Aurora Dialogues քննարկումների շարքի առաջին՝ «Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում» նիստը, որը նախագահում էր Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեւվիդ Թոլբերթը, բացվեց «Համաշխարհային հումանիտար ինդեքս» (Global Humanitarian Index) հետազոտության արդյունքների հրապարակմամբ։ Մասնակիցները համակարծիք էին, որ եկել է աշխարհում փոփոխություն իրականացնելու ժամանակը՝ ինչպես առանձին քաղաքացու, այնպես էլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների առումով։
Ըստ ներկաների՝ անհնար կլինի հաղթահարել պատմության ներկա փուլի մարտահրավերները, եթե հաշվի չառնենք աշխարհում միջազգային յուրաքանչյուր կառույցի դերը։ Ըստ Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային կապերի դպրոցի գիտաշխատող, միջազգային հակամարտությունների հանգուցալուծման գծով մասնագետ Էդվարդ Լաքի՝ այսօր մարդկության դեմ իրականացվող զանգվածային ոճիրների եւ հանցագործությունների կանխարգելման օրենսդրական նոր ձեւաչափի ստեղծման անհետաձգելի կարիք կա։ «Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք ցեղասպանությունների եւ զանգվածային այլ ոճրագործությունների կանխարգելման խնդրին։ Պետք է մեր ասելիքը հասցնենք այն առաջնորդներին ու հասարակություններին, որոնք չեն ցանկանում լսել։ Սա առանձնահատուկ մի ասպարեզ է, որը լավ է զարգանում, սակայն մինչ օրս դեռ սաղմնային վիճակում է»,- ասաց բանախոսը։
Հինա Ջիլանին եւ Դեւվիդ Թոլբերթը |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքների նախկին հատուկ հանձնակատար, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին վստահ է, որ ՄԱԿ-ի նկատմամբ այժմ առկա թերահավատությանը հակառակ՝ պետք է վերահաստատվեն այս կառույցի հեղինակությունն ու մանդատը։ «ՄԱԿ-ի անդամ երկրները երբեմն փորձում են մրցակցել ՄԱԿ-ի հետ՝ թուլացնելով այն։ Կարծում եմ՝ սա մեծ սխալ է։ Մեզ կենտրոնական հեղինակություն է պետք՝ իրավիճակը գիտակցող, եւ այդ դեպքում չի լինի որեւէ առանձին երկրի գերակա դիրք։ ՄԱԿ-ի կանոնադրությունն սկսվում է հետեւյալ տողերով՝ «Մենք՝ ՄԱԿ-ի ժողովուրդներս», ինչն այժմ առավել քան հեռու է իրականությունից։ ՄԱԿ-ը պետք է մոտեցնել ժողովրդին, որպեսզի դրա որոշումներն առավելագույնս արտահայտեն մարդկանց կամքը»,- ասաց նա։
Ելույթ ունեցողները լսարանին հիշեցրին աշխարհում այժմ տեղի ունեցող ողբերգությունների մասին։ Հոլոքոստի ուսումնասիրության Լեւինի ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, դոկտոր Սթիվեն Լաքերթը նշեց, որ ներկայումս Իրաքում ստեղծված իրավիճակը, երբ երկրի կառավարությունը չի կարողանում եզդի բնակչությանը պաշտպանել ԻԼԻՊ-ի սանձազերծած ցեղասպանությունից, ասես կրկնում է Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցածը։
Շիրին Էբադի |
Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին առաջարկեց, որ ներկաներն անձամբ այցելեն փախստականների ճամբարները՝ սեփական աչքերով տեսնելու դրանցում ապրող միլիոնավոր մարդկանց ահավոր կացությունը։ «Միջինում Մերձավոր Արեւելքից տարեկան 6 հազար մարդ է փախչում։ Միայն անցյալ տարի Եվրոպայի ճանապարհին խեղդվել է 500 հոգի։ Եթե լուծումներ չգտնվեն, հումանիտար այդ ճգնաժամը շատ ավելի վատթար կլինի, քան այն, ինչ ունեցել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասաց նա։
Փախստականների ճամբարների մեծ մասում ոչ միայն դպրոցներ չկան, այլ անգամ ջուր չկա: Իսկ սա նշանակում է, որ հակասանիտարական պայմաններում մեծանում է անգրագետ մարդկանց մի ամբողջ սերունդ։ «Նրանք այլընտրանք չունեն՝ փախչելու են կամ Եվրոպա, կամ Միացյալ Նահանգներ»,- զգուշացրեց Էբադին։ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ միաժամանակ որոշ երկրներ փախստականների խնդիրն օգտագործում են որպես խաղաքարտ՝ Եվրամիություն մտնելու հարցում իրենց դիրքերն ամրապնդելու եւ հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու համար։ «Փոխանակ Եվրոպային խնդրելու, որ բացի իր սահմանները, մենք պետք է օգնության ձեռք մեկնենք փախստականների ճամբարներում ապրողներին»,- ասաց Էբադին։ Նա նաեւ անգործության մեջ մեղադրեց իսլամական երկրներին։ «ՀՆԱ-ի ցուցանիշներով՝ Քաթարն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է՝ ճիշտ ինչպես Քուվեյթն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եւ նրանց բանվորներ են հարկավոր. ուրեմն ինչո՞ւ չեն ընդունում փախստականներին, ինչո՞ւ են սահմանը փակ պահում։ Որովհետեւ վախենում են, որ ստիպված են լինելու քաղաքացիություն տալ այդ մարդկանց, եւ ուզում են, որ դա անի Գերմանիան։ Այնինչ թողնես՝ միայն խոսեն իսլամական համերաշխությունից»,- ասաց նա։
Քննարկման մասնակիցները |
Թեպետ կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները որոշիչ դեր ունեն, սակայն, մասնակիցները համակարծիք էին, որ չի կարելի թերագնահատել նաեւ անհատների դերը։ «Ցեղասպանության կանխարգելումն ու փախստականներին օգնություն ցուցաբերելը ոչ միայն կառավարության պատասխանատվությունն է, այլեւ քաղաքացիների»,- ասաց Էդվարդ Լաքը։ «Մենք չենք կարող տուժածներին խնդրել, որ մի քիչ դիմանան, մինչեւ մի օրենք կընդունենք կամ որեւէ կառույց կձեւավորենք։ Դիմացինի ճակատագրի հարցում պատասխանատու է յուրաքանչյուրը, եւ ոչ թե՝ միայն կառավարությունը»,- արձագանքեց Հինա Ջիլանին։
«Մենք պետք է ավելի քիչ մտածենք միջամտելու մասին եւ ավելի շատ՝ ներգրավվելու։ Բազմաթիվ դեպքերում կարող ենք ներգրավել պետական իշխանությանը, քաղաքացիական հասարակությանը, երբ սխալ ուղու վրա են, սխալ ընտրություն են կատարում։ Շուտով նոր գլխավոր քարտուղար ենք ընտրելու։ Մենք պետք է նրանց շատ բարդ հարցեր առաջադրենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց տեսակետների մասին։ Մենք՝ որպես քաղաքացիներ, որտեղ էլ ապրելիս լինենք, մեր քաղաքական առաջնորդներին պետք է մշտապես հաշվետու պահենք։ Հաշվետվողականությունը պետք է ոչ միայն պոստ ֆակտում, այլեւ նախօրոք»,-եզրակացրեց Էդվարդ Լաքը։