Բժիշկ Դենիս Մուկվեգեն գինեկոլոգ է եւ կանանց իրավունքների պաշտպան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ): Նա իր կյանքը նվիրել է պատերազմից բզկտված իր երկրում եւ ամբողջ աշխարհում սեռական բռնությունից տուժածներին օգնելու գործին: Դենիս Մուկվեգեն բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում տուժածներին՝ միաժամանակ ձգտելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին եւ համաշխարհային մակարդակով թույլ չտալ կիրառել բռնաբարությունը որպես պատերազմի զենք: Այս ջանքերն առաջ մղելու համար նա հիմնել է «Փանզի» հիվանդանոցը եւ հիմնադրամը, ինչպես նաեւ համահիմնադրել Վերապրածների համաշխարհային հիմնադրամը (Global Survivors Fund): 2017 թ. բժիշկ Մուկվեգեն դարձել է «Ավրորայի» հերոս, իսկ 2018 թ. արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Դենիս Մուկվեգեի՝ մարդկությանը ծառայելու առաքելությունը գալիս է ընտանիքից: Նրա հայրը բողոքական հոգեւորական էր, եւ մանուկ հասակում Դենիսը հաճախ էր նրան ուղեկցում, երբ վերջինս այցելում էր իր հիվանդ հոտին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելյան շրջանում գտնվող Բուկավու քաղաքում՝ Կիվու լճի ափին: Տնային նման այցերից մեկի ժամանակ նրա հայրն աղոթում էր հիվանդ երեխայի համար: Փոքրիկ տղան զարմացավ՝ տեսնելով, որ դա ամենն էր, ինչ արեց հայրը: Նա ակնկալում էր, որ հայրը պետք է նաեւ դեղորայք տրամադրի: Դենիսը հարցրեց հորն այդ մասին։ «Հորս պատասխանը շատ պարզ էր: Նա ասաց ինձ՝ ես բժիշկ չեմ: Ու ես ասացի՝ հայրիկ, ես կսովորեմ բժշկություն, ես բժիշկ կդառնամ, դու կարող ես շարունակել աղոթել»,- հիշում է բժիշկ Մուկվեգեն:
Սկզբում նա մտադիր էր մասնագիտանալ մանկաբուժության մեջ, բայց ուսումն սկսելիս հետազոտեց ԿԴՀ «Լեմերա» հիվանդանոցի հիվանդներին եւ ապշեց՝ տեսնելով, թե քանի կին է մահանում ծննդաբերության ժամանակ արնահոսության եւ այլ պատճառներով։ Հավատացած լինելով, որ այդ մահերը կարելի է հեշտությամբ կանխել, Դենիս Մուկվեգեն որոշեց զբաղվել մանկաբարձությամբ: Նրա եկեղեցին՝ Շվեդիայի պենտեկոստալական առաքելությունը, աջակցեց, որպեսզի նա բժշկական կրթություն ստանա Ֆրանսիայում։ Բուհն ավարտելուց հետո նա վերադարձավ եւ սկսեց աշխատել Ռուանդայի սահմանին մոտ գտնվող Բուկավուի հիվանդանոցում։
1999 թ. բժիշկ Մուկվեգեն բացեց «Փանզի» հիվանդանոցը, որը նախատեսված է գինեկոլոգիական եւ մանկաբարձական խնամքի համար: Նա ոգեւորված էր, որ կարող էր իր գիտելիքն ու փորձն օգտագործել ի բարօրություն մի երկրի, որտեղ մայրական մահացության ցուցանիշն ամենաբարձրերից է՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների: Պարզվեց՝ իրականությունը շատ ավելի սարսափելի էր:
Բժիշկ Մուկվեգեն հիշում է, որ իր տեսած առաջին հիվանդը չէր եկել կեսարյան հատման կամ ապահով վայրում ծննդաբերելու: «Նա եկել էր, որովհետեւ իրեն բազմիցս բռնաբարել էին, ապա կրակել վրան»,- բացատրում է բժիշկը: Նա բուժեց կնոջ վերքերը՝ ամբողջ ընթացքում մտածելով, որ դա եզակի դեպք է։ Սակայն հաջորդ երեք ամիսների ընթացքում նա բուժեց նմանատիպ վնասվածքներով եւս 45 հիվանդի: Մուկվեգեն սկսեց հասկանալ, որ նման սարսափելի բռնությունները, որոնք մարդկային ստորության հետեւանք են, լայնորեն տարածված են իր երկրում։
ՄԱԿ-ի տվյալներով սեռական բռնությունը հաճախ է կիրառվում պատերազմի ժամանակ՝ բնակչությանն ահաբեկելու եւ համայնքները ոչնչացնելու համար։ Այս անմարդկային փորձառությունն այնքան տարածված է ԿԴՀ-ում, որտեղ հակամարտությունը շարունակվում է 1990-ականներից, որ երկիրը հայտնի է դարձել որպես «բռնաբարությունների համաշխարհային մայրաքաղաք»: Հենց այդ առաջին հիվանդի հետ հանդիպումից հետո բժիշկ Մուկվեգեն անընդհատ գործ ունի այս սարսափելի բնորոշման հետեւանքների հետ: «Բռնաբարությունը միայն ֆիզիկական, բռնի գործողություն չէ, որը կատարվում է մեկ զոհի նկատմամբ: Դա հարձակում է մարդկության վրա։ Այն ոչնչացնում է ապրելու ցանկությունը, կաթվածահար է անում զոհերին, նրանց ընտանիքներին եւ ամբողջ համայնքների: Արեւելյան Կոնգոյում հազարավոր ընտանիքներ են քայքայվել»,- «Թայմ» ամսագրում 2017 թ. հրապարակված իր հոդվածում գրել է բժիշկ Մուկվեգեն:
Ակնհայտ էր, որ իր հիվանդներին անհրաժեշտ է ավելին, քան պարզապես բժշկական աջակցությունը: Դրա համար բժիշկ Մուկվեգեն սկսեց մշակել ամբողջական ապաքինման նորարարական մոդել, որը հնարավորություն կտար սեռական բռնության ենթարկվածներին անցնելու ռեաբիլիտացիա եւ վերադառնալու կյանք: Այդպես նա թիմում ներգրավեց սոցիալական աշխատողների, որպեսզի կանանց, բացի բժշկական օգնությունից, ցուցաբերվի նաեւ հոգեբանական աջակցություն: Բայց եւ այնպես, դա բավարար չէր:
Բռնաբարության խարանը հանգեցրեց նրան, որ հաճախ տուժածներից երես էին թեքում նրանց ընտանիքները: Մերժված լինելով սեփական համայնքներում՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո շատ կանայք չունեին գնալու տեղ: Այդպիսի դեպքերում բժիշկ Մուկվեգեն վստահ էր, որ հասարակություն վերաինտեգրվելու ճանապարհին նրանց օգնելու արդյունավետ գործիքն ինքնուրույն ապրելու կարողություն տալն էր: Ու նրա թիմն սկսեց կազմակերպել մասնագիտական դասընթացներ՝ հնարավորություն տալու նախկին հիվանդներին շարունակելու կրթությունը, սովորելու արհեստ եւ նույնիսկ անգլերեն: Այս համապարփակ ծրագրի ազդեցությունը բացառիկ էր։ «Կանանց մի մասը, որոնց բուժել եմ, շարունակեցին սովորել բժշկություն կամ բուժքույր դարձան: Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք հոգ տանում այլ զոհերի մասին»,- ասում է բժիշկ Մուկվեգեն: Առ այսօր նա եւ իր թիմն օգնել են տարբեր տարիքի ավելի քան 50.000 կնոջ:
Նա նաեւ հասկանում է, որ այս խնդիրը բնորոշ չէ միայն իր հայրենիքին։ «Մենք դա տեսնում ենք աշխարհի բոլոր հակամարտությունների ժամանակ: Բոսնիայում մենք տեսանք, թե ինչպես էր բռնաբարությունն օգտագործվում որպես պատերազմի զենք՝ նախկին Հարավսլավիայի քաղաքացիներին նվաստացնելու համար: Սիրիայում կան ականատեսներ, որոնք պատմում են այդ սարսափելի գործողությունների մասին, որոնք ձեռնարկվում են նրանց՝ մարդկային ամեն ինչից զրկելու նպատակով։ Ես կարող եմ շարունակել այս շարքը»,- նշում է Դենիս Մուկվեգեն եւ ավելացնում․ «Տառապանքը նույնն է ամենուր»:
Բժիշկ Մուկվեգեն բազմիցս հայտարարել է, որ հանցագործները պետք է պատասխան տան իրենց ստոր արարքների համար: «Սեռական բռնությունը Կոնգոյում իսկապես պատերազմի զենք է, եւ նրանք, ովքեր դա անում են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում: Մենք արդարություն ենք ուզում։ Մենք չենք կարող խաղաղություն կառուցել առանց արդարության: Եթե մարդիկ անկաշկանդ սպանում եւ բռնաբարում են, խաղաղություն երբեք չի լինի: Անպատժելիությունն ամենավատ բաներից է, որ կարող է պատահել ցանկացած վայրում, իսկ Կոնգոյում անպատժելիությունն է կարգը»,- նշում է նա։
Դատական պատասխանատվության մասին նրա կոչերը միշտ չէ, որ լավ են ընդունվում նրանց կողմից, ովքեր պատճառներ ունեն զգուշանալու հետագա դատավարություններից: Տարիների ընթացքում բժիշկ Մուկվեգեին բազմիցս սպառնացել են: 2012 թ. հոկտեմբերին նրա նկատմամբ մահափորձ իրականացվեց: Հարձակման ժամանակ նրա երեխաներին պատանդ էին վերցրել իր սեփական տանը, իսկ նրա անվտանգության աշխատակից եւ մտերիմ ընկեր Ժոզեֆ Բիզիմանան սպանվեց, երբ փորձում էր պաշտպանել նրան ու ընտանիքին։ «Ես ելույթ էի ունեցել ՄԱԿ-ում, որտեղ ասել էի, որ ո՛չ միջազգային հանրությունը եւ ո՛չ էլ իմ սեփական երկրի կառավարությունը չեն գործադրում բավականաչափ ջանք: Երբ վերադարձա, եկան մարդասպանները։ Նրանք կրակեցին ինձ վրա, բայց փամփուշտը դիպավ նրան: Նա սպանվեց»,- ասում է բժիշկ Մուկվեգեն: «Անցնելով այդ ամենի միջով՝ առաջին անգամ զգացի, որ այլեւս չեմ կարող շարունակել այս աշխատանքը։ Ու ես հեռացա երկրից»։
Նա ընտանիքին տեղափոխեց Բրյուսել, որտեղ կարող էին ապահով լինել: Այդուհանդերձ, նա շարունակում էր անհանգիստ եւ մտահոգ լինել Կոնգոյում իր հիվանդների մասին: «Երկրից հեռանալու իմ նախնական որոշումը ճիշտ էր: Ես պետք է մտածեի կնոջս, երեխաներիս, այն բարդ իրավիճակի մասին, որի մեջ դնում էի նրանց, ինչպես նաեւ մեր բոլորի շուրջ պտտվող այդ բռնությունների մասին»,- բացատրում է բժիշկ Մուկվեգեն: «Բայց հետո կանայք, որոնց բուժել էի, գրեցին խնդրագիր-նամակ՝ աղերսելով վերադառնալ»:
Նրանք չսահմանափակվեցին դրանով, այլ որոշեցին նաեւ գումար հայթայթել նրա ավիատոմսի համար՝ ուրբաթ օրերին շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառելով։ «Մինչեւ հոգուս խորքը զգացված էի: Ապրելով ծայրահեղ աղքատ պայմաններում՝ այս կանայք պատրաստ էին հրաժարվել ամեն ինչից ինձ օգնելու համար: Ուստի ես կշեռքի նժարին դրեցի իմ կյանքը, ապա նրանց կյանքը եւ բոլոր այն մարդկանց, որոնց կարող էի օգնել. անելիքս ակնհայտ դարձավ»,- ասում է նա։ 2013 թ. հունվարին բժիշկ Մուկվեգեն վերադարձավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։
Մեկ այլ ողբերգությունից խուսափելու համար անհրաժեշտ էր անվտանգության լուրջ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների «Փանզի» հիմնադրամի եւ Եվրամիության աջակցությամբ: «Հիմա ես ապրում եմ հիվանդանոցում եւ չեմ կարող ազատ տեղաշարժվել։ Ես ապրում եմ փշալարերով պատված փակ տարածքում։ Պաշտպանությունն ապահովված է, բայց սա նորմալ կյանք չէ»,- նշել է բժիշկ Մուկվեգեն 2017-ին: Չնայած դրան՝ նա շարունակում է իր աշխատանքը՝ ամեն օր օգնելով հիվանդների եւ իրականացնելով համաշխարհային քարոզարշավ՝ պատերազմի ժամանակ ցանկացած սեռական բռնության կիրառում արգելելու համար:
2018 թ. նա արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Բժիշկ Մուկվեգեի համար դա նշան էր, որ աշխարհը վերջապես պատրաստ է աջակցելու իր ջանքերին: «Ինձ համար սա բոլոր այն կանանց ճանաչումն էր, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության եւ լսելի լինելու: Նոբելյան մրցանակն իմ կյանքում փոխեց այն, որ ես գիտեմ, որ այսօր ոչ ոք չի կարող ասել՝ ես չգիտեի, թե ինչ էր կատարվում Կոնգոյում, ես տեղյակ չէի, չգիտեի այդ մասին»։
Մեկ տարի անց՝ 2019 թվականին, նա եւ իր հետ Նոբելյան մրցանակի համադափնեկիր դարձած եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադն ստեղծեցին Վերապրածների համաշխարհային հիմնադրամը (Global Survivors Fund)՝ աջակցելու հակամարտություններով պայմանավորված սեռական բռնության զոհերին ամբողջ աշխարհում եւ օգնելու նրանց ստանալու փոխհատուցում, ինչը նրանց իրավունքն է՝ ըստ ՄԱԿ-ի: «Սա մեր ամենամեծ ձեռքբերումներից է։ Ես տեսա, որ հանցագործության զոհ դարձած կանայք կարող էին երկար տարիներ սպասել՝ մինչ արդարության հասնելն ու փոխհատուցում ստանալը: Երբ տառապանքը համընդհանուր է, մենք պետք է համընդհանուր հաղթահարենք այն»,- ասում է բժիշկ Մուկվեգեն:
Միջազգային ճանաչումն օգնել է նրան բարձրացնելու խնդրի վերաբերյալ իրազեկումը, սակայն նա դեռ հեռու է իր նպատակներին հասնելուց: «Մարդիկ պետք է իմանան, որ Կոնգոյում, եթե նույնիսկ խաղաղության մի քանի համաձայնագիր ստորագրվի, գործնականում ոչինչ չի փոխվում։ Մինչ հիմա ամեն օր հիվանդանոցում մենք բուժում ենք մոտավորապես 5-7 կնոջ»,- պարզաբանում է բժիշկ Մուկվեգեն: «Երեք տասնամյակ է անցել, սակայն ես դեռ պայքարում եմ՝ դադարեցնելու բռնաբարությունը որպես պատերազմի զենք օգտագործելը։ Մենք չպետք է հանգիստ նստենք, երբ գիտենք, որ դա տեղի է ունենում: Դա ուղղակի անընդունելի է»։