Պակիստանն աղյուսի ամենախոշոր արտադրողներից է աշխարհում, բայց այդ ձեռքբերման գինն անչափ բարձր է. ստրկական աշխատանք կատարող միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, աղյուսի արտադրությունում աշխատում են վաղ առավոտից մինչ ուշ գիշեր: Միայն սակավաթիվ համարձակներն են հանդգնում դեմ արտահայտվել ստրկական աշխատանքին, որին իշխանությունը մատների արանքով է նայում: Նրանցից մեկը Սայիդա Ղուլամ Ֆաթիման է, որն արժանացել է Clinton Global Citizen Award պարգեւին եւ «Ավրորա» մրցանակի հավակնորդներից է:
Հավերժական պարտք
Պակիստանի բնակչության մոտ 21 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցած: Ծայրը ծայրին հացնելու համար շատերն ստիպված են աղյուսի արտադրության գործարանների տերերից սարսափելի բարձր տոկոսներով վարկեր վերցնել: Որպես կանոն՝ վարկառուներն ի վիճակի չեն լինում վերադարձնել պարտքը, ուստի ստիպված են լինում պարտքի դիմաց աշխատել աղյուսի գործարաններում՝ ստանալով չնչին վարձատրություն, որով երբեք չեն կարողանա մարել վարկի մշտապես աճող գումարը: Այս գործելակերպը, որն, ըստ էության, ստրկության ժամանակակից ձեւ է, Պակիստանում արգելվել է դեռ 1992-ին, սակայն երկրի միլիոնավոր բնակիչներ մինչեւ օրս ներգրավված են ստրկական աշխատանքում:
Աշխատակցի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաները, ստիպված են պարտքը հատուցել աշխատանքով: Այդպես ստրկության մեջ են հայտնվում նորանոր սերունդներ:
Կախյալ ընտանիքներին հաճախ պահում են բանտարկյալների պես. նրանք չեն կարող լքել աշխատատեղը, քանի դեռ չեն մարել պարտքը: Սեփական իրավունքները պաշտպանելու չնչին փորձերի դեպքում գործատուները վախեցնում ու պատժում են աշխատակիցներին ՝ կիրառելով սեռական եւ ֆիզիկական բռնություն: Ամենախոցելի վիճակում են անչափահասները. ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ մինչեւ 14 տարեկան մոտ 3,6 մլն երեխա ներառված է ստրկական աշխատանքում: Տուբերկուլոզի եւ սիլիկոզի պատճառով մանկական մահացության մակարդակը շատ բարձր է: Բացի այդ, երեխաներն արտադրությունում վնասում են մատներն ու աչքերը, շատերը կուրանում են:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման բողոքի ակցիայի ժամանակ |
48-ամյա Սայիդա Ղուլամ Ֆաթիման միլիոնավոր կախյալ աշխատողների ցավն ընկալում է որպես սեփականը: Ֆաթիման, որն իր իսկ ստեղծած՝ «Պակիստանի կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղարն է, երկարամյա պայքար է մղում ժամանակակից ստրուկների իրավունքների համար:
Առանց պաշտպանության
«Աղյուսի թրծման գործարաններում ականատես եմ եղել կտտանքների, ծայրահեղ աղքատության, սովի, աղջիկների եւ կանանց նվաստացման»,- ասում է Ֆաթիման.
«Տեսածս սարսափներն ինձ այդ խնդիրը լուծելու վճռականություն տվեցին»:
Աղյուսի գործարանների բանվորների մասին Ֆաթիման իմացել է, երբ դեռահաս էր: Ցանկանալով օգնել այն մարդկանց, որոնք հայտնվել են ստրկական կախվածության մեջ՝ դեռատի Ֆաթիման գնում է գործարան, որպեսզի պարտապաններին պատմի իրենց իրավունքների մասին: Ընտանիքում շատերն, այդ թվում՝ մայրը, Ֆաթիմային համոզում էր չգնալ այդ վտանգավոր քայլին: Սակայն նրա հայրը՝ երկաթգծի ծառայող եւ արհմիության ակտիվիստ Սայիդ Դիդար Հուսեյնը (Syed Deedar Hussain), սատարում էր դժբախտներին օգնելու աղջկա ձգտմանը:
Աղյուսի արտադրությունը Պակիստանում. լուսանկարը՝ CC BY-NC 2.0 Benny Lin, Flickr |
«Նրանք ուտելու ոչինչ չունեին, բայց ես որոշեցի նրանց կրթություն տալ: Սովորեցնում էի նրանց, որ ավելի ուժեղ դարձնեմ, օգնեմ ազատվել ստրկությունից»,- պարզաբանում է Ֆաթիման: Մի օր նա իր խնամակալության տակ գտնվողներից մեկի նկատմամբ բռնության ականատեսն է դառնում, եւ սեփականատերը որոշում է, որ ժամանակն է վերջ տալու կնոջ այցելություններին: Նա հարձակվում է եւ կրակում Ֆաթիմայի վրա:
«Ոչ ոք ինձ օգնության չեկավ: Ես բացարձակապես անպաշտպան էի: Այդ ժամանակ մտածեցի, որ այդ մարդկանց համար պետք է ավելին անեմ: Նրանք ամբողջովին ենթակա են տերերին, եւ ես պետք է ազատեմ նրանց այդ ստրկացումից, այդ պայմաններից»,- հիշում է նա:
Այդ ժամանակից ի վեր Սայիդա Ղուլամ Ֆաթիման վերապրել է մի քանի մահափորձ, ինչպես նաեւ բազմաթիվ անգամներ ծեծի է ենթարկվել, եւ այս ամենը լուրջ ազդեցություն է ունեցել նրա առողջության վրա: Մշտական վտանգի տակ է նաեւ նրա ընտանիքի կյանքն ու բարեկեցությունը: Սակայն Ֆաթիմային վախեցնել անհնար է: Փենջաբի համալսարանում քաղաքագետի մագիստրոսի աստիճան ստանալով՝ նա շարունակեց կախյալ աշխատողների իրավունքների համար պայքարել ոստիկանությունում եւ դատարաններում, շատ դեպքերում՝ ապարդյուն, քանի որ օրենքի բազմաթիվ սպասավորներ կաշառված են աղյուսի գործարանների տերերի կողմից: Այնուամենայնիվ, մոտ 80 հազար մարդ ամբողջ Պակիստանում իր ազատության համար պարտական է Ֆաթիմային:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման բողոքի ակցիայի ժամանակ |
Կրթություն հանուն փրկության
Չնայած ստրկությունը բնավ նոր խնդիր չէ Պակիստանի համար, սակայն աղյուսի գործարանների աշխատողների ճակատագիրը կրկին աշխարհի ուշադրության կիզակետում էր 2015-ին, երբ Ֆաթիմայի լուսանկարը հայտնվեց Facebook սոցիալական ցանցում՝ Humans of New York հայտնի նախագծի էջում: Ֆաթիմայի եւ նրա հիմնած «Պակիստանի կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գործունեության մասին փոքրիկ գրառումը ցնցեց ընթերցողներին: Պակիստանում ստրկական աշխատանքի հետ կապված իրադրության մասին հրապարակումների ալիքն անցավ ողջ աշխարհով:
Արդյունքում՝ աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ մի քանի օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 2,3 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեցին հօգուտ Ֆաթիմայի կազմակերպության՝ Պակիստանում ստրկության դեմ պայքարի համար:
Այդ գումարով երկրի տարբեր շրջաններում նա ստեղծել է Ազատության կենտրոններ, որտեղ աշխատողները կարող են պաշտպանություն գտնել եւ ստանալ իրավական խորհրդատվություն: Բացի այդ, մոտ 600 կին կարողացել է ուսում ստանալ եւ նոր մասնագիտություն ձեռք բերել: Բայց ամենակարեւորը՝ ԶԼՄ-ների ուշադրությունն այդ խնդրի նկատմամբ ստիպել է, որ Պակիստանի ղեկավարությունը քայլեր ձեռնարկի երկրում օրենսդրության բարելավման եւ ստրկության վերացմանն ուղղված օրենքների կիրառման ապահովման ուղղությամբ: Այդ ջանքերի շնորհիվ Փենջաբի նահանգի կառավարությունն արդեն ընդունել է «Կանանց պաշտպանության մասին» օրինագիծն ու «Երեխաների պաշտպանության մասին» հրամանագիրը, ինչն աներեւակայելի ձեռքբերում է:
Աղյուսների արտադրությունը Սիալկոթի արվարձանում, Պակիստան. լուսանկարը՝ CC BY-NC 2.0 junaidrao, Flickr |
«Մինչ այդ՝ կառավարությունն ասում էր. «Մեզ մոտ չկա ստրկական աշխատանք, մի հարցրեք մեզ դրա մասին եւ փոխեք ձեր կազմակերպության անունը»: Իսկ այժմ պայքարիս արդյունքում այդ նույն կառավարությունն ու նույն վարչապետը չափազանց մտահոգված են աղյուսի գործարաններում մանկական ստրկական աշխատանքով»,- հպարտությամբ ասում է Ֆաթիման:
Ստրկության դեմ պայքարը բարդանում է բնակչության անգրագիտության բարձր մակարդակի պատճառով: Ֆաթիման կցանկանար կրթություն տալ հայրենակիցներին, հատկապես՝ աղջիկներին, որոնք բացարձակապես անօգնական են սեփական իրավազրկության մեջ: «Իմ երազանքն է՝ նման կենտրոնների միջոցով նպաստել մարդկանց ազատագրելուն: Ուզում եմ օգնել, որ կախյալ շահագործման զոհերը կրթության միջոցով վերադառնան նորմալ կյանքի: Այդպես նրանք կկարողանան իրենց զգալ սեփական երկրի լիիրավ քաղաքացիներ եւ սկսել օգնել ուրիշներին, ինչպես ես եմ օգնում իրենց»,- պարզաբանում է Ֆաթիման:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից էր: