Միջոցառումը կազմակերպվել էր Futures Studio քննարկումների հարթակի հետ համատեղ: Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվում են առցանց՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց միանալու եւ մասնակցելու քննարկմանն աշխարհի տարբեր անկյուններից:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը վերհիշեց իր առաջին քայլերը քաղաքականության մեջ՝ մտաբերելով այն ճնշումը, երբ շատ երիտասարդ տարիքում ձեռնոց ես նետում իռլանդական ավանդապաշտ հասարակության նորմերին, ու թե ինչպես նա հաղթահարեց այն: «Դու պետք է հավատաս նրան, ինչ անում ես. ոչ թե գոռոզ կեցվածքով, այլ համեստությամբ, որ դա կարեւոր է շատ մարդկանց համար, եւ այն պետք է փոխվի: Երիտասարդների հետ ես հաճախ եմ խոսում քաջության մասին, որն անհրաժեշտ է ինչ-որ բան անելու գինը վճարելու համար»,- ընդգծեց նա:
Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն խոսեց այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել երիտասարդության վրա՝ բացահայտելով իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնելու նրանց մեծ հանձնառությունն ու պատրաստակամությունը: Նա անդրադարձավ նաեւ այն փաստին, որ, ցավոք, ոչ բոլոր պատասխանատուները կարող էին համապատասխանել այդ նույն բարձր չափանիշներին. «Երիտասարդներն ինքնակազմակերպված են եւ այնքան համերաշխ: Տեսնում եմ, որ աֆրիկյան համայնքներում մարդիկ ոտքի են կանգնել, իսկ մեր կառավարությունների մեծամասնությունը գործում է եսասիրաբար: Համերաշխությունը գալիս է միայն համայնքներից, մինչդեռ թվում է, թե հենց ղեկավարները պետք է հոգ տանեին այդ մասին: Եվ հարցը, որ ուզում ենք ուղղել մեզ, այն է, թե ինչ օրինակ ենք ստեղծում այս երիտասարդների համար»:
Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն անդրադարձավ աջակցության կարեւորագույն մի ձեւի, որ կարող է տրամադրվել երիտասարդներին, որոնք ցանկանում են մարդկությանն առաջնորդել դեպի ավելի պայծառ ապագա. «Եթե ձեզ համար իսկապես կարեւոր է խրախուսելը, այն սկսում է կրթությունից, ուստի չափազանց կարեւոր է կրթություն ստանալու հնարավորությունը: Դա կորոշի հավանականությունը, թե տվյալ անձն իր կյանքի ընթացքում ի վիճակի կլինի՞ որպես անհատ զարգանալուց բացի, իր ունակություններն ու կարողություններն առաջարկել հասարակության մյուս անդամներին, իհարկե, սկսելով սեփական ընտանիքից: Այսպիսով, կրթությունն ամեն ինչ չէ, բայց չափազանց կարեւոր է»:
Ամփոփելով քննարկումը՝ միջոցառման մոդերատոր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը դիմեց երիտասարդ լսարանին՝ կոչ անելով նրանց ակտիվորեն ներգրավվել մարդասիրական աշխատանքներին, ինչն, ըստ էության, իրենցից է կախված: «Ես ուզում եմ դիմել երիտասարդներին, որոնք, հուսով եմ, հետեւում են մեզ եւ լսում, թեեւ մենք չգիտենք, թե որն է ներկա ժամանակի իմաստը, ու ինչպես ենք այն հաղթահարում: Մենք գիտենք, որ այս վիրուսն իր ազդեցությունը կունենա բոլորիս վրա: Եվ հենց երիտասարդներն են, որ պետք է գործ ունենան այս աշխարհի հետ վիրուսից հետո կամ դրա հետ միասին, ու հենց ձեզնից է կախված, թե ինչպես ձեւավորել այդ աշխարհը»,- նկատեց նա:
Քննարկումն ամբողջությամբ եւ հայերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: