Հեղինակ՝ Տիգրան Եգավյան
Կոլումբիացի ակտիվիստ Ռուբի Կաստանյոն ճանաչված է եղել որպես SINTAGRIM-ի (Գյուղատնտեսական աշխատողների Մետայի անկախ միություն)՝ արժանապատվության իրավունքի համար պայքարող գյուղական աշխատողների կոլեկտիվի գլխավոր դեմքերից մեկը: Նա, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար պաշտպանում է իր հայրենի Մետայի շրջանի գյուղացիներին: SINTAGRIM-ի նրա գործընկերները տարիներ շարունակ մահափորձերի թիրախ են դարձել, եւ Ռուբիի նկատմամբ նույնպես պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում կիսառազմականացված կառույցների անդամները: Այսօր նա շարունակում է իր պայքարը որպես նոր ընկերության՝ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ընկերակցություն) ղեկավար, որը տեղական համայնքների հետ կողք-կողքի պայքարում է հողերի հասանելիության համար:
Ռուբի Կաստանյոյի խիզախության ու սկզբունքայնության արմատներն իր ընտանիքում են: Նրա պատմությունը սերտորեն կապված է իր երկրի գյուղացիների պատմությանը, որոնք պայքարում են արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի համար: Ռուբի Կաստանյոն աշխատում է հեռավոր շրջաններում, ուստի դժվար հասանելի է, սակայն հենց լսեցիր նրա ձայնը, այն, կարծես, մնում է քեզ հետ: Նա Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից 124 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մատայի շրջանի Վիլավիսենսիո քաղաքից խոսում է իր պայքարի մասին: Ամիսը մի քանի անգամ նա գնում է այնտեղ հանգստանալու, մինչեւ կրկին կվերադառնա աշխատանքին՝ աջակցելու այն գյուղացիներին ու տեղացիներին, որոնց սպառնում ու հետապնդում են սեփական համայնքում՝ իրենց գործունեության համար: Ռուբին աջակցում է հակամարտությանը հաջորդած փուլում գյուղական շրջաններում խնդիրների լուծմանը եւ պաշտպանում է այն կանանց, որոնք մնացել են միայնակ՝ առանց իրենց երեխաներին կերակրելու միջոցների։
Ռուբի Կաստանյոյի հայրենի երկիրը՝ հյուսիսում Կարիբյան ծովի, իսկ հյուսիս-արեւմուտքում Խաղաղ օվկիանոսի երանելի լողափերով Կոլումբիան, բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ ընդգրկելով նաեւ Ամազոնի արեւադարձային անտառները եւ Անդյան լեռնաշղթան: Սակայն այն նաեւ մի երկիր է, որտեղ խորապես արմատացած է բռնությունը: 1948-1957 թթ. Կոլումբիան քայքայել է «La Violencia»՝ «Բռնություն» անունն ստացած քաղաքացիական պատերազմը: Այդ պատերազմին զոհ է գնացել 300.000 մարդ:
Այսօր կոլումբիացիները շարունակում են տառապել խորը անհավասարությունից եւ կանոնավոր բանակի, մարքսիստական պարտիզանների ու խոշոր հողատերերին պաշտպանող ծայրահեղ աջակողմյան կիսառազմականացված խմբավորումների միջեւ զինված բախումներից: Համատարած բռնությունը, որը երկիրը քայքայել է ամբողջ յոթանասուն տարի, հանգեցրել է հանցագործությունների զգալի մակարդակի: Գյուղերում անդադար աճում է գյուղացիների, բնիկ համայնքների անդամների եւ քաղաքական գործիչների սպանությունների թիվը:
Ռուբի Կաստանյոն ակտիվիստ է եղել, երբ դեռեւս 17 տարեկան գյուղացի աղջնակ էր, որը սատարում էր Մետայի գյուղատնտեսական աշխատողների անկախ արհմիությանը: Երկար եւ ողբերգական պատմություն ունեցող արհմիությունը հիմնվել է Մետայի շրջանի հսկայական տարածքում, որի գյուղատնտեսական հողերը պատկանում են խոշոր հողատերերին, որոնք հաճախ գործում են՝ իբրեւ հողազուրկ գյուղացիների կեղեքիչներ: Ռուբի Կաստանյոյի ծնողները նույնպես այդ համակարգի զոհն էին: «Ես ծնվել եմ մի երկրում, որտեղ ոչինչ չկար, գյուղացիներն իրենց իրավունքների համար պայքարելու, հող ձեռք բերելու եւ ուտելիք հայթայթելու, ինքնաբավություն ապահովող արտադրություն հիմնելու ջանք կամ կամք գրեթե չէին ցուցաբերում», - բացատրում է նա:
Նա հիշում է, որ 1970-ականներին, երբ դեռ երեխա էր, իր ծնողները պայքարում էին այդ արհմիության համար, որը հողը վերաբաշխեց գյուղացիներին հավասար հողաբաժիններով: Կաթոլիկ եկեղեցու օգնությամբ նույն արհմիությունը Ռուբիի նման գյուղացի երեխաների համար դպրոցներ բացեց. «Արժեքները, որ մեզ սովորեցնում էին դպրոցում, հարգանքն էր հողի եւ շրջակա միջավայրի նկատմամբ, բայց նաեւ՝ գյուղացիների իրավունքների իմացությունը»:
Բնականաբար, նա սատարեց արհմիությանը եւ, ի վերջո, ընտրվեց որպես դրա տարածաշրջանային փոխնախագահ՝ հետագայում դառնալով կազմակերպության գլխավոր քարտուղար: Բազմաթիվ առիթներով մահվան սպառնալիքներ ստանալուց եւ մի քանի մահափորձերից հետո նա ստիպված էր հրաժարական տալ եւ 2006 թ. մեկնել Իսպանիա՝ որպես տարագիր։ Սակայն նա այժմ վերադարձել է եւ նոր ընկերություն է ղեկավարում։
Ռուբի Կաստանյոն խրախուսեց հողազուրկ գյուղացիների համար ASOCATDAME ընկերակցության ստեղծումը, որը խթանեց հետագա միասնությունը: Նա նաեւ մայր է՝ նվիրված կանանց եւ նրանց իրավունքների պաշտպանությանը: «Թեեւ 2016 թ. Կոլումբիայի կառավարությունը խաղաղության պայմանագիր է կնքել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի պարտիզանների հետ, տեղում իրադրությունը չի բարելավվել», - վշտացած ասում է նա՝ ավելացնելով, որ տեղական առաջնորդների սպանությունների թիվն ավելացել է։ Իրենց հողի վրա մարդկանց արժանապատիվ ապրելու կարողության համար Ռուբիի պայքարը վերածվել է մարդու իրավունքների կամ, պարզ ասած, կյանքի իրավունքի համար մղվող պայքարի։
Ռուբին ասում է, որ կառավարությունը չի կատարել գյուղացիների հանդեպ իր պարտավորությունները: Փաստորեն, հետկոնֆլիկտային ժամանակահատվածում բռնությունը վերստին ի հայտ է եկել եւ էլ ավելի սաստկացել: Դրան գումարվում է նաեւ բռնություն ծնող թերությունները վերացնելու հարցում կառավարության քաղաքական կամքի բացակայությունը: Աղքատությունը շարունակում է մնալ իբրեւ երկրին բնորոշ վիճակ, իսկ անհավասարությունը երբեք այդքան մեծ չի եղել խոշոր հողատերերի եւ միլիոնավոր գյուղացիների միջեւ, որոնց գոյությունն սպառնալիքի տակ է. «Կոլումբիան հարուստ երկիր է իր կենսաբազմազանությամբ եւ բերրի հողերով, եւ մենք մոնոկուլտուրաներ ենք մշակում սննդի արդյունաբերության համար՝ ի վնաս գյուղացիների: Իսկ դա սպառնում է ինչպես ֆերմերներին, այնպես էլ շրջակա միջավայրին», - նշում է նա:
Չնայած անկառավարելի ծավալի աշխատանքի եւ իր կյանքի սպառնալիքի վտանգի հյուծող համադրությանը՝ Ռուբի Կաստանյոն հանձնվելու մտադրություն չունի։ Նա պարզապես չի կարող դա անել․ «Այս պայքարում շատերը զոհվել են: Ես պայքարում եմ նաեւ նրանց համար եւ հուսով եմ, որ նրանց բախտին չեմ արժանանա: Հարցը մարդու կյանքի սկզբունքներն են: Առանց պայքարից նահանջելու, առանց պարտված զգալու։ Սա պայքար է նաեւ մեր արժանապատվության համար․ ուրի՛շ երկիր ունենալու համար»։
Գլխավոր լուսանկարը՝ Տանյա Ուոլ Սորենսեն