Կրթությամբ գինեկոլոգ, բժիշկ Աշվաք Մոհարամն ամեն օր, իր կյանքը վտանգելով, օգնում է Եմենի Հոդեյդա նահանգի բնակիչներին՝ առնչվելով հակամարտությունների եւ շրջափակման հետեւանքով գոյացած մարդկային ճգնաժամի հետ: Մի տարածաշրջանում, որտեղ գործնականում բժիշկներ չեն մնացել, նա մնում է տեղի բնակչության վերջին հույսը՝ նրանց տրամադրելով բժշկական օգնություն, ուտելիքի զամբյուղներ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ: Մինչ օրս նա օգնել է հազարավոր հուսահատ ընտանիքների եւ փրկել հարյուրավոր կյանքեր:
Նա ծնվել է 1975 թ. Եմենի նշանավոր եւ ամենախիտ բնակեցված շրջանում գտնվող Հոդեյդա նահանգում, որի մայրաքաղաքը նախկինում եղել է երկրի ամենածանրաբեռնված նավահանգիստներից մեկը։ Բժիշկ Մոհարամը սերում է մեծ ընտանիքից. նա ունի 3 եղբայր եւ 4 քույր։ Սակայն նա ընտանիքի միակ բժիշկն է եւ միշտ հակված է եղել ուրիշներին օգնելու:
Դեռեւս հակամարտությունից առաջ նա շարժական կլինիկա էր հիմնել՝ օգնելու համար Հոդեյդա քաղաքի եւ նրա գյուղական արվարձանների անապահով համայնքներին: «Ես իմ սեփական կլինիկան ունեի եւ մեքենաս օգտագործում էի որպես շարժական կլինիկա: 1999 թվականից սկսեցի մեքենայով շրջել եւ ծառայություններ մատուցել գյուղերի աղքատ ընտանիքներին: Ես ուզում էի օգնել տառապող մարդկանց: Նրանց մեծ մասը չունի հմտություններ, մեծ մասը կրթված չէ», - բացատրում է բժիշկ Մոհարամը:
Երբ 2014-ին Եմենում հակամարտություն սկսվեց, իրավիճակն անմիջապես վատթարացավ: Մինչ Եմենի իշխանությունները պայքարում էին հութի զինյալների շարժման դեմ, քաղաքացիները կրում էին պատերազմի բերած տնտեսական եւ հումանիտար ճգնաժամի ծանրությունը: Տեղական եւ միջազգային գործիչների, այդ թվում՝ 2019 թ. «Ավրորայի» հերոս Հուդա ալ-Սարարիի կողմից գրանցվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ։ Բացի այդ, 2015 թվականից սկսվել է նաեւ Եմենի ծովային, ցամաքային եւ օդային շրջափակումը:
Բժիշկ Մոհարամի քույրերից ու եղբայրներից շատերը լքեցին երկիրը, բայց նա որոշեց մնալ: «Գործարանների մեծ մասը փակվեց, դպրոցները փակվեցին: Եվ բժիշկների մեծ մասը հեռացավ: Ես չէի կարող հեռանալ, քանի որ կարծում եմ, որ ամոթ է [հեռանալը], երբ հնարավորություն ունենք շատ մարդկանց օգնելու, եւ մենք դադարում ենք [դա անել]: Հիվանդներ կան, որոնք տառապում են պատերազմից, քաղցից, սովից, թերսնումից», - ասում է նա: «Բազմաթիվ հիվանդություններ, որոնք անհետացել էին, Եմենի պատերազմի պատճառով նորից սկսեցին ի հայտ գալ. դենգե տենդը, խոլերան, նույնիսկ դիֆթերիան: Այս հիվանդությունները ետ եկան պատերազմի եւ շրջափակման պատճառով»:
Այդպիսի նվիրումն անձնապես ծանր է նստել նրա վրա։ Երբ բժիշկ Մոհարամի ամուսինն ախտորոշվեց կյանքին սպառնացող սրտային հիվանդությամբ, նա բուժում ստանալու համար ստիպված եղավ մեկնել Հորդանան, քանի որ Հոդեյդայում սրտաբաններ եւ սրտաբանական բաց կենտրոններ չէին մնացել: Նրանց երեխաները մեկնեցին ամուսնու հետ: Բժիշկ Մոհարամը չէր կարող հրաժարվել իր աշխատանքից եւ հետեւել նրանց: Այդ ժամանակից ի վեր նա ստիպված եղավ իր բացառիկ աշխատանքը միայնակ կատարել՝ առանց մտերիմների աջակցության:
Բժշկական որակյալ մասնագետների բացակայության պատճառով բժիշկ Մոհարամն այժմ բուժում է այնպիսի հիվանդների, որոնց վիճակը նույնիսկ հեռավոր առնչություն չունի իր ընտրած մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտի հետ. «Ես նրանց համար բացեցի իմ կլինիկան՝ որպես ընդհանուր բժիշկ: [Նույնիսկ] որպես ատամնաբույժ եմ աշխատում: Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, բայց երբեմն հղի կինը մոտս է գալիս ատամնացավով, եւ ես պետք է օգնեմ նրան, քանի որ ուրիշ ոչ ոք չկա: Մենք փորձում ենք զբաղվել որոշ ճյուղերով, բայց ո'չ որպես մասնագետներ, այլ պարզապես նրանց տալով որոշ ցավազրկողներ, որոշ հակաբիոտիկներ»:
Այսօր նրա շարժական կլինիկան օգտագործվում է ոչ միայն առավել խոցելի մարդկանց բուժման նպատակով, այլ նաեւ մարդասիրական ճգնաժամից ամենախիստ տուժած հեռավոր մարդաշատ գյուղեր կերակրի զամբյուղներ եւ առաջին անհրաժեշտության իրեր առաքելու համար, այդ թվում՝ կաթ թերսնված երեխաների համար, որը նա հաճախ գնում է իր անձնական միջոցներով։ Իր իսկ գնահատմամբ, այս ծրագրի շնորհիվ ամեն շաբաթ կաթ է ստանում առնվազն 150 նորածին: Պատերազմը դեռեւս շարունակվում է, եւ մեքենայով այսուայնտեղ շրջելը վտանգավոր է՝ օդային հարվածների եւ մարտերի պատճառով: Շատ հաճախ նա չի կարողանում մուտք գործել որոշակի տարածքներ, քանի որ ճանապարհները փակ են լինում զինված ուժերի կողմից: Դեպքեր են եղել, երբ նա ստիպված է եղել զգուշանալ իր կյանքի համար, քանի որ բերման է ենթարկվել եւ սպառնալիքներ ստացել, որ իրեն բանտ կնետեն:
Հոդեյդա քաղաքը նույնպես շարունակում է տառապել էլեկտրաէներգիայի եւ մթերքի պակասից: Էլեկտրաէներգիան անկայուն է, էլեկտրականության անջատումներն ավելի են խաթարում առանց այդ էլ անկայուն վիճակը: Ոչ միայն դժվար է սնունդ ձեռք բերելը, այլ նաեւ այն չափազանց թանկ է եւ պարզապես անհասանելի շատերի համար, որոնք կորցրել են իրենց եկամտի աղբյուրը: «Այս պատերազմից ինձ վատ եմ զգում, շատ տխուր: Ամենամեծ խնդիրը քաղցն է: Մարդկանց մեծ մասը հույսը դնում է ձկնորսության վրա, սակայն նրանք չեն կարողանում ձուկ որսալ [շրջափակման պատճառով]: Նրանք եկամուտ չունեն, եւ շատ ու շատ ընտանիքներ տառապում են սովից ու ծայրաստիճան թերսնումից», - ցավով հայտնում է բժիշկ Մոհարամը:
«2020 թվականին, 2021-ին դեռեւս կան սովի դեպքեր: Ես ցնցվեցի, երբ տեսա նրանց», - ասում է բժիշկ Մոհարամը: «Ինձ՝ աշխատանքս շարունակելու ուժ տվողը մոր լացն է, որը վախենում է, թե իր երեխաների համար ուտելիք չկա: Եվ երբ նրանք վախ կամ սով են զգում, ես լաց եմ լինում նրանց համար: Բայց սա ինձ ուժ է տալիս շարունակելու, եւ ես կշարունակեմ»: