2021 թ. «Ավրորայի» վենետիկյան միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Aurora Dialogues «Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսները կանդրադառնան համավարակի եւ աղետի ռիսկի գործոններին, որոնց թվում են միջազգային համերաշխության պակասը, աղքատությունը, հակամարտությունների թվի աճը։ Մասնակիցները կքննարկեն նաեւ կորոնավիրուսի համավարակից քաղած դասերն ու թե ինչպես պատրաստվել ապագա համավարակները կանխարգելելուն:
Քննարկումը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի գլխավոր դահլիճում: Վարժարանը հիմնադրվել է Վենետիկում 1836 թ. եւ գտնվում է բարոկկո ոճի Կա Զենոբիո պալատում, որը կառուցվել է 1690-ին: Մխիթարյաններն այն ձեռք են բերել 1850-ին: Վարժարանը հայտնի է իր հայ եւ արտասահմանցի նշանավոր շրջանավարտներով: Տարիներ շարունակ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը տրամադրել է ակադեմիական բարձրագույն չափանիշներին համապատասխան կրթություն՝ իր ժամանակի լավագույն մանկավարժների հետ: Վարժարանը փակվել է 1997 թ. եւ այսօր այն ծառայում է Վենետիկի բիենալեի եւ այլ միջոցառումների անցկացման վայր:
«Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները» քննարկման լեզուն անգլերենն է՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Ավելին իմանալու եւ միջոցառման մասին նորություններին տեղյակ լինելու համար հետեւեք մեզ Facebook, Twitter, Instagram, Linkedin եւ Youtube հարթակներում:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա կլինի «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը:
Մոդերատոր
Լորդ Արա Դարզի
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն
Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի եւ քաղցկեղի հետազոտության ինստիտուտի անդամ է: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաեւ NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է:
Բանախոսներ
Ֆարթուն Ադան
2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն
Ֆարթուն Ադանը եւ նրա դուստր Իլվադ Էլմանը ղեկավարում են Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Տարիներ շարունակ մայր եւ դուստր պայքարել են մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության համար, նպաստել խաղաղաշինությանը եւ կատարել մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ։ 2010 թ. Ադանը նախաձեռնել է «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, որոնց հաջողվել է բռնաբարությունից հետո ողջ մնալ եւ/կամ խուսափել պարտադիր ամուսնությունից: 2011 թ․ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նա հիմնել է սեռական բռնությունների առաջին թեժ գիծը եւ բռնաբարությունների ճգնաժամային կենտրոնը:
Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
Դոկտոր Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է եւ գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունը բացառիկ ձեռնարկություն է, որը մարդու առողջության ու մարդկային կայուն զարգացման բարելավման նպատակով ծրագրում, ստեղծում, ռեսուրսներ է մշակում եւ զարգացնում կենսագիտական առաջնակարգ ընկերություններ: Բիոքիմիայի ինժեներ, ձեռներեց դր. Աֆեյանը գրանցել է 100-ից ավելի արտոնագրեր եւ իր աշխատանքային 33-ամյա գործունեության ընթացքում համահիմնել ու օգնել է հիմնելու կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 նորաստեղծ ընկերություն։ Նա COVID-19 (կորոնավիրուս) գլոբալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական առաջատար ընկերության՝ «Մոդերնայի» համահիմնադիրն ու նախագահն է եւ մի շարք մասնավոր ու պետական ընկերությունների խորհուրդների անդամ։
Մարգարիտ Բարանկիցե
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր
Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, ով հոգ է տարել որբերի եւ փախստականների մասին երկրում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո: Նա վերամիավորել է երեխաների, որոնք պատերազմի կամ բանտարկության պատճառով բաժանվել են իրենց ընտանիքներից, եւ ստեղծել նոր տուն որբ երեխաների համար: Երբ պատերազմը բռնկվեց, Բարանկիցեն, որը թութսի է, փորձեց թաքցնել իր 72 ամենամոտ հութու հարեւաններին՝ հետապնդումից փրկելու համար: Նրանց բոլորին, սակայն, գտան եւ տեղում սպանեցին՝ Մարգարիտին ստիպելով դառնալ այդ ոճրի ականատեսը: Սոսկալի այդ փորձությունից հետո Բարանկիցեն սկսեց փախստականներին ու երեխաներին փրկելու եւ խնամելու իր գործունեությունը: Նա փրկել է մոտ 30.000 երեխայի, իսկ 2008 թ. հիմնադրել է հիվանդանոց, որտեղ արդեն բուժում է ստացել ավելի քան 80.000 մարդ:
Լեյմա Գբովե
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան
2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն լիբերիացի խաղաղության ակտիվիստ է, սոցիալական աշխատող եւ կանանց իրավունքների պաշտպան։ Նա հիմնադրել եւ ներկայումս նախագահում է Աֆրիկայի Գբովեի խաղաղության հիմնադրամը (Gbowee Peace Foundation Africa)։ Նա նաեւ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի Կանանց, խաղաղության եւ անվտանգության ծրագրի գործադիր տնօրենն է: Նա Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության (WIPSEN-Africa) համահիմնադիրն է եւ նախկին գործադիր տնօրենը։ Կանանց խաղաղաշինության ցանցի (Women in Peacebuilding Network. WIPNET) հիմնադիր անդամ է եւ դրա լիբերիական գրասենյակի նախկին համակարգողը։
Միրզա Դինայի
2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր
«Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, եզդի ակտիվիստ Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց եւ երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից, տրամադրելով նրանց աջակցություն եւ վերականգնողական բուժում: Նա անձամբ է օգնել ապահով վայր տեղափոխել մարդկանց, սնունդ եւ ջուր հասցրել մեկուսացած գոտիներում գտնվող եզդիներին: Նրան ետ չպահեց նույնիսկ ուղղաթիռի վթարը:
Շիրին Էբադի
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր
Շիրին Էբադին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած առաջին իրանցի եւ մահմեդական կինը, Թեհրանի համալսարանի Իրավունքի դպրոցն ավարտելուց եւ որակավորման անհրաժեշտ քննությունները հանձնելուց հետո դարձել է դատավոր: Կարճ ժամանակում հաջողություններ գրանցելով՝ 1975 թ. դարձել դատարանի առաջին կին նախագահը: Շիրին Էբադին բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ Գերմանիայում Leibniz Ring մրցանակի, Ֆրանսիայում Պատվո լեգիոնի շքանշանի, Իռլանդիայում «Գիտնականները վտանգի մեջ» (Scholars at Risk) մրցանակի: Նա մի քանի քաղաքների պատվավոր քաղաքացի է՝ ներառյալ Փարիզը եւ Ջենովան: Մինչեւ հիմա նա պատվավոր դոկտորի 26 կոչում է ստացել աշխարհի տարբեր համալսարաններում՝ ներառյալ Քեմբրիջի համալսարանը (Միացյալ Թագավորություն), Բրաունի համալսարանը (ԱՄՆ) եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանը (Կանադա)։
Արման Ոսկերչյան
AVC Առողջապահական լուծումներ խորհրդատվական հարթակի հիմնադիր եւ կառավարիչ-տնօրեն
Առողջապահության ոլորտի համաշխարհային փորձագետ` բժշկական տեխոնոլգիաների ոլորտի մեծագույն փորձով, որն զբաղեցրել է տարբեր ընկերությունների ղեկավար պաշտոններ զարգացող եւ զարգացած շուկաներում: Պարոն Ոսկերչյանը խորհրդատվություն է տրամադրում պետական կազմակերպությունների, կայացած ընկերությունների եւ ստարտափների՝ օգնելով դրանց փոխակերպվել, կիրառել նորարարական լուծումներ եւ բարգավաճել երկարաժամկետ հեռանկարում:
Մերի Ռոբինսոն
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ
Մերի Ռոբինսոնը Դուբլինի Թրինիթի քոլեջի կլիմայական արդարության դասախոս է եւ The Elders խմբի նախագահը: 1990-1997 թթ. նա եղել է Իռլանդիայի նախագահը, իսկ 1997-2002 թթ.՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար: Նա Մադրիդյան ակումբի անդամ է եւ արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգեւների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ազատության նախագահական շքանշանի: 2013-2016 թթ. ծառայել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց երեք ուղղությամբ՝ նախ Աֆրիկայան Մեծ լճեր շրջանում, ապա Փարիզի համաձայնագրին ընդառաջ՝ կլիմայական փոփոխության մասով, իսկ 2016 թվականին դարձել է «Էլ Նինյո» երաշտի եւ կլիմայական հարցերով հատուկ բանագնաց: Նրա՝ 2010 թ. հիմնադրած Mary Robinson Foundation – Climate Justice նախաձեռնությունը նախատեսված վերջնակետին հասավ 2019 թ. ապրիլին:
Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Noôdome հարթակի համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ գործարար
Ռուբեն Վարդանյանը հայկական արմատներով ռուս առաջատար գործարար է, սոցիալական ձեռներեց եւ վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Նա իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների (SDG) եւ մարդասիրական խնդիրների լուծման ոլորտներում իրականացվող բազմաբնույթ ու լայնածավալ նախագծերում: Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը տարբեր երկրների իրենց գործընկերների հետ ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի կոմերցիոն եւ բարեգործական բնույթի ներդրումներ են կատարել սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերում աշխարհով մեկ, որոնք ուղղված են մարդու զարգացումը խթանող ներառական էկոհամակարգի ստեղծմանը:
Փոլ Փոլման
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ
Փոլ Փոլմանը IMAGINE սոցիալական ձեռնարկության համահիմնադիրն է, որը համախմբում է գործարար աշխարհի առաջնորդներին կլիմայի փոփոխության եւ գլոբալ անհավասարության հարցերի հաղթահարման շուրջ: Նա նաեւ «Բի թիմի», Սայիդ բիզնես դպրոցի եւ The Valuable 500 հարթակի նախագահն է, Միջազգային առեւտրային պալատի եւ Կայուն զարգացման համաշխարհային գործարար խորհրդի պատվավոր նախագահը եւ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնության փոխնախագահը:
Բեռնարդ Քուշներ
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար
Հանրահայտ քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության (Médecins Sans Frontières) համահիմնադիրն է (1971 թ.) եւ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության համահիմնադիրը (1980 թ.): 2007-2010 թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի Արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ 1992-2002 թթ. ընթացքում երեք անգամ նշանակվել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար:
Դելե Օլոջեդե
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր
Գրող, խմբագիր եւ հրատարակիչ Դելե Օլոջեդեն ավելի քան չորս տասնամյակ աշխատում է լրագրության ոլորտում: Գործի բերումով նա եղել է 100-ից ավելի երկրում, այդ թվում նաեւ որպես New York Newsday պարբերականի գրասենյակի ղեկավար ՄԱԿ-ում, Յոհաննեսբուրգում եւ Պեկինում: Ռուանդայի ցեղասպանության հետեւանքները լուսաբանելու համար 2005 թ. արժանացել է լրագրողական ամենաբարձր պարգեւին՝ Պուլիցերյան մրցանակին:
Փոլ Ֆարմեր
2021 թ. «Ավրորայի» հերոս, բժիշկ-մարդաբան, «Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիր
«Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար: Նա իր կյանքը նվիրել է կարիքավորներին օգնելու, ամբողջ աշխարհի ամենաաղքատ եւ անապահով համայնքների համար առողջապահական կայուն լուծումներ մշակելու եւ դրանք իրականացնելու գործին: