Դանիայի եւ Բահրեյնի քաղաքացի Աբդուլհադի ալ-Խավաջան քաղաքական ակտիվիստ է, որն իր կյանքի տասնյակ տարիներ նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության կայացմանը: Չնայած իր պայքարի խաղաղ բնույթին՝ նա երկար տարիներ վտարանդի է եղել եւ, ի վերջո վերադառնալով հայրենիք, ձերբակալվել մի քանի անգամ: 2011 թ. նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար։ Նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում է, սակայն ալ-Խավաջային մերժում են պայմանական ազատ արձակել, իսկ նրա ընտանիքը մշտապես ապրում է նրան կորցնելու վախով: Այս հոդվածը հնարավոր չէր լինի առանց նրա ընտանիքի օգնության, ինչի համար «Ավրորան» երախտապարտ է նրանց:
Բահրեյնի թագավորությունում այժմ գահակալում է ալ-Խալիֆաների դինաստիան, որը իշխանության է 18-րդ դարի վերջից: 1971 թ. Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելուց հետո եւ ժողովրդավարացման փորձերից կարճ ժամանակ անց ալ-Խալիֆա ընտանիքը ցրեց ազգային օրենսդիր մարմինը, արտակարգ օրենքների միջոցով կասեցրեց 1973 թ. Սահմանադրությունը եւ սկսեց բռնաճնշել ցանկացած տեսակի այլախոհություն: Այսօր անկախ լրատվամիջոցները եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն այնտեղ համարվում են օրենքից դուրս, եւ իշխանությունների հասցեին ցանկացած քննադատություն հնչեցնելը դիտվում է որպես ահաբեկչությանը համարժեք հանցագործություն։
Աբդուլհադի ալ-Խավաջան սովորում էր Միացյալ Թագավորությունում, երբ 1970-ականների վերջին մասնակցեց ուսանողների բողոքի ցույցերին: Դրանց նպատակն էր բարձրացնել իրազեկությունը Բահրեյնում մարդու իրավունքների խախտումների մասին: Այդ անհնազանդությունն աննկատ չմնաց, իրեն եւ ցույցերին մասնակցած այլ բահրեյնցիների հրահանգեցին անմիջապես տուն վերադառնալ կամ պատրաստ լինել հրաժարվելու անձնագրից: Լսելով բազմաթիվ պատմություններ այն մասին, որ հայրենիք վերադառնալուց հետո իր ընկերները հայտնվել են բանտում, ալ-Խավաջան որոշեց մնալ Եվրոպայում եւ իր աշխատանքը շարունակել այնտեղ։ Դրա հետեւանքով պետությունը նրանց զրկեց Բահրեյնի քաղաքացիությունից:
Ակտիվիստն ապաստան գտավ փախստականների ճամբարներում, ապա 1991 թ. կնոջ եւ երեխաների հետ քաղաքական ապաստան ստացավ Դանիայում։ Երկու տարի անց՝ հոր մահից հետո, ալ-Խավաջան փորձեց գնալ Բահրեյն՝ մասնակցելու հուղարկավորությանը, սակայն նրան արգելեցին մուտք գործել երկիր եւ մինչ Դանիա վերադարձնելը մի քանի օր հարցաքննեցին: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ողբերգական դրվագը չհուսահատեցրեց նրան։
Ապրելով Եվրոպայում՝ նա առանցքային դեր ստանձնեց Պարսից ծոցի շրջանից եկած շատ փախստականների համար, որոնք արդարություն եւ աջակցություն էին փնտրում իրենց պայքարում: Անհրաժեշտ էր կառուցվածքային մոտեցում, եւ նա Դանիայում համահիմնադրեց Բահրեյնի մարդու իրավունքների կազմակերպությունը: Աբդուլհադի ալ-Խավաջայի անխոնջ աշխատանքն ու համառությունն ուղղակիորեն նպաստել են քաղաքական փոփոխություններին, որոնք տեղի ունեցան, երբ հոր մահից հետո Համադ բեն Իսա ալ-Խալիֆան փոխարինեց նրան որպես Բահրեյնի նոր թագավոր։
2001 թ. նոր միապետը փորձեց վերականգնել ռեժիմի համաշխարհային վարկանիշը՝ ընդհանուր համաներում շնորհելով այլախոհներին եւ քաղբանտարկյալներին: Բահրեյնի տասնյակ վտարանդի քաղաքացիների, այդ թվում՝ Աբդուլհադի ալ-Խավաջային թույլ տրվեց վերադառնալ հայրենիք: Այս դրական զարգացումը եւ իշխանությունների կողմից տրված այլ խոստումներ, ներառյալ՝ կասեցված Սահմանադրության որոշ փոփոխված մասերի վերականգնում եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացում, համոզեցին ալ-Խավաջային եւ այլ ակտիվիստների, որ ժողովրդավարական ապագայի մասին իրենց երազանքները կարող են իրականություն դառնալ: 2002 թ. նա բացեց Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը՝ մարդու հիմնարար իրավունքներն առաջ մղելու նպատակով։
Նրան ճանաչողները գիտեն՝ Աբդուլհադի ալ-Խավաջան պատրաստ էր օգնելու ցանկացած մեկի՝ անկախ ծագումից, կրոնից, անկախ նրանից՝ Բահրեյնից էին, թե ոչ: «Ինչ-որ պահի Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնում նրա հետ զբաղվում էի աշխատանքային միգրանտների իրավունքներով: Որոշ բահրեյնցիներ ասում էին՝ նրանք մեզնից խլում են մեր աշխատանքը, իսկ մենք ոչինչ չունենք, մենք պետք է լինենք առաջին տեղում։ Իսկ հայրս ասում էր՝ ոչ, սա կոչվում է «մարդու իրավունքներ», դրանք միայն «բահրեյնցիների» իրավունքները չեն»,- հիշում է դուստրը՝ Զեյնաբ ալ-Խավաջան, որը նույնպես իրավապաշտպան է:
Շուտով պարզ դարձավ, որ ամենազգուշավոր ընդդիմությունն անգամ գերագնահատել էր կառավարության մտադրությունը՝ կատարելու ժողովրդավարության մասին հանձնառությունները: 2004 թ. սեպտեմբերին, երբ ալ-Խավաջան հրապարակավ hանդիմանեց վարչապետին իր որոշումներով երկրի տնտեսական զարգացման վրա բացասաբար ազդելու եւ մարդու իրավունքների ոտնահարման գործում ունեցած դերակատարման համար, ակտիվիստը կալանավորվեց եւ մեղադրվեց «կեղծ լուրեր» տարածելու, կառավարության հանդեպ արհամարհանք հրահրելու համար։ Կարգադրվեց փակել Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը, իսկ պետական գրանցումը չեղարկվեց: Այնուամենայնիվ, կենտրոնը շարունակում է գործել առ այսօր:
2004 թ. հոկտեմբերին թագավորական ներմամբ ազատ արձակվելուց հետո ալ-Խավաջան շարունակեց հրապարակայնորեն քննադատել միապետական ռեժիմը մարդու իրավունքները ոտնահարելու, ժողովրդավարական գործընթացին խոչընդոտելու եւ սուննի փոքրամասնության նկատմամբ խտրական վերաբերմունք հրահրելու համար: «Եթե մարդիկ քայլեր են ձեռնարկում իրենց իրավունքներն իրացնելու եւ պաշտպանելու համար, իսկ կառավարությունն այս կերպ է արձագանքում, դա մարդկանց մեղքը չէ։ Կառավարությունն է մեղավոր»,- ասել է Աբդուլհադի ալ-Խավաջան 2005 թ. տված հարցազրույցում:
2011 թ. ալ-Խավաջան համահիմնադրեց Պարսից ծոցի մարդու իրավունքների կենտրոնը, որն աջակցություն եւ պաշտպանություն է տրամադրում իրավապաշտպաններին: Իր գործունեության հետեւանքով նա պարբերաբար ենթարկվել է անհիմն ձերբակալությունների, անարդար դատավարությունների, ոտնձգությունների, լրատվամիջոցներում իր դեմ կազմակերպված զրպարտության արշավների եւ ֆիզիկական բռնության: Ըստ էության, ալ-Խավաջա ընտանիքի բոլոր անդամները ենթարկվել են պետության կողմից հետապնդումների:
Աբդուլհադիի կրտսեր եղբայրը, երկու փեսաները, երկու դուստրերը եւ նույնիսկ փոքր թոռը ինչ-որ պահի բանտարկվել են (որպես անչափահաս՝ վերջինս կարճ ժամանակով կալանավորվել է մոր՝ Զեյնաբի հետ): Աբդուլհադիի տարեց մայրը, որը դեռ ապրում է Բահրեյնում, տարիներով չի տեսել որդուն։ «Ահա թե ինչ է անում Բահրեյնի կառավարությունը: Նրանք թիրախավորում են ընտանիքներին: Ինչ-որ օրերի բառացիորեն մի հոգի է լինում ճաշի սեղանի շուրջ, քանի որ մնացածն աքսորված են կամ բանտարկված»,- պարզաբանում է Զեյնաբ ալ-Խավաջան:
2011 թ. փետրվարին՝ «Արաբական գարուն» անվամբ հայտնի ապստամբությունների ժամանակ, Աբդուլհադի ալ-Խավաջան Բահրեյնում ղեկավարում էր մի քանի խաղաղ ցույց եւ երթ, որոնք արտացոլում էին ժողովրդավարական բարեփոխումների հանրային պահանջը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի (MENA) տարածաշրջանում։ Իշխանության պատասխան հարվածն արագ էր եւ դաժան. 2011 թ. ապրիլին ալ-Խավաջան կեսգիշերին բռնությամբ ձերբակալվեց իր տանը։ Այս տեսարանի սարսափահար ականատեսն էին ընտանիքի անդամները:
Ձերբակալության ժամանակ նրան, պարանոցից բռնած, քարշ տվեցին աստիճաններով, ծեծի ենթարկեցին, ապա ուշագնաց վիճակում տարան։ Դրանից հետո ընտանիքին մի քանի օր թույլ չտվեցին կապ հաստատել նրա հետ։ Կալանավայրում նա բազմիցս ենթարկվել է խոշտանգումների եւ հարձակումների, որոնց հետեւանքով պահանջվել է բժշկական շտապ օգնություն: Երբ ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց, անվտանգության աշխատակիցներն սպառնացել են հաշվեհարդար տեսնել նրա հետ, իսկ բանտ վերադառնալուց հետո նրան երկու ամիս մենախցում են պահել։
2011 թ. հունիսին զինվորական տրիբունալն Աբդուլհադի ալ-Խավաջային դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» եւ «կառավարությունն ուժով տապալելու փորձի» համար: Դատարանում չներկայացվեցին այդ պնդումները հաստատող համոզիչ ապացույցներ, իսկ դատավճիռն ընթերցելուց հետո դատարանի աշխատակիցները նրան ծեծի ենթարկեցին՝ դահլիճում իր աջակիցներին դիմելու համար։ Այդ ժամանակից ի վեր նա բանտում է։
Ակտիվիստը բազմիցս արել է հացադուլ, որպեսզի ստիպի բանտի ղեկավարությանը հարգել կալանավորների իրավունքները։ 2012 թ. հունվարին նա անժամկետ հացադուլ հայտարարեց, որը տեւեց 110 օր՝ սաստիկ հյուծելով նրան։ Երբ կինը՝ Խադիջա ալ-Մուսավին, այցելել էր նրան 2012 թ. ապրիլին, ալ-Խավաջան նրան պատմել էր, որ իրեն թմրանյութ են տվել եւ ստիպողաբար կերակրել՝ առանց իր համաձայնության:
Անազատության մեջ հայտնվելուց հետո նրա առողջական վիճակը գնալով վատանում է։ Վտանգ կա, որ նա կարող է կորցնել տեսողությունը: Ակտիվիստը մշտական ցավեր ունի մեջքի եւ ծնոտի շրջանում, ինչը ծեծի հետեւանք է: Նրա մոտ նաեւ առաջացել է հաճախասրտություն (տախիկարդիա): «Մեզ միշտ անհանգստացրել է հայրիկիս առողջությունը, բայց սրտի հետ կապված խնդիրներն ամենաշատն են մտահոգում: Մենք երբեք այնքան չենք վախեցել, որքան հիմա»,- ասում է Զեյնաբ ալ-Խավաջան: Նրա հետ տեսակցությունները փոխարինվել են հեռախոսազանգերով, որոնք հաճախ չեղարկվում են առանց նախազգուշացման: Առնվազն մեկ անգամ ընտանիքի հետ խոսելու թույլտվության փոխարեն ակտիվիստին տեղափոխել են մեկ այլ սենյակ, որտեղ ոստիկանները կես ժամ շարունակ հայհոյել ու անպատվել են նրան, մինչդեռ նա անընդհատ փորձում էր ասել, որ վատ է զգում:
2023 թ. սեպտեմբերի սկզբին, երբ վերջին հացադուլն ավելի թուլացրեց ալ-Խավաջայի առանց այն էլ հյուծված մարմինը, նրա դուստրը՝ Մարիամ ալ-Խավաջան, որը նույնպես գնացել է հոր հետքերով եւ դարձել իրավապաշտպան, որոշեց փորձել գնալ Բահրեյն՝ հորը փրկելու համար: Դա մեծ ռիսկ էր, քանի որ նախկինում նրան եւս ձերբակալել էին եւ զգուշացրել հեռու մնալ, եթե չի ցանկանում բանտ վերադառնալ շինծու մեղադրանքներով: «Իմ հորը զրկել են անհապաղ եւ կենսական բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչը նշանակում է, որ հացադուլը ցանկացած պահի կարող է սրտի կաթվածի հասցնել նրան: Ես այլեւս չեմ կարող նստել եւ սպասել զանգի, որն ինձ կգուժի հորս մահը բանտում»,- ասել է Մարիամը 2023 թ. սեպտեմբերի 7-ին Ֆեյսբուքում հրապարակած տեսաուղերձում։ Այս տեսաուղեձից մեկ շաբաթ անց, սակայն, նրան մերժեցին նստել Լոնդոնից Մանամա մեկնող ինքնաթիռը՝ զրկելով, ինչպես ինքն է նկարագրում, «հորը տեսնելու վերջին հնարավորությունից»։
Ցավոք, քիչ հավանական է, որ Բահրեյնի արդարադատության համակարգը երբեւէ ազատ կարձակի իր արդար զոհին, բայց Աբդուլհադի ալ-Խավաջայի ընտանիքը երբեք չի հրաժարվի պայքարից: Դա է նրա սպասելիքն ընտանիքից, ուրիշ ոչինչ: «Երբ շատ բաների միջով ես անցնում, երբեմն տխրում ես կամ փոքր-ինչ կոտրված զգում: Ինձ համար իսկապես ապշեցուցիչ է, թե որքան երջանիկ է հայրս: Նա ուրախություն է գտնում մարդու իրավունքների եւ իր համոզմունքների պաշտպանության մեջ: Նա մինչ օրս մեզ ասում է, որ պատիվ է, որ մենք ունենք այս գործն անելու հնարավորություն: Եվ սա այն է, ինչ կուզենայի, որ աշխարհն իմանար նրա մասին»,- ասում է Զեյնաբ ալ-Խավաջան:
Նույնիսկ ավելի քան մեկ տասնամյակ անազատության մեջ անցկացնելուց եւ աներեւակայելի բռնությունների ենթարկվելուց հետո Աբդուլհադի ալ-Խավաջան չի կորցրել ապրումակցման եւ մարդասիրության ոգին, ինչը մղել է նրան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ՝ այն դարձնելով առաջնահերթ: Նա նաեւ պահպանել է իր անսահման քաջությունը։ «Եթե մահանամ, խնդրում եմ մարդկանց շարունակել խաղաղ դիմադրության ճանապարհը», - ասել է ալ-Խավաջան այն հազվադեպ առիթի ժամանակ, երբ իրեն թույլ են տվել կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: - «Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որեւէ մեկը տուժի»: