Հեղինակ՝ Ջուլյա Ռեյսներ
Հադի Ջումանը եմենցի խաղաղության ակտիվիստ է եւ սոցիալական զարգացման մասնագետ, որը համագործակցում է հակամարտության երկու կողմերի հետ, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակումը եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ կառավարության եւ Հութի կոչվող զինված խմբավորման միջեւ ծավալված քաղաքացիական պատերազմի հետեւանքով երկիրը շարունակում է ներքաշված մնալ երկարատեւ քաղաքական, հումանիտար եւ զարգացման ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը եւ նրա՝ կամավորների փոքր խումբը հաճախ վտանգում են իրենց կյանքը, որպեսզի ընտանիքներին տան միակ սփոփանքը, որ նրանց՝ անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:
Հադի Ջումանը ծնվել է Ալ Հազմում՝ Եմենի հյուսիսային հատվածում գտնվող Ալ Ջաուֆ նահանգի գլխավոր քաղաքում: Այն շատ աղքատ ու հեռավոր շրջան է, եւ նույնիսկ պատերազմից առաջ բնակչությանը խիստ սահմանափակ ծառայությոններ էին հասանելի, ներառյալ՝ կրթությունը: «Ալ Ջաուֆ տանող միայն մեկ ճանապարհ կա, որը կառուցվել է 1970-ականներին, եւ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ զրկված է տարրական հնարավորություններից»,- բացատրում է Հադին: «Իմ դաստիարակությունը շատ պարզ է եղել: Ես մեծացել եմ՝ իմ շրջապատում տեսնելով անհանգստություն եւ հակամարտություններ»:
Որոշ ժամանակ Հադի Ջումանը կամավոր է աշխատել Երիտասարդության եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական ամառային ճամբարների ցանցում: Այդ ժամանակահատվածը մեծ ազդեցություն է գործել նրա վրա, քանի որ ծրագիրը շեշտը դնում էր սեփական երկիրը եւ համայնքը սիրելու անհրաժեշտության վրա: Սոցիալական զարգացման հիմնադրամում աշխատելուց հետո, որը տարբեր ծրագրեր է իրականացնում Եմենում, Հադի Ջումանը վերադարձավ Ալ Ջաուֆ: Այս ընթացքում սկսվեց պատերազմը:
«Մարտերն արդեն ընթանում էին Ալ Ջաուֆում, եւ հիմնականում տեսնում էինք, որ երկու կողմից էլ բազմաթիվ մարդիկ էին զոհվում մարտի դաշտում: Առաջնագիծը միշտ փոխվում էր, կռվողներն առաջ էին շարժվում՝ զոհվածներին պարզապես թողնելով նույն տեղում»,- հիշում է Հադին: Նա զգաց, որ պետք է ինչ-որ բան անի: «Այդ ընթացքում ինձ արդեն մոտեցել էր մի մարդ, որն ինձ գիտեր դեռ հակամարտությունից առաջ: Նա ինձ ասաց. «Ես գիտեմ՝ դու միշտ փորձել ես օգնել մարդկանց քո մարդասիրական աշխատանքով: Կարո՞ղ ես օգնել ինձ առաջնագծից դուրս բերել իմ երկու հարազատների՝ եղբորս եւ զարմիկիս մարմինները»: Ու ես գնացի աճյունների ետեւից»:
Առաջին մարմինը մոտ էր: Նրանք կարողացան արագ հասնել դրան, դուրս բերել եւ հանձնել ընտանիքին: Երկրորդը փոքր-ինչ հեռու էր այն վայրից, որտեղ Հադին ապրում էր: 2015 թվականն էր՝ Սաուդյան Արաբիայի միջամտության ամենաթեժ պահը, երբ բազմաթիվ օդային հարվածներ եղան: «Մենք պետք է անցնեինք որոշակի տարածություն, ու չափազանց վտանգավոր էր փորձել այն անցնել ճանապարհով՝ իմանալով, որ կլինեն օդային հարվածներ: Երբ տեղ հասանք, ես տեսա, որ իրականում այնտեղ բազմաթիվ մարմիններ էին մնացել: Ես չէի կարող դուրս բերել միայն մեկին: Պատասխանատվություն էի զգում: Այդ մարդիկ հաստատ ունեին ընտանիքներ՝ մայր, քույր, կին, որ նրանցից նորության էին սպասում»,- հիշում է Հադին: Շուրջը 19 մարմին կար՝ բաց երկնքի տակ․ նա որոշեց դուրս բերել բոլորին:
Բայց մարմինները վերադարձնելը միայն գործի կեսն էր. «Մենք սկսեցինք կապ հաստատել [հնարավոր հարազատների հետ]: Մենք չգիտեինք, թե ովքեր էին այս մարդիկ եւ փորձում էինք պարզել նրանց ինքնությունը: Մենք պետք է գործի դնեինք մեր հմտությունները եւ կապ հաստատեինք հակամարտության երկու կողմերի հետ ու համոզեինք նրանց, որ մենք այնտեղ ենք, որպեսզի օգնենք: Մենք հարցնում էինք՝ արդյոք ճանաչո՞ւմ էին այդ տարածքում զոհված մարդկանց»: Ի վերջո, Հադին կարողացավ գտնել պատասխանատուին, գնաց մայրաքաղաք Սանաա եւ այնտեղ պարզեց, թե ովքեր էին բոլոր տասնինը զոհվածները. բոլորը նույն թաղամասից էին:
Նրա հաջողված առաքելության մասին լուրը տարածվեց, եւ ամեն ինչ սկսեց ավելի արագ տեղի ունենալ: Օգնության սպասող ընտանիքներն սկսեցին դիմել Հադիին: Նա հասկացավ, որ ժամանակն է գործողությունն ընդլայնելու եւ ամեն ինչ պաշտոնական հիմքի վրա դնելու՝ հույս ունենալով, որ գրանցված լինելն առաքելությունն ավելի ապահով կդարձնի իր եւ թիմի համար: «Մենք սկսեցինք աշխատանքն իբրեւ կամավորներ, բայց մի քանի անգամ կալանավորվելուց հետո ես զգացի, որ պետք է պատշաճ գրանցում ունենանք, որպեսզի երբ մարդիկ դիմում են մեզ, մեր փաստաթղթերը պատրաստ լինեն: Մենք ստեղծեցինք կազմակերպություն, որը կոչեցինք «Հումանիտար միջնորդներ»»,- ասում է Հադին:
Կամավորները՝ ներառյալ Հադին, չունեն հատուկ պատրաստվածություն եւ ստիպված են եղել ամեն ինչ սովորել աշխատանքի ընթացքում, ինչը կրկնակի ռիսկ է: Առաջինը վերաբերում է հենց աճյունների հետ աշխատանքին՝ անկախ տեղափոխման ժամանակ առկա պաշտպանիչ հագուստից: Երկրորդ վտանգն այն է, որ հակամարտությունը շարունակում է մնալ ակտիվ փուլում: Անկախ գործադրած ջանքերից՝ շատ կռվողներ դեռ չեն վստահում Հադիին եւ նրա կամավորներին՝ նրանց համարելով անկոչ հյուր կամ ավելի վատ՝ լրտես: «Շատ դեպքեր են եղել, երբ ինձ բռնել են: Մի անգամ, երբ ուղեւորվում էի հերթական առաքելության, կորցրի մեքենաս, քանի որ այն հայտնվեց հրթիռակոծման թիրախում: Ես կարողացա փախչել, բայց մեքենան ոչնչացվեց»,- հիշում է նա:
Սերտ աշխատելով հակամարտության երկու կողմերի հետ՝ նա տեսավ մեկ այլ հնարավորություն եւս: Կռվի ընթացքում շատ մարդիկ էին գերեվարվել, եւ Հադին զգաց, որ միջնորդի մանդատով հնարավոր կլինի կազմակերպել գերիների փոխանակումը, եւ իր կազմակերպությունն սկսեց զբաղվել այդ հարցով: Շատ թաղամասերում կային հաղորդակցության խափանումներ, էլեկտրաէներգիայի պակաս եւ մարդասիրական օգնության խիստ կարիք: Այս ամենը պահանջում էր համապատասխան միջնորդների առկայություն, որոնք կհամոզեին հակամարտող կողմերին թույլ տալ, օրինակ՝ կապի ինժեներներին մտնել տարածք եւ նորոգել գծերը:
Շատ գյուղեր տուժել են մատակարարման շղթայի խափանումից: Մարդասիրական օգնության մեծ մասը գալիս էր Սաուդյան Արաբիայից, սակայն հակամարտության բնույթով պայմանավորված՝ մյուս կողմն այնքան էլ ուրախ չէր դրա բաշխման համար, ուստի Հադիի թիմն ստիպված էր միջամտել եւ համոզել նրանց, որ մարդիկ ունեն օգնության կարիք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս: Նրանք մասնավորապես այս հարցին գտան պարզ լուծում. «Մենք մարդասիրական օգնության փաթեթների վրայից ուղղակի հանեցինք ցանկացած պիտակ կամ անուն եւ առաքեցինք այդ տարածքներ ու գյուղեր»։
Սկզբում 75 կամավոր էր աշխատում Հադիի կազմակերպությունում՝ թե կին, թե տղամարդ, բոլորն էլ Ալ Ջաուֆից: Թեեւ նրանց ծառայությունների պահանջարկը մեծ էր, բայց ֆինանսական աջակցություն գտնելը բարդ գործ դուրս եկավ, եւ, ի վերջո, մարդկանց թիվը կրճատվեց՝ հասնելով տասնհինգի: «Իմ ձեռքի տակ այժմ 1.300 անհետ կորածի տվյալ կա: Ես կարողացել եմ գտնել 700-ի հետքը: Այս կազմակերպությունը կախված է կամավորներից եւ ինձնից, մենք էլ փորձում ենք գտնել ֆինանսավորման աղբյուրներ, անհատ դոնորներ: Ես ստիպված էի մեծ գումարներ վերցնել եւ ամբողջությամբ թաղված եմ պարտքերի մեջ: Առայժմ մեր ունեցած ֆինանսական հիմնական աղբյուրը մի հողակտոր էր, որը ստիպված էի վաճառել, որպեսզի փակեմ ծախսերը»,- ցավով նշում է Հադին:
Նա խորապես երախտապարտ է եւ մեծապես գնահատում է իր ընտանիքին եւ ընկերներին, որոնք աջակցել են նրան հենց սկզբից եւ շարունակում են օգնել նաեւ այսօր: «Ես մեծ պարտքի զգացում ունեմ մորս հանդեպ, քանի որ նա է իմ մեջ սերմանել մարդկանց օգնելու գաղափարը, որ պետք է օգնեմ մարդկանց երբ կարող եմ եւ երբ կա այդպիսի հնարավորություն: Իմ ընտանիքն է ինձ տվել այն հողակտորը, որը վաճառել եմ, որպեսզի կարողանամ շարունակել աշխատանքս: Իսկ իմ ընկեր Նադվա Դոսարին շարունակում է ինձ խրախուսել եւ առաջ մղել»,- ասում է Հադին:
Այդուհանդերձ, այս գործի մարտահրավերներն անխուսափելիորեն իրենց հետքն են թողնում նրա վրա․ «Շատ է լինում, երբ թեւաթափ եմ լինում: Աշխատանքը չափազանց շատ է, եւ այնպիսի զգացողություն ունեմ, կարծես, պետք է դադար տալ: Բայց հետո ինձ զանգում է ինչ-որ մեկի մայրը կամ քույրը, ու ես չեմ կարողանում թողնել նրանց առանց սփոփանքի․ նրանք պետք է գոնե մխիթարվեն՝ իրենց որդուն կամ եղբորը հողին հանձնելով: Ու դա օգնում է ինձ շարունակելու աշխատանքս»,- ասում է Հադի Ջումանը: «Մենք բոլորս մարդ ենք: Պատասխանատվության այս զգացումը, մարդկանց ինչ-որ կերպ օգնելու մարդասիրական այս մղումը. ահա, թե ինչն է հարցը: Եվ երբեմն, երբ թեւաթափ ես լինում, ընկերոջիցդ ստացած միայն մեկ զանգը քեզ վստահություն է ներշնչում չհանձնվել եւ շարունակել»: