«Հերոս դառնալու նպատակ չունեմ»

«Հերոս դառնալու նպատակ չունեմ»

Նախկինում մանկաբարձ, այժմ վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է ցուցաբերում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 50,000 կանանց եւ անձնվիրաբար փորձում է պատասխանատվության ենթարկել դրության մեղավորներին։ Հիմնադրելով Փանզի հիվանդանոցը՝ նա կյանքը նվիրել է այլոց ծառայելուն։ Մեզ հետ զրույցում բժիշկ Մուկվեգեն պատմում է ոտքի ելնելու եւ լռությունը խախտելու մասին։ 
 

Բժիշկ դառնալու ուղին 

Երբ ես 8 տարեկան էի, հոգեւորական հորս հետ միասին գնում էի տեղից տեղ։ Մի անգամ այցելեցինք հիվանդ մի երեխայի, եւ հայրս սկսեց աղոթել նրա համար։ Սա ինձ տարօրինակ թվաց, քանի որ նա երեխայի մոտ կանգնած աղոթում էր, բայց ոչ մի դեղ չէր տալիս։ Հիշեցի, որ երբ փոքր տարիքում ինքս էի հիվանդանում, հայրս թեեւ նույնաբար աղոթում էր ինձ համար, դեղ տալիս էր։ Ուստի հարցրի, թե ինչո՞ւ հիվանդ երեխային դեղ չտվեց։ Հորս պատասխանը հստակ էր՝ «Ես բժիշկ չեմ»։ Այդ պահին ես պտտվեցի ու ասացի՝ «Հայրիկ, ես պիտի բժշկություն սովորեմ ու բժիշկ դառնամ։ Իսկ դու կարող ես շարունակել աղոթել»։ Գլխովս անցած բոլոր արկածներիս սկիզբը դրվեց այդ օրը։

 

   Դենիս Մուկվեգեն Փանզիի հիվանդանոցում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) 

Համալսարանն ավարտել եմ մանկաբույժի դիպլոմով։ Ուսումս սկսելուց եւ որոշ ժամանակ աշխատելուց հետո ես ապրեցի կյանքիս երկրորդ ցնցումը, երբ գիտակցեցի, թե ծննդաբերելիս քանի կին է մեռնում արյունահոսությունից եւ այլ բարդացումներից։ Սա պատճառ դարձավ, որ որոշեմ մասնագիտանալ մանկաբարձության մեջ։ Հինգ տարի սովորեցի Ֆրանսիայում՝ Անժեում, իսկ ապա վերադարձա այնտեղ, ուր նախկինում աշխատում էի՝ Ուվիրային մերձ սարահարթը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Աշխատեցի ավելի քան 12 տարի՝ պայքարելով մայրական մահացության դեմ։ 

Բռնաբարությունը՝ պատերազմի գործիք 

Ես չեմ կարծում, թե բռնաբարության կիրառումը որպես պատերազմի գործիք զուտ աֆրիկյան հիմնախնդիր է։ Նույն բանի հետ մենք բախվում ենք աշխարհով մեկ տեղի ունեցող բոլոր հակամարտություններում։ Ձեզ շատ ավելի մոտ՝ Բոսնիայում, բոլորս տեսանք, թե բռնաբարությունն ինչպես կիրառվեց իբրեւ պատերազմի գործիք՝ նախկին Հարավսլավիայի քաղաքացիներին ապամարդկայնացնելու նպատակով։ Սիրիայում եւս սա հսկայական մտահոգությունների տեղիք է տալիս, եւ կան բազմաթիվ ականատես կանայք, որոնք Գերմանիայում ապաստանելով՝ այժմ պատմում են բանտում կրած տանջանքներից, իրենց կտտանքների ենթարկելու, մարդկային եւ բարոյական արժանապատվությունից զրկելու նպատակով կատարված սոսկալի ոտնձգություններից։ Կարող եմ անվերջ շարունակել։ Ասիայում, Լատինական Ամերիկայում եւս տեսնում ենք, թե բռնաբարությունն ինչպես է դառնում պատերազմի գործիք՝ հակառակորդին, կամ եթե կուզեք՝ «թշնամուն» ստորացնելու համար։ Դա միշտ է դառնում գործիք՝ պատերազմի գործիք, եւ կիրառվում է ընդդեմ մարդկայնության։ 

Տեսանյութը՝ ֆրանսերենով

Կանայք ձայն են բարձրացնում

 

Որոշակի հարցերում դրությունը բարելավվել է, մյուսներում՝ ոչ։ Երբ ասում են, որ ներկայումս թվային առումով բռնաբարությունների քանակը պակասել է, դա ճիշտ է։ Բայց այդ տղամարդիկ, որոնք կատարել են հանցագործությունը, շարունակում են ապրել հասարակության մեջ՝ հնարավորություն ունենալով տարածելու դրա մշակույթը։ Եւ սա մինչ օրս շարունակվում է։ Այնպես որ, անպատժելիության դեմ կարեւորագույն պայքարում մենք շատ փոքր միջոցներ ենք տեսնում ձեռնարկված, որոնք իրականում ոչ մի կերպ ունակ չեն շտկելու անպատժելիության սարսափելի դրությունը։ Բռնաբարողը սովորաբար կարողանում է լռեցնել իր կողմից բռնաբարված կանանց ու աղջիկներին, եւ ըստ իս՝ ամենակարեւոր արդյունքը, որը կարող եմ արձանագրել, այն է, որ մենք հաջողացրել ենք կոտրել այդօրինակ լռությունը, ուստի այժմ բռնաբարություն վերապրած եւ կենդանի մնացած կանայք ու աղջիկները բարձրաձայնում են սրա մասին։ Դա տեղի է ունենում ոչ միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, այլեւ շատ ուրիշ երկրներում։

 

                                         Դենիս Մուկվեգեն Երեւանում

Աչքիս առջեւ իմ բուժած կանանցից ոմանք, ապաքինվելով, բժշկություն սովորեցին կամ դարձան բուժքույր։ Եւ երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք խնամում մյուս տուժածներին, ակամա մտածում ես, որ հենց սա է այն ոգին, որի մասին խոսում եք «Ավրորա» մրցանակի միջոցով։ Առաջ շարժվելու համար անչափ կարեւոր է կոտրել խնդրի վերաբերյալ լռությունը միջազգային մակարդակով։ Տաս տարի առաջ ես եւս զգում էի, որ հիմնախնդրի մասին խոսելու ոչ մի հարթակ չունեմ։ Բայց հիմա մենք այնպիսի կետում ենք, ուր այդ կանայք կարող են ի մի գալ եւ ձայն բարձրացնել։ 

Անձնական ռիսկերի եւ վտանգի պայմաններում ապրելու մասին 

2012 թվականին ՄԱԿ-ում ելույթ ունենալով՝ ասացի, որ միջազգային հանրությունը եւ իմ երկրի կառավարությունը բավարար քայլեր չեն ձեռնարում, որպեսզի պաշտպանեն կանանց բռնաբարություններից եւ պայքարեն ողբերգական հանցագործությունների դեմ, որ կատարվում են Կոնգոյում կանանց եւ աղջիկների նկատմամբ։ Ելույթիցս հետո, երբ տուն դարձա, ոչ միայն իմ երեխաներն էին պատանդ վերցված, այլեւ մարդասպաններ եղան, որ եկան ու կրակեցին վրաս, իսկ անմիջական գործընկերս փորձեց պաշտպանել ինձ ու փոխարենը կրակոցը նրան դիպավ, որից եւ սպանվեց։ Սա տեսնելով՝ այլեւս չկարողացա շարունակել։ Կյանքում առաջին անգամ զգացի, որ պարզապես չեմ կարող անել այս գործն ու թողնելով՝ հեռացա երկրից։ 

Ի վերջո, սակայն, ես վերադարձա հայրենիք, բայց հիմա ազատ չեմ, այլ ապրում եմ հիվանդանոցի փակ տարածքում, որն ամեն կողմից պատված է փշալարով։ Ինձ պաշտպանում են։ Սա նորմալ կյանք չէ։ 

 

                                     Դենիս Մուկվեգեն Երեւանում 

Վերադառնալու եւ շարունակելու ոգեշնչում 

Կարծում եմ, որ հեռանալու սկզբնական որոշումս ճիշտ էր։ Ես պետք է մտածեի կնոջս եւ երեխաներիս մասին, հասկանայի, թե ինչ դրամայի եմ ենթարկում նրանց եւ մեր շուրջբոլորը տեղի ունեցող ինչ դաժանությունների եմ ականատես դարձնում։ Բայց հետո, երբ արդեն սկսել էի մտորել վերադարձի մասին, արտասովոր բան պատահեց։ Բուժածս կանայք միավորվեցին ու նամակ գրեցին, յուրատեսակ մի խնդրագիր՝ հորդորելով ինձ վերադառնալ։ Սա միանգամայն այլ իրավիճակ ստեղծեց, որում կարիք եղավ արդեն վերադառնալու եւ արձագանքելու տեղում առկա հրատապ պահանջներին։ Այս կանայք հանուն իմ վերադարձի նամակ հղեցին Կոնգոյի նախագահին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որոնցից ոչ մեկը, սակայն, պատասխանի չարժանացրեց նրանց։ Եւ նրանք որոշեցին, որ իրենք կանեն ամեն ինչ, սեփական ուժերով։ Իրենք կառնեն ինքնաթիռի տոմսը, որպեսզի բժիշկ Մուկվեգեն կարողանա վերադառնալ, եւ իրենք կապահովեն նրա անվտանգությունը։ 

Ամեն ուրբաթ նրանք միրգ եւ բանջարեղեն էին վաճառում, եւ ես օրըստօրե տեսնում էի հավաքվող այն փողը, որ նրանք հայթայթում էին ինձ օգնելու համար։ Սա խորապես հուզիչ ու ցնցող մի բան էր։ Չէ՞ որ դիմացս անհավանական աղքատ կանայք էին, որոնք չէին վաստակում օրական մեկ դոլար անգամ, մինչդեռ հոժար կամքով պատրաստ էին ամեն ինչ տալու, որպեսզի ինձ օգնեն։ Այնպես որ, ես ստիպված եղա կշռելու-վերանայելու ինչպես իմ կյանքը, այնպես էլ նրանց կյանքը եւ բոլորինը, ում կոչված էի ծառայելու։ Եւ ինձ պարզ ուրվագծվեց հետագա ամբողջ անելիքս։

 

                               Դենիս Մուկվեգեն Եվրախորհրդարանում 

 

Անշուշտ, իմ գործընկերոջ սպանությունից հետո Եվրամիության, Բելգիայի խորհրդարանի եւ Միացյալ Նահանգների «Փանզի» հիմնադրամի ձեռնարկած քայլերի շնորհիվ՝ ես որոշակի ապահովություն ստացա։ Հետագայում ՄԱԿ-ը ինձ վերցրեց անհրաժեշտ պաշտպանության ներքո։ Եթս ես չունենայի միջազգային այդ համբավն ու ճանաչումը, իրավիճակը միանգամայն այլ կլիներ։ Չափազանց դժվար կլիներ երաշխավորել անհրաժեշտ պայմաններ, որոնցում կկարողանայի շարունակել գործունեությունս։ Զոհվելու եւ հերոս դառնալու նպատակ ես չունեմ։ 

Տեսանյութը՝ ֆրանսերենով

Մենք պետք է կարմիր գիծ քաշենք եւ ասենք «ո՛չ» 

Երազանքս այն է, որ աշխարհը վերջապես հասկանա, որ հարկավոր է վերջ դնել կանանց եւ աղջիկների բռնաբարություններին եւ նրանց նկատմամբ կատարվող այլ բռնությունների այս ամբողջ ողբերգությանը։ Մենք պետք է կարմիր գիծ քաշենք եւ ասենք՝ ո՛չ, այլեւս երբե՛ք։ Չի կարելի նաեւ հանդուրժել այն մարդկանց, որոնք շարունակում են բռնաբարել՝ ոտնահարելով զոհ դարձած կանանց ու աղջիկների արժանապատվությունը։ Դուք ինքներդ գիտեք, թե աշխարհն ինչպես կարող է մնալ անտարբեր, անհաղորդ ու ձեռնպահ։ Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը դրա վառ օրինակն են։ Բայց ժամանակն է վերջ դնելու այս ամենին եւ ասելու՝ այլեւս չի լինելու ո՛չ մի բռնաբարություն, ո՛չ մի նման բան, եւ մենք իսպառ մերժում ենք դրա շարունակությունը մեր աշխարհում։

 

  Դենիս Մուկվեգեն 2017 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ընթացքում

 

Մենք արդեն տեսել ենք, թե աշխարհն ինչ է արել քիմիական զենքի կիրառությունն արգելելու ուղղությամբ, իսկ երբ վերջերս դա կիրառվեց Սիրիայում, տեսանք, թե դա ինչպիսի հզոր հակազդեցություն ստացավ բոլորի կողմից։ Նույնը վերաբերում է կենսաբանական զենքին, անգամ՝ ատոմային զենքին։ Միեւնույն արդյունքին հարկավոր է հասնել նաեւ բռնաբարության հարցում։ Եթե դա հնարավոր էր անել քիմիական, կենսաբանական եւ միջուկային զենքի դեպքում, ինչո՞ւ նույնը չենք կարող անել բռնաբարության համար։ Սա ընդամենը կամքի հարց է, ուրեմն, իհարկե, կարող ենք։ Եւ ավելին՝ պարտավոր ենք։