Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ

Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ

Իտալիայում ընթացող 2021 թ. «Ավրորայի» միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 8-ին Aurora Dialogues` «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկմամբ, որը տեղի ունեցավ Վենետիկի միջազգային համալսարանում՝ Սան Սերվոլո կղզում (Isola di San Sèrvolo)։

Համավարակի պայմաններում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին ողջունեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Հետհայացք գցելով «Ավրորայի» նախորդ վեց տարիներին՝ նա նշեց, որ «Ավրորայի» համահիմնադիրների համար անգնահատելի փորձառություն էր այդ ընթացքում մարդկային համառության եւ խիզախության բոլոր ոգեշնչող պատմություններին ծանոթանալը:

«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որովհետեւ հավատում ենք, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել: Եվ մենք՝ յուրաքանչյուրս, մեր սեփական ճանապարհով եւ մեր ասպարեզում աշխատում ենք, որպեսզի այդպես լինի: Այստեղ լինելը՝  այս բացառիկ մարդասերների կողքին գտնվելը, մատնանշում է բոլոր այն միջոցները, որոնցով կարող ենք օգնել ուրիշներին ոչ միայն փրկվել, այլեւ վեր հառնել, որն այս օրերի մեր խորագիրն է, եւ, ի վերջո, բարգավաճել»,- ասաց Նուբար Աֆեյանը՝ հիշելով «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանին, որը, ցավոք, կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին:  Դոկտոր Աֆեյանն ընդգծեց, որ թեեւ նա այլեւս մեզ հետ չէ, բայց նրա ոգեշնչումն օգնում է «Ավրորայի» բոլոր ձեռնարկումներին: 

Առաջին անգամ՝ որպես մարդասիրական մեծ ընտանիքի անդամ, «Ավրորայի» միջոցառումներին ներկա էր Դելե Օլոջեդեն, որը վերջերս է միացել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Մինչեւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ քննարկումն սկսելը նա ընթերցեց ուղերձ՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցի կողմից, որը մի քանի ամսից կդառնա 102 տարեկան եւ, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել «Ավրորայի» միջոցառումներին Վենետիկում: 

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մենք ունենք նույն նպատակը՝ ստեղծել  ավելի մարդկային հասարակություն աշխարհի բոլոր մարդկանց համար: Այսօր դուք հավաքվել եք Վենետիկում, որպեսզի փառաբանեք մերօրյա հերոսներին: Լինել հերոս նշանակում է համառորեն փորձել ստեղծել ավելի խաղաղ աշխարհ, որքան էլ որ դժվար կամ վտանգավոր լինի դա: Եթե մենք ուզում ենք ավելի լավ ապագա ունենալ, պետք է համառորեն բարի լինենք, համառորեն գթասիրտ, համառորեն երախտագետ մեզ օգնության ձեռք մեկնած մարդկանց հանդեպ»: 

 

Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին ողջունեց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին: Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով նրան եւ դստերը՝ Իլվադ Էլմանին, «Ավրորա» մրցանակի դափնեկիր էին հայտարարել առցանց: Այս տարի, ի վերջո, հնարավորություն եղավ անձամբ շնորհավորելու Ֆարթուն Ադանին եւ նրան փոխանցելու «Ավրորա» մրցանակը: 

«Պատիվ ունեմ ավարտին հասցնելու 2020 թ. կիսատ մնացած գործը, որն անավարտ էր մնացել համավարակի պատճառով: Դա «Ավրորա» մրցանակի դափնեկրի հայտարարումն էր, որին մենք գիտենք, որովհետեւ նրա անունը հնչել էր դեռ անցած տարի, բայց իրականում հնարավորություն չէինք ունեցել հանդիպելու դափնեկրին: Նրանք են Ֆարթունը եւ նրա դուստրը՝ Իլվադ Էլմանը: Երկուսն էլ իրավապաշտպան են եւ ղեկավարում են Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Անցած տարի նրանք երկուսն էլ դարձան «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղաշինության եւ մանկահասակ զինվորների վերականգնման ուղղությամբ կատարած իրենց աշխատանքի համար՝ մարմնավորելով մարդկայնության համընդհանուր ոգին, որի մարմնացումն է այն ամբողջ աշխատանքը, որը հպարտությամբ մեծարում է եւ որին աջակցում է «Ավրորան»»: 

Քննարկման վարող Դելե Օլոջեդեն մտաբերեց ճանաչման կարեւորության մասին մի պարզ բանաձեւ, որի հեղինակն է Աֆրիկայի՝ իր ճանաչած արքեպիսկոպոսներից մեկը. «Մարդիկ մարդ են այլ մարդկանց միջոցով: Չափազանց կարեւոր է մարդկայնության ճանաչումն այլ մարդու մեջ, եւ ինձ համար առանձնահատուկ պատիվ է վարել քննարկումն այս տարվա հերոսների հետ»: 

2021 թ. «Ավրորայի» հերոսները պատմեցին իրենց խիզախության եւ անձնազոհության մասին: Դելե Օլոջեդեն հարցրեց տոկունության մասին, թե ինչպես է հնարավոր այդքան եկար ժամանակ գործ ունենալ մարդկային աղետների հետ եւ միեւնույն ժամանակ մնալ ուժեղ եւ շարունակել օգնել պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: «Երբ ապրում ես ցավով եւ տառապանքով լի երկրում, որտեղ ամեն քայլափոխի հանդիպում ես սարսափելի բռնությունների ենթարկված կանանց եւ երեխաների, դու չես կարող քեզ թույլ տալ չգործել: Երբ տեսնում ես նրանց կարիքները, պետք է ինչ-որ բան անես: Դու սարսափելի բաներ ես տեսնում, բայց տեսնում ես նաեւ քո աշխատանքի ազդեցությունը, փոփոխությունը, վերափոխումը՝ զոհից հաղթողի, այն ներքին ուժը, որ նրանք գտնում են շարունակելու իրենց կյանքը: Ու դու հասկանում ես, որ իրավունք չունես կանգ առնելու»,- ասաց կանանց իրավունքների կոնգոյացի պաշտպան Ջուլիեն Լուսենգեն:  

«Ինչպե՞ս եք կարողանում չխելագարվել»․ այս հարցը կարելի էր ուղղել «Ավրորայի» բոլոր հերոսներին, եւ նրանցից յուրաքանչյուրն առաջ շարժվելու ու անկախ բոլոր դժվարություններից՝ ուրիշներին օգնելու իր պատճառներն ունի․ «Դու պարզապես մի կողմ ես դնում վախերդ ու շարունակում աշխատել: Երբ ինձ սպառնում էին եւ հետապնդում, երբ ստիպված էի թաքնվել մի որոշ ժամանակ, բոլորն ինձ նույն հարցն էին տալիս. «Ինչո՞ւ ես վերադառնում»: Բայց ես գիտեի, որ գյուղացիներն իսկապես իմ օգնության կարիքն ունեն: Ես իմ աշխատանքը սիրով եմ արել եւ երբեք չեմ մտածել, որ ինչ-որ ուրիշ տեղ կարող էի երջանիկ լինել»,- ասաց իրավապաշտպան Ռուբի Կանստանյոն, որը պաշտպանում է հալածանքների ենթարկվող հազարավոր կոլումբիացի գյուղացիների: 

 

«Մարդկային արժանապատվությունն ամենակարեւորն է, ինչի համար մենք պետք է պայքարենք: Աֆրիկայում այդ արժանապատվությունը խլում են հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանցից: Նրանք ամբողջությամբ արհամարհված են: Հոգեկան հիվանդությունն ամոթ է եւ խարան, իսկ այդ մարդկանց հիմնականում շղթայում են եւ թողնում, որ մահանան: Երբ առաջին անգամ հանդիպեցի այդպիսի մարդու, վախեցա, բայց հետո այդ մարդկանց մեջ ես գտա Աստծուն եւ իմ կոչումը»,- նշեց հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց խնդիրներով զբաղվող Գրեգուար Ահոնգբոնոնը։ Նա Վենետիկ էր բերել մի շղթա՝ ցույց տալու իր աշխատանքի զարհուրելի բնույթը․ այդ շղթայով տարիներ շարունակ գետնին էր գամված եղել հոգեկան հիվանդությամբ տառապող մի մարդ, որին, ի վերջո, ազատել էր պարոն Ահոնգբոնոնը:  

Բժիշկ-մարդաբան Փոլ Ֆարմերը պատմեց իր փորձառության մասին՝ որպես մասնագետ եւ մարդասեր: Նա «Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիրն է, որը ժամանակակից բժշկական ծառայություններ է մատուցում նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը. «Այն, ինչ սովորեցի Հայիթիում, որը կիրառեցի նաեւ Սիբիրից մինչեւ Արեւմտյան Աֆրիկա, այն էր, որ մարդիկ շարունակում էին ասել. «Այն, ինչ մեզ պետք է, մշակութային կոմպետենտությունն է: Դա պետք է լինի մեր նպատակը»: Բայց, ի վերջո, ես հասկացա, որ մշակութային կոմպետենտությունը զավեշտ է: Մենք կարիք ունենք մշակութային զսպվածության: Իսկ դա երբեմն նշանակում է պարզապես լռել եւ լսել: Դա այն է, ինչ Ջուլիենն էր նկարագրում. իր աշխատանքի մի զգալի հատված հենց լսելու կարողության մասին է: Նույնն է նաեւ Ռուբիի եւ Գրեգուարի դեպքում: Եվ ես կարծում եմ, որ դա սովորեցի Հայիթիում՝ փակել բերանը եւ լռել: Լռելն իմ էությունը չէ, բայց դա է գաղտնիքը: Մշակութային զսպվածությունը շատ ավելի կարեւոր է, քան մշակութային կոմպետենտությունը»: 

2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսներից չորսն Իտալիայի Վենետիկ քաղաքում էին, որպեսզի ներկայացնեին իրենց աշխատանքն ու փորձառությունը: Միայն եմենցի բժիշկ Աշվաք Մոհարամը չկարողացավ գալ Վենետիկ, բայց դահլիճը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրա աշխատանքին՝ դիտելով բժշկի անձնազոհության եւ Հոդեյդայի սովյալ բնակչության հանդեպ նրա նվիրումի մասին պատմող ֆիլմը:  

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ հավաքվել 27 երկրից, որպեսզի արժանին մատուցեն մարդասիրությանը, ինչը, վստահ ենք, չափազանց կարեւոր է հատկապես հիմա, երբ աշխարհը բռնկված է համավարակով: Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ դուք կաք: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք: Եվ մենք իսկապես հույս ունենք, որ կարող ենք շարունակել եւ ընդլայնել մեր շարժումը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ եզրափակելով միջոցառումը: