Անչափ սպասված այս քննարկումը, որը նախագահում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը, մեկտեղ էր ժողովել մի խումբ բացառիկ կանանց։ Ներկա էին «Ավրորա» մրցանակի երկու կին հավակնորդները՝ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Մեզոն շալոմ» կամ «Խաղաղության տուն» խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) եւ Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար)։ Նրանց էին միացել նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, դոկտոր Լեյմա Գբովեն (Լիբերիա) եւ դոկտոր Ջոզեֆին Կուլեան (երիտասարդ եւ եռանդուն ակտիվիստ Քենիայից)։
Նախաբանում Նենսի Սոդերբերգը մտահոգիչ մի դիտարկում արեց. եթե անգամ աշխարհի կանայք միջազգային մակարդակում դիսկուրսի ավելի մեծ մասը կազմեին, միեւնույն է՝ դեռ շատ անելիք կմնար՝ նվազեցնելու սեռերի միջեւ անհավասարությունը եւ, առհասարակ, տարաբնույթ խտրականությունը։ Կանայք համաշխարհային մակարդակով որոշում կայացնողների ընդամենը երկու տոկոսն են, Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների ընդամենը տասնյոթ տոկոսը (ի համեմատ աշխարհի մակարդակով խորհրդարանականների քսաներկու տոկոսի), եւ աշխարհում ընդամենը 24 պետություն կա, որ կին է գլխավորում։
Մինչդեռ կանայք կարող են չափազանց կարեւոր դեր կատարել բազմաթիվ հիմնախնդիրների լուծման հարցում։ Ըստ Սոդերբերգի՝ որքան շատ կին ներգրավված լինի համաշխարհային գործերում, այնքան մեծ ներդրում կունենան նրանք այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են կրթության հասանելիությունը, հակամարտությունների հանգուցալուծումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը։
Նենսի Սոդերբերգ |
Չորս մասնակիցներից յուրաքանչյուրն այնուհետեւ կիսվեց իր փորձառությամբ։ Մարգարիտ Բարանկիցեն լսարանին ներկայացրեց ամենախոցելի մարդկանց նկատմամբ ավելի մեծ կարեկցանքի իր անսպառ ջանքերը՝ հընթացս քննադատելով միջազգային հանրության մոռացկոտությունն ու, հատկապես, Միավորված ազգերի կազմակերպության ամբարտավանությունը։ «Հաճախ են ուզում օգնած լինել աֆրիկացիներին, բայց այդ օգնությունն արդյունավետ չի լինի, եթե լսել չկարողանանք։ Աֆրիկացիներին որպես նպաստառուներ ընկալելու փոխարեն՝ մենք առաջին հերթին պետք է ընդունենք նրանց որպես մեր մեծ ընտանիքի՝ մարդկության անքակտելի մաս»,- համոզված պնդեց նա։ Ըստ նրա՝ բուն մարտահրավերը ոչ թե այդ մարդուն օգնելն է, այլ դա անելը՝ հնարավորություն տալով նրան պահպանելու սեփական արժանապատվությունը։
Լեյմա Գբովի |
Լեյմա Գբովեն ընդգծեց, որ աշխարհը մի աչքով կույր է մնալու, քանի դեռ կանայք չեն մասնակցում որոշումների կայացմանը։ Ութ երեխաների մայրը սեփական աչքով է տեսել իր երկիրն ամայացրած պատերազմների ընթացքում կանանց դրսեւորած խիզախությունը։ «Մենք ոչ թե տղամարդկանցից ավելի լավն ենք, այլ ընդամենը՝ ավելի խոհեմ ու հոգատար։ Սա տուրք չէ մեր ինքնասիրությանը, սա մեր հասարակության բարօրության հարցն է»,- ասաց նա։
Երիտասարդ Ջոզեֆին Կուլեան, իր հերթին, մասնակիցներին հուզեց իր պայքարի վկայություններով՝ Քենիայում անչափահաս աղջիկներին հարկադիր ամուսնությունից եւ սեռական օրգանների խեղումից փրկելու համար։ Նա նշեց, որ եթե չլիներ կրթությանը կարեւորություն տվող իր մայրը, ինքն այսօր գուցե չէր լինի Aurora Dialogues քննարկումների մասնակիցների շարքում։
2016թ. «Ավրորա» մրցանակի Դափնեկիր Մարգարին Բարանկիցեն |
Քննարկումների գագաթնակետն, անկասկած, Մարգարիտ Բարանկիցեի բացատրությունն էր, թե ինչու ինքը դարձավ ակտիվիստ։ «Ես ծնվել եմ մի երկրում, որն անկախության օրից ի վեր կոտորածներից բացի ուրիշ ոչինչ չի տեսել։ Ես ծնվել եմ ըմբոստ։ Ծնվել եմ խորապես հավատացյալ քրիստոնյա ընտանիքում, իմ ծնողներն ինձ դաստիարակել են խտրականությունից զերծ ոգով, սերմանել իմ մեջ բարեսրտություն։ Ես ըմբոստացա հենց այն օրը, երբ հասկացա, որ դպրոցներում մարդկային արժեքներ չեն դասավանդում։ Ավելի ուշ մեծ ցնցում ապրեցի՝ 1993թ. հոկտեմբերին սպանվեցին ընտանիքիս 60 անդամները։ Եթե ես քրիստոնյա չլինեի, գուցեեւ ինքնասպան լինեի։ Բայց կարողացա հաղթահարել ցավս ու սովորեցի ներել մարդասպաններին, քանի որ, ինչպես Հիսուսն է ասել՝ նրանք չգիտեն, թե ինչ են անում։ Դժվար է ակնկալել, թե ես կոչված եմ «նորոգելու կոտրված ամանները», սակայն ճակատագիրն ինձ հասցրեց այն օրվան, երբ իմ ազգակիցը եկավ ու սպանեց իմ պաշտպանության տակ գտնվող 72 հոգու, ներառյալ թութսի ընկերոջս, որն ամուսնացած էր հութուի հետ։ Մեռնելուց առաջ նա ասաց ինձ. «Երեխաներիս քեզ եմ վստահում։ Շրջապատիր նրանց սիրով ու հոգատարությամբ»։ Այս պահին էր ահա, որ ես գիտակցեցի իմ առաքելությունը՝ հավատով, որ նոր սերունդը կկարողանա կոտրել վայրագությունների շղթան ու կվերահաստատի սերը՝ որպես համայն մարդկության կրոն»։