համար կասավայի տերեւներից առաջին ճաշը եփեց: Այդ ժամանակ նա ընդամենը յոթ տարեկան էր: Ուտելուց հետո հայրն օրհնեց նրան: Մինչեւ հիմա էլ քույր Անժելիկը սիրում է ուրիշների համար ուտելիք պատրաստել: Նրանց լռելյայն երախտագիտությունը մխիթարում է ամենօրյա իր ծառայության ընթացքում:

Image: 
Text: 

Քույր Անժելիկը ծնվել է Քեմբիսայում, ԿԴՀ: © UNHCR / Ջոն Ուեսելս

Անժելիկը տաս տարեկան էր, երբ նրա վրա մեծ ազդեցություն թողեց գերմանացի միանձնուհի քույր Թոունի աշխատանքը. «Նա Ամադի եկեղեցական համայնքի միանձնուհի էր, որը եկել էր խնամելու մեր եկեղեցու բազմաթիվ հիվանդներին: Միշտ մենակ էր եւ ժամանակ չուներ ո'չ հանգստանալու, ո'չ ուտելու, քանի որ մենակ էր: Ես որոշեցի՝ ամեն ինչ կանեմ, որ նրա նման լինեմ, որպեսզի նա հասցնի սնվել ու հանգստանալ», - հիշում է Անժելիկը: Ուսումն ավարտելուց հետո 1983 թ. Անժելիկը գնաց Ամադի, Ավգուստինյան առաքելություն, որտեղ ապրում էր գիշերօթիկ դպրոցում: Առաքելությունում նա կրկին հանդիպեց քույր Թոունին եւ որոշեց միանձնուհի դառնալ:

Նա միացավ Անուարիտ խմբին (որն այդպես է կոչվում ի պատիվ հայտնի կոնգոյացի միանձնուհի նահատակի) մեկ այլ միանձուհու՝ քույր Մարի Բեքսթերմոլի ենթակայության ներքո, որը իջեւանատան տնօրենն էր եւ Ամադի համայնքի ղեկավարը: Ավելի ուշ Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության այլ սաների հետ հաճախեց Նաբոլիի ճեմարան, որտեղ ավարտեց ապագա միանձնուհիների համար նախատեսված նախնական դասընթացը: Ի վերջո, 1992 թ. նա Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության ուխտ ընդունեց:

Հոգով մանկավարժ քույր Անժելիկն իր կյանքից երկար տարիներ է նվիրել երիտասարդներին ուղղորդելու գործին, այդ թվում եւ ապագա միանձնուհիներին՝ նրանց դասավանդելով պատմություն, աշխարհագրություն եւ կրոն: 1997 թ. միաբանությունը նրան ուղարկեց Կինշասայի աֆրիկյան հոգեւոր բարձրագույն ինստիտուտ՝ վարպետանալու իր համար նախընտրած առաքելության գործում: Այնտեղ նա իր ուսումն ավարտեց 2000 թվականին:

Ամենաթույլ ու խոցելի մարդկանց ծառայելու նրա մղումը գալիս է մանկությունից ու ծնողներից, որոնք առաջինն էին, որ նրան ծանոթացրին համայնքին ծառայելու գործին՝ ջուր, ուտելիք եւ վառելափայտ հասցնելով մոտակայքում ապրող աղքատներին: Որպես միանձնուհի նրա կյանքի ընթացքում շարժիչ այդ ուժը շարունակ սաստկացավ ու ամրապնդվեց: Քույր Անժելիկը միշտ հավատարիմ եղավ իր բարի սրտին եւ իրեն առաջնորդող Ավետարանին: «Աստված, որ միշտ հաշվի է առնում մեր խնդրանքները, օգնեց ինձ դառնալու միանձնուհի եւ որբ ու խոցելի երեխաների համար հիմնելու «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկան», - բացատրում է Անժելիկը:

Image: 
Text: 

Քույր Անժելիկն իր ամբողջ կյանքում օգնել է ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության այն հատվածում, որտեղ ապրում է Անժելիկը, «Տիրոջ դիմադրության բանակի» (LRA) գրոհայինները կոտորել են տղամարդկանց, հավաքագրել երեխաներին եւ առեւանգել կանանց ու դեռահաս աղջիկներին՝ դարձնելով նրանց իրենց գերին ու ենթարկելով սեռական շահագործման, հաճախ նաեւ խեղելով նրանց:  Քույր Անժելիկն ամեն օր ականատես է եղել, թե ինչպես են պայքարում գյուղացիները, որոնցից ոմանք ապաստան էին գտնում մացառուտներում: Ինքն էլ նրանց պես տանջվել է վախից ու սովից, երբ չէր կարողանում բավարար սնունդ հայթայթել:  

2003 թվականը բեկումնային էր Անժելիկի կյանքում. այդ ժամանակ նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արեւելյան Դունգու քաղաքում աշխատում էր սկսնակ միանձնուհիների հետ: Մի օր ծխական համայնքում հանդիպեց ծայրագույն կարիքի մեջ գտնվող կանանց: Նրանց վիճակով մտահոգ Անժելիկը չէր կարող անտարբեր մնալ: Եվ որոշեց օգնել նրանց՝ սովորեցնելով կարուձեւ, խոհարարություն, կարդալ ու գրել: Մինչեւ 2008 թվականը նրա համար առաջնային դարձավ «Տիրոջ դիմադրության բանակի» զոհերի պաշտպանությունը. այն մարդկանց, որոնք, ի վերջո, կարողացել էին փախչել դահիճներից, այն մարդկանց, որոնք դուրս էին եկել մացառուտներից՝ տանջահար հայացքներով ու ամբողջությամբ ոչնչացված մարդկային արժանապատվությամբ, այն մարդկանց, ում ուղեկցում էին բազմաթիվ բռնաբարություններից ծնված երեխաներ: Անժելիկն օգնում էր բոլորին:  

Նա համառորեն աշխատում էր, որպեսզի այդ խեղճ մարդկանց կյանքի վերադարձներ եւ վերականգներ նրանց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջությունը: Սակայն նրա պատասխանատվության շրջանակը չէր սահմանափակվում սոսկ առողջապահությամբ: Այդ կանայք պետք է վերաինտեգրվեին իրենց հասարակության մեջ, գրել եւ կարդալ սովորեին: Ոմանք ծնվել էին երկրի այլ շրջաններում եւ նույնիսկ չէին խոսում տեղի լեզվով: Բացի այդ ամենից, նրանցից յուրաքանչյուրը նախեւառաջ աշխատանքի կարիք ուներ: Ահա թե ինչպես ստեղծվեց Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնը: 2012 թ. Դունգու քաղաքում այն բացեց իր դռները: 2014 թ. քույր Անժելիկը նաեւ որբանոց հիմնադրեց 6 ամսականից մինչեւ 15 տարեկան երեխաների համար: Վերջին տասնամյակում առնվազն 22.500 կին է աջակցություն ստացել քույր Անժելիկի հիմնած կենտրոնում:

Image: 
Text: 

Մրցանակի գումարը քույր Անժելիկն օգտագործեց՝ 20 հեկտար պլանտացիա տնկելու համար:

Ամենակարիքավորներին մատուցած իր ծառայության համար Անժելիկ Նամայկան ստացել է Stop Hunger (Վերջ սովին) մրցանակ, իսկ 2013 թ.-ին՝ Նանսենի մրցանակ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն այդ մրցանակը շնորհում է այն նշանավոր մարդկանց, որոնք օգնում են նրանց, ովքեր ստիպված են եղել լքելու սեփական տունը: 100.000 ԱՄՆ դոլար մրցանակը նոր նախագծեր սկսելու եւ գործունեությունն ընդլայնելու հնարավորություն ընձեռեց նրան: Նա 20 հեկտար բրնձի, գետնանուշի եւ կասավայի պլանտացիաներ է տնկել, հացի փուռ եւ դպրոց (2015 թ.) բացել: Մեկ այլ՝ Mundo Negro մրցանակի օգնությամբ, որը շնորհում են Կոմբոնի միսիոներները երեխաներին եւ խոցելի մարդկանց ցուցաբերած աջակցության համար, քույր Անժելիկը կարողացավ մանկական առողջության կենտրոն կառուցել: Միշտ լինելով կանանց պաշտպանը՝ 2005-2010 թթ. նա ղեկավարել է Թեմական արդարադատության եւ խաղաղության հանձնաժողովի կանանց մասնաճյուղը: Այժմ քույր Անժելիկն ապրում է որբանոցում երեխաների հետ՝ միաժամանակ վերահսկելով Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի ամենօրյա աշխատանքը:   

Տքնաջան աշխատելով եւ երբեք չբավարարվելով արձանագրած արդյունքներով՝ քույր Անժելիկը հաճախ ճամփորդում է երկրից երկիր, համաժողովից համաժողով, որպեսզի լսելի դարձնի իր պաշտպանության տակ գտնվող որբերի, տեղահանված կանանց ու աղջիկների ձայնը: Երբ հարցնում են իր ոգեշնչման աղբյուրի մասին, Անժելիկը սիրում է մեջբերել աստվածաշնչյան մի հատված, որը սահմանել է նրա կյանքը եւ շարունակում է խրախուսել նրա ամենօրյա աշխատանքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, այն, ինչ իմ այս փոքր եղբայրներից ու քույրերից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք» (Ավետարան ըստ Մաթեւոսի 25:40): Ճշմարիտ խոսքեր, որոնցով իսկապես պետք է ապրել։

 

 

Գլխավոր լուսանկարը. Քույր Անժելիկն անցնում է դարուփոսերով՝ ամեն օր հսկայական տարածքներ կտրելով, որպեսզի հետեւի իր նախագծերի ընթացքին եւ այցելի կանանց, որոնց օգնում է:

© UNHCR/Բ. Սոկոլ

Subtitle: 
Ավգուստինյան քույրերի միաբանության անդամ քույր Անժելիկ Նամայկան Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիրն է:
Author: 
Տիգրան Եգավյան
Header image: 
Summary Position: 
450