2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն լիբերիացի խաղաղության ակտիվիստ է, սոցիալական աշխատող եւ կանանց իրավունքների պաշտպան։ Նա հիմնադրել եւ ներկայումս նախագահում է Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամը (Gbowee Peace Foundation Africa)։ Նա նաեւ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի Կանանց, խաղաղության եւ անվտանգության ծրագրի գործադիր տնօրենն է: Նա Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության (WIPSEN-Africa) համահիմնադիրն է եւ նախկին գործադիր տնօրենը։ Կանանց խաղաղաշինության ցանցի (Women in Peacebuilding Network. WIPNET) հիմնադիր անդամ է եւ դրա լիբերիական գրասենյակի նախկին համակարգողը։
Տիկին Գբովեն ներկայումս ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) աջակիցների խմբի անդամ է եւ շրջանավարտ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր մակարդակի միջնորդության հարցերով խորհրդատվական խմբի անդամ: Նա Փախստականների համաշխարհային խորհրդի (World Refugee Council), ինչպես նաեւ Վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման աֆրիկյան կին առաջնորդների ցանցի (African Women Leaders Network for Reproductive Health and Family Planning) եւ Կենսոլորտի համաշխարհային ինստիտուտի հանձնաժողովի պատվավոր անդամ է, նաեւ «Ավրորա» մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի եւ «Հիլթոն» մարդասիրական մրցանակի ժյուրիի անդամ:
Կանադայի վարչապետի կողմից նշանակվել է G7 գենդերային հավասարության խորհրդատվական խմբի անդամ: Վերջերս նշանակվել է Աբու Դաբիի համամարդկային եղբայրության բարձր կոմիտեի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի հոգաբարձու: Տիկին Գբովեն անդամակցում է նաեւ այլ տարբեր խորհուրդների աշխարհով մեկ:
Վիրջինիայի Արեւելյան Մենոնիտական համալսարանից (Eastern Mennonite University) ստացել է հակամարտությունների փոխակերպման ոլորտի մագիստրոսի կոչում։ Իրավաբանության պատվավոր դոկտորի կոչումն ստացել է Հարավային Աֆրիկայի Ռոդսի համալսարանից (Rhodes University) եւ Ալբերտայի համալսարանից (Կանադա)։ Բարնարդի քոլեջի Պատվո շքանշանին արժանանալուց հետո, Բարնարդի քոլեջի Հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի 2013-2014 թթ. ակադեմիական տարվա համար նրան շնորհվել է Սոցիալական արդարության եւ անդրազգային ոլորտի պատվավոր գիտաշխատողի կոչում, իսկ 2014-2016 թթ. նա Աստվածաբանական միացյալ սեմինարիայի (Union Theological Seminary) պատվավոր ակտիվիստ էր:
Նա ամուսնացած է Ջեյ Ֆեթորմահի հետ եւ ունի 8 երեխա: Տիկին Գբովեն քրիստոնյա է եւ իրեն հպարտորեն կոչում է «Փառապանծ Հիսուսի դուստր»: