Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվում են առցանց, որոնք հնարավորություն են ընձեռում մարդկանց միանալու եւ մասնակցելու քննարկմանն աշխարհի տարբեր անկյուններից: 2020 թ. Aurora Dialogues առաջին առցանց քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 11-ին:
«Կորոնավիրուս. առաջնագծում պայքարողները» քննարկմանը մասնակցում էին Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկյան ծրագրի ղեկավար Քոմֆորթ Էրոն, «Քրայսիս Էքշըն» (Crisis Action) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդրյու Հադսոնը, CADUS հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սեբաստիան Յունեմանը, ինչպես նաեւ «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր եւ 2018 թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանը: Քննարկումը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը: Բանախոսները քննարկեցին, թե ինչպես են մարդասերներն իրենց գործունեությունն իրականացնում ներկա իրավիճակում, նրանք եւ նրանց կազմակերպություններն ինչ խոչընդոտների են հանդիպում եւ ինչպես են ուժ գտնում՝ շարունակելու իրենց աշխատանքը եւ ցույց տալու աշխարհին, որ սովորական մարդիկ կարող են հսկայական փոփոխություներ իրականացնել: Միջոցառումը կազմակերպվել էր Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ:
Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկյան ծրագրի ղեկավար Քոմֆորթ Էրոն խոստովանեց, որ սկզբում դժվար էր շարունակել աշխատանքը համայնքների հետ, որոնք ապրում են հակամարտության պայմաններում կամ դրա սպառնալիքի տակ, բայց թիմից երկար ժամանակ չպահանջվեց հարմարվելու համաճարակի հետեւանքով առաջացած սահմանափակումներին. «Մեր կազմակերպության համար ամենամեծ մարտահրավերն այն էր, որ շարունակեինք ուշադրության կենտրոնում պահել այն հարցը, թե որն է այս համաշխարհային առողջապահական ճգնաժամի ազդեցությունը խոցելի համայնքների վրա, որոնք առանց այդ էլ բազմաթիվ այլ խնդիրների էին բախվում՝ հատկապես հակամարտության գոտիներում եւ բռնաճնշումների ենթարկվող հասարակություններում: Շատ հուսադրող էր, որ մեր գործընկերներն արագ հարմարվեցին իրավիճակին եւ անցան առցանց աշխատանքի՝ ներգրավվելով քննարկումների մեջ, ինչպիսին այսօր մերն է՝ փորձելով հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու տեղերում՝ առանց անձնակազմը վտանգի ենթարկելու»:
Խոսելով ամենամեծ խոչընդոտների մասին, որոնց բախվել է իր կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ CADUS հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ Սեբաստիան Յունեմանը մատնանշեց անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի պակասը, ինչպես նաեւ ներկա ճգնաժամի համաշխարհային բնույթը. «Մենք դաշտային հոսպիտալ ունենք փախստականների հսկայական ճամբարում, եւ ամենամեծ խնդիրն այս պահին անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է: Մենք կարողանում ենք կորոնավիրուս ախտորոշել միայն տարբեր ախտանշանների միջոցով, բայց ոչ լաբորատոր թեստերի: Միջազգային արձագանք այս պահին իրականում չկա, քանի որ յուրաքանչյուր երկիր նույն խնդիրն ունի: Սովորաբար համավարակի ժամանակ լինում են երկրներ, որոնք չեն տուժել եւ կարող են իրենց թիմերը, աջակցությունն ու պարագաներն ուղարկել, բայց այս պահին դա իսկապես դժվար է: Այսպիսի սահմանափակումների նախկինում երբեք չենք հանդիպել»:
«Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր եւ 2018 թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանը պատմեց, թե ինչպես են Հնդկաստանում ճգնաժամի պայմաններում որոշ մարդիկ հայտնվել լուսանցքում ու թե ինչպես է իր կազմակերպությունը, որը սովորաբար աջակցություն է ցուցաբերում սեռական թրաֆիքինգի զոհերին, ստիպված ժամանակավորապես ընդլայնել իր գործառույթները. «Ավելի քան 15 միլիոն աշխատանքային միգրանտներ, այդ թվում հղի կանայք եւ մեծահասակներ, խուճապահար սկսեցին վերադառնալ իրենց քաղաքներ՝ հազարավոր կիլոմետրեր քայլելով իրենց փոքրիկ երեխաների հետ: Աշխատանքային միգրանտների զանգվածային մեկնումը մարդկային ամենամեծ ողբերգություններից մեկն էր, որին ամեն օր ականատես էինք լինում մեր փողոցներում: Մենք չէինք կարող մեզ թույլ տալ դադարեցնել մեր գործունեությունը, չէինք կարող նաեւ աչք փակել, թե ինչ էր կատարվում դրսում, ուստի սկսեցինք օգնություն տրամադրել եւ մարդկանց կերակրել փողոցներում: Մեծագույն մարտահրավեր էր բարձր պահել իմ թիմի ոգին, որովհետեւ իրենց աշխատանքից բացի, նրանք ստիպված էին նաեւ դուրս գալ փողոց, որտեղ վարակվելու ռիսկ կար: Մենք աշխատում էինք առաջնագծում՝ վստահ լինելու, որ մարդիկ ժամանակին օգնություն կստանան»:
Ղեկավարելու տեսանկյունից «Քրայսիս էքշըն» (Crisis Action) կազմակերպության գործադիր տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ Էնդրյու Հադսոնը նկատեց, որ պարզել է, թե որքան կարեւոր է ցույց տալ խոցելիությունն այսպիսի դեպքերում, բացի այդ համոզվել, որ թիմի հուզական կարիքները բավարարված են. «Մենք շատ ժամանակ ենք հատկացնում մեր թիմի հարմարավետությանը եւ բարեկեցությանը: Եվ ես հասկացա, որ լավ ղեկավարությունը նույնպես խոցելի է: Որովհետեւ, գիտեք, ես վախենում եմ, ես երեք փոքր երեխաների հետ Նյու Յորքում եմ: Ղեկավարներն էլ մարդ են եւ խոցելի ու պետք է ազնիվ լինեն իրենց անձնակազմի հետ»: Քննարկման վերջում պատասխանելով հարցերին՝ նա նաեւ ասաց, որ նույնիսկ մեկուսացման պայմաններում կարող ես զգալ այդ կապն ուրիշների հետ, եթե ճիշտ ես աշխատում: «Էմոցիոնալ կապվածությունը նույն հարցերը տալն է: Ինչպե՞ս եք. պարզ մի հարց: Հարցեր տալով՝ մարդկանց տարածություն եք տալիս: Դուք չեք կարող ֆիզիկապես կապ հաստատել նրանց, բայց կապը կարող է լինել էմոցիոնալ»,- ընդգծեց նա:
Ամփոփելով քննարկումը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, որպես մոդերատոր, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հարցերին պատասխանելու եւ իրենց մտքերով կիսվելու համար. «Մենք բոլորս գիտենք, որ կորոնավիրուսի համավարակը դեռ չի նահանջել: Մենք չգիտենք, թե այն որքան կտեւի, եւ ես կարծում եմ, որ դա վախերից մեկն է: Այն աննախադեպ է, այդ իսկ պատճառով մենք պատրաստ չենք դրան: այս քննարկման միջոցով «Ավրորան» ցանկանում էր, տեսնել եւ լսել ձեզ, տեղեկանալ ձեր փորձառության մասին, թե ինչպես եք շարունակում աշխատել եւ պայքարել: Այն, ինչ անում եք տպավորիչ է, ոգեւորում է մեզ, եւ մենք հպարտանում ենք ձեր արած գործով»:
Ամբողջական քննարկումը կարող եք դիտել ստորեւ (հայերեն թարգմանությամբ):