Հեղինակ՝ Տիգրան Եգավյան
Գրեգուար Ահոնգբոնոնը «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիրն է, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու տեղական անմարդկային սովորությանը: Հոգեկան առողջության ակտիվիստ դարձած նախկին մեխանիկը տասնյակ հազարավոր մարդկանց է փրկել տառապանքներից եւ նույնիսկ մահից՝ ստեղծելով համախոհ անհատների համայնք, որոնք պարտավորվում են ուրիշների հանդեպ նույնը կիրառելով հատուցել իրենց նկատմամբ կատարված բարի գործը:
Գրեգուար Ահոնգբոնոնը ծնվել է 1952 թ. հողագործի եւ տնային տնտեսուհու կաթոլիկ ընտանիքում, մեծացել է Բենինի Կետուկե գյուղում: 19 տարեկանում տեղափոխվել է Կոտ դ'Իվուարի Հանրապետություն՝ հոր ընկերոջ հետ բնակվելու երկրի մայրաքաղաք Յամուսուկրոյի մերձակայքում գտնվող Տումոդի փոքրիկ քաղաքում: Մեխանիկի դասընթացն ավարտելուց հետո նա բնակություն հաստատեց տեղի Բուակե քաղաքում, որտեղ բացեց անվադողերի նորոգման արհեստանոց: Ցավոք, նրա հաջողությունը երկար չտեւեց:
Բիզնեսը շուտով անկում ապրեց, եւ մոտավորապես 1980 թ. Գրեգուար Ահոնգբոնոնը մեծ դժվարությունների առաջ կանգնեց: Իրավիճակն այնքան ծանր էր, որ վեց զավակների հայրը մտածեց ինքնասպանություն գործել. «Թշվառ վիճակում էի. շատ արագ կորցրել էի ամեն ինչ... ինքնասպանության եզրին էի: Բայց ինձ բախտ վիճակվեց հանդիպել մի քահանայի՝ ֆրանսիացի մի միսիոների, որը ժամանակ տրամադրեց ինձ լսելուն եւ մեծապես աջակցեց ինձ»:
1982 թ. քահանան նրան ուխտագնացության է ուղարկում Երուսաղեմ: Ճամփորդությունը շրջադարձային մեծ նշանակություն է ունենում Գրեգուարի կյանքում, եւ նա վերադառնում է խորապես կերպարանափոխված․ «Այդ ուխտագնացության ընթացքում ես հասկացա, որ Եկեղեցին բոլոր քրիստոնյաների գործն է, եւ որ այն պետք է կառուցվի: Ինքս ինձ հետեւյալ հարցը տվեցի՝ անձամբ ես ի՞նչ քար եմ դնելու դրա հիմքում»:
Գրեգուարն իր կնոջ՝ Լեոնտինի հետ սկսեց աղոթքի խմբեր ղեկավարել եւ գնաց Բուակեի հիվանդանոց՝ հիվանդներին այցելելության: Այնտեղ նա հայտնաբերեց ամբողջովին թշվառ վիճակում գտնվող հիվանդների, որոնք հաճախ լքված էին իրենց սենյակներում: «Աֆրիկայում, եթե հիվանդները չեն կարողանում վճարել իրենց խնամքի համար, նրանց թողնում են, որ մահանան։ Նրանք լիովին անտեսված են, եւ այս վիճակը շարունակվում է այսօր եւս», - դառնությամբ ասում է Գրեգուար Ահոնգբոնոնը: Նա գտավ իր կոչումը. Աստծուն փնտրելու էր ամենաաղքատների մեջ:
«Այդ հիվանդների համար ծնող էի դարձել: Ես լողացրի նրանց, սնունդ ու դեղորայք հայթայթեցի նրանց համար», - բացատրում է ակտիվիստը: Գրեգուարն այցելում էր նաեւ բանտեր՝ մեծ տառապանքի վայրեր, որտեղ օգնեց բուժարան հիմնել, որպեսզի Բուակեի բժշկական ֆակուլտետի վերապատրաստվող բուժքույրերն օգնություն ցուցաբերեին բանտարկյալներին: Ասես հրաշքով, նրա բիզնեսը նորից սկսում է գործել, եւ նա իր վաստակած գումարն օգտագործում է հիվանդներին օգնելու համար:
1990 թ. Գրեգուար Ահոնգբոնոնը Բուակեի փողոցներում հանդիպում է հյուծված, մերկ մի մարդու, որը փորփրում էր աղբարկղը՝ ուտելիք գտնելու հույսով: Նա չէր կարող անտարբեր անցնել այդ մարդու կողքով: «Հոգեկան հիվանդությամբ տառապող այդ թափառական մարդու մեջ ես տեսա Հիսուսին: Աֆրիկայում բոլորը վախենում են նման հիվանդներից. նրանք մոռացվածների մոռացվածն են, բոլորի կողմից լքված են: Համարում են, որ նրանց մեջ սատանա կա: Ես նույնպես ունեի այդ նախապաշարմունքը, բայց դադարեցի վախենալ», - հիշում է նա:
Աֆրիկյան շատ երկրներում հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց ընտանիքները հաճախ լքում են նրանց կամ պահում շղթայակապ, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ պատշաճ բժշկական օգնության դիմել եւ տառապում են հիվանդության բեռի տակ: Գրեգուար Ահոնգբոնոնն սկսում է որոնել նման մարդկանց եւ հայտնաբերում է «տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնք սիրո կարիք ունեին, ինչպես բոլորը»:
Մեկ տարի անց նա ստեղծում է «Սբ Կամիլ» ընկերակցությունը: Իր կնոջ՝ Լեոնտինի հետ նա ուտելիք ու թարմ ջուր էր մատակարարում հոգեկան հիվանդությամբ տառապողներին։ Սակայն նրանց համար ապահով կացարան գտնելու մեծ խնդիրը մնում էր չլուծված: 1993 թ. Գրեգուար Ահոնգբոնոնն օգնություն է ստանում առողջապահության նախարարից, որն ընկերակցությանն է տրամադրում 2400 մ2 սենյակ, որտեղ մեկ տարի անց՝ 1994 թ․ հուլիսի 14-ին, բացվում է հոգեկան հիվանդների առաջին կենտրոնը:
Գրեգուարը հիշում է հոգեկան հիվանդությամբ տառապող մի մարդու, որին հեռավոր մի գյուղում շղթայված էին պահում իր իսկ ծնողները: Քույրը փորձել էր փրկել նրան՝ անտեսելով ընտանիքի արգելքը. «Տեսարանը զարհուրելի էր: Մարդը կապանքների մեջ էր, ընկած էր գետնին, զրկված էր սննդից եւ ջրից: Ցավոք, մենք չկարողացանք փրկել նրա կյանքը, բայց գոնե մարդը կարողացավ մեռնել արժանապատվորեն»:
Այդ ժամանակից ի վեր Գրեգուար Ահոնգբոնոնի հիմնադրած «Սբ Կամիլ» ընկերակցությունը բացել է 11 ստացիոնար հոգեբուժական կենտրոն, 63 ամբուլատորիա եւ 7 վերականգնողական կենտրոն: Կենտրոններից երկուսը վերջերս փակվեցին պատերազմի պատճառով: Այսօր Բենինում, Տոգոյում եւ Կոտ դ'Իվուարում ընկերությունն ունի 79 հաստատություն, որոնք արդեն բուժել են շուրջ 100.000 մարդու։ Բուժվածներից ոմանք վերադարձել են իրենց համայնքներ եւ վերսկսել բնականոն կյանքը: Մյուսները դարձել են բուժքույրեր եւ մնացել են կենտրոններում նույնիսկ ապաքինվելուց հետո՝ օգնելով նվազ բախտավորներին: Սա Գրեգուար Ահոնգբոնոնի ներդրած նորարարական մոտեցումն է. այդ կենտրոններում խնամողների եւ աշխատողների ճնշող մեծամասնությունը նախկին հիվանդներն են: Նրա համար ուրիշներին օգնելն ստացած օգնության համար երախտագիտություն դրսեւորելու լավագույն միջոցն է:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների նման, նա եւս հայտնաբերել է ոգեշնչման աղբյուրը՝ «Երախտագիտությունն ի գործ»: «Այն ուղերձը, որն «Ավրորան» հիմնած հայերն են հղում մեզ, լիովին համահունչ է այն ամենին, ինչ մենք ապրում ենք այս պահին», - ոգեշնչված ասում է նա: «Մենք պետք է աջակցենք մեր եղբայրներին՝ անկախ նրանից՝ քրիստոնյա են, թե ոչ, քանի որ Աստված մեր միջեւ տարբերություն չի դնում: Նրանց փրկելու համար մենք պետք է նրանց ազատենք շղթաներից»: