Քննարկումներր երկրորդ՝ «Փրկելով աշխարհի փախստականներին. Սիրիա եւ այլուր» նիստին ներկա էին մարդասիրության ասպարեզում աշխարհի ամենաառաջատար գործիչներ՝ մարդիկ, որոնք մասնակից են միլիոնավոր փախստականների կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող պետական եւ կառուցակարգային քաղաքականության մշակմանը։ Նիստը բացեց Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Հիշելով անցյալ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված արարողությունները՝ Սարգսյանը շեշտեց. «Ցեղասպանություն կոչված ոճրին առնչվող համաժողովներ կազմակերպելը Հայաստանի ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը»։
Սարգսյանից հետո խոսքը փոխանցվեց Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսին՝ հղելու իր ուղերձը, որն առնչվում էր փախստականների համաշխարհային ճգնաժամի հարցում միջազգային արձագանքի թերություններին։ Նա նշեց. «Այժմ երկու բան կա անելու։ Նախ՝ փորձել հիմքում լուծել հիմնախնդիրը՝ տեղում մարդկանց վախից ազատագրելու միջոցով, եւ երկրորդ՝ փախչողների նկատմամբ դրսեւորել մարդկային, պարկեշտ ու արժանապատիվ վերաբերմունք»։
Գարեթ Էվանս, Ավստրալիայի նախկին արտգործնախարար |
Նիստը նախագահում էր Փրկության միջազգային կոմիտեի անդամ, «United Nations Foundation» հիմնադրամի ավագ խորհրդատու Ջիլիան Սորենսենը։ Որպես ամերիկացի՝ նա իրեն թույլ տվեց նշել, որ բոլոր ամերիկացիներն էլ «ինչ-որ ժամանակ փախստական են եղել»։ Սորենսենն ապա ներկայացրեց Էնրիկե Էգուրենին՝ մարդու իրավունքների ոլորտի գործիչների պաշտպանությանն ուղղված «Protection International» կազմակերպության նախագահին։ Խնդրանքին՝ ներկայացնելու իր մտքերը փախստականների ճգնաժամի վերաբերյալ, Էգուրենը պատասխանեց պարզ ու հակիրճ. «Մենք կանգնած ենք համալիր խնդրի առջեւ եւ պետք է մշակենք համալիր լուծում»։
Ջիլիան Սորենսենը եւ Գարեթ Էվանսը |
Հաջորդ բանախոսը Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ, նախկինում փախստական Արյե Նեյերն էր, որը սուր քննադատություն հնչեցրեց եվրոպական որոշ երկրների հասցեին՝ փախստականների ճգնաժամի հարցում նրանց արձագանքն անվանելով «անպատվաբեր»։ Այդուհանդերձ, Նեյերն առանձնացրեց ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ նշելով, որ նրան «պետք է պատվի արժանացնել իր այդօրինակ դերի համար [որպես փախստականների ընդունման հարցում առաջատար երկրի ղեկավար]»։
Հարցուպատասխանի ընթացքում թուրքական «Բիանեթ» (Bianet) լրատվական գործակալության թղթակիցը հարց տվեց Սիրիայում ճգնաժամի առնչությամբ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների մասին։ Իր անկեղծ պատասխանում Էվանսը նշեց, որ այդ գործարքը «լավագույն լուծումներից չէր»՝ միաժամանակ հավելելով, որ «այն որոշակիորեն կարող է հետ պահել այդ մարդկանց վտանգավոր ուղիներից։ Սա կատարյալի ձգտողների մտավարժանք չէ, այլ մի բան, որն արվեց առաջ եկած խնդրին դիմակայելու նպատակով»,- ասաց նա։
Մյուս հարցը, որը հնչեցրեց իրանցի մի կին փաստաբան, խորապես մարդկային երանգ հաղորդեց քննարկմանը։ Հիշեցնելով Գերմանիայի փախստականների ճամբարներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան եղած տասնվեցամյա պատանու պատմությունը՝ նա հարցրեց, թե նույն այդ Եվրոպան իրականում որքանո՞վ է անվտանգ փախստականների համար։ Ի պատասխան՝ Նեյերն ասաց, թե ինքը վստահ է, որ «անհրաժեշտ է փորձել ուշադրություն հրավիրել նմանատիպ դրվագների մանրամասների վրա՝ ընդգծելու ներկայումս վարվող քաղաքականությունների մարդկային գինը»։
Արյե Նեյերը, Էնրիկե Էգուրենը, Ջիլիան Սորենսենը եւ Գարեթ Էվանսը |
Շարունակելով՝ Նեյերն առանձնակի ընդգծեց քաղաքական առաջնորդության դերը. «Մի բան հաստատ կարող ենք պնդել՝ քաղաքական առաջնորդությունն անչափ կարեւոր է։ Երբ որեւէ պետություն փոքրոգի քայլ է անում, դա նշանակում է՝ այդ երկրի քաղաքական առաջնորդները շահարկում են սեփական քաղաքացիների վախերը, իսկ երբ մեծահոգաբար է վարվում, ուրեմն իշխանությունը ցանկանում է քաղաքական ռիսկ վերցնել իր վրա։ Հարկ է տարբերակել ուսանելի դեր կատարող եւ ապակառուցողական դեր կատարող իշխանություններին»։
Վերջում Գարեթ Էվանսը հնչեցրեց նիստի ամենասուր ուղերձը, որն ի մի բերեց ու ամբողջացրեց դրա ոգին. «Բոլորիս եռանդը պետք է կենտրոնացվի վարից վեր ուղղված ճնշումը ուժեղացնելու վրա»։