Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

««Ավրորայի» առաքելությունն այն հավաքական համոզմունքի արտացոլումն է, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ավելի լուսավոր ապագան նրանց ձեռքում է, ովքեր կարող են օգնություն եւ հույս պարգեւել: Ուստի համայնքներում հենց այդ մարդկանց օգնելով՝ «Ավրորան» կարողանում է փոխել իրականությունը»,- ասաց CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան իր տեսաուղերձում մայիսի 9-ին կայացած Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում՝ «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկման ժամանակ:

Ֆորումը համախմբել էր համաշխարհային առաջնորդների, ակտիվիստների, ձեռներեցների եւ գիտնականների՝ քննարկելու համաշխարհային առողջապահական ճգնաժամին, բռնի տեղահանմանը, կլիմայի փոփոխությանը, կրթության իրավունքին, արհեստական ​​բանականությանը, բարեգործությանը, գենդերային արդարությանը եւ այլ հարցերի վերաբերող թեմաներ: Ֆորումի ընթացքում փառաբանեցին 2024 թ. «Ավրորա» հերոսների խիզախությունը՝ բացահայտելով նրանց ազդեցիկ ձեռքբերումները եւ միաժամանակ լույս սփռելով մարդասիրական աշխատանքի բարդությունների վրա: Այս քննարկմանը նախորդել էր Ֆարիդ Զաքարիայի հատուկ տեսաուղերձը, որը գովասանքի խոսքեր էր ուղղել 2024 թ. «Ավրորայի» հերոսներին՝ ասելով. «Այս երեքն ինչ-որ առումով արտացոլում են ամենաբարձր արժեքները, որոնք մարմնավորում է «Ավրորան», բայց ես կարծում եմ, որ նրանք արտացոլում են նաեւ այն, որ մենք պետք է միշտ հիշենք՝ նույնիսկ այս մութ ժամանակներում կա հսկայական մեծ հույս»:

«Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկմանը բովանդակալից զրույց ծավալվեց նրանց ազդեցիկ աշխատանքի եւ ուշագրավ ձեռքբերումների մասին: Քննարկումը վարում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր եւ Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ Դելե Օլոջեդեն, Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: 

Քննարկումը բացեց Դելե Օլոջեդեն՝ մատնանշելով բազմաթիվ ճգնաժամեր, որոնք ծավալվում են աշխարհում, եւ ընդգծեց հույսը չկորցնելու կարեւորությունը՝ անկախ նրանից, թե որքան ճնշող է դրանց ազդեցությունը բոլորիս վրա: «Շատ փոթորկոտ ամպեր են կուտակվել մեր աշխարհում, որոնցից մի քանիսն արդեն պայթել են եւ մոլեգնում են. լինի դա Ուկրաինայում, թե Իսրայելում ու Պաղեստինի տարածքներում, եւ Սուդանում, եւ աշխարհի շատ այլ վայրերում: Բայց «Ավրորայի» հերոսները, որոնց հետ դուք այսօր կծանոթանաք, մեզ հատուկ ծառայություն են մատուցում՝ կանխելով հուսալքությունը»,- նկատեց պարոն Օլոջեդեն: 

Պրոֆեսոր Հաննա Գերին շարունակեց՝ կարեւորելով համագործակցությունը «Խոստում» ինստիտուտի եւ «Ավրորայի» միջեւ, որը չէր կարող տեղի ունենալ ավելի համապատասխան վայրում եւ ավելի ճիշտ պահի: «Հյուրընկալելով «Ավրորա» մրցանակն այստեղ՝ մենք ամրագրում ենք Կալիֆորնիայի դիրքը՝ որպես սոցիալական արդարության շարժումների առաջնորդ, որը միանում է համընդհանուր ջանքերին՝ աջակցելու այն մարդկանց, որոնք ունեն նշանակալի ազդեցություն մարդու իրավունքների եւ մարդասիրության ոլորտում, ինչն այնքան կարեւոր է մեր աշխարհի համար այսօր»,- ասաց պրոֆեսոր Գերին: «Երբ մենք այսօր փառաբանում ենք 2024 թ. «Ավրորայի» հերոսներին, եկեք օգտագործենք այս ժամանակը՝ վերաիմաստավորելու մեր նվիրումը մարդու իրավունքներին եւ ուժ ստանալու մեր բացառիկ հերոսներից եւ նրանց թողած ազդեցությունից»:

«Մենք այսօր այստեղ ենք՝ նշելու մարդկայնության լավագույն դրսեւորումները։ Մի քանի րոպեից դուք կտեսնեք նրանցից մի քանիսի պատմությունները։ Եվ հուսով եմ, որ հենց նոր լսած մի քանի քննարկումների ընթացքում նկատել եք, որ այս մարդիկ պարզապես սովորական մարդիկ են»,- նշեց Արմինե Աֆեյանը: «Շատերը, որոնք նախորդ տարիներին են դարձել «Ավրորայի» հերոսներ, այսօր այստեղ են մեզ հետ։ Հորդորում եմ ձեզ խոսել նրանց հետ։ Երբ մենք աստվածացնում ենք նրանց կամ հեռավորություն պահում նրանցից, մենք անտարբեր ենք դառնում, իսկ մեզնից յուրաքանչյուրն ունի պատասխանատվություն»,- ավելացրեց նա, ապա բեմ հրավիրեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզիին: 

 

Լորդ Դարզիի ելույթը նվիրված էր 2024 թ. «Ավրորայի» հերոսների փառաբանմանը՝ ի ցույց դնելով նրանց մարդասիրական ոգին: «Այս մրցանակը ճանաչման է արժանացնում ոչ միայն նրանց գործունեությունը, այլեւ այն ահռելի դժվարությունները, որոնց բախվում ենք բոլորս ամբողջ աշխարհում հատկապես մեր օրերում, նաեւ այս պահին, երբ մենք այստեղ խոսում ենք», - ասաց Լորդ Դարզին: ««Ավրորան» բարդ առաջադրանք ունի: Մի կողմից՝ մենք փառաբանում ենք հերոսներին: Մյուս կողմից՝ մենք ընդգծում ենք, որ մեր մարդասերներն ուղղակի սովորական մարդիկ են, որոնք որոշել են անել այն, ինչի ականատեսն ենք մենք լինում միայն ֆիլմերում եւ վավերագրության մեջ»:

Այնուհետեւ ներկայացվեց 2024 թ. «Ավրորայի» հերոս, Բահրեյնի եւ Դանիայի քաղաքացի, քաղաքական անվախ ակտիվիստ Աբդուլհադի ալ-Խավաջան, որն իր կյանքը նվիրել է իր հայրենի Բահրեյնում ու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում մարդու իրավունքների եւ քաղաքական ազատության պաշտպանությանը 1970-ականներից ի վեր:

Ալ-Խավաջան մի քանի անգամ ձերբակալվել է իր գործունեության համար, այդ թվում՝ 2011 թվականին, Բահրեյնում հեղափոխական ալիքի ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար, որի հետեւանքով նա կանգնեց զինվորական տրիբունալի առաջ եւ դատապարտվեց ցմահ ազատազրկման: 

Այս խիզախ մարդասիրական գործչին ներկայացրեց «Ավրորայի» համահիմնադիր, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի որդին՝ «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Գրեգորյանը: «Նա բժշկական օգնության խիստ կարիք ունի, եւ չնայած բռնություններին եւ անարգանքներին, որոնց նա ենթարկվել է ավելի քան մեկ տասնամյակ, Աբդուլհադին շարունակում է հավատարիմ մնալ բողոքի ոչ բռնի ձեւին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց պարոն Գրեգորյանը: 

 

Բանտարկված լինելու պատճառով պարոն ալ-Խավաջան չկարողացավ գալ Լոս Անջելես, ուստի նրա գործընկեր եւ երկարամյա աջակից, Պարսից ծոցի մարդու իրավունքների կենտրոնի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Խալիդ Իբրահիմը նրա անունից ընդունեց «Ավրորա» մարդասիրական մեդալը: «Իմ գործընկեր Աբդուլհադիի ունեցած ազդեցությունն այն է, որ նա իրականում նախաձեռնել է մարդու իրավունքների շարժումը Բահրեյնում: Նա միջազգային իրավապաշտպան գործիչ է. նա իսկապես ամեն ինչ արեց իր նպատակին հասնելու համար, այն է՝ ազատություն բոլոր մարդկանց Բահրեյնում»,- պարզաբանեց պարոն Իբրահիմը: «Մի երկրում, որտեղ համատարած խախտվում են մարդու իրավունքները, համակարգ է պետք: Պետք են մարդիկ, որոնք կվավերագրեն այդ խախտումները, այդ իսկ պատճառով նա ստեղծեց Մարդու իրավունքների կենտրոնը»:

2024 թ. «Ավրորայի» հաջորդ հերոսին՝ Նասրին Սոթուդեին, ներկայացրեց Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լուիզ Ռիչարդսոնը: Իրանցի իրավապաշտպան, որը ներկայացնում է ընդդիմադիր ակտիվիստների, երիտասարդ բանտարկյալների եւ կանանց իրավապաշտպանների շահերը: 2003 թվականից ի վեր Նասին Սոթուդեն բազմիցս բանտարկվել է, ինչպես նաեւ պատիժ կրել մենախցում: Երկարատեւ հացադուլից հետո նա վաղաժամ ազատ է արձակվել՝ բժշկական հիմնավորմամբ, ինչը, սակայն, ցանկացած պահի կարող է չեղարկվել։

«Անցած հոկտեմբերին Նասրինը կրկին ձերբակալվեց եւ դաժան ծեծի ենթարկվեց «հիջաբի կանոնները խախտելու» եւ «հասարակության հոգեբանական անվտանգության դեմ ձեռնարկած քայլերի համար»: Երկու շաբաթ անց նա ազատ արձակվեց, բայց դեռեւս նրան արգելվում է ճամփորդել, բանկային հաշիվը սառեցված է, ու նրան լրացուցիչ մեղադրանքներ են սպառնում Իրանում հիջաբի պարտադիր օրենքներին հակառակվելու համար»,- փաստեց տիկին Ռիչարդսոնը: 

«Նասրին» վավերագրական ֆիլմի հեղինակներ Ջեֆ Քոֆմանը եւ Մարսիա Ռոսը, որոնք վճռորոշ դերակատարում են ունեցել ակտիվիստի աշխատանքի եւ պայքարի մասին իրազեկությունը բարձրացնելու գործում, բեմ բարձրացան՝ Նասրինի անունից ընդունելու «Ավրորա» մարդասիրական մեդալը: Դրանից հետո Նասրին Սոթուդեն, որը միջոցառմանը միացավ հեռավար, պատասխանեց իր կարեւոր աշխատանքին վերաբերող մի քանի հարցերի։

 

Նա նախ շնորհակալություն հայտնեց իր կինեմատոգրաֆիստ ընկերներին այս տարիների ընթացքում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար եւ վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ այդքան շատ բան վերածվել է մարդու իրավունքների ցավոտ խնդրի՝ մի շարք խմբերի նկատմամբ կամայականորեն կիրառվող սահմանափակումների պատճառով: «Մենք բոլորս մարդ ենք եւ բոլորս նույն ճակատագիրն ունենում: Եվ ինձ համար պատիվ է, որ մեր ցավն ու ընդհանրությունները միավորել են մեզ»,- ասաց Նասրին Սոթուդեն։ «Հաշվի առնելով այն, թե ինչի միջով ենք մենք անցնում, ես կասեի, որ ինձ ավելի շատ ուժ է պետք, քան ունեմ»:

Վերջում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն ներկայացրեց 2024 թ. «Ավրորայի» երրորդ հերոսին՝ բժիշկ Դենիս Մուկվեգեին: Գինեկոլոգ եւ իրավապաշտպան, որը 1999 թվականից բժշկական, իրավական եւ սոցիալ-հոգեբանական օգնություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական եւ գենդերային բռնության ենթարկված կանանց: Բժիշկ Մուկվեգեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: 

«Բժիշկ Մուկվեգեն եղել է բռնաբարությունը՝ որպես պատերազմի զենք, վերացնելու առաջամարտիկներից թե որպես մարդ եւ թե որպես բռնաբարությունը եւ գենդերային բռնությունը դադարեցնելու՝ միջազգային արշավի խորհրդատվական հանձնաժողովի անդամ»,- ասաց Լեյմա Գբովեն: 

 

Ներկաները ջերմորեն դիմավորեցին բժիշկ Մուկվեգեին, երբ նա բեմ բարձրացավ իր մեդալն ստանալու եւ միացավ բանախոսներին՝ պատմելու կյանքում ունեցած իր ազդեցության ու այն մասին, թե ինչն է իրեն առաջ մղում: «Կանայք, որոնց բժշկում եմ «Փանզիում», իմ մեծագույն ոգեշնչման աղբյուրն են։ Ես երբեք չէի կարող շարունակել առանց այն բոլոր կանանց, որոնց բուժում եմ, քանի որ տեսնում եմ նրանց ուժը եւ դիմացկունությունը, երբ գալիս են հիվանդանոց: Նրանց մեծ մասն ամբողջովին ոչնչացված է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Բայց ինչն ինձ իսկապես հուզում է՝ այն է, որ երբ այս կանայք արթնանում են [վիրահատությունից], հարցնում են իրենց երեխաների մասին»,- պատմեց բժիշկ Մուկվեգեն: «Դա ինձ հույս է տալիս՝ տեսնել, որ նույնիսկ եթե կանայք տառապում են, նրանք դեռ մտածում են ուրիշների մասին: Եվ այն, ինչ ես փորձում եմ անել, շատ փոքր բան է համեմատած այն ամենի հետ, ինչ կանայք անում են հասարակության համար»: 

«Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.