2016 Aurora Dialogues քննարկումներ

2016 Aurora Dialogues քննարկումներ

Ապրիլի 23-ին Հայաստանում աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ հումանիտար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Aurora Dialogues մասնագիտական քննարկումների շարքը։ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ՝ այն նվիրված էր համաշխարհային արդի ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։ 
 

«Երեք տարի առաջ ես մի երազանք ունեի, որը թվում էր անիրականանալի, մինչդեռ այսօր բոլորս հավաքված ենք այստեղ՝ Հայաստանում, Մատենադարանում։ Ըստ իս՝ սա անչափ խորհրդանշական է»,- ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ողջունելով քննարկումների մասնակիցներին։ Իբրեւ գիտաժողովի անցկացման վայր ընտրվել էր աշխարհում միջնադարյան ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, քանի որ այն խորհրդանշում է հայ ժողովրդի սերը մտավոր աշխատանքի նկատմամբ եւ ուսումնասիրում է մարդկային քաղաքակրթությունը ձեւավորած պատմական ուղենիշերը։

 

Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարում է Aurora Dialogues քննարկումների շարքի մեկնարկը

Aurora Dialogues քննարկումների շարքի առաջին՝ «Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում» նիստը, որը նախագահում էր Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեւվիդ Թոլբերթը, բացվեց «Համաշխարհային հումանիտար ինդեքս» (Global Humanitarian Index) հետազոտության արդյունքների հրապարակմամբ։ Քննարկման մասնակիցներն էին Շիրին Էբադին, Հինա Ջիլանին, Էդվարդ Լաքը եւ Սթիվեն Լաքերթը:

Մասնակիցները համակարծիք էին, որ եկել է աշխարհում փոփոխություն իրականացնելու ժամանակը՝ ինչպես առանձին քաղաքացու, այնպես էլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների առումով։ Ըստ ներկաների՝ անհնար կլինի հաղթահարել պատմության ներկա փուլի մարտահրավերները, եթե հաշվի չառնենք աշխարհում միջազգային յուրաքանչյուր կառույցի դերը։ 

Քննարկումներր երկրորդ՝ «Փրկելով աշխարհի փախստականներին. Սիրիա եւ այլուր» նիստին ներկա էին մարդասիրության ասպարեզում աշխարհի ամենաառաջատար գործիչներ՝ մարդիկ, որոնք մասնակից են միլիոնավոր փախստականների կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող պետական եւ կառուցակարգային քաղաքականության մշակմանը։ Մասնակիցների թվում էին Արյե Նայերը, Էնրիկէ Էգուրենը, Ջիլիան Սորենսենը եւ Գարեթ Էվանսը:

Նիստը բացեց Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Հիշելով անցյալ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված արարողությունները՝ Սարգսյանը շեշտեց. «Ցեղասպանություն կոչված ոճրին առնչվող համաժողովներ կազմակերպելը Հայաստանի ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը»։ Նիստը նախագահում էր Փրկության միջազգային կոմիտեի անդամ, «United Nations Foundation» հիմնադրամի ավագ խորհրդատու Ջիլիան Սորենսենը։ 

 

Aurora Dialogues քննարկումների շարքի երկրորդ նիստի ընթացքում. ձախից աջ՝ Արյե Նեյեր, Էնրիկե Էգուրեն, Ջիլիան Սորենսեն, Գարեթ Էվանս

Երրորդ քննարկումը, որը վերնագրված էր «Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում» եւ այն նախագահում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը, մեկտեղ էր ժողովել մի խումբ բացառիկ կանանց։ Ներկա էին «Ավրորա» մրցանակի երկու կին հավակնորդները՝ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Մեզոն շալոմ» կամ «Խաղաղության տուն» խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) եւ Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար)։ Նրանց էին միացել նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, դոկտոր Լեյմա Գբովեն (Լիբերիա) եւ դոկտոր Ջոզեֆին Կուլեան (երիտասարդ եւ եռանդուն ակտիվիստ Քենիայից)։

Ըստ Սոդերբերգի՝ որքան շատ կին ներգրավված լինի համաշխարհային գործերում, այնք ան մեծ ներդրում կունենան նրանք այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են կրթության հասանելիությունը, հակամարտությունների հանգուցալուծումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը։

 

Ձախից աջ՝ Մարգարիտ Բարանկիցե, Նենսի Սոդերբերգ, Ջոզեֆին Կուլեա, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Լեյմա Գբովե

Վերջին՝ «Ճգնաժամերի լուսաբանում» խորագրով նիստին քննարկվեց լրատվության դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման եւ դրանց մասին հասարակության պատկերացումների ձեւավորման գործում։ Նիստը նախագահում էր ամերիկացի հայտնի լրագրող, CBS ցանցի կիրակնօրյա առավոտյան լուրերի գլխավոր գործընկեր Թեդ Քոփելը։ 

 

 

Չորրորդ նիստի մասնակիցները. ձախից աջ՝ Սթիվ Քյուրքչյան, Դեյվիդ Իգնեյշզ, Ջոյս Բարնաթան եւ Թեդ Քոփել

Քննարկման հիմնական մասը վերաբերում էր լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ձեւաչափերի վրա սոցիալական մեդիայի ունեցած ազդեցությանը։ «Ցնցող լուրերն այլեւս CNN-ի, ABC-ի կամ NBC-ի ձեռքում չեն։ Քաղաքացիներն են դրանք ստեղծում»,- ասաց Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթանը։

 

 

Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը Aurora Dialogues քննարկումների եզրափակիչ խոսքի ընթացքում

Aurora Dialogues քննարկումների շարքն իր մտքերով եզրափակեց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Բոլորովին զարմանալի չէր, որ Գրեգորյանը, որպես Բրաունի համալսարանի նախկին ռեկտոր եւ մարդ, որն իր կյանքը նվիրել է կրթության գործին, ընդգծեց կրթության դերի կարեւորությունը ոճրագործությունների կանխարգելման եւ մարդկայնության առաջընթացի հարցում՝ ասելով. «Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատ շատերը կրթված չեն»։ Նա շեշտեց պատմություն, աշխարհագրություն եւ լեզուներ՝ մեզ միմյանց հասկանալու հնարավորություն տվող առարկաներն իմանալու կարեւորությունը։ Նա նշեց, որ Մատենադարանում այսօր պահվող 17 հազար ձեռագրերը միայն հայկական չեն, այլեւ թուրքական, պարսկական, ռուսական, եզդիական եւ այլն, ինչն «Ավրորա» մրցանակի ոգու եւ խորքային նպատակների՝ համակեցության եւ փոխըմբռնման լավագույն վկայությունն է։ Դիտարկում, որի հետ հնարավոր չէր չհամաձայնել։

UWC Dilijan միջազգային քոլեջի ուսանողները նույնպես մասնակցեցին «Ավրորայի» միջոցառումներին: Դպրոց այցելեցին պատվավոր հյուրեր, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Հանդիպումները մարդասիրության եզակի դասեր դարձան ապագա առաջնորդների համար:

Հյուրերին ողջունելուց եւ դպրոցին ծանոթացնելուց հետո ուսանողները հնարավորություն ստացան ուղղելու իրենց հարցերը մարդասիրական հրատապ հարցերի վերաբերյալ դերասան եւ բարերար Ջորջ Քլունիին, միջազգային ակտիվիստ Ջոն Փրենդերգասթին, ովքեր ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների խախտումների կանխմամբ զբաղվող «Not On Our Watch» կազմակերպության համահիմնադիրներն են:  

 

 AURORA DIALOGUES ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ