Գրող, խմբագիր եւ հրատարակիչ Դելե Օլոջեդեն ավելի քան չորս տասնամյակ աշխատում է լրագրության ոլորտում: Գործի բերումով նա եղել է 100-ից ավելի երկրում, այդ թվում նաեւ որպես New York Newsday պարբերականի գրասենյակի ղեկավար ՄԱԿ-ում, Յոհաննեսբուրգում եւ Պեկինում: Ռուանդայի ցեղասպանության հետեւանքները լուսաբանելու համար 2005 թ. արժանացել է լրագրողական ամենաբարձր պարգեւին՝ Պուլիցերյան մրցանակին: 2000-ականներին Նիգերիայի Լագոս քաղաքում նա հիմնել է NEXT հետաքննական պարբերականը։ Դելեն 2019 թ. Հարավային Աֆրիկայի Սթելենբոշ քաղաքում հյուրընկալել է առաջին Africa In the World գաղափարների փառատոնը՝ համախմբելով համաշխարհային մտածողների եւ նորարարների` հաղորդակցվելու աֆրիկացի ընտրյալ առաջնորդների հետ՝ փորձելով գտնել լուծումներ մեծ խնդիրների համար:
Դելե Օլոջեդեն կրթություն է ստացել Լագոսի համալսարանում եւ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Նա Կոստա Ռիկայի EARTH համալսարանի, Նյու Յորքի The Mark Up հետաքննական լրագրողական կազմակերպության խորհրդի, Luminate համաշխարհային բարեգործական կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է, որը պատկանում է Omidyar ցանցին եւ զբաղվում քաղաքացիական ներդրումներով:
Նա հանդես է գալիս որպես Aspen Global Leadership Network-ի առաջնորդության դասընթացների մոդերատոր եւ Africa Leadership Initiative South Africa կրթաթոշակառու է: Դելե Օլոջեդեն Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահն է, որը Նիգերիայում բացահայտում եւ սատարում է երիտասարդ առաջնորդներին: Օլոջեդեն եւ նրա ընտանիքն ապրում են Սթելենբոշում եւ Նյու Յորքում: