Քննարկմանը մասնկացում էին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային: Այն վարում էր RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը: Կորոնավիրուսի բռնկման հետեւանքով փախստականների եւ այլ խոցելի համայնքների էլ ավելի անբարենպաստ իրավիճակի շուրջ քննարկումը կազմակերպվել էր Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ։
Սկսելով քննարկումը՝ RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ Սաշա Չանոֆը հանգամանորեն անդրադարձավ «Ավրորայի» ազդեցությանը եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարին: Նա ընդգծեց մարդասիրության շղթան շարունակելու կարեւորությունը՝ հատկապես այս դժվարին ժամանակներում: «Եթե մենք հավատարիմ ենք երախտագիտության այս գաղափարին, եւ դուք մտածում եք ձեր կյանքում դրա նշանակության մասին, ուրեմն այն կարող է լինել հավերժ վերականգնվող ուժ՝ կյանքը բարեփոխելու համար, իսկ այսօր մենք ունենք այդ բարեփոխման կարիքը: Կորոնավիրուսը ջրի երես դուրս բերեց հասարակության մեջ տիրող անհավասարությունը, եւ հիմա այն սկսում է հարվածել փախստականներին ու տեղահանված անձանց»,- ասաց նա:
«Խաղաղության տան» հիմնադիր եւ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն խոսեց կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջ եկած դժվարությունների եւ սահմանափակումների մասին, որոնց առերեսվում է իր համայնքը. «Մեր բոլոր 343 ուսանողներն ստիպված էին դադարեցնել իրենց ուսումը համալսարաններում եւ վերադառնալ փախստականների ճամբար. շատ դժվար է մեզ համար: Մեր ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել առցանց, բայց, ցավոք, մենք չունենք համակարգիչներ փախստականների համար: Նրանք կորցրին մեկ ուսումնական տարի: Նաեւ փախստականները, որոնք պետք է իրենց օրվա ապրուստը վաստակեն, չեն կարող դուրս գալ [աշխատանքի], չեն կարող սնունդ հայթայթել: Մարդիկ իրենց աշխատանքն են կորցնում, ու մենք պետք է սնունդ ապահովենք նրանց, բայց մենք պատրաստ չէինք կերակրելու այս բոլոր մարդկանց»: Բարանկիցեն բացատրում է, որ իր կազմակերպությունն ստիպված էր օգնության դիմել այլ հասարակական կազմակերպությունների եւ բուրունդական սփյուռքին ու ավելացնում. «Սերը մեզ դարձնում է նորարար. գտնում ենք լուծումներ»:
Այնուհետեւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր տնօրեն եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային խոսեց, թե ինչ ազդեցություն է գործում ներկա ճգնաժամն իր կազմակերպության գործունեության վրա. «Քանի որ «Օդային կամուրջ Իրաքը» բուժման նպատակով հիմնականում տեղափոխում է հիվանդների՝ ավելի շատ երեխաների դեպի Եվրոպա եւ այլ երկրներ, մեկուսացման պատճառով մեր ամբողջ նախագիծը կանգ է առել: Մենք նոր առաքելություն էինք սկսել դեպի Հայաստան եւ սրտի բնածին արատով մեր առաջին երեխային ուղարկեցինք այնտեղ: Նրա վիրահատությունը հաջող անցավ, բայց ավելի քան մեկ ամիս նա եւ մայրը մնացել էին Հայաստանում, մինչեւ կկարողանային տուն վերադառնալ: Բազմաթիվ աշխատանքներ, որ նախատեսում էինք սկսել ապրիլ-մայիս ամիսներին՝ հատկապես «Ավրորայի» ֆինանսավորմամբ, դադարեցրել ենք: Մեր գործունեությունը տեղափոխման, ուղեւորությունների հետ է կապված, իսկ ճամփորդական սահմանափակումները կանգնեցրել են գործը: Վերջին 25 տարում առաջին անգամ է, որ ես երեք ամիս տանն եմ մնացել»: Այդուհանդերձ, Դինային նաեւ նկատեց, որ ճգնաժամը որոշ դրական հնարավորություններ է ընձեռել. «Որոշ նախագծերով հիմա մենք սկսում ենք առցանց աջակցություն տրամադրել՝ մասնավորապես վերապատրաստում եւ խրախուսում: Աշխատանքն ամբողջությամբ չէ, բայց դրա որոշ մասը կարող ենք իրականացնել»:
Ամփոփելով քննարկումը՝ Սաշա Չանոֆը շնորհակալություն հայտնեց բանախոսներին նրանց անհավանական աշխատանքի համար. «Երբ մենք մտածում ենք կորոնավիրուսի, փախստականների, հալածանքի եւ պատերազմի մասին, ռասայական հիմքով բռնությունների եւ անարդարության, կլիմայի փոփոխության, սեռերի հավասարության, ընդհանրապես՝ ամենամեծ մարտահրավերների մասին, որոնց բախվում է մարդկությունը, բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ, մենք պետք է տեղ գտնենք ներշնչանքի, հույսի համար եւ շարունակենք գործել: Երբ ես փորձում եմ բնութագրել «Ավրորա» մրցանակը, դափնեկիրներին, մտքիս են գալիս քաջություն, խիզախություն, անձնազոհություն, ալտրուիզմ, նվիրվածություն, վեհանձնություն, կարեկցանք եւ ապրումակցում բառերը: Միրզա եւ Մեգի, դուք եւ ձեր արածն այս ամենի մարմնավորումն է»:
Քննարկումն ամբողջությամբ եւ հայերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: