Արյե Նեյերը «Բաց հասարակության հիմնադրամներ» (OSF) կազմակերպության նախկին նախագահն է։ 1993-2012թթ. եղել է Բաց հասարակության ինստիտուտի («Սորոսի հիմնադրամ») նախագահը։ Ավելի վաղ 12 տարի պաշտոնավարել է որպես 1978-ին իր իսկ համահիմնադրած Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն։ 15 տարի շարունակ աշխատել է «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում (ACLU), որից ութ տարին՝ որպես նախագահ եւ գործադիր տնօրեն։ Տասը տարուց ավելի եղել է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության հրավիրյալ պրոֆեսոր, դասավանդել է Ջորջթաունի համալսարանի Իրավագիտության դպրոցում եւ Սիենայի համալսարանում (Իտալիա)։ 2012-ից ի վեր Փարիզի Միջազգային հարաբերությունների դպրոցի (Փարիզի քաղաքագիտական ինստիտուտի կազմում) պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր է։ Բազմաթիվ հրապարակումների եւ յոթ գրքի հեղինակ է։ Արյե Նեյերի հետ մեր զրույցն այօրվա աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման հիմնախնդիրների շուրջ է եւ այն մասին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն կառավարություններն ու կազմակերպությունները մարդկությանը պաշտպանելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Դուք հսկայական փորձառություն ունեք։ Աշխարհում այսօր մարդու ո՞ր իրավունքների ոտնահարումներն են ամենամեծ սպառնալիքը։
Ցավալի փաստ է, բայց աշխարհում անչափ շատ են զինված հակամարտությունները։ Օրինակ՝ արդեն վեց տարի է, ինչ Սիրիայում չի դադարում ճգնաժամը, որն ավերիչ հետեւանքներ է ունեցել։ Այլ հակամարտություններ եւս կան, որ երկար ժամանակ է՝ ձգվում են Աֆղանստանում, Պակիստանում (դրանք լիարժեք ու բացահայտ հակամարտություններ չեն, սակայն ոտնահարումների ձեւերով ու քանակով մոտ են դրանց), Աֆրիկայում, այդ թվում՝ Հարավային Սուդանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։ Չմոռանանք «Բոկո Հարամի» հետ բախումները Նիգերիայում, «Ալ-Շաբաբի» հետ ընդհարումները Սոմալիում եւ հարակից երկրներում։ Աշխարհի այդ հատվածներում բազում խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։
Ի՞նչ կասեք մարդու իրավունքների ոտնահարումների եւ կառավարությունների պարտավորություների ու պատասխանատվության մասին։ Իրադրությունը կփոխվի՞, եթե կառավարություններն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն, եւ եթե այո՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։
Տասնմեկ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց մի փաստաթուղթ՝ «Պաշտպանելու պարտականություն», որը կառավարություններին պարտավորեցնում էր պաշտպանել սեփական քաղաքացիներին։ Այն սահմանում է նաեւ առանձնահատուկ հանգամանքները, որոնց դեպքում միջազգային հանրությունը պարտավոր է միջամտել։ Ցավալիորեն՝ այսօր այդ դրույթի շուրջ ընդհանուր թերահավատություն է ձեւավորվել։ Մի շարք երկրներ մի քանի տարի առաջ իսկապես միջամտեցին՝ մուտք գործելով Լիբիա, որից հետո վիճակն այնտեղ ավելի ծանրացավ։ Ներկայումս պետությունները մտահոգ են, որ միջամտությունը կարող է խորացնել ճգնաժամն ու վատթարացնել իրադրությունը։
Սա նաեւ սիրիական ճգնաժամի բարդություններից մեկն է։ Անշուշտ, Միացյալ Նահանգների՝ միջամտելու դժկամությունը Լիբիայում իր անհաջող փորձառության արտացոլումն է։ Այսօր ծայրահեղ դժվար է միջազգային փոխհամաձայնություն ձեւավորել այն հարցի շուրջ, թե ինչ է պետք անել այս կամ այն հակամարտության դեպքում, եւ սա գրեթե անհնար է դարձնում որեւէ արդյունավետ գործողության իրականացումը միջազգային հանրության կողմից։
Վերջին 100 տարիներին թեեւ սահմանափակ, այդուհանդերձ, որոշակի առաջխաղացում արձանագրվել է։ Նախկինում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների եւ ցեղասպանությունների դեպքում մարդիկ կարող էին փաստարկել, թե տեղյակ չեն եղել կատարվածից։ Այսօր դա այլեւս հնարավոր չէ։ Լրագրողների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ միջազգային զանազան հաստատությունների ջանքերի շնորհիվ այժմ տեղեկատվական մեծ հոսք կա։
Հայոց ցեղասպանության տարիներին առանձին անհատներ էին միայն, որ տեղեկություններ էին հաղորդում կատարվողի վերաբերյալ, ինչպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, որը հաղորդագրություններ էր ուղարկում Վաշինգտոն։ Սակայն մամուլը չէր լուսաբանում, չկային իրավապաշտպան կազմակերպություններ, կային ընդամենը մի քանի նպատակային խմբեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահվան ճամբարներում կատարվածի վերաբերյալ որոշակի հասանելի տեղեկատվություն կար, սակայն կրկին՝ մարդկանց մեծամասնությունը պնդում էր, թե ոչինչ չի իմացել։ Իսկ այսօր պարզապես դժբախտություն է, որ մեզ հասանելի տեղեկատվությամբ ու առկա հաստատություններով հանդերձ որոշ իրավիճակներում մենք դարձյալ անկարող ենք լինում արդյունավետ գործել։
Իսկ ինչպե՞ս եկաք Human Rights Watch կազմակերպությունը հիմնադրելու մտքին։
Մենք սկսեցինք 1975-ին՝ շատ փոքր ընդգրկմամբ, երբ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի 35 պետություններ ստորագրեցին Հելսինկիի եզրափակիչ ակտը, եւ Մոսկվայում ստեղծվեց մի խումբ, որը պետք է հետեւեր ակտում ամրագրված՝ մարդու իրավունքների դրույթներին Խորհրդային Միության համապատասխանությանը։ Այդ գործը կազմակերպած անձինք բանտարկվեցին Խորհրդային Միությունում։ Մեզնից մի քանիսը Միացյալ Նահանգներում որոշեցին ջանքերն ուղղել մարդու իրավունքների համար պայքարող մարդկանց պաշտպանությանը։ Աստիճանաբար սկսեցինք ընդլայնվել։ Human Rights Watch կազմակերպության կարեւորագույն քայլը եղավ իր գործունեության ընդլայնումը՝ ներառելով զինված հակամարտությունները։ Դրանից առաջ մեր ուշադրության կենտրոնում առավելապես քաղաքական բանտարկյալներն էին եւ խոշտանգումների հարցը։
«Բաց հասարակության հիմնադրամները» գործում են աշխարհով մեկ՝ մեծ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը, կրթությանը, խոսքի ազատությանը, իշխանությանն ու հաշվետվողականությանը, առողջապահական հիմնախնդիրներին, իրավունքի եւ արդարադատության հարցերին։ Կարո՞ղ եք առանձնացնել որեւէ նախագիծ, որը հատկապես կարեւոր եք համարում։
Ես ԲՀՀ-ի նախագահ դարձա Բոսնիայի պատերազմի տարիներին։ Քաղաքացիներին փրկելն այն գործերից մեկն էր, որ փորձում էինք անել։ Այդ նպատակով հայթայթեցինք 50 միլիոն դոլար։ Ծրագրեր նախաձեռնեցինք մարդասիրական օգնության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Մեկն իրագործեցինք պաշարված Սարաեւոյում, որտեղ ընդհատվել էր ջրամատակարարումը։ Մենք կարողացանք ջրամատակարարման նոր համակարգ կառուցել՝ փրկելով բազմաթիվ մարդկանց, որոնք ջրհորներից ջուր կրելիս ամեն օր վտանգում էին իրենց կյանքը, քանի որ կարող էին գնդակահարվել դիպուկահարների կողմից։
Մարդու իրավունքների ոլորտում մենք պաշտպանեցինք նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի ստեղծման նախաձեռնությունը։ Այլ նախաձեռնություններից կնշեմ մանկական կրթության եւ առողջապահության ծրագրերը, որոնք զգալի ազդեցություն են ունեցել, ինչպես նաեւ կրթաթոշակային ծրագրերը։ Օրինակ՝ բռնապետության պայմաններում Մյանմարում համալսարանական կրթությունը գրեթե վերացավ։ 1988-ին ուսանողները գլխավորեցին ռազմական վարչակարգի դեմ ապստամբությունը, որից հետո իշխանությունները փակեցին համալսարանները։ Բիրմայից դուրս կրթություն ստանալու նպատակով մենք հազարավոր կրթաթոշակներ հատկացրինք երիտասարդներին։ Եւ ներկայումս Բիրման անցում է կատարում ժողովրդավարության։
Որպես 40 տարուց ավելի իրավապաշտպան կազմակերպություններում աշխատած մարդ՝ ձեր կարծիքով ո՞ր ուղղությամբ է ընթանում մարդու իրավունքների միջազգային շարժումը։
Սառը պատերազմի տարիներին Արեւմուտքի եւ Խորհրդային Միության դիմակայությունը հաճախ արտահայտվում էր տնտեսական՝ «կապիտալիզմն ընդդեմ կոմունիզմի» ձեւաչափով։ Իրավապաշտպան շարժումն օգնեց անցում կատարել նոր իրավիճակի, երբ առանցքում ազատության եւ բռնաճնշումների միջեւ բախումն էր։
Միեւույն ժամանակ, արեւմտյան պետությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, աշխարհի տարբեր կողմերում աջակցեցին ռազմական բռնապետություններին զուտ այն պատճառով, որ դրանք հակակոմունիստական էին։ Իրավապաշտպան շարժմանը հաջողվեց նեղը գցել Արեւմուտքին՝ մատնանշելով վերջինիս անհետեւողականությունը։ Արդյունքում՝ Արեւմուտքն սկսեց աստիճանաբար հրաժարվել ռազմական բռնապետություններին օժանդակելուց, ինչը թույլ տվեց, որ այդ երկրներում ձեւավորվող շարժումներն ինքնուրույն տապալեն բռնապետական կարգերը։
Մենք կարծում էինք, որ 1990-ականները մարդու իրավունքների ոսկեդարը կլինեն, սակայն ամեն ինչ այլ հունով ընթացավ՝ Հարավսլավական պատերազմը, Ռուանդայի ցեղասպանությունը, Աֆրիկայի բազում այլ հիմնախնդիրները, ահաբեկչության վերածվելը միջազգային գործոնի։ Այսօր իշխանությունների կողմից պակաս պատրաստակամություն է նկատվում մարդու իրավունքների առաջխաղացման ջանքերն առաջնորդելու հարցում։ Մարդու իրավունքների ոչ-պետական շարժումները պիտի դառնան շարժիչ ուժը, թեպետ հիմա պետական քաղաքականության վրա ազդելու պակաս հնարավորություններ ունեն, քան առաջ։ Առաջընթաց կա, սակայն կա նաեւ լուրջ հետքայլ։
Ի՞նչ եք ակնկալում հաջորդ սերնդից։
Մասնագիտական պատրաստություն ունեցող երիտասարդների թիվն այսօր շատ մեծ է։ Ամեն անգամ, երբ վշտանում եմ աշխարհում տեղի ունեցողից, մխիթարվում եմ այն փաստով, որ այսօր կան մասնագիտական պատրաստություն ունեցող մարդիկ, որոնք նվիրված են գաղափարին։ Հուսով եմ՝ նրանք բավարար հմտություն ու երեւակայություն կունենան՝ փոփոխություն առաջացնելու։ Գործունեությանս վաղ շրջանում սխալներ շատ են եղել, չենք արել այն, ինչ կարող էինք, քանի որ մասնագիտական հմտություններ չունեինք ու ստիպված էինք դրանք ձեռք բերել հընթացս՝ գործին զուգահեռ։ Մեր գործընկերները հիմա մեզնից շատ ավելի արդյունավետ կարող են գործել։
Ո՞վ է տարիների ընթացքում ոգեշնչել ձեզ ձեր գործունեության մեջ։
1950-ականներին Միացյալ Նահանգներում մի մարդ կար, անունը՝ Նորման Թոմաս։ Սոցիալիստական, բայց չափազանց հակակոմունիստական կուսակցության կողմից նա վեց անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին։ Նա խոսում էր Խորհրդային Միությունում մարդու իրավունքների ոտնահարումներից եւ Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքների հիմնահարցերից։ 1956-ին տեղի ունեցավ Հունգարական հեղափոխությունը, եւ կառավարությունը գլխավորեց Իմրե Նագին, որն արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակեց Աննա Քեթլիին։ Վերջինս 1956 թվականի նոյեմբերին ժամանեց Նյու Յորք եւ դիմեց ՄԱԿ-ին՝ իրենց պաշտպանելու Խորհրդային Միությունից։ Աննան ժամանելուն պես անմիջապես այցելեց Նորման Թոմասին, որին համարում էր իր աջակիցը։ Այդ ժամանակ Նորմանը ելույթի էր պատրաստվում Կոռնելի համալսարանում, որտեղ նրա ճառին ներկա էր լինելու 2 հազար հոգի։ Դրանից հետո նա գնաց համալսարանական մասնաշենքերից մեկն ու մինչեւ լուսաբաց ուսանողների հետ խոսեց Հունգարիայից, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից, եւ թե աշխարհն ինչպես պիտի աջակցի հունգարական հեղափոխությանը։ Դա ինձ համար անչափ նշանակալից առիթ էր, եւ ես ներգրավվեցի ուսանողական ակտիվ շրջանակներում։
Մարտին Լյութեր Քինգը եւս մեծ ազդեցություն է գործել ինձ վրա։ Ուսանողական թերթի համար գրածս առաջին հոդվածը Մոնտգոմերիի ավտոբուսային բոյկոտի մասին էր։ Դրանից հետո անձամբ առիթ եմ ունեցել հրավիրելու Մարտին Լյութեր Քինգին մի միջոցառման, որի կազմակերպիչն էի նաեւ։ Նա ու Նորման Թոմասն էին, որ ոգեշնչեցին ինձ ջանքերս ու եռանդս նվիրել մարդու իրավունքների պաշտպանությանը։
2016-ի ապրիլի 24-ին ազդարարվելու է «Ավրորայի» դափնեկրի անունը։ Ի՞նչ կարծիք ունեք մարդասիրության ասպարեզի այս նոր մրցանակի մասին։
Երբ առաջին անգամ խոսեցի Ռուբեն Վարդանյանի հետ, մտածում էի՝ ինչքան շատ մարդ կա, որ արժանի կլինի «Ավրորա» մրցանակին։ Սակայն ավելի քան 120 առաջադրում քննելուց հետո ինձ սկսեց թվալ, որ իրականում բավականին քչերն են նման պարգեւի արժանի։ Ես երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել քննելու առաջադրումները, թեեւ դա անչափ բարդ գործ էր։
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մոլեգնող հակամարտությունը պառակտել է մահմեդականներին ու քրիստոնյաներին։ Առաջադրվածներից մեկը Հայր Բերնարդ Կինվին է՝ երիտասարդ կաթոլիկ հոգեւորական, որին ես հանդիպել եմ, եւ որն այլ շրջաններից մահմեդականներին բերում եւ պատսպարում էր իր եկեղեցում, որպեսզի կարողանա փրկել նրանց կյանքը։ Գրեթե անկասկած՝ եթե իր եւ իր եկեղեցական գործընկերների կյանքը վտանգելով նա այդպես չվարվեր, այդ մարդիկ կմեռնեին։ Այս մրցանակը նախատեսված է այսպիսի մարդկանց համար։ Այս մրցանակը բավականին մեծ ուշադրություն կսեւեռի այն անհատների վրա, որոնք այս ձեւով մարդկային կյանքեր են փրկել։
Ի՞նչ կասեիք աշխարհին մարդկայնության զարթոնքի մասին։
Հայերի նկատմամբ 1915-ին, իսկ հրեաների ու գնչուների դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված ցեղասպանություններից ի վեր աշխարհը մի շարք միջազգային համաձայնագրեր է ստորագրել եւ ստեղծել է բազմաթիվ միջազգային հաստատություններ, որպեսզի թույլ չտա պատմության կրկնություն։ Ավելին՝ այսօր մենք անհամեմատ ավելի արագ եւ մանրամասնորեն ենք տեղեկանում նման ոճրագործությունների մասին, քան առաջ։ Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս Սիրիայի այժմյան իրադարձությունները, սա դեռ բավական չէ։ Լայնածավալ կոտորածը շարունակվում է։ Այս ոճիրները կանխարգելելու կամ դրանք խափանելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ ամենուր հետամուտ լինեն դրանք դադարեցնելուն եւ պատասխանատվության կանչեն նախաձեռնողներին։ Նրանք, ովքեր սեփական կյանքը վտանգելով փրկում են այլոց, ինչպես Սիրիայում տուժածներին խնամող բժիշկները, առանձնակի կարեւոր դեր ունեն մարդկայնության զարթոնքի գործում։