Շիրին Էբադին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած առաջին իրանցի եւ մահմեդական կինը, Թեհրանի համալսարանի Իրավունքի դպրոցն ավարտելուց եւ որակավորման անհրաժեշտ քննությունները հանձնելուց հետո դարձել է դատավոր: Կարճ ժամանակում հաջողություններ գրանցելով՝ 1975 թ. դարձել դատարանի առաջին կին նախագահը: 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո բոլոր կին դատավորներին ազատեցին աշխատանքից, իսկ Շիրին Էբադիի պաշտոնն իջեցրին՝ նրան նշանակելով գործավարուհի այն նույն դատարանում, որտեղ նախագահել էր: Նա դիմեց վաղ թոշակի անցնելու՝ չհանդուրժելով ստեղծված իրադրությունը։
Երբ նրա խնդրանքը բավարարվեց, դր Էբադին դիմեց փաստաբանությամբ զբաղվելու արտոնագրի համար, որպեսզի այլ կարգավիճակով շարունակեր իր ծառայությունն իրավաբանության ոլորտում: Բայց յոթ տարի շարունակ նրա դիմումը չբավարարվեց, քանի որ նա քննադատական հոդվածներ էր հրապարակել: Ի վերջո, 1992 թ. նա փաստաբանի արտոնագիր ստացավ Փաստաբանների կենտրոնական ընկերակցությունից:
Իր նոր մասնագիտությամբ նա կենտրոնացավ մարդու իրավունքների խախտման զոհերի պաշտպանության վրա՝ միաժամանակ գրելով եւ հրապարակելով 14 գիրք, այդ թվում՝ «Երեխաների իրավունք», «Կանանց իրավունք», «Ավանդույթն ու արդիականությունն իրանական իրավական համակարգում»: Նրա շատ գրքեր թարգմանվել եւ հրատարակվել են մի շարք լեզուներով: Շիրին Էբադին վեց տարի քաղաքային իրավունք եւ կանանց իրավունք է դասավանդել նաեւ Թեհրանի եւ Ալամեհ Թաբաթաբայի համալսարաններում: Իր գործընկերների հետ նա հասարակական երեք կազմակերպություն է ստեղծել Իրանում՝ «Հասարակություն հանուն երեխաների իրավունքների պաշտպանության», Ականազերծման ոլորտում համագործակցության ընկերակցություն եւ Իրավապաշտպանների կենտրոն: Միջազգային ասպարեզում նա 2006 թ. այլ կին Նոբելյան դափնեկիրների հետ ստեղծել է Նոբելյան կանանց նախաձեռնությունը՝ հիմնված Կանադայում:
Շիրին Էբադին բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ Գերմանիայում Leibniz Ring մրցանակի, Ֆրանսիայում Պատվո լեգիոնի շքանշանի, Իռլանդիայում «Գիտնականները վտանգի մեջ» (Scholars at Risk) մրցանակի: Նա մի քանի քաղաքների պատվավոր քաղաքացի է՝ ներառյալ Փարիզը եւ Ջենովան: Մինչեւ հիմա նա պատվավոր դոկտորի 26 կոչում է ստացել աշխարհի տարբեր համալսարաններում՝ ներառյալ Քեմբրիջի համալսարանը (Միացյալ Թագավորություն), Բրաունի համալսարանը (ԱՄՆ) եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանը (Կանադա)։
Շիրին Էբադին առաջին անգամ բանտարկվեց 1999 թ. եւ Իսլամական Հանրապետությանը քննադատելու համար կրկին քրեական հետապնդման ենթարկվեց 2009 թ.: Անվտանգության ծառայությունը խուզարկեց նրա գրասենյակը, իսկ կառավարությունը սառեցրեց բանկային հաշիվները եւ բռնագրավեց նրա ունեցվածքը: Դրանից հետո նա ստիպված էր լքել Իրանը: 2012 թ. նա Լոնդոնում հիմնեց Իրավապաշտպանների կենտրոնը եւ շարունակեց իր գործունեությունը՝ առաջ մղելով մարդու իրավունքներն Իրանում եւ իսլամական երկրներում: