2024 թ. «Ավրորա» մրցանակին են հավակնում մերօրյա հերոսներ Բահրեյնից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եւ Իրանից: Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Լոս Անջելեսում 2024 թ. մայիսին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր հայտարարեց 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:
«Մենք ուրախ ենք հայտարարել այն երեք բացառիկ անհատների անունները, որոնց ընտրել ենք որպես 2024 թ. «Ավրորայի» հերոսներ: Նրանք տարբեր են իրենց կենսափորձով, բայց նրանց միավորում է մարդկությանը ծառայելու նվիրումը: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերել է արտասովոր խիզախություն եւ նվիրվածություն՝ օգնելով այլոց վտանգավոր իրավիճակներում՝ մի կողմ դնելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: -«Իրենց գործունեությամբ նրանք ցույց են տվել աշխարհին, թե ինչ է նշանակում լինել մարդասեր»:
2024 թ. «Ավրորայի» հերոսներն են.
- Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը խիզախորեն պաշտպանել է Բահրեյնի ամենախոցելի համայնքների իրավունքները, հատկապես նրանց, ում իրավունքները պարբերաբար խախտվել են: Աբդուլհադի ալ-Խավաջան մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ 2011 թ. Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար: Որպես հետեւանք՝ զինվորական տրիբունալը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
- Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ գինեկոլոգ եւ մարդու իրավունքների պաշտպան, որը 1999 թվականից բժշկական օգնություն է տրամադրում պատերազմի ժամանակ սեռական եւ գենդերային բռնության ենթարկված կանանց, պայքարում գենդերային հավասարության եւ բռնաբարությունը՝ որպես պատերազմի զենք, Կոնգոյում եւ ամբողջ աշխարհում վերացնելու համար։ Բժիշկ Մուկվեգեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի:
- Նասրին Սոթուդե (Իրան)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը 2003 թվականից հանդես է գալիս որպես փաստաբան՝ ներկայացնելով իրանցի ընդդիմադիր գործիչների, երիտասարդ բանտարկյալների եւ կանանց իրավունքների պաշտպանների շահերը, այդ թվում՝ այն կանանց իրավունքները, որոնք ձերբակալվել են Իրանում պարտադիր գլխաշոր (հիջաբ) կրելու դեմ բողոքելու համար: Իր գործունեության պատճառով Նասրին Սոթուդեն բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ պատիժ կրել նաեւ մենախցում:
«Այս տարի ստացել ենք ավելի քան 700 հայտ, եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը պետք է դժվար ընտրություն կատարեր՝ այդ բացառիկ անհատներից առանձնացնելով երեքին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: -«Այս երեք մարդասերներն անվախ են իրենց գործում՝ աներեւակայելի հանգամանքներում օգնելով այլոց, եւ մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրանց գործունեության եւ ունեցած ազդեցության մասին»:
2024 թ․ «Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլում, որը տեւեց 2022 թ. հունիսի 1-ից մինչեւ 2023 թ. մայիսի 31-ը, ներկայացվել է 732 հայտ՝ ներառելով 675 հերոսի առաջադրում: Հայտերը ստացվել են 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Քենիա, Հայաստան, Նիգերիա, Գերմանիա, Պակիստան, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան եւ Իրան:
«Զարմանալիորեն մեծ է մարդասիրական աջակցության կարիքն աշխարհի բոլոր անկյուններում, եւ «Ավրորայի» կողմից ճանաչման արժանացած յուրաքանչյուր անհատ շոշափելիորեն փոխում է նրանց կյանքը, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, եւ սա ոգեշնչում է մեզ բոլորիս»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր նախագիծն է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը ճանաչման է արժանացնում եւ աջակցում անհայտ հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ օգնելու մարդասիրական ճգնաժամերի եւ իրավախախտումների հետեւանքով տուժած մարդկանց:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մինչ օրս օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, որոնք տուժել են պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների, հետապնդումների եւ այլ խնդիրների հետեւանքով: