Հինա Ջիլանի

Հինա Ջիլանի

1992թ.-ից տիկին Հինա Ջիլանին Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան է։ Առաջինը լինելով՝ հիմնադրել է երկրի կանանց փաստաբանական գրասենյակը, Պակիստանի իրավաբանական խորհրդատվության կենտրոնը եւ Կանանց գործողության կենտրոնը, որը պայքարում է հանուն կանանց իրավունքների եւ ընդդեմ պակիստանյան խտրական օրենքների։ Իբրեւ հայտնի եւ տիտղոսավոր իրավաբան՝ վարել է բազմաթիվ կարեւորագույն գործեր եւ նոր չափանիշներ սահմանել Պակիստանում մարդու իրավունքների ոլորտում, որոնք շեշտը դնում են հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ կանանց, փոքրամասնությունների, երեխաների եւ բանտարկյալների իրավունքների պաշտպանության վրա։

Իր կարիերայի ընթացքում Հինա Ջիլանին բարձրաձայնել է այն մարդկանց խնդիրները, ում ձայնը լսելի չի եղել հանրությանը։ Որպես կանանց աջակցության «Դաստակ» կենտրոնի համահիմնադիր՝ օգնել է ապաստան տալ ընտանեկան բռնությունից, մանկահասակ ամուսնությունից եւ «պատվի համար» սպանությունից փրկվել ցանկացող անձանց, ինչպես նաեւ՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն եւ օժանդակություն տրամադրել գենդերային հիմքով բռնությունների ենթարկվածներին։

2000թ. սկսած՝ ութ տարի ծառայել է իբրեւ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին հատուկ ներկայացուցիչ՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի եւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների փորձը վերլուծելու վրա։ 2004 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Դարֆուրի հարցով Միջազգային անկախ հետաքննչական հանձնաժողովի անդամ։ 2006թ. նշանակվել եւ մինչեւ 2008թ. աշխատել է որպես Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (International Commission of Jurists) Մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարի փաստաբանների խորհրդի (Eminent Jurists Panel on Human Rights and Counter Terrorism) անդամ, 2009թ. ապրիլին եղել է Գազայում ՄԱԿ-ի Փաստահավաք առաքելության անդամ։ 2013թ. ընտրվել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի անդամ։

Հինա Ջիլանին արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պատվավոր կոչումների, ի թիվս այլոց՝ 2001թ. Հազարամյակի խաղաղության կանանց մրցանակի (2001 Millennium Peace Prize for Women), Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) Միջազգային իրավունքի բաժնի Մարդու իրավունքների փաստաբանի միջազգային մրցանակի (International Human Rights Lawyer Award), ինչպես նաեւ «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի Կանանց իրավունքների համար Ջինետա Սագանի անվան մրցանակի (Ginetta Sagan Award for Women’s Rights)։

Ներկայումս նա շարունակում է կանանց եւ մարդու իրավունքների պաշտպանի իր գործունեությունն աշխարհով մեկ։

Լուսանկարը՝ Ջեֆ Մուր/The Elders

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ