Տրավման եվ դրա հաղթահարման ձեվերը

Տրավման եվ դրա հաղթահարման ձեվերը

2020 թ. դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Aurora Dialogues քննարկումների «Տրավման եւ դրա հաղթահարման ձեւերը» խորագրով առցանց միջոցառումը՝ դիտարկելու տրավման եւ դրա ազդեցությունը անհատների, ընտանիքների եւ համայնքների վրա։ Ռուսալեզու քննարկմանը բանախոսներն անդրադարձան նաեւ տրավմայի բուժման տարբերակներին եւ տրավմածին ախտանշանների հաղթահարման ձեւերին։ 
 

Futures Studio քննարկումների հարթակի հետ համատեղ կազմակերպված միջոցառման բանախոսներն էին Աիդա Վարդանյանը եւ բ.գ.թ. Արմեն Մինասյանը։ COVID-19 համավարակի պատճառով Aurora Dialogues քննարկումները 2020 թվականին տեղափոխվել են առցանց տիրույթ՝ մարդկանց հնարավորություն տալով աշխարհի տարբեր անկյուններից միանալու եւ սեփական ներդրումը բերելու քննարկումներին։

Սկսելով քննարկումը՝ Արմեն Մինասյանը համառոտ ուրվագծեց Հայաստանում եւ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որի բացասական հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու։ «Ցավոք, մենք հայտնվեցինք ընդդեմ կատարյալ մի փոթորկի, երբ միաժամանակ ծավալվեցին տասնյակ ճգնաժամեր։ Ներկայումս ակտիվացել են թե՛ տարիներ շարունակ մեզնում ձեւավորված գոյաբնազդին եւ թե՛ զոհի հոգեբանությանը տեղիք տվող բոլոր նախադրյալները, որոնք սպառնում են կայունանալ պատերազմի եւ բազմաթիվ այլ ճգնաժամերի հետեւանքով։ Այժմ բոլորս կանգնած ենք տրավմային դեմ հանդիման»,- ասաց Արմեն Մինասյանը։

Հոգեբան, ԱՇԴՎ (Աչքի շարժման դեսենսիբիլիզացիա եւ վերամշակում) եւ բրեյնսփոթինգի մասնագետ, տրանզակտ վերլուծաբան Աիդա Վարդանյանը լսարանին ներկայացրեց, թե ինչ է տեղի ունենում, երբ անձը տրավմա է ապրում. «Տրավման առաջ է գալիս, երբ մարդն իրեն հայտնաբերում է մի վիճակում, որում իր սեփական ռեսուրսները (հիմնականում՝ ֆիզիկական եւ հոգեբանական), այլեւս բավարար չեն ծավալված իրավիճակը հաղթահարելու համար։ Պատահարը կարող է տրավմահարույց լինել, եթե այդ պահին մարդ չի ունենում սեփական անձին պաշտպանություն եւ աջակցություն գտնելու հնարավորություն, չի գտնում մեկին, որի հետ միասին կարող է քայլել տրավմածին իրավիճակի տարած ճանապարհով»։

Աիդա Վարդանյանը ցույց տվեց նաեւ այս հարցին նվիրված մանրամասն տեսաշար՝ ներկաներին փոխանցելով նաեւ հույզերի, եւ, առաջին հերթին, սեփական անձի հանդեպ խղճահարության զգացման հետ աշխատելու ընդհանուր առաջարկություններ՝ ասելով. «Եթե ինքնախղճահարությունը ծագում է զոհի դիրքից, այսինքն՝ մարդը մտածում է, թե «ա՛յ, ես ինչ անբախտ եմ», ապա վերադառնում ենք տրավմահարույց ապրումներին։ Եթե խոսում ենք, թե՝ «տեսեք, ես թույլ եմ, անօգնական, լքված», ապա վերադառնում ենք բուն տրավմային եւ այն համոզմունքին, թե ինձ ոչ ոք չի օգնի, ոչ ոքի չեմ կարող վստահել այս կյանքում եւ այլն. իսկ դրանք բոլորը բացասական դիրքորոշումներ են։ Իրականում, սակայն, մարդն ունակ է աշխատելու սեփական զգացմունքների հետ»։

Եզրափակելով քննարկումը՝ Արմեն Մինասյանը շնորհակալություն հայտնեց Աիդա Վարդանյանին՝ մտածելու լայն նյութ տվող խորամիտ դատողությունների համար եւ մեջբերեց ավստրիացի հոգեբան, Հոլոքոստի վերապրող Վիկտոր Ֆրանկլի հետեւյալ խոսքերը. «Մարդուց կարելի է խլել ամեն ինչ, բացի մեկ բանից՝ մարդու ազատությունների վերջին կետից, այն է՝ ցանկացած իրադրության պայմաններում սեփական վերաբերմունքն ընտրելու ազատությունից»։

Քննարկման ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ` հայերեն թարգմանությամբ: