Քննարկման նպատակն էր նաեւ ավելի լավ նախապատրաստել երիտասարդներին կարիերայի ընտրության հարցում, օգնել նրանց հասկանալ ավելի մեծ նպատակի ծառայելու եւ մարդկանց կյանքում շոշափելի փոփոխություն իրականացնելու առավելությունները, որն էլ առաջին հերթին նպաստում է հենց նրանց անձնական եւ մասնագիտական զարգացմանը: Այս քննարկմանը մասնակցում էին «Մաե Տաո» կլինիկայի հիմնադիր, բժիշկ Սինտիա Մունգը, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլոն, իսկ քննարկումը վարում էր Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր Սեմ Պոտոլիքիոն:
Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվում են առցանց՝ Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց միանալու ու մասնակցելու քննարկմանն աշխարհի տարբեր անկյուններից:
«Մաե Տաո» կլինիկայի հիմնադիր, բժիշկ Սինտիա Մունգը վերհիշեց իր կյանքում պատահած մարդասիրական առաջին ճգնաժամը: Դա այն շրջանում էր, երբ հազարավոր մարդկանց նման նա էլ ստիպված էր լքել հայրենիքը եւ Մյանմայից (նախկին Բուրմա) փախչել Թաիլանդ: Տեղահանված մարդիկ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, հիվանդ ու տարեց, թաքնվում էին ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերից՝ չունենալով ո՛չ սնունդ, ո՛չ ապաստան: Առաջնորդվելով մարդկանց օգնելու մեծագույն մղումով՝ ավելի ուշ բժիշկ Մունգը Թաիլանդի արեւելյան հատվածում՝ Մյանմայի սահմանին մոտ, հիմնեց «Մաե Տաո» կլինիկան, որտեղ բժշկական օգնություն, կրթություն եւ պաշտպանություն են ստանում էթնիկ եւ կրոնական տարբեր խմբերի հազարավոր մարդիկ:
Անդրադառնալով կորոնավիրուսին՝ բժիշկ Մունգը պատմեց, թե ինչպես է այն ազդել իրենց ամենօրյա աշխատանքի վրա. «Մեր այցելուների մեծ մասը Մյանմայից Թաիլանդ սահմանը հատած մարդիկ են: Կորոնովիրուսի հետեւանքով մտցված սահմանափակումներն ու փակ սահմաններն ավելի են բարդացրել մեր գործը՝ թույլ չտալով ավելի բարձր մակարդակի խնամք ապահովել նրանց համար: Եվ քանի որ այս մարդիկ չունեն օրինական փաստաթղթեր, առողջապահական ապահովագրություն եւ ապրում են բոլորից կտրված հեռավոր շրջաններում, նրանք ավելի անտեսված վիճակում են հայտնվում»:
Կորոնավիրուսն ու կարանտինն էապես ազդել են նաեւ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի՝ տարբեր երկրներում միգրանտների եւ փախստականների հետ տարվող աշխատանքի վրա: Հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլոն ընդգծեց, որ կորոնավիրուսը խոչընդոտում է նրանց աշխատանքը՝ թույլ չտալով մարդկանց օգնություն տրամադրել կազմակերպության գրասենյակներում, ինչպես նաեւ տնային այցեր իրականացնել: Չնայած դժվարություններին՝ նրանց քրտնաջան աշխատանքն, ի վերջո, տվեց իր արդյունքը. նույնիսկ հանրային առողջապահության ծայրահեղ վիճակում Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը կարողացավ հեռակա օգնություն տրամադրել:
Բոլոր դժվարություններով եւ մարտահրավերներով հանդերձ, Ռոբերտ Վիտիլոն հավատում է, որ հասարակական աշխատանք կատարելն առավելություն է. «Շահույթ չհետապնդողները չեմպիոններ են, որովհետեւ մարդկանց են ծառայում: Այս դաշտում մարդկանց հետ կապն ավելի անմիջական է, քան քաղաքականության, կառավարության կամ բիզնես ոլորտներում: Այստեղ դու պետք է իմանաս, թե ինչպես լսել ու սովորել: Դու պետք է հասկանաս, որ երբ մտնում ես դրա մեջ, դու չունես բոլոր պատասխանները: Դրանք գալիս են այն մարդկանց հետ աշխատանքի ընթացքում, որոնք շատ հարցերում ավելի փորձառու են եւ շատ ավելի ճկուն, քան մեզնից շատերը, քանի որ մենք չենք անցել այդ դժվարությունների միջով: Լսել եւ սովորել․ սա ձեր առաջ մի ամբողջ հիանալի աշխարհ է բացում, որտեղ դուք դառնում եք մարդկային ուժի ականատեսը»:
Ամփոփելով հանդիպումը՝ Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր եւ քննարկման մոդերատոր Սեմ Պոտոլիքիոն շնորհակալություն հայտնեց այս անձնվեր մարդկանց՝ նրանց ջանքերի, ուժի եւ ոգեշնչման համար. «Կրթության մասին խոսելիս իմ փաստարկներից մեկն այն է, որ պետք է սովորես դուրս գալ սեփական անձից եւ ավելին անել: Կարծում եմ՝ դուք երկուսդ էլ փառահեղ գործ եք անում՝ ծառայելով մարդկանց, դուք անցնում եք սեփական անձի սահմանները՝ դառնալով պաշտպան, ուղեկից ու բժշկող»:
Քննարկումն ամբողջությամբ եւ հայերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: