2020 Aurora Dialogues առցանց քննարկումներ

2020 Aurora Dialogues առցանց քննարկումներ

Միավորելով հայտնի մարդասերների, առողջապահության ոլորտի մասնագետների, գործարարների, գիտնականների եւ բարերարների` Aurora Dialogues քննարկումներն անդրադառնում են ժամանակակից աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրներին: Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 Aurora Dialogues քննարկումներն առցանց են եւ հնարավորություն են տալիս մարդկանց միանալու եւ մասնակցելու աշխարհի տարբեր անկյուններից: 
 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց աշխատանքի վրա, որոնք պայքարում են այսօր տեղի ունեցող վայրագությունների դեմ՝ առաջարկելով իրական եւ էական լուծումներ: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում 2020 թ. Aurora Dialogues քննարկումներն անցել են առցանց ձեւաչափի՝ համագործակցելով Futures Studio քննարկումներ հարթակի հետ, դառնալով առավել հարմար գոյություն ունեցող սահմանափակումների պայմաններում, միեւնույն ժամանակ չվնասելով այս քննարկումների բուն էությանն ու նպատակներին: Շարունակվում են ջանքերը՝ ճանապարհ գտնելու եւ թեթեւացնելու ամենախոցելի մարդկանց բեռը, միաժամանակ խրախուսելով առաջնագծում աշխատող մարդասերներին:

2020 Aurora Dialogues առաջին առցանց քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 11-ին: «Կորոնավիրուս. առաջնագծում պայքարողները» քննարկմանը մասնակցում էին Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկյան ծրագրի ղեկավար Քոմֆորթ Էրոն, «Քրայսիս Էքշըն» (Crisis Action) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդրյու Հադսոնը, CADUS հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սեբաստիան Յունեմանը, ինչպես նաեւ «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր եւ 2018 թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանը: Քննարկումը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը: Բանախոսները քննարկեցին, թե ինչպես են մարդասերներն իրենց գործունեությունն իրականացնում ներկա իրավիճակում, նրանք եւ նրանց կազմակերպություններն ինչ խոչընդոտների են հանդիպում եւ ինչպես են ուժ գտնում՝ շարունակելու իրենց աշխատանքը եւ ցույց տալու աշխարհին, որ սովորական մարդիկ կարող են հսկայական փոփոխություներ իրականացնել:

«Վատագույնին անպատրաստ՝ կորոնավիրուսի վտանգը փախստականների համար» առցանց քննարկումը 2020 թ. հունիսի 19-ին էր՝ Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ: Քննարկմանը մասնակցում էին «Ավրորա» մրցանակի երկու դափնեկիրներ, որոնք սեփական փորձով գիտեն, թե ինչպես գործել ճգնաժամի պահին ու թե ինչ հետեւանքներ է այն ունենում կարիքավորների կյանքում: 

2020 թ. Aurora Dialogues առցանց միջոցառումը՝ «Երբ առաջնորդում են երիտասարդները», տեղի ունեցավ 2020 թ. հուլիսի 30-ին, որին մասնակցում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Սեդիլյոն եւ Լեյմա Գբովեն:

2020 թ. «Ավրորայի» հերոսների հետ հանդիպումը տեղի ունեցավ Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում 2020 թ. օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը, որին մասնակցում էին Սոֆի Բոն, Իլվադ Էլմանը, Սաքինա Յակուբին եւ Անժելիկ Նամայկան: Միանալով մարդասերների համաշխարհային մեծարմանը՝ հանդիպման հիմնական թեման նրանց գործունեությունն էր՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Քննարկումը վարում էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը:

«Հայ բժիշկներն առաջնագծում» Aurora Dialogues առցանց քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. օգոստոսի 27-ին, որը նվիրված էր զարգացող երկրներում առաքելություն իրականացնող հայ բուժաշխատողներին՝ հատկապես պատերազմական գոտիներում եւ աշխարհից կտրված հեռավոր անկյուններում: Երեք բժիշկներ պատմեցին իրենց փորձառության եւ վտանգների մասին, ինչպես նաեւ խնդիրների, որոնց բախվում են անսովոր պայմաններում սահմանափակ ռեսուրսներով աշխատելիս:

«Ինչու աշխատել շահույթ չհետապնդող կազմակերպությունում» Aurora Dialogues առցանց քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 4-ին՝ Բարեգործության միջազգային օրվան ընդառաջ, որի ընթացքում քննարկեցին հասարակական կազմակերպությունում աշխատելու օգուտներն ու մարտահրավերները: Քննարկման նպատակն էր նաեւ ավելի լավ նախապատրաստել երիտասարդներին կարիերայի ընտրության հարցում, օգնել նրանց հասկանալ ավելի մեծ նպատակի ծառայելու եւ մարդկանց կյանքում շոշափելի փոփոխություն իրականացնելու առավելությունները, որն էլ առաջին հերթին նպաստում է հենց նրանց անձնական եւ մասնագիտական զարգացմանը:

2020 Aurora Dialogues առցանց՝ «Մարդասիրության ուժը. Ինչպես հաղթահարել պատերազմն ու ցեղասպանությունը» քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 22-ին: Այն միեւնույն հարթակում միավորեց երկու ականավոր գործիչների՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին եւ Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախկին նախագահ դոկտոր պրոֆեսոր Վոլֆգանգ Հուբերին: Քննարկումը վարում էր ESMT Բեռլինի գործադիր տնօրեն Գեորգ Գարլիհսը: Միջոցառումն իրականացվում էր «Համաշխարհային հեռանկարներ» նախաձեռնության, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ESMT Բեռլինի եւ Պոստդամի Գարիսոն եկեղեցու հիմնադրամի համագործակցությամբ Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում:

Այս տարի UWC Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սինգապուրի UWC Հարավարեւելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողներն իրենց նախագծերը հեռավար ներկայացրին 2020 թ. Aurora Dialogues առցանց քննարկմանը՝ «Արձագանքելով փոփոխություններին. Նոր հորիզոններ կրթության ոլորտում», որին Ֆեյսբուքով եւ «Զում» օնլայն հարթակում ընդհանուր հետեւում էր ավելի քան 3.200 մարդ: Քննարկմանը հետեւում էր նաեւ ականավոր եւ փորձառու մարդասերներից բաղկացած ժյուրին, որոնց թվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի համահիմնադիր Աննա Աֆեյանը, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Teach For All» համաշխարհային ցանցի համայնքային ազդեցության եւ ուսանողների առաջնորդության գծով տնօրեն Սանայա Բարուչան եւ «UWC International»-ի նախագահ, դոկտոր Մուսիմբի Քանյորոն: Միջոցառումը կազմակերպվել էր Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ:

2020 թ. դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Aurora Dialogues քննարկումների «Տրավման եւ դրա հաղթահարման ձեւերը» խորագրով առցանց միջոցառումը՝ դիտարկելու տրավման եւ դրա ազդեցությունն անհատների, ընտանիքների եւ համայնքների վրա։

Aurora Dialogues քննարկումները մեկնարկել են 2016 թվականին եւ ծավալվել ամբողջ աշխարհում հաջորդող տարիներին՝ 2017, 2018  եւ 2019 թվականներին: