2024 թ. «Ավրորայի» միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն անցկացվեցին Լոս Անջելեսում 2024 թ. մայիսի 8-10-ը: Դրանք իրականացվեցին Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Մայիսի 8-ին կազմակերպված ընդունելությանը հրավիրված հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան շփվելու «Ավրորայի» հերոսների հետ՝ այս եւ անցած տարիների, ու հենց նրանցից լսելու վերջիններիս ոգեշնչող աշխատանքի մասին: Ընդունելությանը բացման խոսքով հյուրերին ողջունեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին եւ այլ բանախոսներ:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորում
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Այն համախմբել էր համաշխարհային առաջնորդների, ակտիվիստների, գործարարների եւ գիտնականների՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ համաշխարհային առողջապահական ճգնաժամ, բռնի տեղահանություն, կլիմայի փոփոխություն, գենդերային արդարություն, արհեստական բանականություն, կրթության իրավունք, բարեգործություն եւ այլ թեմաներ: Նրանք, ովքեր չկարողացան անձամբ ներկա գտնվել, ինչպես օրինակ CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան, հատուկ տեսաուղերձներ էին ձայնագրել՝ հարգանքի տուրք մատուցելով 2024 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներին, նրանց փոխանցելով հույսի ուղերձ:
«Այս համագործակցությունն իսկապես բնական ընթացք է մեզ համար՝ հաշվի առնելով մեր ընդհանուր արժեքները, մեր ընդհանուր նպատակները եւ այն դրվագը, որ մենք պետք է բոլորս բարձրացնենք մեր ձայնը, ուստի այն ավելի լավ պահի չէր կարող լինել», - իր բացման խոսքում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը: «Այսպիսի միջոցառումները հիմնականում նպաստում են քննարկումներին, ոչ թե մենախոսությանը: Միավորելով բարերար համայնքին, մարդու իրավունքների պաշտպաններին, գիտնականներին, լրատվամիջոցներին եւ գործարարներին՝ մենք լիովին վստահ ենք, որ պարարտ հող կունենանք ոչ միայն քննարկելու եւ մարտահրավերները բացահայտելու համար, այլեւ ավելի կարեւորի՝ լուծումների համար»:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը մեկնարկեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանի եւ Միլքենի ինստիտուտի նախագահ Մայքլ Միլքենի հետ քննարկմամբ՝ ինչպես կառուցել ավելի լավ ապագա բոլորի համար:
«Ինձ համար «Ավրորա» մրցանակը եւ մեր միավորվելու պատճառը խորհրդանիշն է այն բանի, որ աշխարհի ինչ-որ մի գյուղում պարզապես սովորական մի մարդ կարող է փոխել պատմության ընթացքը»,- ասաց Մայքլ Միլքենը: «Եվ այսօր այնքան շատ մարդ է ողջ, որովհետեւ ինչ-որ մեկը պատմության մեջ ինչ-որ պահի ապաստան տվեց ձեր ծնողներին, ձեր տատիկներին եւ պապիկներին, ձեր նախապապերին: Պարտադիր չէ լինել գերմարդ կամ հրաշագործ. բոլորը կարող են նպաստել այս ջանքերին»:
Էրիկ Էսրայիլյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Մայքլ Միլքենին «Ավրորայի» հետ համագործակցության համար եւ ոչ միայն. «Շնորհակալ եմ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, շնորհակալություն, որ այդքան շատ մարդկանց կյանք եք փոխել աշխարհով մեկ, այդ թվում՝ նաեւ իմ կյանքը», - ասաց Էրիկ Էսրայիլյանը:
2024 թ. «Ավրորայի» հերոսներին նվիրված քննարկմանը ներկայացվեցին նրանց ազդեցիկ ձեռքբերումները՝ միաժամանակ լույս սփռելով մարդասիրական աշխատանքի բարդությունների վրա: Քննարկումը վարում էին Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն, Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը:
«Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտն ուրախ է համատեղ հյուրընկալելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու «Ավրորայի» հեղինակավոր միջոցառումներն այս շաբաթ»,- նշեց պրոֆեսոր Գերին: «Մեր մասնակցությունն այսօրվա միջոցառումներին իսկապես վառ հիշեցում է այն կենսական դերի մասին, որ բարձրակարգ կրթական հաստատություններն ունենում են մարդու իրավունքների ոլորտում՝ միտքն առաջնորդելու եւ մարդասերների ու իրավապաշտպանների հաջորդ սերնդի վերապատրաստման միջոցով»:
Ամփոփելով քննարկումը՝ Արմինե Աֆեյանն ասաց. «Դենիսը, Աբդուլհադին եւ Նասրինը մարդկայնության լավագույն դրսեւորումն են։ Նրանք միասին լույս են խավարում, եւ այստեղ գտնվող «Ավրորայի» հերոսների հետ, որոնք ամեն օր անձնվիրաբար օգնում են ուրիշներին, նրանք կազմում են մի հզոր, գեղեցիկ համաստեղություն: Մեր բոլորի խնդիրն է օգնել մնացած աշխարհին հստակ տեսնելու այդ համաստեղությունը»:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումում հիմնական ելույթով հանդես եկավ Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը: Նա խոսեց ժողովրդավարության անկման եւ այլ խնդիրների մասին՝ անդրադառնալով իր աշխատանքին կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային պայմանագրի շրջանակում եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի՝ իր փորձառությանը: Միաժամանակ նա կարեւորեց նաեւ իրավապաշտպանների դերը. «Մի՞թե մենք բոլորս չենք հիանում այն ձայնով, որը պատրաստ է հաղթահարելու մարդկային բնազդներից ամենառաջնայինը՝ մարդկային գոյատեւման բնազդը, հանուն այն սկզբունքի պաշտպանության, որն առնչվում է ողջ մարդկությանը»:
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն. փառաբանելով մարդկայնությունը
Նույն օրն ավելի ուշ հյուրերը մասնակցեցին 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը եւ Երախտագիտության ընթրիքին, որտեղ բացման խոսքով հանդես եկավ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը, որը «Ավրորայի» եւ «Խոստում» ինստիտուտի ներկայացուցիչներին հանձնեց Երախտագիտության հավաստագիր: Մրցանակի շնորհման արարողությունը վարում էին «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավար, լրագրող եւ նովելիստ Դեյվիդ Իգնաթիուսը եւ UWC Դիլիջանի դպրոցի շրջանավարտ, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու Դալյա Աթալլահը:
Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան դիտելու World Central Kitchen մարդասիրական կազմակերպության հիմնադիր Խոսե Անդրեսի հատուկ տեսաուղերձը, որը կոչ արեց աշխարհին «պաշտպանել եւ աջակցել նրանց, ովքեր առաջնագծում են» մարդասիրական ճգնաժամերի: Ապա մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվել են մարդասիրական գործունեություն իրականացնելիս: Հաջորդը ելույթ ունեցավ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն:
«2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում վկայում են այն մասին, թե ինչերի կարող ենք հասնել, երբ միավորում ենք ուժերն իրական, նվիրված եւ ալտրուիստ մարդկանց հետ, ինչպիսին դուք բոլորդ եք այստեղ եւ շատ ուրիշներ, որոնք աշխատում են ձեզ հետ կուլիսներում»,- ասաց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանն իր ելույթի ժամանակ: Այնուհետեւ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերին ուղղեց խաղաղության եւ ներդաշնակության խոսքեր:
Ջութակահար Դիանա Ադամյանը հանդիսատեսին հուզեց Կոմիտասի «Կռունկի» կատարմամբ, որը նվիրեց մերօրյա ոճրագործություններից տուժած մարդկանց:
««Ավրորան» ոչ միայն բարձրացնում է Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային իրազեկությունը՝ ժամանակակից աշխարհում նման ոճրագործությունները կանխելու համար, այլեւ աջակցում բացառիկ անհատների ամբողջ աշխարհում, որոնք անգնահատելի աշխատանք են իրականացնում ուրիշներին օգնելու համար»,- նշեց դերասան Ջո Մանգանիելոն՝ խոսելով ցեղասպանությունը վերապրածների պատմությունները ներկայացնելու պատասխանատվության մասին՝ ինչպես իր մեծ տատի պատմությունը:
Ցավոք, «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը չէր կարող ներկա գտնվել Լոս Անջելեսի միջոցառումներին, քանի որ նա Բաքվի բանտում է, որտեղ նրան շարունակում է ապօրինաբար պահել Ադրբեջանի կառավարությունը: Նրա կինը՝ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, ամուսնու ուղերձը փոխանցեց հյուրերին Հայաստանում տեսագրված հուզիչ տեսանյութով։
«Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորայի» հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին, ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: <…> Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ եւ ավելի բարի վայր դարձնելու համար», - ասված էր Ռուբեն Վարդանյանի ուղերձում:
«Բազմաբեւեռ ճգնաժամերի այս ժամանակաշրջանում աշխարհի մեծագույն ճգնաժամերից շատերը մնում են աննկատ կամ անտեսվում են: Մարդիկ ծանրաբեռնվում են։ Կարեկցանքը չի աշխատում: Այս երեւույթն ունի անուն, այն կոչվում է հոգեկան թմրություն: Ու թեեւ սա հասկանալի է, բայց լավ չէ: Դա է հիմնական պատճառը, որ մենք ստեղծեցինք «Ավրորան» այնպես, ինչպես որ կա: <…> «Ավրորան» մոռացվածի կողքին է, դա մեր ԴՆԹ-ի մեջ է: Մոռացված մարդիկ, մոռացված ճգնաժամեր, մոռացված ցեղասպանություններ»,- իր այս ազդեցիկ խոսքերով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը դիմեց արարողության մասնակիցներին եւ հյուրերին:
Ամենահիշարժան պահերից էր «Գրեմմիի» առաջադրված երգիչ եւ երգահան Ալոե Բլեքի ելույթը: 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Նա ներկայացրեց իր նոր՝ «SHINE» երգը՝ այն նվիրելով նրանց, ովքեր հույսի լույս են վառում խավարի մեջ։ Այս կատարումը հարգանքի տուրք է ուրիշների կյանքը բարեփոխելու անսասան հանձնառությանը:
«Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն Էլիս Գրինվալդը գովաբանեց «Ավրորան» իր համապարփակ մոտեցման համար: «Կարծում եմ՝ «Ավրորայի» համահիմնադիրները փայլուն լուծում գտան տրավմատիկ փորձառությունը հաղթահարելու՝ միաժամանակ արժանին մատուցելով դրա ահռելի նշանակությանը, երբ հանդես եկան ուժ տվող «Երախտագիտությունն՝ ի գործ» հայեցակարգով»,- ասաց տիկին Գրինվալդը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Համդի Ուլուկայան աշխարհում մարդասիրական գործունեություն իրականացող անհատներին համեմատեց ձնծաղիկների հետ, որոնք գարնան եւ հույսի ավետաբերն են: «Նրանք պայքարում են մութ օրերին, երբ շանսերը շատ քիչ են։ Նրանք հավանաբար չեն տեսնի արդարությունը, գեղեցկությունը եւ գալիք լավ օրերը, բայց կպայքարեն ձյան դեմ: Ուստի, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք գարնան հույս տալու համար»,- ասաց պարոն Ուլուկայան:
Մինչեւ 2024 թ. «Ավրորայի» հերոսներին՝ Աբդուլհադի ալ-Խավաջային (Բահրեյն եւ Դանիա), Դենիս Մուկեգեին (ԿԴՀ) եւ Նասրին Սոթուդեին (Իրան) ներկայացնելը՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի նախագահ Լեյմա Գբովեն ընդգծեց «Ավրորայի» «միասնության եւ ներառականության ոգու» կարեւորությունը:
Այս բացառիկ հերոսներին հարգանքի տուրք մատուցեց նաեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին՝ մրցանակի շնորհման արարողությանը հանդես գալով ելույթով. «Ձեր խիզախությունը եւ ձեր նվիրվածությունն արտացոլում են «Ավրորա» մրցանակի բուն ոգին եւ մեր փիլիսոփայությունը, ինչպես լսեցինք մեր հիմնադրից «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի մասին: Եվ մենք ուրախ ենք մեր խորին երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ ձեր կատարած նշանակալի աշխատանքի համար»:
2024 թ. «Ավրորա» մրցանակին արժանացավ հայտնի գինեկոլոգ եւ մարդու իրավունքների պաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեն. նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության պահպանման եւ մայրական մահացության համակարգային խնդրի լուծման համար:
«Իմ յուրաքանչյուր քայլ ոգեշնչված է իմ սիրելի Կոնգոյի սրտում սեռական բռնությունից տուժածների տոկունությամբ ու արժանապատվությամբ: Նրանց քաջությունն ստիպում է մեզ դիմակայելու մարդածին ողբերգությանը եւ ի պատասխան վառելու հույսի ու ապաքինման փարոս»,- ասաց բժիշկ Մուկվեգեն: «Այս մրցանակը միայն ինձ չի պատկանում: Յուրաքանչյուր բուժքույր, բժիշկ, խորհրդատու եւ ցանկացած ոք, ով անխոնջ աշխատում է «Փանզի» հիվանդանոցում եւ դրանից դուրս, սա նրանց մրցանակն է: Սա խաղաղությունը, արդարությունը եւ մարդու իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր անհատի ճանաչումն է, որը հավատում է ապագային, որտեղ տիրում է արդարություն, իսկ ապաքինումը հասանելի է բոլորին»:
Քննարկում Նուբար Աֆեյանի եւ Էրիկ Էսրայիլյանի հետ
2024 թ. մայիսի 10-ին Նուբար Աֆեյանը եւ Էրիկ Էսրայիլյանը բովանդակալից քննարկում ունեցան՝ անդրադառնալով «Ավրորայի» ազդեցությանը վերջին տասնամյակում, մայիսի 9-ի քննարկումներին եւ մրցանակի շնորհման արարողությանը եւ ներկայացնելով «Ավրորայի»՝ ապագայի տեսլականը: Քննարկումը վարում էր Devex մեդիահարթակի հիմնադիր նախագահ եւ գլխավոր խմբագիր Ռաջ Կումարը:
«Ի՞նչ անել, երբ կյանքում քեզ տրվում է երկրորդ հնարավորություն: Այդպես եղավ Ցեղասպանությունը վերապրողների հետ: Դու լույս աշխարհ ես գալիս, ունես ծնողներ: Եվ ահա դու վերածնվում ես, կյանքիդ մնացած հատվածում դու ինչ-որ իրադարձության արդյունք ես, որի հեղինակը դու չես, եւ սկսում ես նորից: Շատ մարդիկ նոր իմաստ են փնտրում իրենց կյանքում: Ոմանք հետտրավմատիկ սթրես են ապրում, իսկ ոմանք վերադառնում են վրեժխնդրությամբ»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Էրիկ Էսրայիլյանը հավելեց. «Հուսով եմ, որ մենք կարող ենք ոգեշնչել մարդկանց՝ գործելու դափնեկիրների պես: Ես չեմ ուզում, որ մարդիկ ոգեշնչվեն հարստությամբ եւ փառքով, ես ուզում եմ, որ մարդիկ ոգեշնչվեն Դենիս Մուկվեգեից: Ցանկանում եմ, որ ավելի շատ մարդ ոգեշնչվի իրենց համայնքում իրականացվող աշխատանքով: Մենք պետք է ներկայացնենք «Ավրորայի» պատմությունը, միավորենք ջանքերն այս բոլոր համախոհների հետ՝ ներկայացնելով պատմություններ եւ փորձելով ոգեշնչել մարդկանց»:
«Ավրորայի լուսաբացը»
Վերջում՝ որպես օրվա ամփոփում, կայացավ բազմաթիվ մրցանակների արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի դիտումը: Այն տեղի ունեցավ Հեմըր թանգարանի Բիլի Ուայլդերի անվան կինոթատրոնում: Դրան հետեւեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հերբ Էլփերթի անվան երաժշտական դպրոցի «Խոստում» ինստիտուտի հայկական երաժշտության, արվեստի եւ մշակույթի ծրագրի տնօրեն Մելիսա Բիլալի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանի, Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերիի, «Բարս մեդիայի» հիմնադիր եւ պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանի, «Բարս մեդիայի» կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Իննա Սահակյանի հետ քննարկումը: Ֆիլմի հեղինակների հետ այս քննարկումով եզրափակվեցին 2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում: