Հայ բժիշկներն առաջնագծում

Հայ բժիշկներն առաջնագծում

«Հայ բժիշկներն առաջնագծում» Aurora Dialogues առցանց քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. օգոստոսի 27-ին, որը նվիրված էր զարգացող երկրներում առաքելություն իրականացնող հայ բուժաշխատողներին՝ հատկապես պատերազմական գոտիներում եւ աշխարհից կտրված հեռավոր անկյուններում: Երեք բժիշկներ պատմեցին իրենց փորձառության եւ վտանգների մասին, ինչպես նաեւ խնդիրների, որոնց բախվում են անսովոր պայմաններում սահմանափակ ռեսուրսներով աշխատելիս: 
 

«Հայ բժիշկներն առաջնագծում» քննարկումը, որը վարում էր բժիշկ Արմեն Մինասյանը, տեղի ունեցավ Futures Studio քննարկումների հարթակում:

«Ուիգմոր Քլինիք» (Wigmore Clinic) ԲԿ մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը մտովի վերադարձավ 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ, երբ Սպիտակի երկրաշարժից հետո սկսվեց հայ բժիշկների համագործակցությունն արտասահմանցի գործընկերների հետ: 1991-ին  անկախություն ձեռք բերելուց հետո բացվեցին Հայաստանի սահմանները, եւ առողջապահության ոլորտի աշխատողները հնարավորություն ստացան կամավորության մեկնելու տարբեր երկրներ եւ վերապատրաստվելու: Հենց այդ տարիներին էր, որ բժիշկ Քոլոյանը սկսեց իր առաքելությունը զարգացող տարբեր երկրներում: Այսօր էլ նա ապրում է Հայաստանում, բայց հաճախ է լինում Հոնդուրասում. վերջին 12 տարում նա բազմաթիվ հիվանդների է բժշկել Սան Պեդրո Սուլայում, որը համարվում է աշխարհի ամենահանցավոր քաղաքներից:

«6-7 մլն բնակչություն ունեցող այդ երկրում ընդամենը մեկ վերապատրաստված մանկական օրթոպեդ կար, իսկ օրինակ՝ Կամբոջայում ընդհանրապես չկար: Եվ մեր առաքելության ամենակարեւոր տարրերից մեկը հենց տեղացի մասնագետների հետ աշխատանքն է: Վերապատրաստելով մեկ կամ երկու բժշկի՝ դու կարող ես հազարավոր կյանքեր փրկել: Իմ նպատակը երբեք չի եղել ճանաչում ձեռք բերել: Ինձ ոգեշնչում է այն միտքը, որ կարող եմ օգնել երեխաներին, որոնք այլապես կմնային ծանր հաշմանդամ ու չէին կարողանա ապրել լիարժեք կյանքով: Բացի այդ, դու կարող ես սովորեցնել, վերապատրաստել եւ օրինակ ծառայել մանկական օրթոպեդների ապագա սերնդին»,- ասաց բժիշկ Քոլոյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանն այն երեք հայ բժիշկներից մեկն է, որոնք 2017 թ. մեկնեցին Սուդանի Նուբայի լեռներ՝ փոխարինելու Թոմ Քաթինային, քանի որ այդ տարի նա «Ավրորայի» հերոսներից մեկն էր: Շնորհիվ հայ կամավորների՝ բժիշկ Քաթինան կարողացավ այցելել Հայաստան, որտեղ նա ճանաչվեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Մինչեւ այդ բժիշկ Բարխուդարյանը 2016 թվականից արդեն Քենիայում էր: Դա նրա առաջինն առաքելությունն էր: Քննարկման ընթացքում նա վերհիշեց վտանգավոր ու ծանր օրերը, որոնք շատ են եղել, բայց նաեւ ընդգծեց, որ կյանքեր փրկելը նրան ուժ է տալիս եւ ոգեւշնչում՝ շարունակելու իր առաքելությունը. «Հիշում եմ, երբ «Սաֆարի բժիշկներ» կազմակերպության հետ այցելում էինք սոմալա-քենիական սահմանին մոտ գտնվող գյուղեր, անապարհին ամեն ինչ կարող էր պատահել, քանի որ «Ալ-Շաբաբ» կոչվող խմբավորումն ահաբեկչական գործողություններ էր իրականացնում հենց այդ հատվածում եւ առեւանգում մարդկանց: Մի պահ եղավ, երբ մեզ մոտեցան զինված մարդիկ, հրամայեցին դուրս գալ մեքենայից եւ դեմքով շրջվել դեպի անտառը: Ես կարծեցի՝ վերջը եկել է: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»:

Երբ Թոմ Քաթինան պետք է կրկին Հայաստան գար եւ անհրաժեշտ էր, որ նրան փոխարինեին Նուբայի լեռներում, այդ ժամանակ Արմինե Բարխուդարյանն առաքելություն էր իրականացնում Սիրիայում: Ստեղծված հնարավորության մասին նա խոսեց Արմեն Մկրտչյանի հետ: Այդ լուրն այնքան ոգեւորեց երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգին, որ նույնիսկ իմանալով բոլոր վտանգներն ու պատրաստվելով վատագույնին՝ բժիշկ Մկրտչյանը մեկնեց Սուդան: «Ես այնքան ոգեշնչված եմ Թոմ Քաթինայով: Ինձ համար նա ավելին է, քան պարզապես մարդը: Նա իմ հերոսն է, ու ես նույնիսկ փոքր կասկած չեմ ունեցել, թե ուր եւ ինչի համար եմ գնում: Իմ առաքելության երկուսուկես ամսում այնտեղ շատ Արմեններ եւ Արմինեներ ծնվեցին: Իսկ մի կին իր երեխային պարզապես «Դոկտոր Արմեն» էր կոչել: Ասաց՝ թող այդպես լինի, որ ամբողջ կյանքում հիշի: Մի կին էլ աղջկան էր ուզում Արմեն կնքել, քանի որ ես, բառի բուն իմաստով, նրան վերակենդանացրել էի ու փրկել մահից»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Ամփոփելով քննարկումը՝ մոդերատոր Արմեն Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին կյանքեր փրկելու եւ իրենց պատմություններով կիսվելու համար. «Դուք Հայաստանի դեսպաններն եք աշխարհում: Դուք հատուկ մարդիկ եք, եւ ես հույս ունեմ, որ ձեր քայլերով կոգեշնչեք երիտասարդ շատ բժիշկների»:  

Բժիշկ Մինասյանը նաեւ կոչ արեց բոլորին, եթե ճանաչում են բացառիկ մարդասերների, որոնք անձնուրաց պայքար են մղում հանուն ուրիշների, առաջադրել 2021 թ. «Ավրորա» մրցանակին: Առաջադրումների փուլը բաց է մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 31-ը:

Հայերեն քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ: