Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:
Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, եւ շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տեւել է մի քանի տասնամյակ եւ հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության եւ ավելի լավ ապագայի կայաններ» էին:
1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության եւ հումանիտար գիտությունների բնագավառում եւ այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության եւ հումանիտար գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ նշանակվել Թարզյանի անվ. ամբիոնի պատմության պրոֆեսոր եւ Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի եւ գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչեւ 1981 թվականը:
1981–1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը եւ մեծ հեղինակություն է վաստակել գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակվել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարության ներքո Բրաունի համալսարանը դարձել է եւ՛ ավելի գլոբալ, եւ՛ ակադեմիական առումով ավելի մրցունակ, եւ՛ ֆինանսապես ավելի ապահով։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնություն, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության հասութավորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թվականից դր. Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգեւատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգեւատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգեւով:
Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների խորհրդից (Social Science Research Council) եւ Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ եւ պարգեւատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:
Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների եւ իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության եւ հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը եւ մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով:
Արգասալից հեղինակ Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը եւ ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) եւ «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):
2015 թ. նա, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին եւ կենտրոնանալով կարիքի մեջ գտնվողներին օգնելու վրա:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:
«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ եւ աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից եւ իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ: