Դոկտոր Փոլ Ֆարմերն ամերիկացի բժիշկ-մարդաբան է: Նա «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության համահիմնադիրներից է եւ գլխավոր ստրատեգը, որը ժամանակակից բժշկության ծառայություններ է մատուցում նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատ ունեն: Բժիշկ Ֆարմերն իր կյանքը նվիրել է կարիքավորներին օգնելուն՝ անապահով համայնքների համար առողջապահական կայուն լուծումներ մշակելով եւ իրականացնելով ամբողջ աշխարհում:
Փոլ Ֆարմերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նորթ Ադամս քաղաքում 1959 թվականին: 1982 թ. նա Հյուսիսային Կարոլինայի Դուրհամ քաղաքում գերազանցությամբ ավարտել է Դյուկի համալսարանը, Հարվարդի համալսարանի բժշկության դպրոցում ստացել է բժշկի, իսկ 1990 թ. Հարվարդի համալսարանում՝ մարդաբանության դոկտորի կոչում։
1983 թ. Հայիթիում աշխատելու ընթացքում Ֆարմերն օգնել է ստեղծելու տեղական համայնքային առողջապահական ծրագիր: Չորս տարի անց նա Օֆելյա Դալի, Թոմաս Ուայթի, Թոդ ՄըքՔորմակի եւ Ջիմ Յոնգ Քիմի հետ համատեղ հիմնել է «Առողջապահական գործընկերներ» կազմակերպությունը: Բժիշկ Ֆարմերը նշել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ այդ չորս տարվա ընթացքում, վեր [էր] սովորական այն գաղափարից, որ երիտասարդ շատ ամերիկացիներ ունենում են, երբ ուզում են հիմնել իրենց գործը՝ հասարակական մի կազմակերպություն, նոր մի ծրագիր։ Ես դա անվանում եմ սեփական անձի արդյունավետության փնտրտուք: Ինչպե՞ս կարող ենք ուղղորդել այդ փնտրտուքը, որպեսզի այն իմաստալից փոփոխություններ բերի ուրիշների կյանքում, ոչ թե սոսկ մեզ համար»։
Բժիշկ Ֆարմերին առաջ մղող ուժն ուրիշներին օգնելու նույն այն կարիքն է, որն այնքան առանցքային է «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի համար, որը նա լիովին սատարում է. ««Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն այն է, ինչ մեզ հարկավոր է: Մեր մեջ չկա մի մարդ, որն օգտված չլինի ուրիշների բարությունից: Հաճախ դա ընտանիքն է, բայց անծանոթները՝ նույնպես: Անգամ երեխա ժամանակ ես խորապես գիտեի օտարների, այդ թվում ՝ ծնողներիս հանդեպ բարության մասին:
Երբ մենք հիմնեցինք «Առողջապահական գործընկերները», ես մի շարք դեպքերի ականատես եղա: Դրանցից մեկը ծննդաբերության ժամանակ երիտասարդ կնոջ մահն էր: Բայց այդ առաջին տասնամյակում այնքան շատ եղան այդպիսի դեպքեր, եւ ես շատ դասեր քաղեցի: Դրանք, հայիթցիների օգտագործած տերմինով ասած, «հիմար մահեր» էին: Կարծում էի, որ դա կարող էր նշանակել, թե դրանք հեշտությամբ կանխվելիք մահեր էին, բայց իրականում շատ բան էր պահանջվում դրանք կանխելու համար»:
Առողջապահություն չունեցող «բժշկական անապատներում» տեւական փոփոխություն մտցնելու նպատակով բժիշկ Ֆարմերը եւ նրա գործընկերները գտան լուծումներ, որոնք արդյունավետ էին, կայուն եւ տեղական կողմնորոշմամբ։ Միեւնույն ժամանակ նրանք ուղիներ գտան հաղթահարելու այնպիսի հիմնական թերություններ, ինչպիսին են էլեկտրականության կամ հոսող ջրի բացակայությունը: «Սրանք բաներ չեն, որոնց մասին ես պետք է անհանգստանայի՝ նույնիսկ ԱՄՆ-ում բավականին աղքատ միջավայրում մեծացած լինելով հանդերձ: Մենք գուցեեւ ամբողջ ժամանակ էլեկտրականություն չէինք ունենում, բայց այդ ժամանակ մենք հիվանդանոց չէինք աշխատեցնում: Իսկ հետո գնում ես Հայիթի, եւ օբյեկտների շուրջ 95 տոկոսն էլեկտրաֆիկացված չէ: Ահա այդ ժամանակ էր, որ սկսեցի օգտագործել «մարդիկ, միջոցներ, միջավայր եւ մեխանիզմներ» կարգախոսը: Սա այնքան տարրական բան է թվում, բայց ինձ՝ բժշկականի երիտասարդ ուսանողիս համար տարրական չէր: Եվ դա ինձ ընդմիշտ փոխեց՝ լավ առումով», - ասում է բժիշկ Ֆարմերը:
Դր․ Ֆարմերի «մարդիկ, միջոցներ, միջավայր եւ մեխանիզմներ» գաղափարն օգնել է ոլորտը որակյալ խնամք տրամադրելու համար անհրաժեշտ ռեսուրսներով վերաուղղորդելուն: Որակյալ խնամքի համար անհրաժեշտ պայմաններն ընդգրկում են մարդիկ (ինչպես օրինակ՝ բժիշկներ, բուժքույրեր եւ համայնքային առողջապահական աշխատողներ), միջոցներ (դեղամիջոցներ, վիրահատական սարքավորումներ եւ նույնիսկ վիրակապեր), միջավայր (հիվանդանոցներ, վիրահատարաններ եւ դասախոսությունների դահլիճներ) եւ մեխանիզմներ (աջակցության ծրագրեր, ուղղորդման ծառայություններ եւ բժշկական գրառումներ):
Այս բոլոր տարրերն ի մի բերելը ճնշող է, բայց Փոլ Ֆարմերը գիտի ճնշումը կարգավորելու գաղտնիքը, որը գալիս է փոքր-ինչ զարմանալի աղբյուրից. «Ես մի ընկեր ունեմ, որը նախկինում դպրոցի տնօրեն է եղել, բայց հիմա ինձ հետ է աշխատում: Նա իր աշակերտներին ասում էր. «Շա՞տ տնային աշխատանք ունեք: Բաժանեք այն փոքր կտորների»: Այդուամենայնիվ, «մարդիկ, միջոցներ, միջավայր եւ մեխանիզմներ»՝ սրանք փոքրիկ կտորներ չեն, որովհետեւ, ասենք, որքա՞ն ժամանակ է պահանջվում հմուտ մանկաբարձ-բուժքույր պատրաստելու համար: Բայց գործընթացը կարող եք ընթացքի մեջ դնել»:
Երբ այս բաղադրիչները ներմուծում ու միավորում ենք, խնամքի որակը բարելավվում է: Իհարկե, գործընթացը միշտ չէ, որ հարթ է ընթացել, սակայն դա ետ չի պահել բժիշկ Ֆարմերին: «Մենք այս մոտեցումը որդեգրեցինք շատ վաղ՝ դասեր քաղելով անհաջողություններից: Բժշկության մեջ դա ստանդարտ է: Երբ սովորում էի ինչպես բժիշկ դառնալ, ես նաեւ մարդաբանության ասպիրանտ էի: Եվ դուք չեք կարող ինձ համոզել, թե մարդաբաններն իրենց ժամանակի մեծ մասը չեն ծախսում անհաջողությունները վերլուծելով: Ծախսում են։ Նրանք փնթփնթան մարդիկ են. շատ ուրախ չեն: Այսպիսով, ես երկու անգամ սովորել եմ՝ ինչ-որ իմաստով, անհաջողության կարեւորությունը հարգելու համար: Մարդիկ մահանում են, բայց առաքելությունը պետք է ապրի եւ բարելավվի», - բացատրում է նա: Եվ այդպես էլ լինում է:
Միայն 2020 թ. «Առողջապահական գործընկերներ» կազմակերպությունը 1.6 միլիոն ամբուլատոր այց է ապահովել իր աջակցած կլինիկաներում եւ հիվանդանոցներում, նպաստել է ամբողջ աշխարհում 1 միլիոն կնոջ բուժզննմանը, եւ համայնքների առողջապահական աշխատողների կողմից 800.000 տնային այց է իրականացվել: Համաշխարհային մասշտաբով աշխատող 18.000 անձնակազմ ունեցող կազմակերպությունն օգնել է միլիոնավոր մարդկանց՝ ամրապնդելով առողջապահական համակարգերը Հայիթիում, Ղազախստանում, Լեսոտոյում, Լիբերիայում, Մալավիում, Մեքսիկայում, Պերուում, Ռուսաստանում, Ռուանդայում, Սիերա Լիոնեում եւ Նավահո ազգի հնդկացիական տարածքում սերտորեն համագործակցելով տեղի շահագրգիռ կողմերի հետ:
Որպես համաշխարհային կազմակերպության ռազմավարության մշակման ղեկավար, հասկանալի կլիներ, եթե Փոլ Ֆարմերը հեռանար պրակտիկ բժշկությունից: Բայց դա դեռեւս նրա առաջնահերթություններից մեկն է, եւ նա միշտ ժամանակ է գտնում հիվանդներին բուժելու համար. «Դա է առաքելությանը մոտ մնալու իմ տարբերակը: Դա պարզապես այն եղանակն է, որով ես սիրում եմ երիտասարդանալ: Ես պարբերաբար ժամանակ եմ հատկացնում պարզապես կլինիկական աշխատանք կատարելուն, եւ դա միշտ օգտակար է եղել ինձ համար»:
Բժիշկ Ֆարմերի նպատակները միշտ հավակնոտ են եղել, եւ նա չի համարում, թե իր աշխատանքն ավարտված է կամ շուտով կավարտվի: Այն հարցին, թե ինչպես աշխարհը կարող է իր կազմակերպությանն օգնել, որպեսզի առավելագույնի հասցնի իր ազդեցությունը, նա պատասխանում է. «Երբ մահանամ ու գնամ երկինք կամ ազոտի ոլորան, ուր որ գնալու լինենք, միեւնույն է, ես երջանիկ կլինեմ, քանի որ մեծ հաճույք եմ ստացել այս աշխատանքից: Իմ իրական ցանկությունը, եթե այդպիսին ունեցել եմ, այն է, որ «Առողջապահական գործընկերները» դիմանա այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Գործը պաշտպանելու համար մեծ նվեր ստանալը լավ կլիներ»: