Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հազարավոր կանայք ծանրագույն տառապանքներ են կրում զինյալների ձեռքում՝ վերածվելով սեռական դաժան բռնության զոհերի։ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն կյանքը նվիրել է այս դրությունը փոխելուն։ Բախվելով ամենօրյա կործանարար հետեւանքների հետ՝ բժիշկը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է արգելի սեռական բռնության կիրառումը որպես պատերազմական գործիք՝ համարելով այն ատոմային, քիմիական եւ կենսաբանական զենքին համարժեք։ Դենիս Մուկվեգեն ֆիզիկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 50.000 կանանց։
Բժիշկ Դենիս Մուկվեգեն որոշել էր մանկաբարձ դառնալ այն պահից, երբ ականատես եղավ, թե ինչպես է հեռավոր մի գյուղում՝ հիվանդանոցներից հեռու, մի կին արնաքամ մեռնում ծննդաբերելուց հետո։ Ու նա մտածեց, որ երեխայի ծնունդը պետք է երջանկությամբ լի դրվագ լինի ընտանիքում եւ փառաբանի կյանքը, այլ ոչ թե մահը։
Երբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) պատերազմ բռնկվեց, բժիշկ Մուկվեգեի գործունեությունը վերափոխվեց։ Հղի կանանց օգնելու փոխարեն, նա սկսեց բուժել սեռական, հուզական ու հոգեկան առումներով ամբողջովին կործանված կանանց։
«Ես նոր էի աշխատանքի անցել Ռուանդային սահմանամերձ Բուկավու քաղաքի հիվանդանոցում, - հիշում է նա պատերազմի առաջին օրերը, - եւ իմ առաջին այցելուն չէր եկել կեսարյան հատմամբ կամ ապահով վայրում երեխա լույս աշխարհ բերելու։ Եկել էր, որովհետեւ նրան խմբակային բռնաբարության էին ենթարկել…մի քանի անգամ…,իսկ հետո կրակել էին վրան»։
Սկզբում Դենիսը կարծեց, թե սա անսովոր մի պատահար է։ Բայց երեք ամիս անց հասկացավ, որ արդեն բուժել է նման իրավիճակում հայտնված 45 կանանց։ Պատերազմից առաջ նա երբեք չէր հանդիպել այսպիսի սահմռկեցուցիչ բռնության, երբ կանանց բռնաբարում էին, խոշտանգում ճիպոտներով, կրակով, սվիններով կամ հրազենով։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն այսօր համարվում է «բռնաբարությունների համաշխարհային մայրաքաղաք»։
Այս բնութագիրն առանձին դրվագների հետեւանք չէ. այն ծագում է պատերազմական գործողություններից։ 1998 թվականից Կոնգոյի կառավարությունն ու զինված խմբավորումները մշտական պատերազմի մեջ են միմյանց եւ հարեւան Ռուանդայի իշխանություններին հարող խմբավորումների հետ՝ ավերելով ողջ երկիրը։ Չնայած պատերազմը ձեւականորեն ավարտվել է դեռեւս մեկ տասնամյակ առաջ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, երկրում շարունակվում են վայրագություններով ուղեկցվող բախումները։ 2006-2007թթ. երկրում տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 400.000 կանանց բռնաբարության դեպք է գրանցվել, իսկ պատերազմի սկզբից ի վեր գրանցված մահերի թիվը գերազանցում է արդեն 5.4 միլիոնը։
Դենիս Մուկվեգեի այցելուներից շատերը եւս մեռնելու ցանկություն ունեն։
«Ես մի կնոջ էի բուժում, որն 80 տարեկան էր ու մի անգամ հարցրեց, թե՝ ինչո՞ւ չես թողնում ուղղակի մեռնեմ, – հիշում է բժիշկ, - ասաց՝ պատկերացրու քեզ բռնաբարեին ամբողջ ընտանիքիդ աչքի առջեւ, երեխաներիդ ու ծանոթներիդ աչքի առջեւ… դու կկարողանայի՞ր ապրել»։
Մուկվեգեն որոշեց աշխատանքի ընդունել հոգեբանի, որը մարդկանց կօգներ ապաքինվել հոգեպես. հոգեկան վերքերը նույնքան խորն են, որքան եւ ֆիզիկական բռնության հետեւանքները։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ թեեւ հոգեբանական օժանդակությունն օգնում է կանանց, բայց շատերը մնում են զոհի կարգավիճակում, քանի որ բռնաբարվածի պիտակը կարող է նրանց մեկուսացնել ու դուրս մղել հասարակությունից, տնից, ընտանիքից։ Դա պատճառ դարձավ, որ Մուկվեգեն սկսի օգնել նրանց վերափոխել սեփական կյանքը՝ կրթությամբ ինքնակայացման ճանապարհով։
«Ես տեսնում եմ, թե կանայք ինչպես են պայքարում անդունդի եզրից վերադառնալ կյանք,- բացատրում է բժիշկը, - երբ ավելի հեշտ է հանձնվել ու ենթարկվել քեզ բռնաբարողներին, նրանք դիմադրելու ուժ են գտնում եւ հիմա նաեւ արդարադատություն են պահանջում»։
Դենիս Մուկվեգեն որոշեց նաեւ իրավական օժանդակություն ցուցաբերել տուժածներին, եւ փրկվածներից շատերն այժմ դարձել են ակտիվիստներ ու պայքարում են հանուն իրենց, իրենց երեխաների ու համայնքների իրավունքների։
Հակամարտություններին ուղեկցող սեռական բռնությունը դարերով լռելայն համարվել է անխուսափելի մի բան։ Այժմ Դենիս Մուկվեգեն հավատում է, որ այդ ընկալումն աստիճանաբար փոխվում է։
«Որպես միջազգային հանրություն՝ մենք պետք է բարձրաձայնենք հակամարտություններում բռնաբարության անթույլատրելիության մասին։ Եթե պատերազմում հաղթում ես կանանց կործանելով՝ քեզ ոչ ոք երբեք չի ընդունի որպես առաջնորդի,- ասում է բժիշկ Մուկվեգեն,- մենք պետք է իսկապես փոխենք հանրային մշակույթը. պետք է տղամարդիկ հասկանան, որ պաշտպանելով կանանց՝ նրանք պաշտպանում են իրենք իրենց, եւ իրական տղամարդկությունը հարգանքն է կնոջ նկատմամբ։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու. մենք բոլորս պիտի գիտակցենք, ի վերջո, որ բռնաբարությունը միայն կանանց խնդիրը չէ, այլ մարդու հիմնախնդիրն է։ Այն կործանում է մարդկայնությունը, հետեւաբար պարտավոր ենք անել հնարավորը այն պաշտպանելու եւ վերագտնելու համար»։
Բժիշկ Դենիս Մուկվեգեն 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկումը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական եւ նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով: