Բեռնարդ Քուշներ

Բեռնարդ Քուշներ

Հանրահայտ քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության (Médecins Sans Frontières) համահիմնադիրն է (1971թ.) եւ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության համահիմնադիրը (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի Արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ 1992-2002թթ. ընթացքում երեք անգամ նշանակվել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար:

Բեռնարդ Քուշները իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակների ժամանակ զարգացող երկրներին աջակցելուն: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում եւ Վիետնամում: Նա նաեւ դաշտային գործողություններ է իրականացրել Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում, Սիրիայում եւ այլուր:

Նրա հիմնադրած կազմակերպությունը բժշկական աջակցության գործողություններ է իրականացրել նաեւ Հայաստանում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

Նա ակտիվորեն նպաստել է, որ ՄԱԿ-ն ընդունի «միջամտության պատասխանատվության» («միջամտության իրավունք») 688 բանաձեւը եւ Բալկաններում քաղաքացիական պատերազմներից հետո՝ 1999-2001թթ., ծառայել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հատուկ ներկայացուցիչ Կոսովոյում:

Բեռնարդ Քուշները հանրային առողջապահություն է դասավանդել Արվեստների եւ արհեստների ազգային կոնսերվատորիայի Առողջապահության եւ զարգացման ֆակուլտետում, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցում:

Նա մի շարք գրքերի հեղինակ է եւ L’Evenement ու Actuel թերթերի համահիմնադիրը: Քուշները մարդու իրավունքների մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Դագ Համարշյոլդի անվան մրցանակի (1979), Եվրոպական խորհրդարանի Լուիզ Ուեյսի անվան մրցանակի (1979), Ալեքսանդր Օնասիս հիմնադրամի «Աթինա» մրցանակի (1981) եւ Եվրոպայի մրցանակի (1984).:

 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ