Ջուլիեն Լուսենգեն Կոնգոյի մարդու իրավունքների պաշտպան է, Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիր ու նախագահ եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) սեռական բռնության զոհերին։ Նրա անսահման քաջությունն ու անխոնջ գործունեությունը լույս են սփռել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի վրա, բացահայտել են հանցագործներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց:
1958 թ. Վաթշայում (ներկայումս՝ Կոնգոյի Վերին Ուելե նահանգում) ծնված Ջուլիեն Լուսենգեին մեծացրել են մարդիկ, որոնք գնահատում էին բաց հաղորդակցությունն իր բոլոր դրսեւորումներով: «Հայրս ինձ սովորեցրել է խոսել եւ պաշտպանել իմ գաղափարները: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մայրիկիս ու հայրիկիս համար բնական էր իրար հետ խոսելը, նույնիսկ եթե միմյանց հետ համաձայն չէին: Ծնողներս ինձ մանկուց սովորեցրել են պայքարել անարդարության դեմ, այլ ոչ թե տեսնել, թե ուրիշներն ինչպես են տառապում, եւ թողնել-հեռանալ», - հիշում է Լուսենգեն:
Զարմանալի չէ, որ լրագրությունը դարձավ նրա մասնագիտական սկզբնական ընտրությունը: 1978 թ. Ջուլիեն Լուսենգեն անցավ իր առաջին աշխատանքին «Ռադիո Կանդիպ» (Radio Candip) համայնքային ռադիոկայանում: Պատմություններ հավաքելու համար նա այցելեց Իտուրի եւ Հյուսիսային Կիվու նահանգների հեռավոր գյուղերը: «Լրագրող լինելն ինձ հնարավորություն տվեց ավելի մտերմիկ կերպով մուտք գործել տեղի գյուղերը: Կանայք ճանաչում ու վստահում էին ինձ: Ես տեսա աղաղակող անհավասարություններ. կին, որը չէր համարձակվում խոսել միայն այն պատճառով, որ տղամարդու կամ ցեղապետի առջեւ էր, կանայք, որոնք բռնության էին ենթարկվել, բայց չէին կարողանում խոսել դրա մասին՝ վախենալով հետագա բռնություններից: Ինքս ինձ մտածեցի. եթե ես հնարավորություն եմ ունեցել կրթություն ստանալու, հնարավորություն ունեմ խոսելու, ապա ինչո՞ւ չշարունակեմ օգնել, որ այլ կանայք նույնպես խոսեն իրենց մասին»:
Ավանդական մշակույթի նահապետական կապանքներն էլ ավելի խստացվեցին ԿԴՀ-ում մշտական քաղաքացիական անկարգությունների եւ էթնիկ հակամարտության հետեւանքով, իսկ երկրում պատերազմի ժամանակ տեղի ունեցող բռնաբարությունները շարունակում են մնալ մշտական ողբերգական երեւույթ՝ չնայած բազմաթիվ մարդասերների գործադրած ջանքերին, որոնցից է նաեւ 2017 թ. «Ավրորայի» հերոս եւ 2018 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր բժիշկ Դենիս Մուկվեգեն: «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը՝ իմ հայրենիքը, տասնամյակներ շարունակ եղել է հակամարտության գոտի: 1997 թ. ես տեսա, թե հակամարտության մեջ ինչպես տարրալուծվեց հարեւան Իտուրի նահանգը, երբ էթնիկ խմբերի երկպառակությունները շահարկվեցին զորապետերի ու համայնքների ղեկավարների կողմից», - բացատրում է Ջուլիեն Լուսենգեն: «Խորապես ցավալի էր իմ էթնիկ պատկանելության պատճառով այնպիսի վայրերում անտեսված լինելը, որտեղ ժամանակին ինձ գրկաբաց էին ընդունում: Բայց դա նաեւ խորացրեց իմ կարեկցանքն այն մարդկանց հանդեպ, ում հետ կապվել էի տարիներ առաջ»: Նա հասկացավ, որ չի կարող լքել այդ մարդկանց:
«Մեզ սկսեցին ցնցող լուրեր հասնել այն մասին, որ զինյալները համայնքներում բռնաբարում են կանանց: Դա չափազանց էր. ես պետք էի ներգրավվեի: Եվ սկսեցի փաստագրել դեպքերը եւ մարտահրավեր նետել զինված խմբավորումների տեղական ղեկավարներին: Նրանց աղաչում էի դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունները՝ որպես պատերազմական զենք գործածելը: Դրանով էինք հայտնի դարձել միջազգային հանրությանը՝ որպես «աշխարհի բռնաբարությունների մայրաքաղաք»: Ես գիտեի, որ չեմ կարող՝ չե'մ կարող հանգստանալ, քանի դեռ իմ սիրելի երկիրն այլ կերպ հայտնի չէ», - ասում է Ջուլիեն Լուսենգեն: Նրա համար այդ պահը դարձավ շրջադարձային, որն ամբողջացրեց դիտորդից ակտիվ գործչի նրա վերափոխումը:
2000 թվականի ապրիլին Ջուլիեն Լուսենգեն յոթ այլ լրագրողների հետ հիմնադրեց մի նոր կազմակերպություն, որը կոչվում է «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» (SOFEPADI): Կազմակերպության նպատակն է հասնել նրան, որ Կոնգոյի կառավարությունը եւ ՄԱԿ-ը ճանաչեն բռնաբարության եւ այն որպես պատերազմական զենք գործածելու կործանարար հետեւանքները եւ աջակցեն սեռական բռնության ենթարկվածներին: SOFEPADI հիմնադրամի գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք ամբողջական բժշկական եւ հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010–2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել եւ բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը ներքին տեղահանված անձինքն էին: SOFEPADI-ն նաեւ խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ եւ դպրոցներում ներգրավմամբ, իսկ վերապրածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցիչ դատարանում:
Լրագրող լինելու առավելություններից մեկը Ջուլիենի կապերի ազդեցիկ ցանցն էր, եւ նա որոշեց լավագույնս կիրառել այն․ «Ես սկսեցի բացահայտել, թե ինչպես են կանայք բուժվում այդ վայրագություններից: Այն է՝ միմյանց հետ կապ ստեղծելով: Ես սկսեցի բռնության զոհերին կապել միմյանց եւ նրանց միջեւ հարաբերություններ կառուցել ինքնօգնության խմբակերի եւ այլ գործողությունների միջոցով: Միմյանց հետ առնչվելով՝ իրենց սեփական համայնքից դուրս մղված այս կանայք կարողացան նոր համայնք կառուցել: Սա կանանց առաջնորդության այնպիսի հզոր եւ գործուն օրինակ դարձավ, որ ինձ ոգեւորում էր նույնիսկ ծայրահեղ հուսահատության ու կասկածի պահերին»:
Պատերազմից ավերված երկրում այսպիսի լայնածավալ գործողության ֆինանսավորումը հեշտ չէ, եւ 2007 թ. Ջուլիեն Լուսենգեն համահիմնադրեց երկրորդ կազմակերպությունը՝ Կոնգոյացի կանանց հիմնադրամը (FFC): Այն միջոցներ է հայթայթում միջազգային բազմաթիվ դոնորներից, այնուհետեւ այդ գումարներն ուղղում է համայնքային հեղինակավոր կազմակերպություններին, որոնք, ի թիվս այլ խնդիրների, կենտրոնանում են սեռական եւ գենդերային հիմքով բռնության վերացման եւ տնտեսական աջակցություն ապահովելու վրա: Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է կանանց ու աղջիկների հետ՝ որպես «զոհ» ընկալվողներին վերածելով փոփոխության աջակիցների:
Հետաքրքիր է, որ տեղական ուղղվածություն ունեցող այս մոտեցումը շատերի կողմից դեռեւս ընկալվում է որպես որոշ առումով նորարարական: Ջուլիեն Լուսենգեի համար միանգամայն տրամաբանական է ֆինանսավորում հատկացնել տեղական ակտիվիստներին, որոնք խորապես ծանոթ են ներսում առկա խնդիրներին, ուստի եւ ունակ են նախագծելու եւ իրականացնելու ամենաազդեցիկ նախաձեռնությունները: Մարդասիրական համայնքում սակայն ոչ բոլորն են դրան համաձայն: «Չորս տասնամյակի ընթացքում, երբ ես եղել եմ ակտիվիստ, ամենամեծ մարտահրավերներից մեկը, որին բախվել եմ, միջազգային հանրության դիմադրությունն է ազգային ՀԿ-ների ֆինանսավորմանը», - ցավով հայտնում է Ջուլիեն Լուսենգեն: «Կոնգոյին օգնելու համար մեծ ֆինանսավորում է նախատեսված: Բայց այդ ֆինանսավորումը մնում է միջազգային կազմակերպություններում՝ նրանց տնօրինության տակ»:
Մյուս մեծ մտահոգությունն, անշուշտ, նրա անձնական անվտանգությունն ու բարեկեցությունն է: Հասարակական կազմակերպություն ղեկավարելը դժվար է եկամտաբեր գործի ընտրություն համարել, ուստի Ջուլիեն Լուսենգեն պայքարում է ինչպես իր անվտանգության հանդեպ սպառնալիքների, այնպես էլ տնտեսական աճող մարտահրավերների դեմ: «Ես վտանգել եմ սեփական անվտանգությունս՝ դատապարտելու անարդարությունն ու անպատժելիությունը, որովհետեւ փաստագրել եմ սեռական բռնության հարյուրավոր դեպքեր եւ մարտահրավեր նետել զինված խմբավորումների տեղական ղեկավարներին: Իմ կյանքի հանդեպ սպառնալիքների եւ մահափորձերի պատճառով ընտանիքս ստիպված է եղել մի քանի անգամ փոխել բնակության վայրը: Այդ նախկին ապստամբներից շատերն այժմ ներգրավված են ազգային ոստիկանության եւ զինվորականության մեջ, ինչն ինձ աներեւակայելի վտանգավոր դրության մեջ է դնում, երբ գործ եմ ունենում այդ մարմինների հետ», - բացատրում է նա:
2020 թ․ իրավիճակն էլ ավելի սրվեց կորոնավիրուսի համաշխարհային բռնկմամբ: Ջուլիեն Լուսենգեն տխրեց, սակայն չզարմացավ, երբ պարզվեց, որ դարձյալ կանայք էին կրում ամենածանր բեռը. «Մեր մշակույթում կանայք են, որ խնամում են հիվանդներին: Կանայք ստիպված են եղել առանց որեւէ միջոցի հոգալու իրենց ընտանիքի կարիքները, ինչը նրանց ենթարկել է ընտանեկան, սեռական եւ ամեն տեսակի բռնության: Ահա այդ պատճառով է, որ մենք 2020 թվականի սկզբից եւեթ նախընտրեցինք աջակցել այն նախագծերին, որոնք կենտրոնանում են կորոնավիրուսի եւ գենդերային հիմքով բռնության կանխարգելման վրա»:
Ճնշումը մեծ է, բայց նա չի հանձնվում՝ մխիթարության ու ոգեշնչման աղբյուր գտնելով վերապրող այն կանանց ու աղջիկների կյանքում, որոնց նա օգնում է. «Շահառուների եւ նրանց ընտանիքի անդամների ուրախությունը վերակենդանացնում է իմ սիրտը: Նորմալ չէ, որ մեր երեխաները պատերազմի մեջ են ծնվում, պատերազմի մեջ մեծանում եւ պատերազմի մեջ ծերանում: Իմ նպատակներից մեկն է ստեղծել երիտասարդ ֆեմինիստների «բանակ», որոնք գիտեն իրենց իրավունքները, որոնք չեն վախենում իրենց ձայնն ու ազդեցությունն օգտագործել, եւ որոնք փոփոխություններ են մտցնում իրենց կյանքում եւ համայնքում»: