Նուբար Աֆեյան. «Ունենալով հայկական արմատներ՝ մեր առաքելությունը համաշխարհային է»

Նուբար Աֆեյան. «Ունենալով հայկական արմատներ՝ մեր առաքելությունը համաշխարհային է»

2023 թ. սեպտեմբերի 18-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց: 

«Ունենալով հայկական արմատներ՝ մեր առաքելությունը համաշխարհային է: Մենք փառաբանում ենք եւ ներկայացնում մերօրյա հերոսների աշխատանքը. մարդիկ, որոնք իրենց արտասովոր քայլերով փրկում են եւ փոխում մարդկանց կյանքը՝ հաճախ վտանգելով սեփականը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: - «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր մեր գաղափարակիցն են: Հնարավորության դեպքում խնդրում ենք միանալ մեզ՝ գործով արտահայտելու երախտագիտությունը»: