Այս պատմությունը ֆրանսիացի փորձառու մարդասերի եւ գերմանական առեւտրային նավատորմի հմուտ կապիտանի անսպասելի համագործակցության մասին է: Մինչեւ փախստականների աջակցության պայքարին միանալը նրանք միմյանցից միանգամայն տարբեր կյանք են վարել, բայց Միջերկրական ծովում ուժգնացող ողբերգության ալիքը նրանց մեջ զգոնություն է արթնացրել եւ մղել համատեղ գործելու:
Ազգագրություն, մարդաբանություն եւ քաղաքագիտություն ուսումնասիրած Սոֆի Բոն բավականին շուտ է հասկացել, որ, դիտորդի դերով սահմանափակվելով, երբեք իրեն լիարժեք մարդ չի զգալու: «Շատ հետաքրքիր է եւ շատ ավելի լավ է այդ հմտություններն օգտագործել զարգացման ու համագործակցության նախագծերում», - բացատրում է նա: Սոֆին շատ է ճանապարհորդել աշխարհով մեկ եւ շատ բան է սովորել բժշկական հայտնի հասարակական կազմակերպության հետ Աֆրիկա, Ասիա եւ աշխարհի այլ տարածաշրջաններ կատարած բազմաթիվ ճամփորդություններից: Վերադառնալով Ֆրանսիա՝ նա աշխատում էր Մարսելում եւ համակարգում այնպիսի առաքելություններ, որոնք առողջապահությունը մատչելի էին դարձնում ամենից անբարենպաստ պայմաններում ապրողների համար:
Չունենալով բավարար քանակի փրկարարներ եւ եվրոպական գործընկերների աջակցությունը՝ իտալական նավատորմը 2014 թ. ստիպված էր դադարեցնել Միջերկրական ծովում Mare Nostrum փրկարարական գործողությունը, որն սկիզբ էր առել 2013 թ. հոկտեմբերին՝ հաջորդելով Լամպեդուզայի ողբերգությանը, երբ նավաբեկությունը 366 միգրանտի կյանք էր խլել: «Եվրոպական միությունն անտեսում էր Իտալիայից եկող ահազանգերը՝ նրան մենակ թողնելով առաջնագծում, իսկ այդ երկիրը տնտեսական ու ֆինանսական լուրջ ճգնաժամ էր ապրում, - ասում է Սոֆին եւ ավելացնում,- 2014 թ. նոյեմբերին Միջերկրական ծովում այլեւս չկար նույնիսկ մեկ փրկանավակ, բայց մարդկանց ապօրինի տեղափոխումը շարունակվում էր: Շատերն էին փախչում Լիբիայից: Ծայրահեղ մահաշունչ ձմեռ էր՝ ամենամահաբերը Միջերկրական ծովում»:
Այդ տարի Սոֆի Բոն հանդիպեց կապիտան Կլաուս Ֆոգելին:
Սոֆի Բոն փրկարարական նավի վրա: |
Ծնունդով համբուրգցի Կլաուս Ֆոգելը նավարկել է երկրագնդի բոլոր ծովերով: 1982 թ. երիտասարդ Կլաուսը Չինական ծովում նավարկող բեռնատարի անձնակազմի անդամ էր: Մի անգամ, երբ նավը վերադառնում էր Եվրոպա, կապիտանը ստիպեց նրանց փոխել ճանապարհը, խուսափելու համար այսպես կոչված «նավով մարդկանցից», որոնք փախչում էին՝ փրկվելու Վիետնամի կոմունիստական բռնապետությունից: Տարիներ շարունակ Կլաուսը ցավում էր, որ չի փրկել այդ կանանց ու տղամարդկանց: Երբ Իտալիան դադարեցրեց Mare Nostrum ծրագիրը, վիետնամացի փախստականների մղձավանջային պատկերները կրկին հառնեցին նրա աչքի առջեւ, բայց այս անգամ Կլաուսն ուներ քայլեր ձեռնարկելու վճռականություն: Կլաուսը կարող էր պարծենալ իր ծովային երկարամյա փորձով, սակայն մարդասիրական աշխարհի հետ երբեւէ չէր առնչվել: Սոֆի Բոն դարձավ նրա ուղեցույցը դեպի այդ աշխարհ: 2015 թ. մայիսին նրանք միասին հիմնեցին SOS Méditerranée կազմակերպությունը:
«Ինձ վրա խոր ազդեցություն է թողել այդ մարդկանց հետ աշխատելու իմ փորձը, որոնց ահռելի վտանգ է սպառնում եւ ապրում են մահացու վախի մեջ: Անհնար է պատկերացնել, թե դա ինչ է: Այն փոխում է մարդուն: Ինձ համար եւ այն մարդկանց համար, որոնց հետ աշխատում եմ, հստակ է, որ մենք պարտավոր ենք փրկել եւ հնարավորինս օգնել այդ մարդկանց», - «Դոյչե Վելլե»-ին տված իր հարցազրույցում ասել է Կլաուս Ֆոգելը:
Մինչ նա Aquarius փրկարարական նավի պայմանագիրն էր կնքում եւ հոգում տեխնիկական բոլոր հարցերը, Սոֆին ծրագիրն էր կազմում եւ ֆինանսական հոսքեր ապահովում: «Որպես քաղաքացի եւ եվրոպացի՝ մենք չենք կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Միջերկրական ծովում, մենք չենք կարող օգնության չհասնել մարդկանց, որոնք խեղդվում են մեր աչքի առջեւ, - նշում է Սոֆին,- SOS Méditerranée-ը Կլաուսի գաղափարն էր, դա նրա նախաձեռնությունն էր: Չմոռանանք, որ այդ ժամանակ միգրացիոն այդ ճգնաժամը շատ քիչ էր լուսաբանվում. նույնիսկ եթե բոլորը գիտեին, միեւնույն է՝ լրատվամիջոցները չէին խոսում դրա մասին»:
Կլաուս Ֆոգելն օգնում է փախստականներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը: |
Նորաստեղծ հասարակական կազմակերպությունը նվիրատու բազմաթիվ կառույցների դռներ թակեց, բայց նրանց զարմացրեց հատկապես Եվրոպայի քաղաքացիների մասնավոր նվիրատվությունների հոսքը: Հասարակական դրամահավաքի շնորհիվ ընդամենը վեց շաբաթում 275.000 եվրո գումար հանգանակվեց: Նույնիսկ այսօր ասոցիացիայի կարիքների 98 տոկոսը շարունակում են հոգալ մասնավոր նվիրատվությունների շնորհիվ:
Կամավորության վրա հիմնված շահույթ չհետապնդող SOS Méditerranée կազմակերպությունը գործում է քաղաքական որևէ ուժից անկախ եւ որքան հենվում է բարոյական նորմերի վրա, նույնքան էլ՝ ծովային իրավունքի վրա, որը պահանջում է ծովում օգնություն ցուցաբերել մարդկանց: Ասոցիացիան երեք հիմնական նպատակ է հետապնդում. փրկել կյանքեր, պաշտպանել փրկվածներին եւ ներկայացնել ծովում տիրող ծանր վիճակը: Սրանք են հիմնական արժեքները, որոնց ձգտում են հետեւել Կլաուսն ու Սոֆին:
Նրանց գործունեության բնույթի պատճառով ծայրահեղ աջակողմյան մի խմբավորում ներխուժել ու կողոպտել էր SOS Méditerranée-ի Մարսելի գրասենյակը: Կազմակերպությունը մի քանի անգամ բախումներ էր ունեցել Լիբիայի առափնյա պահակախմբերի հետ, քանի որ վերջիններս փորձում էին կտրել Իտալիա ուղեւորվող գաղթականների նավերի ճանապարհը: Մարդասիրության ոլորտի աշխատողների նկատմամբ սպառնալիքներն աճում են, իսկ կազմակերպությունն ստիպված է գործել եվրոպական կառավարություններից եկող ճնշումների տակ:
Ամեն տարի հազարավոր փախստականներ փորձում են Եվրոպա հասնել ծովով: |
Այդ ամենի հետեւանքով 2018 թվականին Aquarius նավի պայմանագիրը դադարեցվեց: Թիմը հարկադրված էր ուրիշ նավ փնտրելու: Նրանք հաղթահարեցին մարտահրավերը, եւ 2019 թ. օգոստոսին նոր՝ Ocean Viking կոչվող նավը վերադարձավ ծով՝ փրկելու ավելի շատ գաղթականների: Այսօր Ocean Viking նավը շարունակում է իր առաքելությունը՝ ծածանելով Նանսենի հայրենիքի՝ Նորվեգիայի դրոշը, որը հարգում է ծովային եւ մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում:
Չնայած քաղաքական վատթարացող իրավիճակին՝ Սոֆին, Կլաուսը եւ SOS Méditerranée-ի բոլոր կամավորներն անկոտրում են կյանքեր փրկելու իրենց վճռականության մեջ. «Մենք հայտնվել ենք ծայրահեղորեն քաղաքականացված եւ լրատվական դաշտի կողմից շահարկված խնդրի առջեւ, որը նախեւառաջ պետք է մարդասիրական լիներ: Ծովի եւ փախստականների իրավունքները չափազանց հստակ են եւ տարընթերցումների տեղիք չեն տալիս: Դա մարդու իրավունքների խնդիր է»: