Հեղինակ՝ Ջուլյա Ռեյսներ
Փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր էլ-Մասրին Եգիպտոսից է, որտեղ նա պայքարում է քաղաքական ազատությունների ու մարդու իրավունքների համար, կազմակերպում բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել, եւ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է ու բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ:
Մահինուր էլ-Մասրին ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ բարեկեցիկ ընտանիքում: «Լինելով միջին դասի պատկանող ընտանիքից՝ դու կարծես փուչիկի մեջ ապրես, հատկապես՝ Եգիպտոսում: Դու չես տեսնում չքավորությունը, չես նկատում նաեւ հարուստներին»,- բացատրում է Մահինուրը: Սակայն պատանեկության տարիներին նա ականատես եղավ մի քանի իրադարձությունների, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա ինքնության ձեւավորման վրա: Դրանցից մեկն Ամերիկայի ներխուժումն էր Իրաք 2003 թվականին: «Թեեւ լիովին դեմ էի Սադամ Հուսեյնին, ես շոկ ապրեցի այն գաղափարից, որ մարդիկ՝ քաղաքացիական անձինք, պետք է վճարեին ամերիկյան ներխուժման գինը»,- ասում է ակտիվիստը:
Մահինուր էլ-Մասրին համալսարան գնաց մոտավորապես այն ժամանակ, երբ սկսվեց Եգիպտական շարժումը հանուն փոփոխության, որն ավելի հայտնի է «Քիֆայա» (Kefaya) կամ «Բավ է» անվամբ: Տեղերում ձեւավորվեցին կոալիցիաներ՝ ընդդեմ Հոսնի Մուբարաքի նախագահության, քաղաքական կոռուպցիայի եւ իրավախախտումների: «Այդ ժամանակ ես 18 տարեկան էի ու մտածում էի բռնապետության եւ քաղաքականության գաղափարի մասին: Ես միացա «Քիֆայա» շարժմանը, ու դա ինձ համար բացեց նոր Եգիպտոսի պատկեր»,- հիշում է Մահինուրը:
Նա զգում էր, որ իր երկիրն ու ժողովուրդը բարձր գին են վճարում բռնապետության պատճառով՝ գրեթե չունենալով այլընտրանք իշխող կուսակցությանը: «Ձեւավորված միակ այլընտրանքը «Մուսուլման եղբայրներ» քաղաքական խումբն էր, ու նրանք տարօրինակ նշանաբան ունեին, որն է՝ «Իսլամն է պատասխանը»»,- ասում է ակտիվիստը: «Ես չեմ կարող ընկալել այդպիսի բաներ: Ինձ հետ պետք է խոսել տնտեսության մասին, ինձ հետ պետք է խոսել ազատությունների մասին»:
Պատասխաններ եւ համախոհներ փնտրելիս Մահինուրը միացավ «Հեղափոխական սոցիալիստներ» փոքր խմբին: «Իմ ծննդավայր Ալեքսանդրիայում սկսեցին մարդկանց տեղահանել, որպեսզի նավահանգիստն ընդլայնեն կամ, օրինակ, նոր համալիրներ կառուցեն: Ես օգնեցի ցեմենտի գործարանի աշխատողներին՝ պայքարելու մասնավորեցման դեմ եւ իրենց իրավունքների համար: Ես օգնեցի ձկնորսներին, քանի որ նրանց համար չկար որեւէ արհեստակցական միություն կամ միավորում»,- հիշում է Մահինուրը: «Ես սկսեցի գիտակցել, որ մարդիկ չար չեն: Մարդկանց մեծ մասը հայտնվել է ծանր վիճակում, ինչն էլ ստիպում է նրանց երբեմն սխալ բաներ ասել կամ անել: Մարդկության շատ փոքր տոկոսն են կազմում չար մարդիկ, եւ, հավանաբար, մենք նրանց չենք գտնի փողոցներում: Նրանք ունեն իրենց սեփական կալվածքներն ու զենքը: Նրանք ունենք իրենց սեփական պալատները»:
2010 թ. Եգիպտոսը ցնցեց Խալեդ Սաիդի մահը, որին սպանեցին ոստիկանները: Շատերը կարծում են, որ այս միջադեպը 2011 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության խթաններից էր: «Սկզբում մենք կարծում էինք, թե շատ փոքր բողոքի ակցիա կլինի: Հետո ամեն տեղից մարդիկ էին գալիս»,-հիշում է նա: «Հետաքրքիրն այն է, որ ես մի քանի օր առաջ էի ձերբակալվել ցույցի պատճառով, որն անցկացվում էր ի համերաշխություն Ալեքսանդրիայի ղպտիների (եգիպտացի քրիստոնեաներ) եկեղեցու պայթյունից զոհվածների: Հունվարի 25-ին ինձ մոտ եկան ընկերներս՝ ասելով. «Դու չես մասնակցի այս ցույցին: Քո դեմքը քաջ հայտնի է, եւ ոստիկաններն անմիջապես կնկատեն մեզ»»:
Չցանկանալով վտանգել նրանց, բայց եւ չցանկանալով բաց թողնել ակցիան՝ Մահինուր էլ-Մասրին վստահեցրեց, որ զգույշ կլինի: Սկզբում փողոցներում նա միայն մի քանի խմբեր տեսավ, բայց հանկարծ մարդկանց հոսք սկսվեց: «Ես զարմացած էի: Երբեք այդքան շատ մարդ չէի տեսել: Իհարկե, բախում եղավ զինված ուժերի հետ, զենք կիրառվեց, արյուն թափվեց, մարդիկ վիրավորվեցին: Բայց ակնհայտ էր, որ նրանք չէին վախենում: Նրանք ասում էին. «Սա մեր երկիրն է: Սա մեր կյանքն է: Սա մեր ապագան է, եւ մենք չենք կարող նահանջել»: Այդ օրը ես համոզվեցի, որ մարդիկ ցանկացած բանից ուժեղ են, որ տարիներ շարունակ մարդկանց իրավունքներից ու քաղաքական առողջ միջավայրից զրկելը չի լռեցնի նրանց։ Մարդիկ կարող են զարմացնել քեզ: Այդ պատճառով, թեեւ հիմա սարսափելի վիճակում ենք, ես դեռ հավատում եմ»,- ժպտում է նա:
Քանի որ այդ օրը նրանք երթ էին անում փողոցներով, Մահինուրը եւ նրա ընկերները հանդիպեցին իրենց տարեց համախոհներին, որոնք պայքարում էին 1970-ականներից սկսած․ «Սիրտս ուղղակի տեղից դուրս էր գալիս: Ես մտածում էի, որ տիեզերքի կողմից մեծ առատաձեռնություն է՝ հնարավորություն տալ նրանց տեսնելու այդ օրը: Մորաքույրս լրագրող էր, նա ընդդիմադիր էր: 2000 թվականին մահացավ: Ես մտածեցի՝ եթե նա այստեղ լիներ, կզգար, որ ճիշտ էր, երբ հավատում էր մարդկանց»:
Նախագահ Մուբարաքն ստիպված էր հրաժարական տալ, բայց էյֆորիան շատ երկար չտեւեց: Հեղափոխությունը վախեցրեց նաեւ այն առաջնորդներին, որոնք իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը: Սա բերեց քաղաքական խստացումների եւ ավելի շատ հետապնդումների նրանց նկատմամբ, ովքեր դժգոհ էին նոր ռեժիմից եւ ազատության մասին՝ վերջինիս դիրքորոշումից: Տասնյակ հազարավոր եգիպտացիներ կրկին փողոց դուրս եկան, որպեսզի պահանջեն ավելին: Նրանցից շատերը՝ նաեւ Մահինուր էլ-Մասրին, ձերբակալվեցին:
«Մենք չունենք քաղբանտարկյալների ճշգրիտ թիվ, բայց սովորաբար ասում ենք 60.000 ՝ հիմք ընդունելով դատարաններում եղած գործերը: 2013 թվականից սկսած ես չորս անգամ ձերբակալվել եմ: Մի անգամ գնացի ոստիկանական բաժանմունք, իբրեւ փաստաբան, ներկայացնելու որոշ ցուցարարների շահեր: Ինձ եւ իմ մի քանի գործընկերների ձերբակալեցին: Ընդհանուր առմամբ, բանտում անցկացրել եմ երեք ու կես տարի: Սա կարող է շատ թվալ, բայց այդպես չէ՝ մյուսների համեմատ այստեղ՝ Եգիպտոսում»,- նկատում է ակտիվիստը:
Մահինուրը վերջին անգամ ազատ արձակվեց 2021 թ. հուլիսին եւ գնաց ուղիղ դատարան՝ պաշտպանելու քաղբանտարկյալների շահերը: «Իմ գործընկերներն ու ես փորձում ենք նաեւ տեղեկատվական արշավներ սկսել՝ ընդդեմ աղքատության, որովհետեւ տնտեսական ընթացակարգերը Եգիպտոսում խելահեղություն են: Բացի այդ, մենք փորձում ենք, այսպես ասած, «ֆեմինիստական ալիք» սկսել, որպեսզի աջակցենք բոլոր այն կանանց, որոնք իրենց իրավունքներն են պահանջում դատարանում կամ փորձում են որոշ փոփոխություններ անել օրենքում: Սա այստեղ՝ Եգիպտոսում, բայց ես նաեւ փորձում եմ կապ հաստատել այլ ակտիվիստների հետ [արտասահմանում]՝ մարդկանց, որոնք ինձ նման են մտածում»:
Այս խիզախ աղջիկը սեղմված զսպանակի տպավորություն է թողնում, որը պատրաստ է օդ թռչել ցանկացած անարդարության դեպքում: Ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել իր եռանդն ու հավատն ավելի լավ ապագայի հանդեպ: «Ինձ մեծապես աջակցում են իմ ընտանիքն ու ընկերներս: Իհարկե, այդպես ամեն ինչ ավելի հեշտ է: Ես ինձ ավելի հաջողակ եմ համարում, քան մյուս կին ակտիվիստները, որոնք, օրինակ, կարող են խնդիրներ ունենալ իրենց ընտանիքների հետ: Դա ինձ համար ամենավատ բանն է, որ կարող է պատահել: Ես ինձ շատ բախտավոր եմ զգում։ Ես ինձ արտոնյալ եմ զգում»։
«Նախագահները, բռնապետներն ու բռնակալները միշտ դաշինքներ են կազմում միմյանց հետ: Նրանք գիտեն, թե ինչ շահեր ունեն: Նրանք փորձում են բաժանել մեզ, բայց մենք պետք է գտնենք մեր դաշինքները: Եվ մենք պետք է ավելի մարդկային լինենք: Իհարկե, սարսափելի դեպքերը երբեմն ցնցում են մեզ, բայց սարսափելի իրավիճակներն ստիպում են նաեւ մտածել, որ պետք է ավելի շատ դիմադրենք: Սերտածս դասերից մեկն այն է, որ «թշնամուս թշնամին իմ ընկերն է» արտահայտությունը ճիշտ չէ: Իմ ընկերը նա է, ով իմ համախոհն է: Սա է միակ ճշմարտությունը»:
Գլխավոր լուսանկարը՝ Դեյվիդ Դեգների / Getty Images