«Ճգնաժամերի լուսաբանում» խորագրով նիստին քննարկվեց լրատվության դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման եւ դրանց մասին հասարակության պատկերացումների ձեւավորման գործում։ Նիստը նախագահում էր ամերիկացի հայտնի լրագրող, CBS ցանցի կիրակնօրյա առավոտյան լուրերի գլխավոր գործընկեր Թեդ Քոփելը։ Քննարկման հիմնական մասը վերաբերում էր լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ձեւաչափերի վրա սոցիալական մեդիայի ունեցած ազդեցությանը։ «Ցնցող լուրերն այլեւս CNN-ի, ABC-ի կամ NBC-ի ձեռքում չեն։ Քաղաքացիներն են դրանք ստեղծում»,- ասաց Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթանը։
Մասնակիցները համակարծիք էին, որ համաշխարհային լրատվության ձեւավորման գործում քաղաքացիական լրագրության եւ սոցիալական մեդիայի դերի ուժեղացումը նման է երկսայր թրի։ Մի կողմից՝ բջջային հեռախոսների մեծամասնությունն այժմ տեսախցիկ ունի եւ ինֆորմացիան թաքցնելը գնալով ավելի է բարդանում նույնիսկ բռնապետական կառավարությունների համար, սակայն հաճախ այնպիսի նորություններ են լայնորեն շրջանառվում, որոնք այլապես երբեք չէին հեռարձակվի ավանդական լրատվամիջոցներով։ «Մենք այլեւս չենք պայքարում ցնցող լուրեր հաղորդելու համար, թողնում ենք, որ լուրերն իրենք ցնցեն մեզ, ինչպես դա տեղի ունեցավ Օսամա բին Լադենի դեպքում՝ Թվիթերով»,- ասաց գրող, «The Boston Globe» օրաթերթի լրագրողական հետաքննության «Spotlight» սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար Սթիվ Քյուրքչյանը։
Սթիվ Քյուրքչյան |
Սոցիալական ցանցերն ու քաղաքացիական լրագրությունը կարող են նաեւ օգնել, որ ավելի մեծ թվով հումանիտար ճգնաժամեր գրավեն խոշոր լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ շատ թեմաներ մինչ օրս շարունակում են անտեսված մնալ։ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընթացող պատերազմին հինգ միլիոնից ավելի մարդ է զոհ գնացել. քանի՞ րոպե եթեր ստացավ դա»,- հարց ուղղեց Քոփելը։ «Ես կցանկանամ, որ իմ աշխատակիցներն ինձ մատուցեն այսօր եւ այստեղ մեր լսած պատմությունների նման նյութեր։ Խոշոր լրատվամիջոցներում ես այսօրվա պատմությունները չեմ կարդացել։ Տեղական թղթակիցների ցանցի ստեղծումը գլխավոր խմբագիրների պատասխանատվությունն է»,- ասաց Քյուրքչյանը։
Մյուս կողմից, սակայն, սոցիալական մեդիան կարելի է օգտագործել հրապարակումները տարածելու համար, եւ այդ դեպքում ինֆորմացիան վերածվում է զենքի։ Թեպետ բոլորս այժմ ապրում ենք «հավաստիության» դարաշրջանում, մեր աշխարհը գնալով ավելի քիչ է հիմնվում իրական փաստերի վրա։ Մի աշխարհում, որտեղ ավանդական լրատվության հեղինակությունը գնալով վերանում է, ավելի ու ավելի դժվար է դառնում ի մի բերել տարաբնույթ տեսակետներն ու ձեւավորել անաչառ եւ վերստուգելի իրականություն։ Ըստ Քոփելի՝ լրագրողները նախկինում «դարպասապահներ» էին, որոնց միջով պիտի անցներ ամբողջ տեղեկատվությունը, իսկ այժմ սոցիալական ցանցերով սփռվող չզտված ու որեւէ մեկի կողմից չստուգված նյութերն իրական վտանգ են պարունակում։ «Ինչպես ասել է Դանիել Փաթրիք Մոյնիհանը՝ «ամեն ոք ունի սեփական կարծիքի, բայց ոչ՝ սեփական փաստերի իրավունք»։ Ես մնում եմ այն համոզմանը, որ միայն խմբագրի աշխատանքն է ապահովում լուրջ որակ։ Լրագրությունը մեկ մարդու գործ չէ, դրան խմբագիր է անհրաժեշտ, եւ մեծ տարբերություն կա սոցիալական մեդիայի ու լրագրության միջեւ»,- ասաց Քոփելը։ «Ճշմարտությունն իմանալու համար մարդիկ հիմա իրականում ո՞ւմ գտնեն, ո՞ւմ դիմեն»,- հարցրեց նա։
Թեդ Քոփել |
Սոցիալական մեդիայի ի հայտ գալով պայմանավորված խնդիրների թվին է պատկանում նաեւ այն, որ մասնատված ու բազմաբնույթ լինելով հանդերձ՝ նման տեղեկատվությունը նեղացնում է մեր տեսադաշտը, քանի որ ընթերցողն ազատ է հետեւելու միայն այն լրատվամիջոցներին, որոնք բավարարում են իր ճաշակը։ «Խնդիրն այն է, որ արդի լրատվական աշխարհում մարդկանց միավորող ոչինչ այլեւս չկա։ Նոր լրատվության՝ ավանդական լրատվամիջոցները խարխլած այս հեղափոխության արդյունքն այն էր, որ մարդկանց մտածելակերպին մարտահրավեր նետելու եւ նրանց իսկապես էականը մատուցելու փոխարեն այսօր ունենք լրատվություն, որը քեզ ներկայացնում է այն, ինչ առանց այդ էլ ճիշտ ես համարում»,- ասաց The Washington Post օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշզը։
Դեյվիդ Իգնեյշզ |
Մասնակիցների շրջանում, այսպիսով, գերիշխում էր զգուշավոր լավատեսությունը։ Օրինակ՝ բազմաթիվ պաշտոնյաների հրաժարականներ եղան «Պանամական թղթապանակի» հրապարակման հետեւանքով, որը կազմելու վրա աշխատել էր ավելի քան 400 լրագրող։ «Սոցիալական մեդիայի եւ պրոֆեսիոնալ լրագրության հավաքական ուժը հրաշալի արդյունքներ է տալիս»,- ասաց Բարնաթանը։ Սակայն նույնիսկ սոցիալական մեդիայի առաջխաղացման պայմաններում (եւ հատկապես դրա պատճառով) հրատապ է դարձել իրական, անկախ եւ խիզախ լրագրությանն աջակցելու պահանջը, հատկապես երբ դա վերաբերում է մարդասիրական հիմնախնդիրներն առաջ մղելուն։ «Կարելի է աջակցության հենք ձեւավորել օգնության ցանկացած նախաձեռնության համար, սակայն անկախ լրատվությամբ ավելի հեշտ է հասնել նպատակներիդ»,- ասաց Բարնաթանը։
Մասնակիցները համակարծիք էին նաեւ այն հարցում, որ լրագրողների համար այժմ վտանգավոր ժամանակներ են սկսվել։ «Պատկերացրեք ԻԼԻՊ-ը լուսաբանելու բոլոր բարդությունները, երբ մեջքիդ ասես մի մեծ թիրախ փակցված լինի։ Իրենց մասին պատմելու համար նրանք մեր կարիքն այլեւս չունեն։ Նրանք սեփական լրատվությունն ունեն։ Այնպես որ, արժանահավատ տեղեկություն ձեռք բերելը դարձել է չափազանց դժվարին գործ»,- ասաց Բարնաթանը։ Ուստի լրագրողներին անհրաժեշտ է համագործակցել միմյանց հետ եւ աշխատել համերաշխ։ Նրանք պետք է ակտիվիստներ լինեն, որ երաշխավորեն մյուս լրագրողների անվտանգությունը։ «Եթե մենք նրանց մեջքին չկանգնենք, ո՞վ է կանգնելու»,- հարցրեց Բարնաթանը։
Հումանիտար ճգնաժամերի լուսաբանման գործում կարելի է անել եւ արվում է հսկայական գործ, ինչպես ցույց է տալիս «The New York Times» օրաթերթի թղթակից Ռուկմինի Կալիմակին՝ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիրը։ «Նորից եմ շեշտում՝ մի՛ թերագնահատեք սպառնալիքները։ Մենք այժմ փոթորկի մեջ ենք, սակայն միեւնույն է՝ հոյակապ գործեր են կատարվում»,- ասաց Բարնաթանը։