Իրանցի փաստաբան եւ իրավապաշտպան Նասրին Սոթուդեն 20 տարի շարունակ իր երկրում պաշտպանում է ընդդիմադիր ակտիվիստների եւ քաղբանտարկյալների շահերը՝ հաճախ վտանգելով սեփական ազատությունն ու բարեկեցությունը: Նասրինի ընտանիքը եւս բարձր գին է վճարում նրա խիզախ գործունեության համար, իսկ փաստաբանն ինքը բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ հայտնվել մենախցում: 2018 թվականից սկսած` նրան առաջադրվել է ինը մեղադրանք, որոնց հիման վրա վերջինս դատապարտվել է ընդհանուր 38 տարի ազատազրկման եւ մտրակի 148 հարվածի։ Չնայած այդ ամենին՝ իր գործի նվիրյալ ու կարեկից այս խիզախ կինը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի ժողովրդի համար խաղաղություն եւ արդարություն հաստատելու առաքելությանն ու այդ ամենն օրենքի ուժով իրականացնելու սկզբունքին:
Նասրին Սոթուդեն ծնվել է 1963 թ. Իրանի Լենգերուդ քաղաքում եւ ստացել որակյալ կրթություն։ «Դպրոցը, որ ես հաճախել եմ, աղջիկների համար նախատեսված արտակարգ ազգային դպրոց էր: Մեր ուսուցիչների մեծ մասը համալսարանի դասախոս էր: Նրանք մեզ պարզապես քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա եւ այլ առարկաներ չէին սովորեցնում: Նրանք մեզ տալիս էին կյանքի լուրջ դասեր եւ ստեղծում էթիկական կրթության հիմք»,- պարզաբանում է Նասրինը:
Երբ սկսվեց Իսլամական հեղափոխությունը, նա ընդամենը 16 տարեկան էր: Ինչպես երկրում բոլորը, Նասրինն ու ընկերները նույնպես զբաղված էին սոցիալական եւ քաղաքական հարցերով, որոնք առաջ էին եկել հեղափոխության հետ: Ցավոք, նրանց ամենավատ մտավախություններն իրականություն դարձան: «Ավարտական քննություններ էինք հանձնում, երբ հիջաբ կրելու պարտադիր պահանջի մասին խոսակցությունն ավելի սրվեց․ բոլորս բավականին մտահոգ էինք։ Դպրոցի բակում էի, երբ աղջիկներից մեկը ներս մտավ եւ ասաց. «Հաջորդ տարվանից բոլոր ուսուցիչները պարտավոր են կրել գլխաշոր»։ Ես հստակ հիշում եմ այդ տեսարանը»,- ասում է Նասրինը։ Այդ հիշողությունը մինչեւ հիմա նրա կյանքի ամենացավոտ պահերից մեկն է։ «Հիշում եմ՝ ինքս ինձ հարցրի՝ ե՞րբ ի վիճակի կլինենք թոթափել այս ճնշումը»:
Համալսարանն ավարտելուց հետո Նասրինն աշխատել է A Gate to Dialogue ամսագրում՝ այդպիսով ծանոթանալով Իրանի կին ակտիվիստների հետ, որոնց թվում էին Փարվանե Ֆորուհարը, Շիրին Էբադին, Մեհրանգիզ Քարը եւ շատ ուրիշներ: «Հոդվածները, որ գրում էի այն ժամանակ, մեծամասամբ վերաբերում էին որոշ ընթացիկ դեպքերի, ինչպես օրինակ՝ «շղթայական սպանությունները» (1988-1998 թթ. իրանցի այլախոհ մտավորականների՝ կառավարության թողտվությամբ իրականացված սպանությունների շարք): Այս դեպքերի շուրջ ես հարցազրույցներ էի անում իրավական ոլորտի առաջնորդների հետ»,- նշում է Նասրինը: Այդ պատմությունները ոգեշնչեցին նրան՝ անելու ավելին, ու նա որոշեց փոխել իր գործունեության ոլորտը: 2003 թ. Նասրին Սոթուդեն արտոնագիր ստացավ եւ սկսեց հանդես գալ որպես փաստաբան։
«Դա հանկարծակի անցում չէր: Այն տեղի չունեցավ մեկ գիշերվա մեջ: Կանանց, երեխաների, քաղբանտարկյալների իրավունքներ, դատավարություններ ու դատական գործընթացներ՝ այս բոլոր խնդիրներին ես սերտորեն առնչվել էի: Ես հավատում էի, որ իրավական գործունեությամբ զբաղվելով՝ կկարողանամ առանցքային փոփոխություն բերել հասարակությունում եւ դա անել՝ ստանձնելով իմ բաժին պատասխանատվությունը», - պատմում է նա:
Իր նոր դերում Նասրինը շատ արագ դարձավ Իրանի իրավական համակարգի անողոք ճիրաններում հայտնվածների ձայնը, որի նպատակը, կարծես թե, ոչ այնքան արդարադատությունն է, որքան պետության համար սպառնալիք թվացող գործիչներին պատժելը եւ այդպիսով նախազգուշական ուղերձ հղելն ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք կարող են շեղվել պաշտոնական կուրսից եւ չափազանց հեռուն գնալ: Առաջնորդվելով կարեկցանքի սուր զգացումով՝ Նասրին Սոթուդեն պաշտպանում էր քաղաքական եւ խղճի բանտարկյալներին, կանանց իրավունքների պաշտպաններին եւ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպիսին են բահայիներն ու քրդերը: «Մշտապես առկա այս անարդարությունն ինձ իսկապես մտահոգում էր եւ անհանգստություն պատճառում»,- ասում է փաստաբանը:
Նրա պաշտպանյալներին հաճախ են առաջադրել «պետական համակարգի դեմ քարոզչություն կատարելու եւ ազգային անվտանգության դեմ դավադրություն իրականացնելու» մասին մեղադրանքներ, եւ երկար ժամանակ չպահանջվեց, որ Սոթուդեն եւս նման մեղադրանքի առաջ կանգներ: 2010 թ. Նասրին Սոթուդեին բանտարկեցին տխրահռչակ «Էվին» բանտում, որտեղ նա պատիժը կրում էր մենախցում։ Այս անարդար բանտարկությունը նրան բաժանեց ամուսնուց՝ Ռեզա Խանդանից, եւ երկու մանկահասակ երեխաներից, որոնց երկար ժամանակ արգելեցին այցելել նրան։ Անհանգստանալով, որ բանտային պայմանները կզրկեն իրեն սիրուց եւ բարությունից, Նասրինը հաճախ նամակներ էր գրում իր ընտանիքին՝ պատմելով իր զգացմունքների մասին եւ վերապրելով ուրախ հիշողությունները: Միաժամանակ նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով այս անմարդկային վերաբերմունքի դեմ։
Ռեժիմի հակառակորդներին բանտարկելով վախեցնելը նորություն չէ: Այս մարտավարությունն օգտագործում են բազմաթիվ ռեպրեսիվ կառավարություններ, սակայն դրա արդյունավետությունն ամբողջապես կախված է հետապնդվողների արձագանքից։ Այս դեպքում դա հակառակ արդյունք տվեց։ Այս ցավալի փորձությունները Նասրին Սոթուդեին միայն ավելի վճռական են դարձրել պայքարը շարունակելու գործում: «Երբ մենախցում էի, ուսումնասիրում էի իմ վարած գործերը ու հասկացա, որ իրականում կարողացել եմ փոփոխություն բերել՝ լինի դա իմ պաշտպանյալներին արդարացնելու, թե նրանց պատժաչափը կրճատելու գործում: Բայց մյուս կողմից լավ է չիմանալ, թե որքան շատ ներդրում ես ունեցել, քանի որ դա մղում է քեզ ավելին անելու, ավելի մեծ փոփոխություն բերելու»,- նշում է նա: 2013 թ. բողոքի համաշխարհային ալիքից հետո փաստաբանը վերջապես ազատ արձակվեց:
Նասրինը բազմաթիվ դառը հիասթափություններ է ապրել իր դեմ ուղղված համակարգին առերեսվելիս: Դատավարություններից մեկի ժամանակ, երբ նա պաշտպանում էր Շիրին Էբադիին, այնքան մեծ էր նրա հիասթափությունն ընդդիմախոս փաստաբանի չհիմնավորված պնդումներից, որ լքեց դատարանի դահլիճը: «Իրավապաշտպանները միշտ հարց են տալիս իրենք իրենց՝ ի՞նչ իմաստ ունի օրենքը, երբ դատարանն ինքն է այդքան կոպտորեն խախտում այն: Ի՞նչ իմաստ ունի դատարանում հայտնվելը, հատկապես՝ Իրանի հեղափոխական դատարաններում, որտեղ վճիռները հաճախ կամայական են եւ նույնիսկ խտրական: Շատ իրավաբաններ կասեին՝ մենք պետք է բոյկոտենք դատարանները, քանի որ մասնակցելով դատական լսումներին՝ մենք ինչ-որ կերպ օրինականություն ենք հաղորդում դրանց: Դա, իհարկե, իմ տեսակետը չէ: Ես ուզում եմ պաշտպանել իմ պաշտպանյալներին»,- բացատրում է Նասրինը: «Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ իրենց կամքին, սեփական ձգտումներին հակառակ՝ դատավորներն ստիպված են եղել կայացնել որոշումներ, որոնք հակառակ դեպքում չէին կայացնի: Մենք հասել ենք մեր նպատակներին: Մենք ունեցել ենք հաղթանակներ: Մենք պարտադրել ենք փոփոխություններ նույնիսկ այս դժվարագույն պայմաններում»։
Որքան էլ դժվար լինի իր ճանապարհը, Նասրինը կարողանում է հույս, ներշնչանք ու մխիթարություն գտնել ամենաանհավանական դրվագներում: «Ոչինչ երբեք հենց այնպես չի լինում»,- կարծում է Նասրինը։ -«Ժողովրդավարական դիմադրությունը եւ քաղաքացիական հասարակության արժեքները միշտ արդյունք են տալիս երկարաժամկետ հեռանկարում: Կառավարությունները եւ պետությունները կարող են լինել բռնապետական եւ ավտորիտար, կարող են իրենց տրամադրության տակ ունենալ ամեն տեսակի բանակներ, զենքեր եւ այլն, բայց մենք տեսել ենք, թե ինչպես է նույնիսկ Հիտլերի նման գործիչը կոտրվել եւ ձախողել մարդկային դիմադրության եւ հավաքական կամքի շնորհիվ: Այս ամենն ինձ ուժ է տալիս»:
2018 եւ 2019 թվականներին Նասրին Սոթուդեն կրկին կանգնեց դատարանի առաջ եւ դատապարտվեց ռեժիմի դեմ իրագործած բազմաթիվ «հանցագործությունների», այդ թվում՝ «Հեղափոխության փողոցի աղջիկ» անունով հայտնի պաշտպանյալի գործը վերցնելու համար։ 2017 թ. դեկտեմբերին այդ կինը, որի անունը չի բացահայտվում, Թեհրանի ամենաբանուկ փողոցներից մեկում հանել եւ թափահարել էր իր հիջաբը։ Այս անհարգալից արարքը ներշնչանքի աղբյուր դարձավ նմանատիպ մի շարք բողոքի ակցիաների համար: Հետագայում դա իր արտացոլանքը գտավ նաեւ 2022 թ. բողոքի ցույցերում, որոնք բռնկվեցին ոստիկանության կողմից կալանավորված երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի՝ կասկածելի հանգամանքներում մահվանից հետո: Նրան մեղադրում էին հիջաբը պատշաճ կերպով չկրելու համար: Նասրինը դատարանում պաշտպանում էր «Հեղափոխության փողոցի աղջկան», ինչն էլ հետագայում նրան պատասխանատվության ենթարկելու պատճառ դարձավ: Թեեւ Նասրինի նախնական պատիժն ի վերջո կրճատվեց, նա դեռ 10 տարի էլ պետք է բանտարկվեր:
Ակտիվիստը բանտում անցկացրեց 3.5 տարի՝ նախքան առողջական խնդիրների պատճառով պայմանական ազատումը: Բազմաթիվ հացադուլներն ազդել էին նրա առողջության, հատկապես սրտի վրա, եւ նա ստիպված էր անգիոպլաստիկա անցնել։ Այժմ նա տանն է ընտանիքի հետ, սակայն նրա ազատությունը խիստ սահմանափակ է։ Նրա եւ ամուսնու բանկային հաշիվները արգելափակված են իշխանության կողմից։ Ի լրումն այս ամենի` Ռեզան ունի 5 տարվա ազատազրկման դատավճիռ, որը ցանկացած պահի կարող է ուժի մեջ մտնել: Բացի դրանից, նրանց երկուսին էլ արգելված է լքել երկիրը։ Այս ամենը եւ ցանկացած պահի բանտ հետ կանչվելու սպառնալիքը ծանր բեռ են ակտիվիստի համար։
Այնուհանդերձ, նույնիսկ այս ծանր պայմաններում նա շարունակում է լինել լավատես: Վերջերս ստացած լավ նորություններից մեկն այն է, որ դուստրը՝ Մեհրավեն, որին նախկինում արգելել էին արտասահման մեկնել՝ որպես ակտիվիստ մոր վրա ճնշում գործադրելու միջոց, վերջապես կարողացել է դուրս գալ Իրանից: 2023 թ. օգոստոսին նա մեկնել է Նիդեռլանդներ, որտեղ կուսումնասիրի արվեստ։ «Մեր կյանքը սոսկ վշտի ու տխրության մասին չէ: Այնտեղ կան նաեւ բերկրանքի եւ ուրախության առիթներ»,- ասում է Նասրինը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ունի՞ կասկածներ իր ընտրած ուղու վերաբերյալ, փաստաբան, իրավապաշտպան Նասրին Սոթուդեն նշում է. «Ես երբեք չեմ զղջացել իմ ընտրած ճանապարհի համար եւ մինչեւ հիմա սիրում եմ այն: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ես եմ կայացնում այդ որոշումները: Երբ ես աշխատում եմ, գիտեմ, որ իմ գործից շահելու են ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր երեխաները։ Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ աշխարհի դրվածքն այնպիսին է, որ մարդկային կյանքի բոլոր թելերը միահյուսված են: Կարեւոր է գիտակցել, որ մեր արած ցանկացած աշխատանքի հիմքում մարդկության փոխկապակցվածության հանգամանքն է»:
Գլխավոր լուսանկարը տրամադրել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների կենտրոնը