«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել նիգերիացի ականավոր լրագրող Դելե Օլոջեդեն՝ Աֆիկայում ծնված առաջին լրագրողը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Նա իր փորձառությամբ կօժանդակի Նոբելյան դափնեկիրներին, նախկին նախագահներին, հանրահայտ քաղաքական գործիչներին, մեծ հեղինակություն վայելող եւ ճանաչված իրավապաշտպաններին՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին ու նրանց ունեցած բացառիկ ազդեցությունը: Ամեն տարի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրում է թեկնածուների վերջնացուցակն ու ընտրում «Ավրորայի» հերոսներին՝ ավելի ուշ նրանցից մեկին ընտրելով «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
60-ամյա Դելե Օլոջեդեն գրող է, խմբագիր եւ հրատարակիչ, ավելի քան չորս տասնամյակ աշխատում է լրագրության ոլորտում եւ գործի բերումով եղել է 100-ից ավելի երկրում: Նա NEXT հետաքննական պարբերականի հիմնադիրն է, որը Լագոսում (Նիգերիա) շրջանառվում էր 2000-ականներին:
2005 թ. Դելեն դարձավ Աֆրիկայում ծնված առաջին լրագրողը, որին շնորհվեց Պուլիցերյան մրցանակ Ռուանդայի ցեղասպանության հետեւանքները լուսաբանելու համար: Նա նաեւ հանրային բանախոս է. մասնավորապես անդրադառնում է այն հարցերին, թե որն է լավ հասարակությունը եւ ինչպես կարող ենք ձգտել եւ հասնել դրան մեր կյանքի ընթացքում:
«Մենք ուրախ ենք, որ Դելե Օլոջեդեն որոշում կայացրեց միանալու մեր հանձնաժողովին: Տասնամյակներ շարունակ նա եղել է թշվառության մեջ գտնվող եւ անտեսված համայնքների ձայնը: Մենք երախտապարտ ենք, որ նա մեզ հետ է, եւ գնահատում ենք նրա ավանդն ու փորձը: Ես վստահ եմ, որ նրա ներդրումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքին մեծապես կնպաստի մարդասիրական գործին, ինչին մենք բոլորս ծառայում ենք»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:
Դելե Օլոջեդեն Africa in the World փառատոնի հիմնադիրն է, որը նա անցկացնում է ամեն տարի: Այն Քեյփ գինեհովտում է համախմբում համաշխարհային մտածողների երկրագնդի տարբեր անկյուններից՝ քննարկելու Աֆրիկայի մեծագույն մարտահրավերներն ու հնարավորությունները: Դրանից բացի, Դելե Օլոջեդեն Aspen Global Leadership Network կրթաթոշակառու է եւ այս համաշխարհային ցանցի առաջնորդության դասընթացների մոդերատոր: Նա Luminate կազմակերպության համաշխարհային խորհրդատվական խմբի, Կոստա Ռիկայի EARTH համալսարանի եւ այլ տարբեր կազմակերպությունների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ Կոլումբիայի համալսարանի պատվավոր շրջանավարտ:
«Ինձ համար մեծ պատիվ է եւ հուզիչ ընդունել իմ կարիերայի այս նոր մարտահրավերը: Ես կարծում եմ՝ «Ավրորա» մրցանակը չափազանց կարեւոր է, քանզի այն միաժամանակ բարձրացնում է իրազեկությունն այն մարդկանց մասին, որոնք մեր անհապաղ օգնության կարիքն ունեն, եւ այն հերոսների մասին, որոնք վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար: Որպես լրագրող՝ ես հավատում եմ, որ տեսանելի եւ ներկայացված լինելը կարեւոր է։ Այդ պատճառով ինձ համար պատիվ է ունենալ այս հնարավորությունը՝ ճանաչման արժանացնելու այն մարդկանց, որոնք հերոսական քայլերի են գնում պահպանելու եւ բարելավելու կյանքն ամբողջ աշխարհում»,- նշեց Դելե Օլոջեդեն:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչները, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հարուստ ժառանգությունը: Միեւնույն ժամանակ 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումները շարունակվում են: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ: