2024 թ. «Ավրորայի» հերոսների անունների հայտարարումը

2024 թ. «Ավրորայի» հերոսների անունների հայտարարումը

2023 թ. սեպտեմբերի 18-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց: 

«Որպես «Ավրորայի» Ընտրող հանձնաժողովի նախագահ՝ ես պատիվ ունեմ այստեղ ներկայացնելու մեծ ճանաչում վայելող իմ գործընկերներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ, հայտնի մարդասերներ, գործարար առաջնորդներ եւ պետությունների նախկին ղեկավարներ: Մեզ համար մեծ մարտահրավեր էր 75 երկրից առաջադրված ավելի քան 700 թեկնածուներից ընտրել ընդամենը 3 հերոսների»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: