Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվում են առցանց՝ Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ եւ հնարավորություն ընձեռելով մարդկանց միանալու ու մասնակցելու քննարկմանն աշխարհի տարբեր անկյուններից:
Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաքինա Յակուբին, որը առաջիններից էր, որ կանանց եւ աղջիկների համար դպրոցներ բացեց Պակիստանի փախստականների ճամբարներում եւ Աֆղանստանում, խոսեց այն ազդեցության մասին, որին մարդիկ կարող են հասնել համերաշխության շնորհիվ. «Որպես առանձին անհատ՝ դու չես կարող շատ բան անել, բայց երբ դու ունես քո ետեւում կանգնած մարդկանց ուժը, երբ աշխատում ես նրանց հետ, երբ իսկապես փորձում ես հաշվի առնել նրանց կարիքներն ու արձագանքել դրանց, լսել այդ մարդկանց, դա այն պահն է, երբ դու իսկապես հավատում ես, որ ապագան փոխվելու է: Ու դու չես հուսահատվում: Օր օրի դու շարունակում ես անել քո գործը: Այո, սա կարճաժամկետ աշխատանք չէ, այն երկար ժամանակ է պահանջում, բայց այդպես դու ընդառաջ ես գնում քո նպատակներին, ու ես վստահ եմ, որ կհասնենք դրանց»:
Քանի որ քննարկումը Մարդասիրություն համաշխարհային օրն էր, բանախոսները փորձեցին խրախուսել լսարանին՝ ներգրավվել մարդասիրական աշխատանքին: Պատմելով սեփական փորձից՝ SOS Méditerranée (SOS Միջերկրական) կազմակերպության համահիմնադիր Սոֆի Բոն կարեւորեց նույնիսկ ամենափոքր գործերը, որոնք արվում են մեծ պատկերը փոխելու համար. «Յուրաքանչյուր փրկված կյանքը հույսի ուղերձ է: Դու չես կարող հուսահատվել, չես կարող թողնել, որ մարդիկ խեղդվեն աչքիդ առաջ, քո տան շեմին: Իհարկե, մենք չենք լուծի բոլոր խնդիրները, մեկ նավով բոլորին չես փրկի, դա անհնար է: Ցավոք, տասնյակ հազարավոր մարդիկ այդպես էլ կործանվում են ծովում: Բայց եթե կարող ես թեկուզ մեկ կյանք փոխել, պետք է անել: Ես հավատում եմ, որ կա պարտավորություն, գործելու բարոյական պարտք: Այդպես դու ցույց ես տալիս, որ անելիք կա»:
Քանի որ հանդիպման բոլոր մասնակիցները կանայք էին, հատուկ անդրադարձ եղավ կանանց դերակատարմանը համաշխարհային ամենահրատապ խնդիրների լուծման գործում՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակը: «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Իլվադ Էլմանը կարեւորեց կանանց ներդրումը խնդիրների լուծման արդյունավետ, բայց եւ մարդկային մոտեցման գործում. «Եթե կա մի բան, որ աչքի ընկավ կորոնավիրուսի այս համավարակի ընթացքում, առաջնորդ կանայք էին, նրանց արագ արձագանքն աշխարհում համավարակը մեկուսացնելու գործին՝ շատ համարձակ քայլեր ձեռնարկելու, իրենց երկրները մեկուսացնելու, մարդկանց սոցիալական ծառայություններ տրամադրելու տեսանկյունից: Սա կանանց կարողությունների վառ դրսեւորում էր: Երբ առաջնորդում են կանայք, նրանք ուժեղ, բայց, իմ կարծիքով, նաեւ կարեկից ղեկավարներ են: Սոմալիում մենք երկար ենք պայքարել քաղաքական գործընթացներում կանանց դերի համար: Թեեւ տղամարդկանց շրջանում շատ դաշնակիցներ ունենք, բայց մեզ մոտ իսկական հայրիշխանություն է, ինչպիսին նկարագրված է գրքերում եւ բառարաններում»:
Իր գործունեության մասին խոսելիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի համահիմնադիր քույր Անժելիկ Նամայկան անդրադարձավ խնդիրների, որոնց բախվում են ռիսկային խմբերում գտնվող երիտասարդները: Քույր Անժելիկը ներկայացրեց նաեւ դրանք հաղթահարելու իր ճանապարհը. «Իմ աշխատանքում ես առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով՝ եթե կարող ես օգնել, միշտ օգնիր: Կան մարդիկ, որոնք ցանկանում են աջակցել ինձ, ֆինանսավորել կազմակերպության գործունեությունը եւ այլն: Բայց, նախեւառաջ, պետք է միշտ ինքնուրույն գործել եւ օրինակ ծառայել հասարակության բոլոր անդամներին: Մենք ձգտում ենք, որքան հնարավոր է, շատ երեխաների ֆորմալ կրթություն տալ, որպեսզի նրանք կարողանան պաշտոնական վկայական ստանալ: Մենք հասկանում ենք դրա կարեւորությունը, որ ապագայում նրանք չբախվեն նույն խնդիրներին, ինչ իրենց ծնողները: Մենք փորձում ենք հոգ տանել յուրաքանչյուր անձի մասին եւ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը»:
Որպես ամփոփում՝ քննարկման վարող, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին ոգեւորիչ խոսքի համար եւ զուգահեռներ անցկացրեց ժամանակակից բարբարոսությունների ու 1915-ի Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների միջեւ. «Որպես հայ՝ Ցեղասպանության մասին խոսելիս մեր՝ եթե ոչ առաջին կամ երկրորդ նախադասությունը, ապա երրորդը սա է. «Իսկ աշխարհը պարզապես կանգնած հետեւում էր»: Դա ամենահաճախ արտասանվող միտքն է, երբ անդրադառնում ենք մեր տատիկ-պապիկների եւ նրանց ծնողների պատմությանը: Իսկ հիմա դուք մեզ ասում եք՝ պետք չէ լինել այդպիսին: Մենք պետք է չլինենք այն մարդը, որը պարզապես կանգնում ու նայում է: Իսկ «Ավրորան» մեզ հնարավորություն է տալիս անել ավելին՝ ոչ այնքան, որքան դուք եք անում, բայց ավելին»:
Քննարկումն ամբողջությամբ եւ հայերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: