Արզնդան աշխարհ եկավ, երբ իր ընտանիքն արդեն հյուսիսային Իրաքի Բաշիքա քաղաքում լքել էր սեփական տունը: 2014 թ., փախչելով «Իսլամական պետության» ահաբեկիչներից, եզդի փոքրիկի ընտանիքը թողեց ամբողջ ունեցվածքն ու ապաստան գտավ Իրաքյան Քուրդիստանի Զախու քաղաքում: «Քսան օրից ավելի ճանապարհներին էինք, հետո ճանապարհի եզրին կիսաքանդ մի շինություն գտանք. ոչ տանիք ուներ, ոչ էլ՝ կարգին պատ: Ցելոֆանով ծածկեցինք եւ հենց այնտեղ էլ ապաստանեցինք», - հիշում է Արզնդայի մայրը՝ Սոալ Խուդիդա Ալ Ազդոն:
Եզդի ընտանիքն այլեւս հետդարձի ճանապարհ չուներ. Բաշիքայի նրանց տունը հողին էին հավասարեցրել, թալանվել էր ամբողջ ունեցվածքը: Ներքին տեղահանության հետեւանքով փախստական դարձած հայրը, մայրը եւ այն ժամանակ չորսամյա տղան ոչ մի տեղ չունեին գնալու: Մի քանի տարի նրանք ապրեցին ցելոֆանե տանիքի տակ, եւ երեք տարի առաջ հենց այդ տանիքի տակ էլ ծնվեց Արզնդան:
Ընտանիքը երջանիկ էր. աստված նրանց եւս մեկ երեխա էր պարգևել: Սկզբում ծնողներն արտասովոր ոչինչ չէին նկատում, սակայն ժամանակի ընթացքում փոքրիկի շնչառությունն սկսեց վատանալ: Վեց ամսականում Արզնդան ախտորոշվեց սրտի բնածին արատով: Անհրաժեշտ էր փոքրիկին շտապ վիրահատել, բայց դեպքը չափազանց բարդ էր Իրաքում բուժելու համար: Վիրահատությունը կատարվեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որից հետո փոքրիկն ստիպված էր վերադառնալ իրենց խարխուլ տունը:
Բուժզննության ընթացքում Արզնդան հեռախոսով մուլտֆիլմ է դիտում: Հայաստան, 2020թ. փետրվար |
«Բժիշկներն ասացին՝ այդ պայմաններում աղջիկդ կմահանա: Այլեւս չէինք կարող մնալ փոշոտ, կիսափուլ տանը: Վարձով փոքրիկ մի տուն գտանք եւ տեղափոխվեցինք: Լավագույն լուծումը չէր, բայց գոնե գլխներիս տանիք ունեինք՝ բառիս ուղղակի իմաստով», - ասում է տիկին Սոալ Խուդիդան:
Արզնդայի առաջին վիրահատությունը հաջող անցավ, սակայն այն վերջնական բուժում չէր ապահովում: Արզնդային փուլային բուժում էր անհրաժեշտ: Ծնողները գիտեին եւ տասնյակ դռներ թակեցին, բայց ապարդյուն, մինչեւ Արզնդայի մայրը կապ հաստատեց 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի հետ, որը «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) մարդասիրական կազմակերպության համահիմնադիրն է ու ղեկավարը: Նա անմիջապես անցավ գործի:
Քանի որ փոքրիկին Իրաքից Եվրոպա տեղափոխելը կարող էր երկար տևել, պարոն Դինային դիմեց հայաստանցի իր ընկերների օգնությանը: «Վերջերս Իրաքում մուտքի արտոնագիր ստանալը դժվարացել է. դեսպանություններից ու հիվանդանոցներից թույլտվություն ստանալը կարող է շատ երկար ժամանակ խլել: Այդ իսկ պատճառով ընտրեցի Հայաստանը: Վերջին անգամ երբ Հայաստանում էի, խոսեցի ազգությամբ եզդի պատգմավոր Ռուստամ Բաքոյանի հետ: Նա խոսեց առողջապահության նախարարի հետ, իսկ վիզա ստանալու հարցում մեզ օգնեց Իրաքում Հայաստանի դեսպանը: Շատ ուրախ եմ, որ սկսել ենք մարդասիրական մեր առաքելությունը դեպի Հայաստան եւ այնտեղ բուժման ուղարկել առաջին երեխային: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կարիքավոր ընտանիքներից ավելի շատ երեխաների կտեղափոխենք Հայաստան բուժվելու», - ասում է «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության ղեկավար եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային:
Շտապօգնության բժիշկը, պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Արզնդան եւ նրա մայրն ուղեւորվում են դեպի շտապօգնության մեքենան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, 2020թ. փետրվար |
2020 թ. փետրվարի 17-ի առավոտյան 3-ամյա Արզնդային ու նրա մորը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանում: Օդանավակայանում նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը. «Եթե մենք սա չանեինք, երեխային փրկելու մեկ այլ հնարավորություն գուցե չլիներ, քանի որ Իրաքում հիմա բավական բարդ իրավիճակ է: Մեր միասնական ջանքերի շնորհիվ է, որ այս ծրագիրն իրականություն է դառնում: Գիտենք, որ հարյուր տարի առաջ հայերին օգնեցին նաեւ Սինջարում. եզդիներն ապաստան տվեցին եւ իրենց տներում տեղավորեցին շուրջ 20.000 հայի. hիմա այս ձևով կարծես հայերն իրենց երախտագիտությունն են հայտնում եզդի ժողովրդին»:
Շտապօգնությունն Արզնդային օդանավակայանից տեղափոխում է ուղիղ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, 2020թ. փետրվար |
Շտապօգնության մեքենայով Արզնդային օդանավակայանից անմիջապես տեղափոխեցին «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն: «Սա մեզ հանդիպած ամենաբարդ դեպքերից է: Այսպիսի դեպքերում առհասարակ երկրորդ վիրահատությունն անում ենք, երբ երեխան ընդամենը մեկ տարեկան է: Բայց Արզնդան արդեն երեք տարեկան է: Բարեբախտաբար, թոքերը վնասված չեն, ինչը նշանակում է, որ երկրորդ վիրահատությունը հնարավոր է անել նաեւ այս փուլում», - բացատրում է միջամտական սրտաբան, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի բժշկական փոխտնօրեն Կարեն Զոհրաբյանը:
Քանի որ Արզնդան ու մայրը հայերեն չեն խոսում, նրանց հիվանդանոց ուղեկցողն ու թարգմանչի դերն ստանձնողը պատգամավոր Բաքոյանն էր: Արզնդայի մայրն արտաքուստ հանգիստ էր թվում, սակայն այդ հանդարտության տակ կարելի էր նկատել նրա տագնապը. «Հիմա նույն ապրումներն ունեմ, ինչ 2,5 տարի առաջ, երբ առաջին անգամ էին դստերս վիրահատում: Այն ժամանակ բժիշկներն ասացին, որ ապրելու հավանականությունը քիչ է։ Հիմա նրա վիճակը կրկին ծանր է: Միայն մի երազանք ունեմ, որ երեխաս ապրի»:
Արզնդան բուժզննություն է անցնում մինչեւ վիրահատությունը: Հայաստան, 2020թ. փետրվար |
Գրեթե մեկ շաբաթ փոքրիկը մնաց հիվանդանոցում՝ ենթարկվելով նախավիրահատական ախտորոշիչ հետազոտությունների: Ի վերջո, փետրվարի 24-ին երեխային տեղափոխեցին վիրահատարան: Նրան վիրահատում էր սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը՝ աշխատելով փորձառու սրտաբանների թիմի հետ: Բժիշկները վիրահատարան մտան կեսգիշերին եւ այնտեղից դուրս եկան առավոտյան: Դեպքը ծանր էր, եւ վիրահատության համար անհրաժեշտ եղավ գրեթե տասը ժամ. վիրահատությունը հաջող անցավ:
Արզնդան եւս մեկ շաբաթ մնաց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում, այնուհետև մոր հետ տեղափոխվեց հիվանդանոցին մոտ գտնվող փոքրիկ ու հարմարավետ մի տուն, որպեսզի մինչեւ Իրաք վերադառնալը եւս երկու շաբաթ մնար բժիշկների հսկողության տակ: Արզնդայի հաջորդ վիրահատությունը պետք է կատարվի յոթ տարի անց, երբ նա կլինի տասը տարեկան:
Միևնույն ժամանակ, Իրաք-Հայաստան մարդասիրական առաքելությունը շարունակվում է: Միրզա Դինային իր «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության միջոցով, հայ գործընկերների հետ համատեղ, դարձյալ երեխաներ է տեղափոխելու Հայաստան՝ բուժման նպատակով: Հաջորդը լինելու են Սինջարի փախստականների ճամբարի երկու եզդի երեխաներ: